Արծվանիկում ներդրում անողներին պոչամբարը վախեցնում է

15.09.2018 10:50
1479

«Ավագանին թող որոշի՝ հարցը հանի, նիստը սկսի». այսպիսի պահանջ էր դրվել այսօր Կապանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանի և ավագանու անդամների առջև:  

Խոշորացված Կապան համայնքի մեջ ընդգրկված Արծվանիկ, Սևաքար, Չափնի գյուղի բնակիչները փակել էին համայնքապետարանի դահլիճի մուտքը, որտեղ պետք է տեղի ունենար ավագանու նիստը: Նրանց դժգոհության պատճառը նիստի օրակարգում ընդգրկված մի քանի հարցեր էին, որոնք վերաբերում էին Արծվանիկի, Սևաքարի և Չափնիի մի շարք հողամասերի կատեգորիան փոխելու նպատակով այդ գյուղերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալուն, ինչպես նաև Արծվանիկի Նոր ջուր թաղամասում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 51 հա հողերին (բաժանված 3 հասցեի մեջ), որոնք առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով նախատեսվում է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:

Բողոքող քաղաքացիներից Մհեր Ստեփանյանը 215 արծվանիկցիների ստորագրություններով դիմումն էր բերել համայնքապետարան: Պահանջը վերոնշյալ հարցերն ավագանու նիստի օրակարգից հանելն էր: Ստեփանյանը բողոքի ակցիայի ժամանակ առաջարկել է ստուգել պոչամբարի թունավոր նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Արծվանիկի վարչական ներկայացուցիչ Արշավիր Հարությունյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ երկու-երեք անգամ ժողով են արել գյուղում: Ըստ նրա՝ արծվանիկցիները ոչ թե պահանջում են փակել ԶՊՄԿ-ն, այլ ընդամենը ուզում են, որ պոչամբարի ընդլայնման համար իրենց գյուղից այլևս հող չհատկացվի:

«Ինձ մոտենում են, ասում, որ հիմա ուզում ենք գյուղում տուն սարքենք՝ սարքե՞նք, թե՞ չսարքենք, կամ դրսից գյուղի երիտասարդներից եկել են, մեծ մասը Ռուսաստանում են, ուզում են գյուղում ներդրումներ անեն, գործեր անեն, որ գյուղը մի քիչ, էսպես ասած, գա իր տեղը, ինչպես եղել է մի 20-25 տարի առաջ: Հիմա էդ մարդիկ կասկածում են»,- ասում է Արծվանիկի վարչական ներկայացուցիչը: Նրա փոխանցմամբ՝ ներդրում անողները թյուր տեղեկություն են ունենում, գիտեն, թե ամբողջ գյուղը պոչամբարի տակ է անցնելու:

Արշավիր Հարությունյանն ասում է, որ Արծվանիկից երեք անգամ հող է հատկացվել ԶՊՄԿ-ի պոչամբարի համար: Առաջինը եղել է 1973-ին՝ 273 հա, երկրորդ դեպքը 2006-ին էր՝ 102 հա, իսկ երրորդը՝ 2015-ին. Ինչպես արդեն գրել ենք, 2015-ին կառավարությունը գերակա հանրային շահի անվան տակ որոշել է պոչամբարի ընդլայնման համար 492 հա հող վերցնել Կապանի Արծվանիկ, Չափնի, Աճանան, Սևաքար և Սյունիք գյուղերից: 492 հա-ից 275-ը հենց Արծվանիկի հողերն են: Ա. Հարությունյանն ասում է, որ իրենք չեն կարող դրա «դեմն առնել», քանի որ կառավարության որոշում կա:

«Մեր ժողովուրդն ուզում է իմանա, թե սրանից հետո իր ճակատագիրն ինչ է լինելու, էս գյուղում ապրե՞ն, թե՞ չապրեն: Ե՞րբ է լինելու վերջը»,- հարցնում է Արծվանիկի ներկայացուցիչը:

Ասում է՝ 1973 թ.-ից մինչև հիմա պոչամբարն իրենց գյուղում է, հիմա էլ թող տանեն մեկ այլ վայր: Գյուղը պոչամբարի պատճառով դատարկվում է, բնակիչների մի մասն արդեն գնացել է ազատագրված տարածքներում բնակություն հաստատել: «Մի էրկու մարդ ենք մնացել գյուղում, հիմա էդ էլ վերանա՞, դե եթե գյուղը վերանում ա, միանգամից ասեք, որ վերանում ա, էլ ի՞նչ անենք: Ժողովրդի խնդիրը դա է, որ մեկը մի փաստաթուղթ ներկայացնի մեր համայնքին, ասի՝ ձեր վերցրած հողերից մի մետր առաջ չենք գնալու, հիմա էդ մարդիկ ուզում են մի բան անեն (նկատի ունի ներդրողներին- հեղ.)»:

ԶՊՄԿ-ն տարեկան 22 միլիոն տոննա արտադրողականություն ունի, ինչից գոյացած պոչանքները թափվում են Արծվանիկի պոչամբար: Տեղացիների երկրորդ դժգոհությունը հանքարդյունաբերող ընկերությունից սոցիալական և առողջապահական հարցերն են:

«Հիմա մարդն ասում է՝ ուզում եմ տուն սարքեմ, բայց սարքեմ ինչի՞ համար, եթե էստեղ չեմ կարողանալու ապրել»,- նշում է Արշավիր Հարությունյանը՝ ավելացնելով, որ ժողովրդի պահանջն է փակել պոչամբարը կամ տեղափոխել մեկ այլ տեղ:

Վարչական ներկայացուցիչը մի քանի անգամ շեշտում է. «Չենք պայքարում կոմբինատի դեմ, չենք ուզում, որ կոմբինատը փակվի, քանի որ 5 հազար հոգի առանց հացի կմնա»:

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ին առնչվող վերը նշված հարցերն ընդգրկվել էին նաև օգոստոսի 21-ին կայացած ավագանու արտահերթ նիստում, սակայն դրանց քննարկումը հետաձգվել էր: Փաստորեն, բնակիչների բողոքի արդյունքում դրանց լուծումը կրկին առկախվեց: 

hetq.am

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24