Արցախյան պատերազմ. հրամանատար Հարութը, Սվետա «բաբոն» եւ մյուսները

09.02.2021 11:18
3542

Նոյեմբերի 1-ն է, պատերազմի 34-րդ օրը: Երեկո է: Գնացել եմ Գորիսի Ակներ գյուղ` հանդիպելու եռօրյա հանգստի թույլտվությամբ տուն եկած մայոր, հրամանատար, վնասվածք ստացած Հարութ Մալինցյանի հետ: Ընդարձակ պատշգամբում բացված կլոր սեղանի շուրջ հավաքված էին տանտերը` «Էլոլա» ընկերության հայտնի վարորդ Ռոբերտ Մալինցանը, Երևանից եկած հորեղբայր Զարմիկը, նրա որդի մոսկվայաբնակ Արմենը, փեսա Հարութը, որ Քարահունջից էր եկել, որդիները, հետո էլ եկան քույր Անահիտի տղաները, և ավելի ուշ ազատ տեղերը լրացրին կանայք`Սվետա տատի գլխավորությամբ: Թեև ամեն ինչ սկսվեց Հարութի համար արված և սեղանին մատուցված մատաղով, բայց օրվա հերոսը Սվետա տատն էր...

Վաղ առավոտյան, փոքր թոռան` Կամոյի հետ նա հնագույն սրբավայր Խաչին օս էր տարել ծիածանի գույները պոչին աքլորը և խնդրել էր աստծուն, որ բոլոր կռվողները  ողջ, առողջ հասնեն իրենց մայրերին: Մի քանի ժամ առաջ էլ զինվորները ճակատային գծից զանգել էին Կամոյին, խնդրել, որ տղաների անունից շնորհավորի Սվետա «բաբոյին»` ծննդյան օրվա առթիվ... Սվետա տատի համար դա անակնկալ էր` շնորհավորանքների շնորհավորանքը... Շատ էր ուրախացել, ոգևորված պատմում էր ու պատմում...

Ակներ տանող ճանապարհը կտրում անցնում է Վարարակնի արևմտյան ճյուղը` «Մեծ կետը», դեմ է առնում Ճղած քարի սարալանջին, որի կրծին հին հէկ-ի կիսավեր, սրբատաշ շինությունն է, և քիչ հարավից էլ սկսվում են անտառի դարպաս-թփուտները: Ճանապարհի ծնկածալի մի կողմին գյուղի դպրոցն է, մյուսում`Մալինցյանների երկհարկանի տունը: Պատերազմը սկսվելուց  մի քանի օր անց, դպրոցի շենքում զիվորականների տեղավորեցին: Ռոբերտը մորը պատվիրել էր, որ տղաներին ուշադրության կենտրոնում պահի:

-Նախ մեծ կաթսայով կարտոֆիլ եմ եփել, վերցրել եմ մի մեծ աման ճխթթու, թթու կաղամբ, սոխ, կանաչի, լավաշ, մեր քաշած սալորի օղուց, տարել եմ տղաներին,- հյութալի բարբառով պատմում է Սվետա տատը: - Տղաներն ուրախացել են, ոգևորվել... Հաջորդ օրերին էլ` կանաչ կամ չոր լոբի, դդում, էլի կարտոֆիլ, կաթ, մածուն, պանիր եմ տարել...

- Սվետա' բաբո, բա դուք էդքան ունե՞ք, որ մեզ համար էսքան բերում ես...- ասել է տղաներից մեկը:

- Իմ թոռն էլ է կռվում... Դուք ողջ առողջ վերադարձեք, մեզ հաղթանակ բերեք, մենք քչով էլ յոլա կգնանք,- ասել է Սվետա տատը:

Օրերից մի օր էլ, տղաներից մեկը մոտեցել, խնդրել է Սվետա «բաբոյին» հեռախոսը լիցքավորման դնել: Սվետա տատն էլ զգացել է, որ էս ջահելի հալը հալ չի, ձեռքը ճակատին է դրել, տեսել է ջերմություն ունի: Նստեցրել, խոտաբույսերով ու մոռի մուրաբայով թեյ է տվել, հետն էլ էլի մորու, հոնի, բալի մուրաբաներ է դրել, օրվա ընթացքում էլ Կամոյի հետ մի քանի անգամ տաք թեյ է ուղարկել... Հաջորդ օրը երիտասարդը եկել է արդեն առողջ, զանգահարել է ինչ-որ մի համարով, ու ասել է, որ մայրն ուզում է խոսել Սվետա «բաբոյի» հետ... Դե', թե ի՞նչ շնորհակալական խոսքերի արժանացած կլինի Սվետա «բաբոն»` էլ ասելու չի.,.

Այդպես, երեկոն անցավ Սվետա տատին մեծարելով, Հարութի հետ զրույցը կիսատ-պռատ ստացվեց: Հանդիպեցինք միայն պատերազմի հրադադարից օրեր անց:

Հարութը 29 տարեկան է, զինծառայող, մայոր, ամուսնացած, երկու երեխաների հայր: 2008 թվականին հայրենի Ակներ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան: 2012-ին ավարտել է հետախուզական-համազորային հրամանատար-ինժեներ բակալավրան: Ծառայության է անցել ՀՀ զինված ուժերի զորամիավորումներից մեկում` խորքային հետախուզական խմբի հրամանատար: Նույն տարում նշանակվել է Կուբաթլիի զրահատանկային գումարտակի հետախուզության պետ, դասակի հրամանատար: Հետագա տարիներին նույն պաշտոնով աշխատել է Մեղրիում, ապա` վաշտի հրամանատար` Սիսիանում: Այս ամենը` մինչև պատերազմը...

