Արցախյան ազատագրական շարժումը. սկիզբը

20.02.2018 15:00
2175

Արցախը միշտ իր ուրույն տեղն է ունեցել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում։ Դարեր շարունակ Արցախն ու Սյունիքը Արևելյան Հայաստանում ծավալված ազատագրական շարժումների հիմնական կենտրոններ են եղել: Մեր ժողովրդի պատմության բախտորոշ պահերին արցախցիները թշնամու դեմ պայքարի առաջին շարքերում՝ իրենց հայրենասիրությամբ ու արիությամբ նորանոր սխրանքների են կոչել սերունդներին:

Դեռեւս անցած դարի 20-ական թթ. սկզբներին, խորհրդային իշխանության ջանքերով Արցախի լեռնային մասը, առանց նրա հիմնական բնակչության՝ հայության կամքը հաշվի առնելու, կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի անօրինական որոշմամբ, բռնակցվել էր Խորհրդային Ադրբեջանին: Դրանից հետո Ադրբեջանի խորհրդային իշխանությունները ծրագրված աշխատանքներ էին սկսել Արցախը հայաթափելու համար: Այդ քաղաքականությունը նրանք կարողացան իրականացնել հայկական Նախիջևանում, որը բոլշեւիկյան ղեկավարության որոշմամբ նույնպես մտցվել էր Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ: Նախիջեւանի այդ ինքնավար հանրապետությունն ընդամենը մի քանի տասնամյակների ընթացքում լիովին հայաթափվեց եւ բնակեցվեց «ադրբեջանցի» անունը ստացած թուրքերով:

Լեռնային Արցախի բնակչությունը շուրջ 70 տարի անընդմեջ պայքարել էր ադրբեջանական իշխանությունների հայավեր քաղաքականության դեմ: Արցախն այդ երկարատեւ ու դաժան գոյամարտի տարիներին շատ անմեղ զոհեր է տվել, բայց կնճիռը մնացել էր անլուծելի:Խորհրդային կենտրոնական իշխանությունների անտարբերության եւ թողտվության պայմաններում Ադրբեջանի ղեկավարները սանձարձակորեն բռնադատում էին մարզի հայության մարդկային տարրական իրավունքները, բիրտ ճնշումներ էին կիրառում հայ դպրոցի ու մշակույթի նկատմամբ: Միաժամանակ, փորձված եւ խորամանկ միջոցներով, դիվանագիտորեն վարում էին մարզը հայաթափելու, այն թուրքացնելու հետեւողական քաղաքականություն, որի պատճառով բնակչության ընդհանուր թվաքանակում արագորեն իջնում էր հայության բաժինը: Այդ ամենը չէր կարող առաջ չբերել ժողովրդի, մտավորականության, նույնիսկ կուսակցական աշխատողների եւ պետական ծառայողների մեծ մասի բացահայտ դժգոհությունը: Ինչ խոսք, կային նաեւ Բաքվի հլու կամակատարներ, որոնք ոչ միայն չէին միանում ընդհանուր դժգոհությանը, այլեւ դատապարտում էին հայրենակիցների ազնիվ պոռթկումները: Եթե 1920-1950-ական թվականներին Արցախյան ընդվզումներն առանձին անհատների դժգոհության արտահայտությունն էին, ապա 1960-1970-ական թվականների պայքարն արդեն թեւակոխել էր նոր հանգրվան՝ զանգվածային ընդվզումների շրջանը: Արցախահայության հետագա պայքարի շահերը հրամայաբար պահանջում էին հրապարակ բերել վստահելի ու աննկուն ղեկավարի, գաղափարական առաջնորդի, որի նկատմամբ հավատ տածեին բոլորը, եւ որն ունակ լիներ կազմակերպելու ժողովրդի դիմադրական ուժն ընդդեմ ադրբեջանական տմարդի եւ ագրեսիվ իշխանությունների: Այդ դժվարին ու վտանգավոր դերակատարությունը վիճակված էր նշանավոր գրող, պատմաբան ու հրապարակախոս, Արցախի գրողների միության ղեկավար Բագրատ Ուլուբաբյանին: Նա իր նորագույն ազատագրական պայքարի համախոհների հետ կազմակերպում էր գաղտնի ժողովներ, համախմբում մարզի մտավորականությանը, Մոսկվա՝ բարձրագույն ատյաններին էր ուղարկում բողոքագրեր:

Բ.Ուլուբաբյանի կազմած եւ մեծ աղմուկ հանած նամակի տակ հեղինակի անվան կողքին իրենց ստորագրություներ էին դրել նաեւ մարզի ուրիշ 12 գործիչներ՝ Ստեփանակերտի քաղխորհրդի գործկոմի նախագահ Սերգեյ Շաքարյանը, «Խորհրդային Ղարաբաղ» մարզային թերթի խմբագիր Լազր Գասպարյանը, մարզային ռադիոհաղորդումների խմբագիր Գրիգոր Ստեփանյանը, Ստեփանակերտի N 2 պետտնտեսության տնօրեն Արամ Բաբայանը, Սոսի Ս.Շահումյանի անվան կոլտնտեսության նախագահ Արսեն Մուքանյանը, մշակույթի մարզային վարչության պետ Գուրգեն Գաբրիելյանը, բանաստեղծ Բոգդան Ջանյանը, Հանրապետության ժողովրդական դերասան Միքայել Կորգանյանը, Ստեփանակերտի N 59 շինվարչության պետ Արկադի Մանուչարյանը, Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն Ալբերտ Սեյրանյանը, Ստեփանակերտի ռադիոհաղորդումների ավագ խմբագիր Մաքսիմ Ավանեսյանը եւ N 59 շինվարչության գլխավոր ինժեներ Սերգեյ Գրիգորյանը: (Աբրահամյան Հ., Մարտնչող Արցախը (1917-2000), գիրք Բ, Երևան, 2005, էջ 216):

Նամակի հեղինակները շեշտել էին, որ ԼՂ բնակչության 85%-ը հայեր են, որոնք այդտեղ ապրում են անհիշելի ժամանակներից եւ հույս էին հայտնել, որ ԽՄԿԿ Կենտկոմն ու խորհրդային կառավարությունը կաջակցեն մարզի միավորմանը Հայկական ԽՍՀ-ի հետ:

1965թ. Հունիսին «13-ի նամակը» ուղարկվեց Մոսկվա՝ կուսակցական եւ պետական ղեկավար մարմիններին: Այն երկրի ղեկավարությանն անձամբ հանձնեց Բ.Ուլուբաբյանը: Նրան ընդունել եւ զրույցներ էին ունեցել ԽՄԿԿ Կենտկոմում:

Ադրբեջանում կատաղի թշնամանքով ընդունեցին Արցախից Մոսկվա ուղարկված դիմումներն ու բողոքները, դրանց հեղինակները մեղադրվեցին ահաբեկչական գործունեության ծավալելու մեջ: Բաքվից հետեւեցին աննախադեպ սպառնալիքներ, բայց հայրենասերները չընկրկեցին: Բ.Ուլուբաբյանը կազմում եւ ԽՄԿԿ Կենտկոմ է ուղարկում մի նոր բողոքագիր, որի տակ նրանից բացի ստորագրել էին եւս երեք մարդ:

1966թ. Երեւանում հայտնվեց 150 էջանոց անստորագիր մի մեքենագիր տեքստ, որի հեղինակը դարձյալ Բ.Ուլուբաբյանն էր: Այն բազմացվեց եւ տարածվեց: Տեքստում խոսք էր գնում Ադրբեջանի տիրապետության տակ հեծող հայության դժվարին կյանքի մասին: Շուտով դրան հաջորդեցին դաժան հալածանքներ Արցախում: Տասնյակ մարդիկ բանտ նետվեցին, որտեղ մի քանիսը մեռան՝ չդիմանալով կտտանքներին, ծեծ ու ջարդին: Մարզի մի խումբ մտավորականներ ենթարկվեցին անողոք հետապնդումների եւ արտաքսվեցին հայրենի երկրամասից: Մյուս կողմից Արցախի մի քանի ստրկամիտ պաշտոնյաներ (Կեւորկով, Մելքումով եւ նրանց աջակիցները) ամեն կերպ հաճոյանում եւ հլու-հնազանդ ծառայում էին Բաքվի իշխանություններին՝ հավատարմությամբ կատարելով նրանց հակահայ հրահանգները եւ կարգադրությունները:

Պետական մակարդակով Արցախում սկսված դաժան տեռորը զայրույթի ուժգին ալիք առաջ բերեց Հայաստանում: Պատահական չէ, որ 1966թ. օգոստոսին ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Ա.Քոչինյանի ստորագրությամբ բողոքի նամակ ուղարկվեց ԽՄԿԿ Կենտկոմ, որով պաշտպանվում էր Արցախը Հայաստանին միավորելու պահանջը:

Հետագա տարիներին Հայաստանից ու Արցախից շարունակվում էր նամակ-բողոքների հոսքը Մոսկվա: Երեւանից հայ գրողների ու գիտնականների մի խումբ երկրի ղեկավարությունից պահանջեց՝ վերջապես ուշադրություն դարձնել արցախահայության վիճակի վրա եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում մեծ արձագանք գտավ խորհրդային ղեկավարությանն ուղղված մեծանուն գրող, սոցիալիստական աշխատանքի հերոս Սերո Խանզադյանի նամակ-բողոքը, որով նա իր զայրույթն էր արտահայտել այն անտարբերության հանդեպ, որ կենտրոնը ցուցաբերում էր ամբողջ հայ ժողովրդին հուզող խնդրի, նրա արդարացի պահանջի նկատմամբ:

Հիշատակության են արժանի մոսկվաբնակ արցախցի նշանավոր գիտնական Հրանտ Եպիսկոպոսյանի, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս Սուրեն Բաղդասարյանի եւ այլոց բողոքներն ու կազմած տեղեկագրերը, որ նրանք ուղարկում էին կուսակցական եւ խորհրդային վերադաս մարմիններին՝ չստանալով որեւէ հիմնավորված պատասխան:

Արցախյան ազատագրական ոգորումները նոր թափ ստացան 1970-ական թվականների վերջերին եւ 80-ական թվականների սկզբին: Այդ շրջանում աչքի ընկան պայքարի մի ամբողջ շարք նոր գործիչներ: Նրանց թվում էր գրող ու հրապարակախոս Զորի Բալայանը, որն իր գրքերով ու հոդվածներով, հրապարակախոսական ելույթներով, ստորագրահավաքներ կազմակերպելով, Մոսկվայի մամուլի օրգաններում տպագրած ակնարկներով մեծապես նպաստում էր արցախահայության պայքարի վերելքին: Ռուս մտավորականության մի շարք լավագույն ներկայացուցիչների հետ նա հաստատել էր սերտ հարաբերություններ եւ նրանց ներագրավել արցախյան շարժման պաշտպանության գործին:

1986թ. փետրվարին տեղի ունեցած ԽՄԿԿ 27-րդ համագումարի նախօրյակին Մ.Գորբաչովին եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Ա.Գրոմիկոյին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ներկայացվել էր նամակ՝ հայ հինգ ակադեմիկոսների, երեք գեներալների եւ ԽՍՀՄ երեք ժողովրդական արտիստների ստորագրությամբ: Նրանց թվում էր Աբել Աղանբեգյանը, ով այդ ժամանակ Մ.Գորբաչովի խորհրդականն էր: Բայց Մոսկվան շարունակում էր լուռ մնալ, իսկ շարժումը գնալով արմատական բնույթ էր ստանում: (Ուլուբաբյան Բ., Արցախյան գոյապայքար, Երեւան, 1994, էջ 292):

