2017թ. դեկտեմբերի 26-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ուղղության դիրքերում էր:
Առաջնագծի այդ հատվածում վերջին անգամ եղել էինք հուլիսի 27-ին, ինչը նշանակում է, որ իրավիճակին ծանոթանալու հետ մեկտեղ նաեւ համեմատելու, զուգահեռներ անցկացնելու հնարավորություն ունենք:
Շրջայցի բոլոր կանգառներում մեզ նախեւառաջ հետաքրքրում էր արցախաադրբեջանական շփման գծի օպերատիվ իրավիճակը: Եւ ամենուր, բարեբախտաբար, նույն կամ գրեթե նույն պատասխանն էինք ստանում՝ շփման գծում անդորր է:
Հարաբերական հանգստությունը, սակայն, չի ենթադրում զգոնության թուլացում: Ընդհակառակը՝ նախատոնական եւ տոնական օրերին աչալրջության, պատրաստության ավելի բարձր աստիճան է պահանջվում, ինչին էլ հաճելիորեն ականատես եղանք:
Առօրյա զրույցներում (եւ հատկապես սահմանից հեռու) հաճախ ենք լսում՝ զինվորի ոգին, նրա վստահ եւ համարձակ պահվածքը չեն կարող որոշիչ լինել ժամանակակից սպառազինության գործածմամբ ռազմական իրավիճակներում:
Բայց մարտական դիրքերում, երբ հակառակորդի խրամատը 300-400մ հեռավորության վրա է, միանգամայն հակառակ համոզմունքին ենք հանգում. ամենաարդիական զենքն անգամ չի կարող վճռորոշ լինել, եթե չկա ոգու պոռթկում, չկա վստահություն, չկա ֆիզիկական կատարելություն:
Արտյոմ Ապրեսյան (դիրքի պատասխանատու), Մուշեղ Հարությունյան ¥ջոկի հրամանատար¤, Նարեկ Սարգսյան (գնդացրորդ)… Յուրաքանչյուրի հետ զրուցելիս, մարտական դիրքում նրանց պահվածքին ծանոթանալիս, նրանց տրամադրությունը շոշափելիս համոզվում ենք՝ գործ ունենք հայրենատիրության, հայրենակերտության, հայրենապաշտության ամենավառ դրսեւորումներից մեկի հետ:
«Մարտական դիրքը սրբավայր է, մարտական հերթապահությունը՝ սրբազան պարտականություն». առաջին հայացքից զուտ գրքային եւ տեսական արտահայտություն թվացող միտքն այս դեպքում, իսկապես, առարկայական, շոշափելի հասկացողություն եւ կարգախոս է դառնում:
Զինվորներն անկեղծանում են՝ անգամ զորամասի ու մարտական դիրքի միջեւ տարբերություն կա՝ հոգեկան ապրումի, ինքդ քեզ հասկանալու, երկրի ապագայի համար քո բաժին պատասխանատվությունը զգալու-գիտակցելու առումով:
- Զորամասում գուցե եւ մի փոքր հանգիստ ենք, բայց մարտական հերթապահության ժամանակ միանգամից փոխվում եւ ուրիշ մարդ ես դառնում, դիրքում հերթապահելիս թվում է, թե ամբողջ հայ ժողովուրդն է քեզ նայում ու ոչ միայն հրամանատարը կամ ավագը, - բարձրաձայն խորհում է զինվորներից մեկը:
Մեկ ուրիշն էլ՝ «Դիրքը մեր տունն է, նույնիսկ առաջին տունը եւ ոչ թե երկրորդ…»:
Մարտական դիրք ասվածն էլ, անխոցելի պատնեշ կամ ամրոց լինելուց զատ, ամբողջական մի տնտեսություն է՝ անհրաժեշտ ամեն ինչով, փոքրիկ ենթակառուցվածքներով, ձմեռման համար գրեթե բոլոր պայմաններով ու պարագաներով: Մաքրությունն ու սանիտարահիգիենիկ վիճակն էլ… Ժողովրդի լեզվով ասած՝ «Յուղ լցնես՝ կհավաքվի»: Այդպես է խրամատում, խոհանոցում, լվացարանում…
Առաջնագծում անընդհատ կատարվող փոփոխությունները (եւ ոչ միայն 2016թ. ապրիլյան իրադարձություններից հետո), խոստովանենք, մի նոր աստիճանի են բարձրացրել զինվորի վստահությունը, համարձակությունը:
Կարելի է նույնիսկ հիմնավոր արձանագրում անել՝ տեխնիկական առումով, անվտանգության տեսակետից դիրքերում բավականին փոփոխություններ են կատարվել ու կատարվում: Եվ այդ ամենի շնորհիվ, ըստ մեր դիտարկման, դիրքերի անվտանգությունը միանգամայն նոր մակարդակի է հասցվել, նվազել է խոցելիությունը, զինվորի աչալրջության եւ կարգապահության դեպքում գրեթե բացակայում է դիվերսիոն խմբերի ներխուժման, դիպուկահարների հաջողության հնարավորությունը:
Դիրքերում կանգնած յուրաքանչյուր զինվոր, անշուշտ, առանձին պատումի հերոս է: Յուրաքանչյուրը՝ խոնարհումի արժանի: Եվ այդ զինվորն է դժվարին ու հակասական, անակնկալներով լեցուն մեր օրերում արժանապատվորեն պաշտպանում հայոց սահմանները:Այնպես որ՝ սխալված չենք լինի, եթե ասենք՝ առաջնագծում կանգնած զինվորն է մեր օրերի հերոսը, եւ ուրիշ ոչ ոք…