Երբ զրուցում ես Հարութի հետ, ի հայտ են գալիս զինվորականի և, մասնավորապես, հրամանատարի բնավորության յուրահատուկ կողմերը` կամային հատկությունները, ընդգծված կարգապահությունը, պատասխանատվությունը, տրվող գնահատականների մեջ հավասարակշռվածությունը, ուշադրությունը` իր և դիմացինի ամեն բառի հանդեպ...

Պատերազմի լուրը նրանց հարկի տակ մտավ, երբ արձակուրդում էր... Առավոտյան արթնացավ, հավաքեց իրերն ու մեկնեց զորամաս: Համահավաքի հենց առաջին օրը Մեղրու սահմանային Ալվանք գյուղում կազմավորված կամավորկան ջոկատը ներկայացել էր  զինկոմիսարիատ, գրանցվել և զինվորական հրամանատարի պահանջ էր ներկայացրել: Մայոր Հարութ Մալինցյանին նշանակել են այդ ջոկատի հրամանատար:

-Թեև ջոկատում բոլորն էլ հայրենասեր և անվախ տղաներ էին, պատրաստ ամեն սխրանքի, բայց պատերազմի, մարտական գործողությունների համար  պատրաստ չէին,- ասում է հրամանատարը:

Հենց առաջին օրվանից նրա ղեկավարությամբ ջոկատն անցնում է տակտիկական վարժանքների, այնուհետև հերթապահում է դիրքերում`գնդի պաշտպանության տեղամասում: Հոկտեմբերի 14-ին ջոկատը թշնամուն դիմավորում է Մեղրի-Զանգելան ճանապարհահատվածի Վաժնավիր ոսկու հանքերի տեղամասում: Առավոտյան ժ. 5-ին, ամրացված դիրքերում տղաները սպասում էին հակառակորդի առաջխաղացմանը: Ոսկու հանքերի վերին տափարակում երևում են զրահատեխնիկայի թվով 11 միավոր: Հրաման է տրվում`թույլ տալ հակառակորդին հնարավորինս մոտենալու մեր դիրքերին: Շարասյունը եզրափակող զրահամեքենայի երևալուց ու մոտենալուց հետո հնչում են դիպուկահարների և հակատանկային միջոցների առաջին կրակոցները: Խոցվում են շարասյան առաջին և վերջին  զրահամեքենաները, հակառակորդը մնում է հարկադրված շրջափակման մեջ: Մոտ 2 ժամ տևած կատաղի մարտերից հետո, թշնամին` թողնելով բազմաթիվ զոհեր և վիրավորներ, զինամթերքով բարձած զրահատեխնիկա, դիմում է փախուստի: Շարունակվում են անկանոն կրակահերթերը: Երբ արդեն հակառակորդը հեռացել էր, մտածելով, որ նրանց կրակոցներն արդեն անհասանելի են, հրամանատարը դուրս է գալիս փոսից, վազում է խրամատի երկայնքով, կանչում,  ոգևորում է ջոկատայիններին. «Կեցցե'ք տղաներ, թուրքին լավ ջարդ տվիք...»: Այդ պահին կատարվում է անսպասելին. դիպուկահարի գնդակից նա գետին է տապալվում: Տղաներն արագ մոտենում, նկատում են, որ  հրամանատարի զրահաբաճկոնի վրա, կրծքի հատվածում գնդակից խոցված անցք կա: Մեկը ձեռքը մտցնում է նրա վերնաշապիկից ներս` կանչում է ուրախությամբ.

-Չոր է~...

Հրամանատարն ուշքի է գալիս, քաշում հանում է զրահաբաճկոնի քարը. փամուշտը մխրճվել էր շուրջ 4 սմ հաստությամբ քարի մեջ, անցել էր մոտ երեք քառորդը և կանգ էր առել...

Հաջորդ օրը թշնամին վերադասավորելով ուժերը, համալրված հրետանային տեխնիկայով, անօդաչու թռչող սարքերով և մի քանի անգամ ավել զորաքանակով, կրկին անցնում է հարձակման: Խափանելով ներքին ռադիոկապը, թշնամուն հաջողվում է ազդել մարտական գործողությունների ղեկավարման վրա: Հրամանատարական կետը չի կարողանում վերահսկել  աջ և ձախ թևերի գործողությունները: Տղաներին նահանջելու հրաման է տրվում: Ստացվում է այնպես, որ աջ և ձախ թևերը նահանջում են, կենտրոնականին հրամանը չի հասնում, և Ալվանքի ջոկատից 12 կամավորականներ հայտնվում են շրջափակման մեջ: Տղաները չեն հանձնվում: Հրամանատար Հարութ Մալինցյանը որոշում է ջոկատի մարտիկներին շրջափակումից դուրս բերել ջրահեռացման թունելով: Ճեղքելով հակառակորդի հարձակման գիծը, ջոկատը մտնում է կոյուղու մեկ մետրից ավել տրամագծով խողովակաշարի մեջ և դուրս է գալիս հակառակորդի թիկունքում: Կրակոցներով անակնկալի բերելով հակառակորդին, ստիպում են նրան թողնել զբաղեցրած բարձունքը...

- 44 օրյա պատերազմում, - ասում է Հարութ Մալինցյանը, - ամենակարևորը համարում եմ այն, որ կարողացա փրկել 12 երիտասարդ կյանքեր...

 

Գագիկ Հայրումյան

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25