1986թ. հուլիսին Արկադի Կարապետյանի ղեկավարությամբ Ստեփանակերտում հիմնվեց ընդհատակյա մի կազմակերպություն, որը ստացավ  Արցախյան միություն անունը: 1987թ. ամռանն ու աշնանը «Միությունը» կատարեց իր ծրագրի նվազագույն մասը՝ անցկացրեց ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ միավորելու ոչ պաշտոնական հանրաքվե, որի արդյունքում հավաքվեց ավելի քան 80 հազար ստորագրություն: Նույն թվականի նոյեմբերի վերջին Մոսկվա մեկնեց մի պատվիրակություն, որը ԽՄԿԿ Կենտկոմ ներկայացրեց հավաքված ստորագրությունների փաթեթը: Դարձյալ ոչ մի արձագանք: («Հայոց աշխարհ», 22.01.1998):

Բայց արցախահայության պայքարի թափը չէր պակասում: Որոշվեց ԼՂԻՄ-ից նոր պատվիրակություն ուղարկել երկրի մայրաքաղաք: Պատվիրակությունը Երեւանից մեկնեց 1988թ. հունվարի 5-ին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Վազգեն Բալայանի գլխավորությամբ: Պատվիրակները Մոսկվա տարան Լեռնային Ղարաբաղի բոլոր մակարդակների պատգամավորների եւ ղեկավար աշխատողների 260 ստորագրությամբ հանրագիր եւ մարզի ստեղծման ու Ադրբեջանի կազմում նրա բացարձակ մեծամասնությունը կազմող հայ բնակչության անտանելի վիճակի վերաբերյալ 80-ից ավելի փաստաթուղթ: (Ուլուբաբյան Բ., նշված աշխ., էջ 293): Մոսկվայում պատվիրակության գործունեությանն աջակցում էին Զորի Բալայանը եւ Իգոր Մուրադյանը: Հունվարի 8-ին պատվիրակությանն ընդունում է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ, ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Պ. Դեմիչեւը, որին էլ հանձնվում են տարած փաստաթղթերն ու հանրագիրը: Նա հուսադրում է պատվիրակության անդամների՝ ասելով, որ անպայման կստեղծվի ԽՍՀՄ Գերագուն խորհրդի հատուկ հանձնախումբ՝ հարցը հանգամանորեն ուսումնասիրելու համար: Նաեւ հավաստիացումներ եղան, որ պատվիրակության անդամները չեն ենթարկվի հետապնդումների ու հալածանքների: Ամբողջ Արցախն անհամբեր բաղձալի լուրի էր սպասում Մոսկվայից, բայց Կրեմլը շարունակում էր լռել: Արցախցիները ստիպված Մոսկվա ուղարկեցին նոր պատվիրակություն՝ Վաչե Սարուխանյանի եւ մի քանի այլ գործիչների մասնակցությամբ: Պատվիրակությունն ընդունվեց ԽՄԿԿ Կենտկոմի ազգային հարաբերությունների սեկտորի վարիչ Վ. Միխալկովի կողմից, որը նույնպես հուսադրող,  բայց դատարկ խոստումներ տվեց: («ԼՂ Հանրապետություն», 22.01.1988):

Ոգեւորված Գորբաչովյան վերակառուցման քաղաքականությունից եւ հավատալով Մոսկվայի խոստումներին՝ արցախցիները 1988թ. սկզբներից դուրս եկան բացահայտ պայքարի՝ «Լենին-կուսակցություն-Գորբաչով» լոզուգներով: Սկզբում շարժումը, ըստ էության, չէր ղեկավարվում որեւէ կազմակերպության կամ ընտրված որեւէ պատասխանատու անձի կողմից: Այն ընթանում էր տարերային հուժկու պոռթկումերով: Արցախահայությունը վերջնականապես համոզվել էր, որ ազատությունը կարող է ձեռք բերվել ոչ թե վերադասին ուղղված խնդրանք-պաղատանքներով, այլ միայն ու միայն հետագա անձնուրաց պայքարով ընդդեմ ադրբեջանական դաժան գաղութատիրության: Ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակում արցախահայությունը կամ պետք է հեռանար հայրենի երկրամասից, կամ պայքարեր իր հողն ու պատիվը պաշտպանելու համար: Արցախցին ընտրեց երկրորդ ուղին: 

