ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «Լցակայաններում գազի թանկացումը համարում եմ վաղաժամ»

26.12.2014 18:00
3808

Հայաստանյան վերջին օրերի թանկացումները` կապված դոլար-դրամ փոխարժեքի տատանման, դրամի արժեզրկման հետ, գների բարձրացման ալիք բերեցին նաեւ բնական գազի լիցքավորման կայաններում: Նշված երեւույթի եւ դրա պատճառների, ինչպես նաեւ անհատ բաժանորդներին մատակարարվող գազի գնի հնարավոր բարձրացման մասին է զրույցը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Սյունիքի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Արթուր Խաչատրյանի հետ:


– Պարո՛ն Խաչատրյան, վերջին օրերին ՀՀ արտարժույթի շուկայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում ենթադրություններ եւ խոսակցություններ են շրջանառվում, որ այս ամենի հետեւանքով կթանկանա նաեւ բնակչությանը մատակարարվող բնական գազի սակագինը: Այդ մասին ի՞նչ կարող եք ասել Սյունիքի ԳԳՄ բաժանորդներին:

– Ներկա պահին պաշտոնական որեւէ տեղեկատվություն նման մտադրության մասին չկա: Եթե «Գազպրոմ Արմենիան» թանկացման ծրագրեր ունենա, պիտի առաջարկների փաթեթով մտնի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Այդ հանձնաժողովն է վերջնականորեն որոշում ե՛ւ բնակչությանը, ե՛ւ խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը:

Այսօրվա դրությամբ նման խոսակցություն չկա, եւ դոլար-դրամ ներկա փոխարժեքի պարագայում, եթե այն պահպանվի 450-460 սահմաններում, կարծում եմ` չի լինի, իսկ եթե շարունակի բարձրանալ, արդեն ներմուծող ընկերության համար խնդիրներ կծագեն: Սա զուտ իմ անձնական կարծիքն է, իսկ առհասարակ, մեր վերադաս կառույցում, բնականաբար, կան համապատասխան մասնագետներ, հաշվարկում են` ինչն է ձեռնտու ձեռնարկությանը, ինչը` ոչ: Եթե համարեն, որ տարադրամի փոխարժեքի փոփոխության պատճառով ձեռնարկությունը վնասով է աշխատում, քայլեր կձեռնարկեն: Առայժմ նման խոսակցության հիմքեր չկան: Իսկ ենթադրությունների հիմքն անցած շաբաթվա ընթացքում դրամի գերարժեզրկումն էր եւ իրարանցումն արժույթի շուկայում:

Պետք է հասկանանք, որ «Գազպրոմ Արմենիան» ներմուծող կազմակերպություն է: Գազի համար կա հայ-վրացական սահմանի վրա սահմանված գին, եւ Հայաստանը 1000 խմ-ի համար վճարում է 189 դոլար: Բնակչությունից գազի վարձավճար ենք հավաքում, այդ գումարը փոխարկվում է դոլարի եւ այդպես վճարվում ստացած գազի համար: Եվ եթե դոլարի գինը բարձրանա ավելի մեծ չափով, բնական է, որ գազի համար էլ պիտի ավելի թանկ վճարվի…

– Իսկ ի՞նչ է կատարվում գազի լցակայաններում, ինչո՞ւ բարձրացավ դրանց կողմից մատակարարվող գազի գինը:

– Այստեղ մեկ նրբություն կա. մինչեւ 10 000 խմ գազ սպառողները 1 խմ-ի համար վճարում են ֆիքսված 156 դրամ արժեքը: Իսկ մեկ ամսվա մեջ 10 000 խմ եւ ավելի գազ սպառողները վճարում են արդեն այլ հաշվարկով, այդտեղ բանաձեւ է գործում, եւ այդ հաշվարկի մեջ տեղ ունի նաեւ դոլար-դրամ փոխարժեքը: Խոշոր սպառողներ են Սյունիքում, օրինակ, հանքարդյունաբերական կոմբինատները, այլ խոշոր ձեռնարկություններ, ինչպես նաեւ մարզի 13 ավտոգազալիցքավորման կայանները: Դրանք յուրաքանչյուր ամսվա սպառած գազի համար վճարում են ըստ նախորդ ամսվա 25-ին ՀՀ կենտրոնական բանկի սահմանած դոլարի փոխարժեքի: Այսինքն` նրանց վճարման հաշվարկի բանաձեւը ներառում է դոլարի փոխարժեքի փոփոխությունը:

– Իհարկե, գների վերահսկողությունը ձեր գործառույթներից չէ, բայց, Ձեր կարծիքով, որքանո՞վ էր օրինաչափ գազի գնի նման բարձրացումը:

– Երեւանում այս օրերին ավելի վաղ սկսեց գազի թանկացումը եւ հասավ 230-240 դրամի, երբ մեր մարզում դեռ չէր թանկացել: Այստեղ 3-4 օր հետո թանկացավ, բայց մինչեւ 210-215 դրամ: Եվ եթե նայենք գների տրամաբանությանը, կարծես հիմքեր էլ չունեին թանկացնելու, որովհետեւ այս ամիս սպառած գազի համար վճարելու են նոյեմբերի 25-ի փոխարժեքով: Իրականում, գազալցակայաններում այդ կարգի` 10-15 տոկոս թանկացումը համարում եմ անհիմն եւ վաղաժամ: Բայց եւ այստեղ այլ պատճառ եմ տեսնում:

Երբ ամիսներ առաջ էլեկտրաէներգիան թանկացավ, գազալցակայանները չթանկացրին գազը, բայց իրենք մեծ քանակի հոսանք էլ են սպառում, եւ նրանցից յուրաքանչյուրի ամսական ծախսը մոտ 300 000 դրամով ավելացավ, շահույթը պակասեց: Ավելացնենք, որ հոկտեմբեր-նոյեմբերին էլ դոլարի փոխարժեքի տատանում եղավ, եւ եթե հոկտեմբերին նրանք 1 խմ գազի համար վճարել էին մոտ 113 դրամ, ապա նոյեմբերին` մոտ 121 դրամ: Այս բոլորը երեւի նրանց մեջ մտավախություն ծնեց, որ շահույթը կտրուկ կիջնի, եւ դրամի արժեզրկման ֆոնին շտապեցին բարձրացնել գազի գինը:

Այսինքն` նախորդ ամիս էլի մոտ 8 դրամով ավելի եմ վճարել 1 խմ գազի համար, մոտ 2 դրամով էլ 1 խմ-ի մեջ նրանց շահույթը նվազեցրել էր էլեկտրաէներգիայի թանկացումը: Եթե հաշվի առնենք, որ մարզում գազի լցակայանները 100 000-200 000 խմ գազ են սպառում, 1 խմ-ում 10 դրամ կորուստն արդեն նրանց համար զգալի թիվ է: Եվ 10 դրամ թանկացումը գուցե դեռ ինչ-որ տեղ հիմնավորված է, բայց դրանից ավելիի հիմնավորում չեմ տեսնում…

Այնուամենայնիվ, իմ անձնական կարծիքն է, վաղաժամ եմ համարում դեկտեմբերին գազ թանկացնելն այն առումով, որ դա կապ չունի դեկտեմբերին դոլարի թանկացման հետ:

Դե, միգուցե, այս փոխարժեքային իրարանցման հետ կապված այլ ծախսեր էլ են ավելացել նրանց համար, օրինակ, յուղն է թանկացել, սպասարկման այլ ծառայություններ, որոնցից օգտվում են, գին են բարձրացրել:

– Իսկ Դուք հետեւո՞ւմ եք սպառումների քանակին, թանկացումներն ազդե՞լ են գազալցակայաններում գազի սպառման ծավալների վրա:

– Գազալցակայաններում, անկախ ամեն ինչից, սպառումը ոչ թե նվազում, այլ ավելանում է. միայն մեր մարզում լցակայանների թիվը վերջին տարում ավելացավ երկուսով: Գների այս փոփոխությունն էլ չազդեց. պահանջարկը նույնն է: Ասեմ, որ գազալցակայաններից, բացի անհատներից, հիմնականում օգտվում են տաքսի-ծառայությունները, հասարակական տրանսպորտը, կոմունալ ծառայությունները, սպասարկող, ապրանքների ներմուծմամբ, առաքմամբ զբաղվող ընկերությունները եւ այլն… Այս բոլորը, բնականաբար, պիտի շարունակեն աշխատել: Մանավանդ հիմա էլ` Նոր տարվա շեմին, եռուզեռն ավելի է ակտիվացել:

– Եվ քանի որ սա թերթի տարեվերջյան համարն է, առիթից օգտվելով, ի՞նչ եք մաղթում մեր ընթերցողներին` ձեր բաժանորդներին:

– Շնորհավորելով բոլորին Նոր տարվա եւ Սուրբ ծննդի տոների կապակցությամբ` մաղթում եմ, նախեւառաջ, առողջություն: Թո՛ղ բոլոր ընտանիքներում լույսը բացվի կապույտ եւ խաղաղ երկնքի ներքո, տան անդամներն արթնանան ուրախ դեմքերով, օրը եւս ապրեն ուրախ. այսօր մեր ժողովրդին ամենաշատը ժպիտն է պակասում… Թող մարդիկ միայն լավ լուրեր լսեն եւ այլեւս հոգեկան բարդ ապրումներ չունենան` կապված փոխարժեքի փոփոխության, թանկացումների հետ: Թո՛ղ երկրում լինի էժանություն եւ խաղաղություն:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10