Նրանցից մեկն էլ 22-ամյա Արտյոմ Ապրեսյան պայմանագրային զինծառայողն է, ավագ սերժանտը, Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի զավակը:
Քաջատեղյակ է իր բնօրրան Խնձրիստանի, իր փոքր հայրենիքի պատմական ուղուն, հպարտությամբ հիշեցնում է, որ գյուղը ժամանակին Խաչենի մելիքների նստավայրն է եղել:
Վերջերս նշանվել է սիրած աղջկա հետ, ով նույնպես իրենց գյուղից է. ինչպես ընդունված է ասել՝ ճիպոտն իր քոլից է կտրում: Որոշում ունի՝ հարսանիքին շատ-շատ մարդ է հրավիրելու, նաեւ «Սյունյաց երկրի» լրագրողներին է մասնակից դարձնելու:
Նոր տարվա գիշերը մարտական ծառայության մեջ է լինելու՝ դիրքի պատասխանատու:
- Մեզ համար պատիվ է Ամանորի գիշերը գտնվել մարտական դիրքում եւ պաշտպանել հայոց սահմանները, - ասում է Արտյոմ Ապրեսյանը:
Հարցին՝ կարողանալո՞ւ է Նոր տարվա գիշերը շնորհավորել նշանածին, պատասխանում է՝ «Բոլորս էլ հնարավորություն կունենանք զանգահարել ծնողներին, սիրելիներին ու շնորհավորել, նաեւ նրանց օրհնաբեր ձայնը լսել»:
Իսկ եթե թուրքը, իր բնավորության համաձայն, փորձի ակտիվանալ տոնական օրերին…
- Ո՞ւր է, թող գան, մենք էլ նրանց պատշաճ ձեւով «կդիմավորենք», - արձագանքում է ավագ սերժանտ, դիրքի պատասխանատու Արտյոմ Ապրեսյանը:
Նախատոնական տրամադրությունն արդեն մի քանի օր է՝ հաճելի ջրապտույտի մեջ է առել նաեւ դիրքապահ զինվորներին: Մեզ հյուրասիրում են, նաեւ գոհունակությամբ տեղեկացնում, որ բոլոր զինվորներին Նոր տարվա առիթով տոնական նվերներ է ուղարկել «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը:
***
Միանգամայն բարի, ազնիվ ու ողջամիտ մտադրության մղումով թիկունքում գտնվողներս, քաղաքացիական կյանքով ապրողներս ժամանակ առ ժամանակ այցելում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության առաջնագիծ: Տոնական ու նախատոնական օրերին էլ գնում ենք նաեւ շնորհավորելու մեր քաջարի զինվորներին, բայց …
Այցի ավարտին սովորաբար այն զգացողութունն է համակում մեզ, որ ոչ թե մենք ենք նրանց քաջալերում, ոգեւորում, այլ՝ հակառակը՝ զինվորներն են մեզ ոգու կրակ փոխանցում…
Այդպես էր նաեւ այս անգամ:
Եվ, անկեղծ լինենք, մեր երկիրը, հայոց երկու պետությունը ոչ մի տեղ չեն հայրենանում, սրբանում այդպես ու այդչափ, ինչպես սահմանապահություն իրականացնող մարտական դիրքերում: Ոչ մի տեղ հայոց հողն այնքան հայրենաբույր չի լինում, որքան այդ դիրքերում, այդ վայրերում:
Ու այնտեղից այնքա˜ն չնչին ու ողորմելի են թվում մեր քաղաքացիական կյանքի շատ ու շատ դրսեւորումներ:
Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ, սիրելի զինվորներ ու հրամանատարներ: Ձեզ՝ անամպ երկինք ու բարի վերադարձ:
Հ.Գ.Մեծ հայրենականի համբավավոր զորահրամանատարներն անգամ ոչ միշտ են դրականորեն արտահայտվել շտաբային-գրասենյակային ծառայություն իրականացնող սպաների մասին: Եվ այդ ընկալումը, կարծեք, փոխանցվել է հաջորդ սերունդներին:
Պարզվում է, մինչդեռ, այնքան էլ օբյեկտիվ չէ այդ ընկալումը կամ էլ չի կարելի նման չափանիշով մոտենալ շտաբային ամեն մի ծառայողի:
Երկրորդ անգամ է, որ ԼՂՀ պաշտպանության նախարարության՝ ԶԼՄ-ների հետ տարվող աշխատանքների գծով սպան՝ կապիտան Գեղամ Գրիգորյանն առաջնագծում ուղեկցում է մեր թերթի ստեղծագործական խմբին: Հիացած ենք նրա՝ առաջնագծի բոլոր տեղամասերի, ճանապարհների իմացությամբ, Արցախի Հանրապետության ընթացքի մասին քաջատեղյակությամբ, նաեւ լավատեսությամբ ու պետական մտածելակերպով:
Որքա՜ն լավ է, որ նման սպաներն են առնչվում լրատվամիջոցներին:
Մեր անկեղծ երախտագիտությունն ու շնորհավորանքը՝ Գեղամ Գրիգորյանին:
Մեր շնորհավորանքն ու բարեմաղթանքը՝ գնդապետ Սենոր Հասրաթյանին, մայոր Սուրեն Սարումյանին:
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