Ավա՜ղ, այլևս մեզ հետ չէ Վարդան Հակոբյանը

28.02.2023 11:03
2759

Այսօր՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտում մահացել է հայ մեծանուն բանաստեղծ և գիտնական, Սյունյաց աշխարհի մեծ բարեկամ Վարդան Հակոբյանը։

Ցավակցում ենք Վարդան Հակոբյանի հարազատներին ու մերձավորներին, նաև Արցախի և Սյունիքի հասարակությանը։

Օրեր առաջ էր՝ 2022 թ դեկտեմբերի 27-ին, Վարդան Հակոբյանը հարցազրույց տվեց «Սյունյաց երկրին», որը կրկին ներկայացնում ենք ընթերցողին։

***

Վարդան Հակոբյան. «... Ու եթե, Աստված չանի, զոհվելու ենք, ապա՝ մեր հողի վրա. սա է արցախցու որոշումը»

Ամանորի և Սուրբ Ծննդի նախօրեին բոլորիս հայացքը, հատկապես Սյունիքում, ուղղված է շրջափակման մեջ հայտնված հայոց Արցախին: 

Դեկտեմբերի 25-ի ստեփանակերտյան հանրահավաքը ցույց տվեց վերստին, որ ոչ թե Հայաստանի Հանրապետությունն ու Սփյուռքն են ապրեցնում Արցախին, այլ Արցախն է բախտորոշ մեր օրերում ոգեշնչում հայ մարդուն:

Հանրահավաքը, անտարակույս, պատասխան տվեց մտահոգող բազմաթիվ հարցերի:

Եվ, այդուհանդերձ, շարունակում ենք իրավիճակի շուրջ զրույցը պաշարված Արցախի երևելի մտավորականների հետ, ինչի համար դեկտեմբերի 26-ին հեռավար հարցազրույց ունեցանք բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության պետական օրհներգի հեղինակ Վարդան Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, պաշարված Արցախի ներկայացուցիչների հետ վերջին անգամ հեռավար զրույց ենք ունեցել 1991, 1992 թվականներին՝ մինչև Լաչինի միջանցքի ազատագրումը: Ու մտքովս չէր անցնում, անգամ 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, որ Արցախը կրկին կհայտնվի շրջափակման մեջ, ու մենք այսկերպ կզրուցենք:

Ինչո՞ւ այսպես ստացվեց:

- Խնդիրը բավականին բարդ է, շրջափակումը, որ ստեղծվել է Արցախի շուրջ, պատերազմական վիճակ է և գուցե մի քիչ ավելի սարսափելի:

Կարծում եմ՝ մեր ժողովուրդն այս իրավիճակից դուրս գալու երկու-երեք ճանապարհ ունի. դրանցից մեկը լռելն է և կամաց-կամաց հեռանալը՝ Նախիջևանի նման: Մյուսը, որ մենք ընտրել ենք, պայքարի ճանապարհն է: Այո, պայքարը պետք է շարունակենք... Բայց գիտե՞ք, ամբոխավարական, պոպուլիստական խոսքերը շատացել են, սուտն է շատացել, և հիմա մի բան է հարկավոր՝ պիտի (ուզենք-չուզենք) զինվենք՝ հանուն խաղաղության, եթե չզինվենք, ավելի ուժեղ չլինենք, գերժամանակակից զենքեր ձեռք չբերենք՝ խաղաղություն չենք տեսնելու և ոչնչանալու ենք: Զինվելը, անշուշտ, կախված է նաև միջոցներ ունենալուց: Կարծում եմ՝ մեր ժողովուրդը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, պետք է սոված մնա, տկլոր մնա (եթե պետք է), բայց զենք ձեռք բերի: Եթե ուզում ենք ապրել, իսկ եթե չենք ուզում՝ դա արդեն ուրիշ խնդիր է: Բայց եթե-ի խնդիր չկա, մենք որոշել ենք ապրել Արցախում, մնալ Արցախում՝ մեր պապական հողի վրա, որովհետև ուրիշ տեղ չունենք: Արցախն էլ առանց արցախցիների երբեք չի կարող Արցախ լինել: Այնպես որ՝ պիտի ունենանք Ադրբեջանից էլ հզոր ինքնապաշտպանություն, որ կարողանանք հասնել խաղաղության. սա է միակ ճանապարհը:

- Եթե վերաբացվի միջանցքը, ապա, դատելով դեպքերի զարգացման տրամաբանությունից, դա կարող է երբևէ կրկնվել...

