Աշոտ Սուքիասյան. «Երջանիկը ոչ թե մահացավ, այլ սպանվեց Կապանի համապատասխան բժիշկների տգիտության, անպատասխանատվության եւ անփութության հետեւանքով»

11.12.2017 15:34
3581

Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության աշխատակից, մարզում եւ հատկապես մարզի հանրակրթության ոլորտում հարգանք վայելող Երջանիկ Սարգսյանի անժամանակ ու ողբերգական մահվան հանգամանքները շարունակում են տարաբնույթ խոսակցությունների տեղիք տալ տարածաշրջանում:


Հատկապես այն կարծիքն է շրջանառվում, որ նրա մահը Կապանի հիվանդանոցի համապատասխան մասնագետների անպատասխանատու, անփույթ եւ անգրագետ վերաբերմունքի արդյունք էր:


Դեկտեմբերի 5-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն այցելած Աշոտ Սուքիասյանը, ով հանգուցյալի աներձագն է, ներկայացրեց Երջանիկ Սարգսյանի երկրային կյանքի ողբերգական ավարտի հանգամանքները:


Ըստ Աշոտ Սուքիասյանի՝ Երջանիկն առողջական խնդիրներ չի ունեցել տարիներ շարունակ: Մոտ երկու տարի առաջ միայն՝ Երեւանում քթի վիրահատության ժամանակ, նկատվել էր, որ ճնշում ունի: Դրանից հետո կանոնավոր կերպով իրեն հետեւում էր, օգտագործում նշանակված դեղերը:


2017թ. նոյեմբերի 25-ին հայրենի  Դավիթբեկ գյուղ էր գնացել: Այնտեղ հանկարծակի վատացել է, գիտակցությունը կորցրել ու երեսնիվայր ընկել: Եղբոր կինը, ով գյուղի բուժքույրն է, առաջին բուժօգնությունն է ցույց տվել: Գիտակցությունը վերականգնվել է, սկսել է խոսել, քայլել…


Երկու-երեք ժամ անց նրան հիվանդանոց են տեղափոխել. իր ոտքով, առանց օգնության, բարձրացել է բժշկի մոտ:


Հարզատների՝ ժամանակ առ ժամանակ տրվող հարցին՝ ինչպե՞ս ես, միանշանակ պատասխանում էր՝ լավ եմ: Բայց խոսքի մեջ որոշ հապաղումներ էին նկատվում:


Հիվանդանոցում նրան ընդունեց հերթապահ բժիշկը՝ Գարիկ անունով, հավանաբար՝ Քոչարյան, ում էլ գյուղի բուժքույրը ներկայացրեց գյուղում կատարվածի ու առաջին բուժօգնության մանրամասները: Դրանից հետո բժիշկը միջոցառումներ է ձեռնարկել եւ հավաստիացրել, որ ամեն ինչ արվում է: Հարազատներին հանգստացրել եւ ասել է, որ ուրիշ մասնագետներ հրավիրելու կարիք չկա, թեեւ այլ բժիշկներ հրավիրելու առաջարկներ արվեցին քանիցս:


Ճնշումը կարգավորելուց, սիստեմ միացնելուց հետո բժիշկն առաջարկում էր հիվանդին տուն տանել՝ իբր այլեւս անելիք չունեն, բայց հարազատները պնդեցին, որ գոնե այդ գիշեր մնա այնտեղ՝ բժիշկների հսկողության ներքո:


Սակայն… Որոշ ժամանակ անց (նոյեմբերի 25-ին)՝ մոտ ժամը 23:20-ին, հիվանդն ընկավ կոմայի մեջ՝ գիտակցության կորուստ, օրգանիզմի կրիտիկական վիճակ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ սիստեմն անջատեցին եւ ինչ-որ դեղ տվեցին՝ իբր ճնշման կարգավորման նպատակով:


Անմիջապես տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք. այդ ժամանակ Գարիկ Քոչարյանի հետ մեկ ուրիշ բժիշկ էլ կար:


Հարազատները, համոզվելով, որ Կապանում այլեւս հնարավոր չէ Երջանիկին փրկել, հետամուտ եղան ու համապատասխան մեքենայով նրան տեղափոխեցին Երեւան. նոյեմբերի 26-ին՝ մոտ ժամը 21-ին, հիվանդն արդեն «Աստղիկ» բժշկական կենտրոնում էր:


Ըստ Երեւանի բժիշկների՝ գյուղում նրա հետ տեղի ունեցածը թեթեւ ինսուլտ էր (ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որ կրել է անցողիկ բնույթ): Նոյեմբերի 25-ի երեկոյան տեղի ունեցածն էլ երկրորդ ինսուլտն էր:


Մասնագետների գնահատմամբ՝ հիվանդը Կապանում (երկրորդ ինսուլտից հետո) հայտնվել էր այնպիսի վիճակում, որ Երեւան տեղափոխելն այլեւս ավելորդ է եղել, նրան փրկելու հնար այլեւս չէր մնացել:


Երեք օր մնաց այդ վիճակում, իսկ նոյեմբերի լույս 29-ի գիշերը՝ ժամը 1.20-ին, մահկանացուն կնքեց:


Աշոտ Սուքիասյանը պնդում է, որ Երջանիկ Սարգսյանին «կարելի էր Կապանում փրկել, բայց հիվանդանոցում բախվեցինք կատարյալ անտարբերության: Եթե խելոք, փորձառու, պատասխանատվության զգացում ունեցող մասնագետներ լինեին, եթե մտահոգված լինեին հիվանդի ճակատագրով, ապա ինսուլտը չէր կրկնվի…»:


Զրուցակիցս պատմում է՝ «Երջանիկի հարազատներին բժիշկներն ավելի շատ ինչ-որ անհասկանալի բացատրություններ էին տալիս հիվանդի մասին, քան կոնկրետ քայլեր ձեռնարկում»:


- Ես մասնագետ չեմ եւ չեմ կարող ստույգ գնահատականներ տալ ու եզրակացություններ անել, բայց եթե սիստեմը չանջատեին վաղաժամ, եթե արգելեին տեղից շարժվելը, եթե խորհրդակցեին փորձառու մասնագետների հետ եւ ավելի մտահասու բժիշկներ հրավիրեին, ապա երկրորդ ինսուլտը գուցե եւ չլիներ, - ասում է Աշոտ Սուքիասյանը:


Նա զարմացած է բժիշկների եւ բուժքույրերի սիրողական, իմիջիայլոց վերաբերմունքից. «Չորս հազար դրամ են վերցրել գլխի ռենտգեն հետազոտության համար, երեք հազար դրամ էլ իրենց համար են վերցրել, բայց ռենտգենից հետո չեն էլ իմացել, որ գյուղում՝ երեսնիվայր ընկնելու հետեւանքով, Երջանիկի քիթը ջարդվել է: Եվ այդպես՝ երկու-երեք օր, մնացել է դրա պատճառած ցավի մեջ նույնպես»:


Ու այսպիսի հետեւության է հանգել զրուցակիցս՝ «Կապանի հիվանդանոցի համապատասխան բժիշկներն իրենց տգիտությամբ, անպատասխանատվությամբ եւ անփութությամբ սպանեցին Երջանիկին, բա բուժքույրերի պահվա՞ծքը՝ մուննաթ, իմիջիայլոցություն, արհամարհանք…»:


Աշոտ Սուքիասյանը Երջանիկին հողին հանձնելուց հետո փորձել է հանդիպել Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի հետ, բայց դրա համար պահանջվել է երեք օր՝ մի օր չգիտեին՝ որտեղ է, հաջորդ օրը՝ Քաջարանում է, երրորդ օրը… Նա փորձում էր հիվանդանոցի պատասխանատուից պարզագույն մի հարցի պատասխան ստանալ՝ ինչպե՞ս է ստացվել, որ մարդն իր ոտքով եկել է բուժվելու, բայց ժամեր անց, բժիշկների միջամտությունից հետո, բժիշկների «հսկողության» ներքո հայտնվել կոմայի մեջ…
                                                            ***
Իհարկե, դժվար է գնահատական տալ Կապանի հիվանդանոցի բժիշկների գործունեությանը՝ կապված Երջանիկի մահվան հետ. ճի՞շտ են մոտեցել, սխա՞լ են թույլ տվել:


Միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքներն իմանալուց հետո կարելի է տեղի ունեցածին մասնագիտական եւ իրավական գնահատական տալ:


Մի բան, սակայն, ակնհայտ է հիմա. Կապանում հիվանդի հանդեպ ցուցաբերվել է, մեղմ ասած, ոչ մասնագիտական, սիրողական վերաբերմունք, այլապես վիճակը չէր խորանա նման արագությամբ: Սկզբից եւեթ հիվանդի ծանր վիճակն ըստ պատշաճի չի գնահատվել…


Կա եւ բարոյական խնդիր՝ հիվանդի ու նրա հարազատների, մերձավորների հանդեպ բժշկական անձնակազմի, քույրերի քմահաճ եւ անլուրջ վերաբերմունքը:


Տարօրինակ է հանգամանքը, որ Կապանի ու Քաջարանի հիվանդանոցները, իբրեւ երկու տարբեր ՓԲ ընկերություններ, հակառակ գործող օրենքի, գլխավորում է միեւնույն անձնավորությունը՝ ինչ-որ Կարեն (հիվանդանոցում շատերը նույնիսկ նրա ազգանունը չհիշեցին)՝ Երեւանից բերված ու այստեղ ներդրված:
                                                            ***
Սյունիքի գործող մարզպետը մեկ տարի առաջ, հակառակ քրիստոնեական եւ սյունիքյան ավանդույթների, ցույց տվեց, թե ինչպես կարելի ձեռքեր տաքացնել դժբախտության վրա: Բայց մենք, միեւնույն է, մերժում ենք այդ գործելակերպը եւ նման ճանապարհով գնալու մտադրություն  չունենք: Ուղղակի հույս ենք հայտնում, որ մարզպետը կքննարկի Կապանի հիվանդանոցում ստեղծված խայտառակ վիճակը, կստիպի իր դրածո տնօրենին, որ նա գործի հաճախի աշխատանքային բոլոր օրերին: Հույս ունենք նաեւ, որ կվերացվի Կապանի ու Քաջարանի հիվանդանոցների տնօրենների պաշտոնների ապօրինի համատեղումը, կքննարկվի հարցը, թե ռենտգեն հետազոտության համար ինչո՞ւ են հիվանդի հարազատից կորզել հավելյալ 3 հազար դրամ, ինչո՞ւ հիվանդանոցում մարդկանց հետ քաղաքակիրթ վարվելու մշակույթ չկա, ինչո՞ւ կոնկրետ հիվանդի վիճակին մասնագիտական գնահատական չի տրվել սկզբից եւեթ, ինչո՞ւ են ե՛ւ մարզպետարանում, ե՛ւ հիվանդանոցում հիստերիկ խաղեր տվել, երբ իմացել են, որ Կապանի հիվանդանոցի անտարբերության մասին հայտնի «թեժ գծով» տեղեկացվել է ՀՀ առողջապահության նախարարությունը:


Հիվանդանոցում, ի դեպ, հիշում են մարզպետի պատվիրանը տնօրենին՝ բժիշկների հետ հանդիպման ժամանակ՝ «Կարեն, ես գնացի, իսկ դու տժժացրու»: Կարենն էլ տժժացնում է… Հիմա պետք է մարզպետը նրան ետ պահի այդ գործելակերպից, որպեսզի նոր ու անիմաստ զոհեր չունենանք այլեւս: Եթե, իհարկե, Քաջարանի կոմբինատում ծվարած Զարուհի Տոնապետյանը թույլ տա մարզպետին…                                                              
                                                                 ***
«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմն ափսոսանք է հայտնում Երջանիկ Սարգսյանի վաղաժամ ու ողբերգական մահվան կապակցությամբ, ցավակցում նրա հարազատներին ու մերձավորներին:


56 տարեկան էր, երեք զավակի հայր:


Անկատար երազներ ուներ, անելիքներ, ծրագրեր, բայց…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25