Այս գիշեր Տեղի սահմանագծում էինք. շանթեղեն օրվանից հետո անդորր էր և, իհարկե, սպասում...

12.04.2023 13:03
5936

2023 թ. ապրիլի 11-ի օրն ընդմիշտ մտավ Սյունիքի նորագույն շրջանի պատմության մեջ՝ իբրև արժանապատիվ դիմադրության և ինքնապաշտպանության, իբրև հերոսականության օր... Շատ ափսոս սակայն, որ օրը ողողվեց մեր հրաշք տղաների արյամբ...

Օրվա երկրորդ կեսին Տեղի տարածքում թուրքի նախաձեռնած նոր սադրանքի մասին արդեն տեղյակ էր ամբողջ հանրությունը, փորձում էինք (ինչպես շատերը) րոպե առ րոպե տեղեկություններ ստանալ ռազմական բախման ընթացքի մասին...

Բայց հնարավոր չէր անընդհատ հեռվից հետևել այդ ամենին, չլինել տղաների կողքին...

Երբ հասանք Տեղ գյուղ՝ կեսգիշեր էր:

Առաջինը հանդիպեցինք գյուղի քաջարի տղաներին. ամբողջ գիշերը ոտքի վրա պիտի լինեին, թուրքից ամեն ինչ սպասելի էր, մանավանդ որ չէին կարողացել կանխել մեր դիրքերում կատարվող աշխատանքները և փաստորեն հետ էին շպրտվել:

Գյուղի տղաների հետ էր համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, ով աննախադեպ և ճգնաժամային այս իրավիճակում սահմանամերձ բնակավայրերի կառավարման, զինվորականների հետ ողջամիտ համագործակցության  դրական և ուսանելի օրինակ է ցույց տալիս:

Գյուղի երիտասարդների հետ էր Սյունիքից Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը. մայրաքաղաքից Տեղ գյուղ էր ճանապարհվել անմիջապես, երբ իմացել էր ադրբեջանցիների հերթական սադրանքի մասին:

Ավելի ուշ պատգամավորին և համայնքի ղեկավարին հանդիպեցինք առաջնագծում՝ դիրքապահների մոտ:

Դավիթ Դանիելյանը ոչ միայն զորակցություն էր հայտնում տղաներին, այլև ծանոթանում նրանց հոգսերին և մտահոգություններին, ինչ-ինչ հարցերի լուծում ստանձնում, իսկ հարցերը շատ են...

Գիշերվա ընթացքում մի քանի հանդիպումներ և զրույցներ ունեցանք՝ նաև դիրքապահների հետ, ու բաժանվեցինք միայն լուսաբացից առաջ:

***

Գիշերային մեր այցի ընթացքում ստացած տպավորությունների մասին կարելի է երկար գրել, բայց դրա կարիքը չկա:

Մի հանգամանքի մասին, սակայն, չենք կարող ուրախությամբ չբարձրաձայնել:

Խոսքը մեր դիրքապահների ոգեպինդ վարքի, անվեհեր պահվածքի մասին է:

Մեր դիրքապահներին այնքա͂ն վճռական տեսանք, այնքա͂ն վստահ...

Ի͂նչ տղերք են, ի͂նչ նվիրյալներ, ամեն մեկը՝ մի առյուծ...

Ժամեր առաջ տեղի ունեցած բախումը՝ ադրբեջանցի զինյալների հետ, ոչ թե ընկճել էր նրանց, այլ քաջության և խիզախության նոր լիցքեր հաղորդել ու ավելի վճռական դարձրել: Տղաների մեջ կուտակված սերը՝ հայրենի եզերքի հանդեպ, վիրավորվածությունը՝ ադրբեջանցիների հերթական սանձարձակությունից, ոգեղենացել էր, մարմին առել, վրեժի և հատուցման ծարավ առաջացրել  միջադեպի ժամանակ:

Իրենք էին ասում՝ նման մեկ-երկու դիմադրություն ու ինքնապաշտպանություն, որպիսին եղավ ապրիլի 11-ին, և թուրք ասկյարն այլևս չի հանդգնի քայլ առաջ գալ մեր սրբազան հողում:

Իրենք էին ասում՝ եթե այդպիսի դիմադրություն և ինքնապաշտպանություն լիներ նաև մարտի 29-ին, ապա թշնամին չէր կարող ոտք դնել Տեղի տարածքում:

Հետևելով նրանց պահվածքին ու խոսքին, նաև վճռականությանը, հանուն հարենիքի մինչև վերջ գնալու պատրաստակամությանը՝ մտածում ենք՝ մի փոքր քաջալերանք ու գնահատանք մեր աշխարհազորայիններին, զինվորականներին և կամավորականներին, մի փոքր ուշադրություն՝ նրանց խնդիրներին, և նրանք հրաշքներ կգործեն...

Դիրքապահներից շատերին գիտեինք դեռևս Արցախյան երեք պատերազմներից, ոմանց էլ հնարավոր չէր ճանաչել մթության մեջ: Չճանաչեցինք նաև Գարուն Բադասյանին, բայց նրա խոսքը դաջվեց գիտակցությանս մեջ. «Դարեր շարունակ թուրքը երբեք ոտք չի դրել Տեղ գյուղի հողում, մարտի 29-ին կատարվածն անհասկանալի բացառություն է, բայց, միևնույն է, մեր հողերն ազատագրելու ենք, անպայման ազատագրելու ենք, եթե նույնիսկ մեր կյանքի գնով լինի»:

Նման խոսքեր նաև ուրիշներից լսեցինք: Եվ այդ ամենից հետո նորովի ամրապնդվեց մեր համոզմունքը՝ շնորհիվ հայի այդ տեսակի՝ մենք իսկապես ուժեղ ենք, մենք չենք պարտվելու, մենք ի վերջո հաղթելու ենք, անպայման հաղթելու ենք և վերականգնելու ենք ազգային մեր արժանապատվությունը, հաղթահարելու ենք պարտվածի հոգեբանական բարդույթը և վախը...

Այդպիսի տպավորությամբ էլ բաժանվեցինք թշնամու դեմ մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ կանգնած մեր խիզախ և ոգեպինդ դիրքապահներից:

Հ.Գ.

«Սյունյաց երկիրը» մեծ ափսոսանք է հայտնում Սյունիքի սահմաններն անձնվիրաբար պաշտպանած և հանուն հայրենիքի զոհված զինծառայողների մահվան կապակցությամբ, ցավակցում նրանց հարազատներին ու մերձավորներին:

Սյունեցիները հավերժորեն կհիշեն այդ նահատակների անունները՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.):

Միևնույն ժամանակ շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին:

Սամվել Ալեքսանյան

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

21.08.2026 16:42

Եվ Տիրոջ օգնությամբ «Սյունյաց երկրին» հասանելի դարձավ Խուստուփի առասպելական քարայր–ուխտատեղիի մուտքը

21.08.2026 14:55

Անվճար նախապատրաստական դասընթացներ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

21.08.2026 12:42

Հայաստանը Բաքվում պահվող գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ երկրի. ԱԳՆ

21.08.2026 11:39

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վահրավար գյուղի օրվա կապակցությամբ

21.08.2026 11:02

Մոսկվան կարող է ընտրողական տնտեսական ճնշում գործադրել ՀՀ-ի վրա․ The National Interest

21.08.2026 10:55

Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը․ Մայր Աթոռը՝ Վեհափառին

21.08.2026 10:52

ԱՄՆ-ն պլանավորում է Իրանի դեմ կիրառել «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»․ ֆինանսների նախարար

21.08.2026 10:47

Չես կարողանում պահել` հեռացիր, թող գան նրանք, ովքեր կկարողանան պահել

21.08.2026 10:44

ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

21.08.2026 10:35