Ի՞նչ անել, որպեսզի Արցախի ու Մայր հայրենիքի միջև ճանապարհային հաղորդակցությունն այլևս ու երբեք չխափանվի:

- Այսօր չպետք է հույս դնել ուրիշների վրա: Շատ հաճախ հույս ենք կապել Ռուսատանի հետ՝ որպես մեր դաշնակցի, մեր բարեկամ երկրի, բայց Ռուսաստանի համար առաջինն իր շահն է: Մինչդեռ մենք մոռանում ենք մեր ժողովրդի շահը: Ոչ մի ժողովուրդ մեր փոխարեն ո՛չ կռվելու է, ո՛չ էլ մեր շահը պաշտպանելու, լինի դա Արևմուտքը, լինի Արևելքը, ռուսը...

Գիտե՞ք, գործերի տրամաբանությունն այլ բան է հուշում՝ ռուս ժողովուրդը միշտ եղել է մեզ հետ, մենք եղել ենք նրա հետ, բայց ռուսական իշխանությունները հայ-թուրքական ընդհարումների ժամանակ՝ ոչ միշտ են գործել մեր օգտին:  1915 թվականին այդպես է եղել, 1920 թվականին էլ Նախիջևանը և Արցախն են բռնակցել Ադրբեջանին, 1980-ականների վերջերին դիմել ենք Գորբաչովին, ով ասել էր՝ ազգային հարցը Խորհրդային Միությունում լուծված չէ, մենք էլ ոգևորված  (հայ-ղարաբաղցի մարդիկ ենք) վերցրել նամակ ենք գրել, բայց էլի հարցը չեն լուծել, նույնիսկ Գուրգեն Գաբրիելյանը հարցնում էր. «Товарищ Михалков, как будет решен Карабахский вопрос, хоть малейший надежды есть?»: Միխալկովն ասում էր. «Ну что ты, почему малейший, есть большая надежда, розовая надежда», այլապես ինչո՞ւ պիտի Կենտկոմում ստեղծեինք ազգային հարցերով զբաղվող բաժին... Այ այսպիսի ոգևորություն էր, բայց նորից խաբել են մեզ: Հետագա գործողությունների ընթացքում Ռուսաստանը նավթի, գազի հետևից է գնացել, ու մենք տանուլ ենք տվել...

- Վառելիքի բացակայություն, սննդի և դեղամիջոցների դեֆիցիտ, հիվանդներին Երևան տեղափոխելու անհնարինություն... Կարելի է ենթադրել, թե ինչ վիճակում է մարդկանց տրամադրությունը, բայց Ձեր տպավորություններն ու դիտարկումները կուզենայինք լսել:

Արցախի ժողովուրդն այսօր պատրաստ է անգամ սոված, տկլոր նստել, բայց լինել իր հողում, իր հոգսը հոգալ ու մնալ: Բայց արդյո՞ք Ադրբեջանը կբավարարվի միայն շրջափակումով, իհարկե ոչ, շրջափակումը կանխորոշիչ քայլերից մեկն է: Ադրբեջանցիների ձեռքերը ցանկացած ժամանակ ազատ են, կարող են ռուսական խաղաղապահների մասնակցությամբ գալ և հաշվեհարդար տեսնել, ռազմական գործողություններ անցկացնել և այլն: Իսկ ռուս խաղաղապահների ձեռքին ավտոմատները եթե չեն գործում, ուրեմն դրանք խաղալիք են. էլ ի՞նչ խաղաղապահ, եթե կարող է սովորական մարդկանց մի խումբ գալ ու ճանապարհը փակել: Եվ եթե այնքան ուժ չունենանք, որ գնանք այդ բախտախնդիրներին ասենք՝ հարցերը կարելի է սեղանի շուրջ լուծել, ուրեմն... Եվ եթե չենք կարողանում ճանապարհը փակողների առաջն առնել, ռուսական այդ խաղաղապահներն էլ գործնական քայլեր չեն ձեռնարկում, ապա ի՞նչ խաղաղապահ: Ասել է թե՝ խաղաղություն չկա արդեն... Մարդիկ մահանում են դեղերի պակասից, հիվանդության պատճառով: Վիրահատության պիտի գնան, չեն կարողանում, ընտանիքները կիսված են, մեծ մասը  Երևանում է, մյուսները Սյունիքում են, Գորիսում, այլուր: Ահավոր իրավիճակ է, բայց նորից եմ ասում՝ եթե մի ձեռքով ծառից կախված էլ լինենք, դիմադրելու ենք ու մինչև վերջին շունչը պայքարելու, ուրիշ ճանապարհ չունենք, այլընտրանք չկա: Դրա համար Հայաստանի, Արցախի  իշխանությունները,  իրենց հակասությունները մի կողմ պիտի թողնեն,  միաբանվեն, եթե կարիք կա՝ հանգանակություն անեն, դիմեն Սփյուռքի մեր հայրենակիցներին: Հայրենիքը մարդն է, եթե մարդն անպաշտպան է, ուրեմն հայրենիք չկա, հայրենիք գոյություն չունի: Բոլորը խոսում են հայրենասիրությունից, թեև մեկը մյուսին տանել չի կարողանում: Գոնե այս ճգնաժամային, ծայրահեղ, օրհասական պահին հակասությունները, հարցերը մի կողմ թողնենք ու միաբանվենք: Միայն  միաբանվելու ճանապարհով պիտի գնանք: Եթե ավելի ուժեղ չլինենք զենքով, քան Ադրբեջանը, խաղաղություն չի լինելու, և ոչ մի դիվանագիտություն չի գործելու...