Ոտքի ելած մարզի բովանդակ հայության ազատագրական շարժումն աստիճանաբար առաջ քաշեց մի ոչ պաշտոնական կոլեկտիվ ղեկավարություն, որի մեջ էին Արկադի Մանուչարյանը, Համլետ Գրիգորյանը, Վարդան Հակոբյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Հրաչյա Բեգլարյանը, Մաքսիմ Միրզոյանը, Վասիլի Աթաջանյանը, Մուրադ Պետրոսյանը, Ռոլես Աղաջանյանը, Արկադի Կարապետյանը, Բորիս Առուշանյանը եւ ուրիշներ: (Արշակյան Ա., Արցախյան գոյապայքար (1985-1992), Երեւան, 2004, էջ 18): Նրանց  կոչերով մարզի բոլոր ձեռնարկություններում, կոլտնտեսություններում, ուսումնական հաստատություններում եւ մշակույթի օջախներում տեղի էին ունենում ժողովներ, կոմերիտական եւ կուսակցական կազմակերպությունների նիստեր, գյուղական, ավանային, քաղաքային եւ շրջանային խորհուրդների նստաշրջաններ, որտեղ քննարկվում էին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու հարցը: Ընդունված որոշումներն ու առաջարկություններն արժանացան Ստեփանակերտի կուսքաղկոմի եւ Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու ու Հադրութի կուսշրջկոմների հավանությանը: Մոսկվան ու Բաքուն օր-օրի ուժեղացնում էին շարժման դեմ ճնշումը: Փետրվարի 15-ին ԼՂԻՄ Կուսմարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովը, հանդիպելով շարժման ակտիվիստներին, ընթերցում է Մոսկվայից ստացված փաստաթուղթ, որտեղ «Ղարաբաղյան շարժման առաջնորդները ճանաչվում են որպես էքստրեմիստներ եւ խստագույնս պիտի պատժվեն»: Շարժումը գլխատելու համար կազմվում էէքստրեմիստների» ցուցակ, որի մեջ մտցվում են 27 հոգու անուն, որոնց նկատմամբ նախատեսվում էր կիրառել տարբեր բնույթի պատիժներ: (Нагорный Карабах и вокруг него, Глазами независимых наблюдателей, Ереван, 1991, с. 77, «Եղիցի լույս», N5, 2000): 1988թ. փետրվարի 16-ից սկսած՝ ցուցարարներից շատերը օր ու գիշեր գտնվում էին Ստեփանակերտի քաղաքային հրապարակում՝ մնալով վրանների տակ եւ վառելով խարույկներ: Գյուղերից ցուցարարների համար բերում էին փայտ, հաց, սննդամթերք: Քանի որ շարժումն ընթանում էր տարերայնորեն, և չկար ընդհանուր ղեկավարություն, ուստի հրամայական պահանջ դարձավ ունենալ ղեկավար մարմին: Ստեղծվեց նախաձեռնող խումբ Արկադի Մանուչարյանի ղեկավարությամբ: Նախաձեռնող խմբի շտաբը դարձավ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունը: Շուտով նախաձեռնողների փոխարինեց մարտի 2-ին ստեղծված 11 հոգուց բաղկացած խորհուրդը կամ կոմիտեն՝ «Կռունկ» անունով:  Խորհրդի նախագահ ընտրվեց Արկադի Մանուչարյանը, տեղակալ՝ Վարդան Հակոբյանը: Հենց առաջին նիստում ստեղծվեցին 10 հանձնաժողովներ, որոնցում ընդգրկվեցին մոտ 50 հոգի: Կոմիտեի քաղաքական գծով հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվեցին Ռոբերտ Քոչարյանը (նախագահ), Սերժ Սարգսյանը եւ ուրիշներ: (Արշակյան Ա., նշված աշխ., էջ 21): «Կռունկ» կոմիտեն մեծ աշխատանք կատարեց շարժումը կազմակերպված հունով տանելու եւ բնակչությանը անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: 