- Հակառուսական քարոզչությունն է թափ առնում մեզանում: Ձեր վերաբերմունքը, մի՞թե բախտորոշ այս պահին իրավունք ունենք կամ ի վիճակի ենք կասկածի տակ առնելու հայ-ռուսական հարաբերությունները:

- Չեմ ուզում կասկածի տակ դնել, բայց ուզում եմ ասել՝ մի քանի օր առաջ Դուք տեսաք՝ ՄԱԿ-ում քննարկում եղավ, Ռուսաստանը պաշտպանեց Ադրբեջանին, կարող էր ձեռնպահ մնալ, բայց չմնաց, պաշտպանեց Ադրբեջանի շահերը: Օրեր առաջ պետք է արտգործնախարարները հանդիպեին Մոսկվայում, և ճիշտ են արել մերոնք, որ չեն գնացել, ճանապարհներն այս վիճակում՝ ո՞նց գնային: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե ճանապարհը կիսով չափ բաց է կամ համարյա բաց է, և  Ռուսաստանի արտգործնախարարությունը նրանց բերանից խլում ու նույն սուտը բարձրաձայնում է ավելի պատվավոր ամբիոնից: Կարո՞ղ են չէ՝ ռուսական քաղաքականության ներկայացուցիչները  զանգահարել իրենց խաղաղապահներին ու հարցնել՝ ինչպիսի՞ն է վիճակը, և նրանք էլ կասեն, թե ինչպես է: Ռուս ժողովուրդը միշտ մեզ հետ է եղել, բայց ռուսական իշխանությունները մեզ հետ չեն: Սա պետք է գիտակցենք: Ասում ենք ռուսը մեզ բաց չի թողնի, բայց ռուսը վաղուց է մեզ բաց թողել, ռուսն իր շահի հետևից է գնում, և նրան չենք կարող ոչնչում մեղադրել, ամեն մեկն իր շահն ունի, դա բնական է, մենք էլ պետք է մեր շահը գիտակցենք:

-  Այս իրավիճակում ի՞նչ կոնկրետ ակնկալիք ունեք Հայաստանի Հանրապետությունից, Սփյուռքից:

Ես նրանցից եմ, ովքեր հավատում են մեր ժողովրդի, Հայաստանի ներուժին: Հայաստանն Արցախի լինելիության երաշխավորն է, եթե անգամ չի բարձրաձայնում: Սփյուռքահայությանն էլ հավատում եմ այնպես, ինչպես ինքս ինձ եմ հավատում: Ամերիկայի վերաբերմունքի մեջ էլ այս վերջին տարիներին որոշակի հալոց կա, որոշակի դրական վերաբերմունք, նույնը կարող եմ ասել Ֆրանսիայի մասին, գուցե մի քիչ ավելի շատ: Բայց նրանց մարդասիրությունը կոչերից, լոզունգներից այն կողմ չի անցնում: Պատերազմի ժամանակ, շրջափակման մեջ, ինչքան էլ գեղեցիկ լոզունգներ ու կոչեր հնչեն, այդ ամբողջը մի փամփուշտ չարժե, որովհետև մեզ հարկավոր է փրկություն, իսկ այդ փրկությունը մեր զինված լինելն է: Եթե զինված լինենք՝ թշնամին մեզ հետ հաշվի կնստի, մեր դիվանագիտությունն էլ կկարևորվի, բայց հիմա, քանի որ անպաշտպան ենք, ցանկացած սադրանքների դիմում է: Եթե այսօր ճանապարհը բացի, վաղը մի ուրիշ տեղ է փակելու, ուրիշ սադրանք է անելու: Հիշենք Փառուխի բարձունքները, Հայաստանի սահմանի մի շարք բարձունքներ. բոլորը համաձայնությամբ են տրվել նրանց, իսկ մեր տղաներին ասում էին՝ մի կռվեք, մենք խաղաղապահ ենք, չենք թողնում կռվեք:

Ժամանակն է գիտակցելու՝ մեր ժողովրդի շահն  առևտրի ենթակա չէ, մեր ժողովրդի շահը ոչ մի գործարքի ու ոչ մի քաղաքական լոյալության ենթակա չէ: Մեր ժողովրդի շահն ամենագլխավորն է, ամենակարևորը ու մեր կյանքից էլ թանկ է: Եթե մենք այդ սկզբունքով չառաջնորդվենք՝ կորած ենք:

- Շատ թե քիչ հասցեական հայտարարություններ ենք լսում աշխարհի տարբեր ծագերից. Ադրբեջանից պահանջվում է դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, իսկ Ադրբեջանն անդրդվելի է, ինչպե՞ս բացատրել:

Ադրբեջանցու բնավորությունը գիտենք, նրանք միշտ էլ այդպիսին են եղել, նույնիսկ խորհրդային տարիներին, խաղաղության տարիներին, միշտ էլ սադրանքներ են արել, անթույլատրելի արարքներ են գործել, հիմա էլ անում են, իսկ ռուսները կրկնում են նրանց ասածը։ Զախարովան մեզ է վերադարձնում այն ամենը, ինչ ասում են ադրբեջանցիները։

Դեկտեմբերի 25-ին կազմակերպված միտինգը հետաքրքիր էր նրանով, որ ժողովուրդը նորից դրսևորեց իր ակտիվ վիճակը, հավաստեց՝ պատրաստ է թեկուզ մահվան գնով ոչ մի տեղ չգնալ, մնալ Արցախում, պաշտպանել երկիրը:

Մեր առաջնորդներից մեկն էլ՝ Ռուբեն Վարդանյանը, ով բավականին լավ անհատականություն է, ով այս տխուր, այս դաժան ժամանակներում կարողացավ բարձր մակարդակով ներկայանալ ու իր ժողովրդի կողքին կանգնել, մեզ հույս է ներշնչում: Ժողովուրդն էլ նրան սիրում է, որովհետև կարճ ժամանակում նրա կատարած գործերի տրամաբանությունը մեզ հուշում է՝ կարող ենք արժանապատվորեն դիմակայել մարտահրավերներին։

Նորից եմ ասում՝ որքան թույլ լինենք, խեղճ ու կրակ, որքան խնդրողի դերում լինենք, ոչ ոք մեզ չի հետևելու, ոչ ոք մեզ չի լսելու, լինելու ենք մոռացված, մնալու ենք ոտքի տակ ընկած։ Իսկ եթե կարողանանք համախմբվել... Հայաստանում համախմբման մասին բոլորն են խոսում, բայց չեն համախմբվում, ասում են դասեր առնենք, բայց ոչ մեկը դաս չի առնում, ամեն մեկն իր ձին է քշում, ամեն մեկն իր գրպանի հետևից է գնում...

Եթե այսօր Հայաստանի ու Արցախի ունևորների գրպանների եղածը հավաքենք, ապա կարող ենք դառնալ գերհզոր տերություն, բայց չեն անում...

Ճիշտն ասած՝ տարիքս, առողջությունս շատ բան թույլ չեն տալիս, բայց մտածել եմ՝ հայ ժողովուրդն անելանելի իրավիճակներում իր միջից միշտ հանել է մի հզոր մարդու, ով փրկել է երկիրը, այսօր այդ մարդկանցից մեկը Ռուբեն Վարդանյանն է: Տա Աստված, որ այս մտածումներս իրականանան...

Ժամանակին ճեղքումը սկսվել է Հայաստանից, և Հայաստանից էլ պիտի լինի փրկությունը, այսօր պետք է բոլորով միասին լինենք, ով ինչ ունի՝ պետք է բերի մեջտեղ, որպեսզի կարողանանք պահել երկիրը...

Արցախը նրանց կոկորդին է մնացել. եթե կարողանային մարսել՝ վաղուց Հայաստանը ոչնչացրած կլինեին, բայց չեն կարողանում, դրա համար էլ դիմում են սադրանքների։

Ամեն մի արցախցի այսօր պատրաստ է թեկուզ մահվան, կյանքի գնով պահել իր հողը, կանգնել իր հողի վրա ու եթե, Աստված չանի, զոհվելու ենք, ապա մեր հողի վրա պիտի զոհվենք,- սա է արցախցու որոշումը, այլ որոշում չունենք։

- Շնորհակալ եմ զրույցի համար, Դուք, անգամ այդ ծանր վիճակում, ոչ միայն ոգևորում եք մեզ, այլև ապրեցնում:

Դեկտեմբերի 31-ին, ավանդույթի համաձայն, այցելելու ենք Տաթևի վանք, այնտեղ մոմ ենք վառելու և աղոթելու ենք Արցախի համար, նաև Ձեզ համար...

- Հուզվեցի... Ինքս էլ կուզենայի Տաթևի վանքում մոմ վառել:

- Աստված հայոց Արցախին պահապան:

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25