Որոշվեց իրավական բոլոր նորմերը պահպանելով՝ պաշտոնապես բարձրացնել Արցախի ժողովրդի համար բախտորոշ հարցը եւ այդ նպատակով գումարել մարզխորհրդի արտահերթ նստաշրջան: Հրավեր ստացան բոլոր, այդ թվում ադրբեջանցի պատգամավորները: Բաքվի իշխանություններն ամեն ջանք գործադրեցին, բայց չկարողացան ձախողել նստաշրջանի հրավիրումը:

Ադրբեջանական իշխանությունների կողմից հարուցված մեծ դժվարությունները հաղթահարելով 1988թ. փետրվարի 20-ին հրավիրվեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջան: Մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը սկսվեց երեկոյան ժամը 20 անց 20 րոպեին, եւ հայտնի դարձավ, որ մարզխորհրդի 149 պատգամավորներից ներկայացել էին 110-ը: Մարզխորհրդի արտահերթ նստաշրջանին հրաժարվեցին մասնակցել ադրբեջանցի պատգամավորները: (Տե՛ս նույն տեղում, էջ 21): Հենվելով իր սահմանադրական իրավունքի վրա՝ մարզային խորհուրդն ընդունեց պատմական որոշում, որի արձանագրային մասում ասված էր. «Եկել է վերակառուցման ու ժողովրդավարության ժամանակը: Մեր երկիրը լծվել է ստալինյան դաժան պատմաշրջանում կատարված հակաժողովրդական ամեն տեսակ սխալների ու զանցառությունների վերացմանը: Վաղուց ժամանակն է, որ մարզի հայության ճակատագրի վրա դրված խարանը եւս ջնջվի, եւ մենք՝ Լեռնային Ղարաբաղի հայերս, ձեռք բերենք մեր երկրամասը տնտեսապես զարգացնելու, մեր ազգային-մշակութային նվաճումներին լիիրավ տեր դառնալու հնարավորություններ»: (Арутюнян В.Б., Совытия в Нагорном Карабахе, Ереван, с. 37): Նստաշրջանի բոլոր մասնակիցները, Լեռնային Արցախի բոլոր հայ բնակչությունը խորապես համոզված էին, որ այլեւս բացառվում է Ադրբեջանի կազմում մնալը եւ որ հարցի միակ եւ սահմանադրական լուծումը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորումն է: Ուստի Մարզխորհրդի նստաշրջանը որոշեց. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խորին ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից ՀԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջեւ՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար»: (Խորհրդային Ղարաբաղ, 21.02.1988): Հաջորդ օրն այս որոշումը տպագրվեց «Սովետական Ղարաբաղ» թերթում:

Ադրբեջանի իշխանությունները սվիններով դիմավորեցին այդ որոշումը եւ բռնեցին արցախահայության բացահայտ մարտահրավերը բռնի ուժով խեղդելու ուղին:

Արցախահայության ազատագրական պայքարին զորավիգ լինելու վճռականությամբ հաջորդ օրը Հայաստանում սկսվեցին հանրահավաքներ: Փետրվարի 21-ին Երեւանի Թատերական հրապարակում տեղի ունեցավ առաջին զանգվածային հանրահավաքը: Շուտով միտինգների ու ցույցերի ալիքը տարածվեց հանրապետության բոլոր քաղաքներում ու գյուղերում: Բազմամարդ ժողովներում աշխատավորներն իրենց համերաշխությունն էին հայտնում Արցախի ազատագրական շարժմանը, երդվում էին աջակից լինել իրենց եղբայրներին ու քույրերին, միաժամանակ կենտրոնական իշխանություններից պահանջում էին արդարացի լուծել Լեռնային Ղարաբարի հարցը: Աննախադեպ աճում էր հանրահավաքների մասնակիցների թիվը: Փաստորեն ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում տեղի ունեցան հարյուր հազարանոց հանրահավաքներ ու ցույցեր: Երեւանի Թատերական հրապարակում՝ Մատենադարանի առջեւ, գլխավոր պողոտաներում տեղի ունեցող հանրահավաքներում ու ցույցերում ելույթներ էին ունենում գիտության ու արվեստի նշանավոր գործիչներ, բանվորներ, ծառայողներ, պատերազմի ու աշխատանքի վետերաններ: Դրանց թվում էին ՀԽՍՀ ԳԱ նախագահ, աշխարհահռչակ աստղագետ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, ճանաչված արձակագիր Սերո Խանզադյանը, ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը, սիրված երաժիշտ Հովհաննես Չեքիջյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանում բնակվող ռուսները, եզդիները, ասորիները, ուկրաինացիները, քրդերը եւ տարբեր ազգերի մարդիկ սատար կանգնեցին արցախցիների արդար պահանջին, իրենց համայնքների, միությունների անունից պաշտպանեցին արցախահայության օրինական պահանջը, հրապարակեցին դիմումներ ու կոչեր:

ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները, չնայած իրենց կողմից վերակառուցման ու հրապարակայնության հռչակմանը, արցախյան արդարացի շարժման հանդեպ դրսեւորեցին կատաղի անհանդուրժողականություն:  Երկրի բարձրագույն ղեկավարությունն աներկբա կանգնեց ադրբեջանական գաղութարարների կողքին: Ազգերի ինքնորոշման սահմանադրական իրավունքի իրագործումը կարող էր լուրջ վտանգ սպառնալ կոմունիստական համապարփակ տիրապետությանը: Պատահական չէ, որ Ադրբեջանի ղեկավարության առաջարկությամբ փետրվարի 21-ին ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոն հապշտապ ընդունեց «Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների մասին» որոշումը, որով արցախահայության ազատագրական շարժումը որակվեց որպես «ծայրահեղական», մի խումբ անջատողականների գործողությունների արդյունք: («Правда», 22.02.1988.): Հարցն ըստ էության լուծելու փոխարեն կենտրոնական իշխանությունները փորձում էին պայքարը դադարեցնել հայ անվանի մտավորականների միջոցով:Փետրվարի 25-ին ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Մ. Գորբաչովը հանդիպեց Զ. Բալայանի եւ Ս. Կապուտիկյանի հետ: Նա կեղծ խոստումներով փորձեց հանգստացնել ալեկոծ հայ ժողովրդին, հետո սպառնաց, որ եթե շարժումը շարունակվի, ապա դա կործանարար կլինի Ադրբեջանում ապրող շուրջ կես միլիոն հայերի համար: (Ուլուբաբյան Բ., նշված աշխ., էջ 72): Դրանով նա փաստորեն հուշեց ադրբեջանցի վանդալներին անել այն, ինչ արեցին հետագայում: Գորբաչովը նաեւ ադրբեջանցիներին հասկացնել տվեց, որ կարող են փակել Հայաստան տանող ճանապարհները, հանրապետությունը կտրել արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելուց եւ տնտեսական բոյկոտի միջոցով բնակչությանը սովի մատնել: ԽՍՀՄ կենտրոնական մարմինները շարժման առջեւ պատնեշ կանգնեցրին նրա սկսման առաջին օրերից եւ մինչև վերջ հավատարիմ մնացին արցախյան հարցի նկատմամբ որդեգրած անհանդուրժողական կարճատես քաղաքականությանը:

Արցախյան շարժման հենց սկզբից լիովին բացահայտվեց Խորհրդային Հայաստանի իշխանությունների կտրվածությունը ժողովրդական զանգվածներից, նրանց զգուշավորությունն ու անկարողությունը: Հանրապետության ղեկավարության ոչ մի օղակ չկարողացավ ազդեցություն գործել ծավալվող իրադարձությունների վրա: Հայաստանի կոմկուսի ղեկավարությունը ոչ միայն չկարողացավ ուղղորդել զանգվածային շարժումը, այլեւ արգելափակեց ծավալվող իրադարձությունների ճիշտ լուսաբանումը: Տարիներ շարունակ իրեն հեռու պահելով արցախյան հիմնահարցերից եւ անտեսելով այդ մասին ստացված ահազանգերը՝ հանրապետության կուսակցական, պետական բյուրոկրատիան արցախյան շարժման նկատմամբ դրսեւորեց ծայրահեղ զգուշավորություն եւ վախկոտություն:  Դա թելադրված էր Արցախի մասին վերադաս մարմինների պաշտոնական դիրքորոշումն ամեն գնով պահպանելու ձգտմամբ: Փետրվարի 21-ին շտապ հրավիրված ՀԿԿ կենտկոմի բյուրոյի նիստը հավանություն տվեց ԽՄԿԿ կենտկոմի որոշմանը, որովհետև Հայաստանի մի շարք իշխանավորներ ձգտում էին հարաբերությունները չբարդացնել վերադասի հետ: (Հայաստանի ազգային արխիվ (այսուհետև ՀԱԱ), Ֆ.1, g. 82, գ. 21, թ.2-3): Հաջորդ օրը տեղի ունեցավ ՀԿԿ կենտկոմի բյուրոյի հերթական նիստը, որը նպատակահարմար գտավ խնդրել ԽՄԿԿ կենտկոմին ապագայում ազգային հարցը  քննարկելիս չմոռանալ Լեռնային Ղարաբաղի հարցը: (Տե՛ս նույն տեղում, թ. 13): Հանրապետության ղեկավարությունը չկարողացավ որեւէ կերպ ազդել իրադարձությունների ընթացքի վրա: Եվ ժողովրդի ազգային ցավերի նկատմամբ անտարբերությունը Հայաստանի իշխանություններին, ի վերջո, հասցրեց ինքնամեկուսացման:

Արցախյան հարցի հետ մեկտեղ հանրահավաքներում բացահայտվում եւ քննարկվում էին հանրապետության սոցիալ-տնտեսական ու հասարակական- քաղաքական կյանքում տեղ գտած թերություններն ու սխալները, որոնց մասին իշխանությունները լռում էին: Փաստորեն ժողովուրդն իր ձեռքն էր վերցրել շարժումը եւ ինքն էր տոն տալիս հանրապետության հասարակական-քաղաքական կյանքին:

Իսկ շարժումը գնալով ծավալվում էր: 1988թ. փետրվարին ստեղծվեց շարժման կազմկոմիտե, որի մեջ մտան Ւգոր Մուրադյանը,  Վաչե Սարուխանյանը, Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Սամսոն Ղազարյանը, Սամվել Գևորգյանը, Վանո Սիրադեղյանը, Արմեն Հովհաննիսյանը, Հենրիկ Իգիթյանը եւ ուրիշներ: (Ազիզբեկյան Ռ., նշված աշխ., էջ 21): Մարտի սկզբներին Իգոր Մուրադյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ղարաբաղ» անվանումով կոմիտե, որը ղեկավարում էր բազմահազարանոց ցույցերն ու միտինգները: Բոլոր քաղաքներում եւ հիմնարկ-ձեռնարկություններում ստեղծվեցին  «Ղարաբաղ» կոմիտեներ, որոնք քննարկում էին պայքարի հետագա զարգացման, շարժմանն օժանդակելու խնդիրներ: 

Էդիկ Մինասյան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25