Այսօր Ակսել Բակունցի ծննդյան օրն է

13.06.2017 10:34
1757

Սպիտակ ձին

Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում: Երկար ու կերկեր, իբրեւ արեւելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը: Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը եւ Շարմաղ բիբու ջինջ ձայնը.
- Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին, - մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր:
Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքեւի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքի հետ եւ կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը:
Կանգնում էր դռան շեմքին եւ կարծես թե տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղողանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները: Նա հավատում էր, որ երեկոյան զանգերի հետ երկնային մի օրհնություն թրթռալով ներս է մտնում ու քսվում հին տան սեւացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը:
Եվ այդ հին հավատով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները: Եկեղեցի չէր գնում, ոչ աղոթք գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերի: Բայց եւ այնպես մի խորհրդավոր ակնածանք էր ապրում, երբ երեկոյան երգում էին զանգերը, երգում էր եւ հին դուռը, բլուրների եւ աշխարհի վրա իջնում էր մի խաղաղ երեկո, ճախրում էին ոսկեթեւ աղավնիները, եւ այդ ամենը ռամիկ հավատով նա ընդունում էր որպես անքննելի խորհուրդ, որ մնացել էր գյուղական աղջկա անուրախ մանկությունից:
Այդ երեկո, երբ Շարմաղ բիբին դուռը քաշեց եւ ոտքը շեմքին դրեց, հանկարծ ետ քաշվեց մի ահարկու ձայնից, որ անակնկալ որոտաց հենց նրանց կտուրի վրա եւ խռպոտ աղմուկով խլացրեց զանգերի ծանոթ ղողանջը:
Տանեցիները, որոնք սփռոցի չորս բոլոր նստած լուռ ընթրում էին, արձանացած-զարմացած իրար նայեցին: Ահ կար նրանց աչքերում: Նույնիսկ փոքրիկ Երեմը բնազդով զգաց, որ խռպոտ ձայնը բոթ է գուժում:
- Է՜ հե՜ հե՜ յ, - ալիք-ալիք դիզվեց ձայնը, - ժողովուրդ… Թագավորի հրամանով առավոտը կանուխ ձիատերը ձիով քաղա՜ա՜ք, հե՜յ-հե՜յ… Ով չտանի, թագավորի հրամանով տունը, տեղը է՜-հե՜-հե՜յ…
Եվ ձայնը հեռանալով նվազեց, որովհետեւ գզիրը ուրիշ կտուր բարձրացավ եւ երեսն ուրիշ թաղի կողմը դարձրեց:
Շարմաղ բիբին չլսեց, թե զանգերն ինչպես լռեցին եւ ուր կորան նրանց վերջին թավ ելեւէջները: Դուռը դժգոհ վրա դրեց, եւ դուռը չերգեց երկար ու կերկեր, այլ դժգոհ վնգստաց պառավ շան նման:
- Չո՛ռ, բայղուշ, հենց էս սհաթին էր…
Երբ Շարմաղ բիբին եկավ, տեղը նստեց, եւ երեխաները տատի ներկայությունից սիրտ առան, Սիմոնը հառաչելով, կարծես ինքն իրեն, ասաց.
- Էսօր Մինասի տղան էր պատմում… Ասում էի սուտ կլինի, ա՛ռ քեզ…
- Ապի, յանի թագավորն էդքան ձի ինչի՞ ա հավաքում, - Հորը դարձավ անդրանիկ աղջիկը՝ ութ տարեկան Շողերը:
- Եսի՞մ, - ուսերը վեր քաշեց հայրը, կռիվ ա, բալա ջան… Մարդ են ջարդում, ձիեր են կոտորում: Ժողովուրդ տո՛ւր… Թագավորի հրաման ա:
- Փո՛ւ, փո՛ւ…
Անհայտ էր, թե Երեմը այդ բացականչությամբ իր զարմանքն էր արտահայտում, թե՞ պաղեցնում էր տաք ապուրը: Մայրը սկսեց նրան կերակրել եւ ահը սրտում ամուսնուն հարցրեց.
- Մեր Ցոլակը չափումը կգա՞, - բայց Սիմոնը, որ անակընկալ մտքերի հետ էր, չլսեց նրա հարցը:
Ցոլակը նրանց ձին էր, կապտավուն մորթով, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ: Երկար, ալիքաձեւ պոչ ուներ Ցոլակը: Եվ ասում էին, թե մի հին եւ ազնիվ ցեղի շառավիղն էր այդ ձին, որ Սիմոնը գնել էր երկու տարի առաջ, փոխարենը տալով իրենց էշը, մի անմայր հորթ, մի կարպետ եւ երկու բեռ ցորեն:
- Տուն եմ, երեխաների տեր եմ, առանց ձիու հնար չկա, - ասել էր նա եւ ուրախության ժպիտով առաջին անգամ ձին քաշել աղբյուրը: Հենց այդ օրն էլ նրան անվանել էին Ցոլակ, այն ձիու անունով, որ եղել էր նրանց տանը՝ Սիմոնի մանկության տարիներին:
- Հակառակի պես հայվանն էլ ջանով ա, - ասաց Սիմոնը եւ սթափվելով խոր մտքերից, դանդաղությամբ հացի փշուրները փեշից սփռոցի վրա թափելով, - տարվա էս ժամանակ ձին էլ էդքան ջանով լինի՞: Հալբաթ էսպես պիտի լիներ…
Ասաց ու վեր կացավ, փափախի մորթու միջից ծղոտները մեկ-մեկ դեն գցելով, դուրս եկավ գյուղամեջ, դրացի հարեւաններից իմանալու ավելի ստույգ տեղեկություն:
Դարբասի մոտ Սիմոնը մի պահ կանգնեց, նայեց ձիուն, որ արոտից վերադարձել եւ ախորժակով խժռում էր սարի թարմ խոտի խուրձը, երբեմն մռութով քրքրում խուրձը եւ փնտրում սուսամբարի տերեւ: Սիմոնը տխուր նայեց. Ցոլակի ողորկ մարմինը եւ մորթու սպիտակ բծերը աստղալուսին մեղմ շողշողում էին:
Նա մի անգամ էլ տեսավ, որ ձին նիհար չի եւ չար վրդովանքով կանչեց…
- Սատկած, քիչ կեր էլի, տրաքվելու չե՞ս հո… Կանչեց ու խուրձը դրեց գոմի կտրան: Ձին մեղմ վրնջաց եւ վիզը մեկնեց դեպի խուրձը:
- Հը՞, բոյը կարճ չի՞, նանի… Չափումը թե չգա, - դարձավ նա մորը, որ հավաբնի մուտքը կալել ու կանգնել էր նրա կողքին:
- Եսի՞մ, այ որդի…
- Ռուսի ղազախը սրա վրա կարո՞ղ է նստի… Չէ , չեն տանի, - հուսադրեց իրեն Սիմոնը եւ քայլեց փողոցով:
Շարմաղ բիբին նայեց որդու օրորվող մարմնին, մինչեւ նա հալվեց մթնում եւ կենդանական խանդաղատանքով ինչ-որ բան մրմնջաց, որ չգիտես աղո՞թք էր, օրհնությո՞ւն, թե աղոտ հույսի ակնկալություն:

***

Մութն էր, երբ Սիմոնը տուն եկավ: Գոմում կապած ձին լսեց տիրոջ ոտնաձայնը, նորից վրնջաց, Սիմոնը խղճահարվեց, նա ճրագը վառեց, խոտի խուրձը գրկեց եւ ներս մտավ գոմը: Ցոլակն ուրախությունից վրնջաց, մի քանի քայլ արեց, փորձեց կապը կտրել, բայց չկարողացավ: Սիմոնը խուրձը մսուրը դրեց, եւ երբ ձին մռութը կոխեց մեջը, ձեռքով շոյեց Ցոլակի փափուկ մեջքը:
Ընդարձակ գոմի անկյունում նստել էր պառավ կովը: Երկու այծերը, որոնք բարձրացել էին մսուրի վրա, Սիմոնին տեսնելով ցած թռան եւ միրուքներն օրորելով մոտ վազեցին: Սակայն Սիմոնը չմոտեցավ ոչ կովին եւ ոչ էլ այծերին: Նա մի պահ կանգնեց, ապա ձիու ոտքերի տակ թափված խոտը ժողովեց եւ դուռը դրեց:
Երեխաները քնել էին: Շարմաղ բիբին, աչքերը կկոցելով, դժվարությամբ թելում էր հաստ ասեղը, որպեսզի կարկատի որդու գուլպաները: Նրանց տան վաղուցվա կարգն էր այդ: Երբ Սիմոնը քաղաք գնար, մայրն էր հոգում նրա ճանապարհի պատրաստությունը:
Խրճիթի հին դուռը ճռճռաց, պառավը ասեղը թողնելով՝ անհանգիստ հարցրեց.
- Հաստա՞տ ա…
- Բա հո սուտ չի՞ …
- Ի՞նչ են ասում:
- Ասում են բոյը հաշիվ չի, եթե ձին առողջ է, կտանեն… - եւ դարձավ մորը. - նանի, Ցոլակի էն մեծ տոպրակն ո՞ւր ա, հետս դարման եմ տանելու:
Շարմաղ բիբին վեր կացավ մեծ տոպրակի միջի բուրդը թափելու:
Քնելուց առաջ Սիմոնը մի անգամ էլ գնաց գոմը: Պառավ կովը այդ անսովոր այցից զարմացած, մինչեւ վեր կենար ու որոճալով մոտենար գոմի դռան, Սիմոնը ձիու համետն ու չվանները սարքեց, դրեց ախոռի մոտ ու դուրս եկավ:
Դուրսը աստղալույս գիշեր էր:
Գյուղում մեկ-մեկ հանգչում էին կրակները, եւ կրակների հետ լռում էին ձայները: Ներքեւը, գետափի մարգերում, կանչում էր գիշերահավը: Արտերից, դաշտերից եւ հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն եւ հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի եւ արդեն չորացող դաղձի կծու հոտը:
Սիմոնը նստել էր դարբասի քարին, եւ քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին: Հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, երբ հավասար աշխատում էին ինքն ու Ցոլակը: Իսկ ա՞յժմ… Եվ Սիմոնին թվաց, թե իրենց տնից տանում են ոչ թե մի ձի, այլ իր եղբորը, իր որդուն, այնպես, ինչպես անցյալ ամառ շատ տներից տարան նրանց որդիներին ու եղբայրներին:
Սակայն հոգնությունը հաղթեց, ու ներս մտավ տուն:
- Հակառակի պես անիրավի մեջքը կասես հինայած լինի, - նորից հիշեց Սիմոնը:

***

Լույսը դեռ չէր բացվել, երբ Սիմոնը ճրագը ձեռքին մտավ գոմը, Ցոլակին համետեց ու դուրս քաշեց: Հարեւան բակերում ճրագներ էին շարվում, ճռնչում էին դռները, ինչ-որ ձայներ էին գալիս:
Սիմոնը լսեց իր հարեւանի՝ Սաքու տղայի ձայնը: Նա բարկացած կանչում էր հարսի վրա, թե ինչու ձիու չվանը լույսով չի գտել:
Դռանը կանգնել էին Շարմաղ բիբին, կինը եւ նրա փեշից բռնած քնաթաթախ Շողերը, որ չէր լսել մոր խոսքին եւ լացով հագել շորերը, որպեսզի տեսնի, թե ինչպես են ճանապարհ գցում Ցոլակին:
Տխուր ժամ էր, երբ Սիմոնը դռնից հանեց ձին: Կարծես ներսը նա զարդարել էր մի դագաղ, իսկ դուրսը սպասում էին այդ ծանր վայրկյանին, որ աղի արտասվեն:
Ցոլակը գոմից երբ դուրս եկավ, վրնջաց եւ ականջները խլշեց: Շարմաղ բիբին ձեռքը կրծքին խփեց եւ աղիողորմ ասաց.
- Ջա՜ն, - ու սրբեց արցունքը:
Շողերը մոտ վազեց, երեկվա խոտի փշրանքից մի բուռ մոտեցրեց ձիուն: Ցոլակի տաք ռունգներից մի ջերմ շունչ շոյեց աղջկա սառած ձեռքերը:
Սիմոնն ամրացնում էր ճանապարհի պաշարը, կապում հարդով լի պարկը եւ միաժամանակ տնեցիներին պատվիրում, որ ցերեկն այծերը հեռու չքշեն, որ եթե արեւ լինի՝ հնձած խոտի կիտուկները շրջեն, եւ եթե ջրի հերթն իրենց տան, լոբու մարգերն անպատճառ ջրեն: Հենց այդ խոսքին Սաքու տղան կանչեց.
- Սիմոն, բա չպրծա՞ր…
- Եկա՛, եկա՛…
Եվ Ցոլակի սանձը քաշեց: Տանեցիները դանդաղաքայլ հետեւեցին մինչեւ հարեւանի դուռը, ասես հուղարկավոր էին մի թանկագին դագաղի, որին ուղի էին գցում մահվան անվերադարձ ճանապարհով:
Շարմաղ բիբին անընդհատ լալիս էր, լաց էր լինում եւ Շողերը, լալիս էր նրա մայրը: Փողոցին չհասած, մայրը լսեց Երեմի ձայնը.
- Ապի՜, ապի՛…
Դռան շեմքին կանգնել էր մերկ երեխան ու բարձր-բարձր հեկեկում էր եւ կանչում հորը: Բայց ուշ էր: Սիմոնը Սաքու տղայի հետ արդեն իջնում էր ձորակը, որպեսզի միանա ուրիշ ձիավորների:
Մայրը վերադարձավ, գրկեց տղային ու տուն մտավ: Շարմաղ բիբին ու Շողերը կանգնեցին այնքան, մինչեւ ձիավորները դարիվերը բարձրացան եւ պահվեցին բլուրի հետեւը:
Արեւը նոր-նոր շողերով ոսկի էր թափում բարձր սարի կատարին, երբ վերջին ձիավորը երեւաց դարիվերի գլխին եւ անհետացավ, ինչպես սեւ ուրու:

***

Ձիավորները սկզբում լուռ էին, ոմանք առավոտի զովից ընդարմացել ու կարկամել էին: Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, եւ որի՞ սանձն ու սարքը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնաղի ողբ են երգում գյուղի կանայք:
Գնում էին մեկ-մեկ, խումբ-խումբ: Մեկը գրպանից հաց էր հանել, մյուսն ագահությամբ ծծում էր չիբուխը, երրորդը կախ էր արել ոտքերը, աչքը ձիու ականջներին եւ լուսաբացի նինջով օրորվում էր ձիու հետ:
Բայց երբ սարի հետեւից արեւը բարձրացավ, կարծես ջերմացավ տխուր ու լուռ ձիավորների սիրտը: Ամենից առաջ խոսեց դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, որ սարը բարձրանալիս սահել եւ հասել էր մինչեւ ձիու գավակը:
Նա ընդհատեց իր տխուր երգը եւ միամիտ պարզությամբ ասաց.
- Ես աստծու քոռ հավատն անիծեմ… Ի՛մ աչքս էսպես արեց: Իմ ձին որ քոռ լիներ, ես էս սարի գլխին ի՞նչ ունեի:
Մի քանիսը ծիծաղեցին: Սաքու տղան մտքում բարկացավ նրա վրա.
- Անդա՛րդ հեյվան…
- Հրեն Հիբանի ձիուն տեսեք, - շարունակեց Իվանը, ուրախ, որ ընդհատեց ծանր լռությունը, - կասես ղազախի ձի լինի: Հիբան, պրիստավը քեզ էդ ձիով տեսնի, քեզ էլ հետը կտանի…
- Ի՞նչ պակաս կավալեր ա, - ձայն տվավ մեկը: - էն օրը քարուտի առվով էնպես թռավ, որ մնացինք արմացած:
- Մի տեսեք է՜… Տերտերն իրա ձին ժամհարին ա տվել: Այ, ինչ եմ ասել հալալ ախպերության, - խոսքը փոխեց դարբնի տղան:
- Ա, քիչ յավա-յավա խոսիր, է՜յ… - կանչեց Շուղունց Աքելը, որ գյուղում ավել անունով հայտնի էր որպես «աղվես խեղդող», երիտասարդ ժամանակ ձեռքով աղվեսը խեղդելու համար. - տերտերը հիվանդ տեղով կարո՞ղ ա ձի նստի:
- Դե ասի մնացել ա, որ մեզ համար աղոթք անի, էլի՜, - կծու հեգնեց մի ուրիշը:
Ընդհանուր խոսակցությունից բացի, ծայր առան եւ մասնակի զրույցներ: Ոմանք ճանապարհն աննկատ անցնելու համար մի պատմություն սկսեցին, ոմանք էլ խոսում էին պատերազմի եւ նրա արհավիրքների մասին:
- Մեր Անդրին անցկացած շաբաթը մի նամակ էր ուղարկել Վարշավու կողմերից… Լավ չի գրում, ասում է՝ էս է մի ամիս է ծմակի մեջ, գիշեր-ցերեկ թոփերը տրաքում են: Մինչեւ անգամ չոլ դուրս գալն ա երկյուղալի…
- Իմ հորեղբայր Սիմոնն էլ ա գրել: Լազարեթից ա գրում, համա տեղը հայտնի չէ: Մի տեսակ անուն են ասում… էն օրը տերտերը ինչքան ման եկավ գրքերում, չգտավ: Ասում ա էդպես քաղաք Ռուսեթու հողումը չկա:
- Նրա ի՞նչն ա որ…
- Ոտիցն ա կպել: Գրում ա, որ ծանր չի, մի ամսից պիտի դուրս գա:
- Աքել ամի, դու երկիր տեսած մարդ ես, էս կռիվն ինչո՞վ կվերջանա, - դարձավ նրան դարբնի տղան: Շատերը ծիծաղեցին, որովհետեւ Շուղունց Աքելը իր ողջ կյանքում իրենց գյուղից եւ գավառակային ավանից այն կողմը չէր եղել:
Ինքը՝ Աքելը, դժգոհ սաստեց.
- Անհամ անհամի տղա…
Քիչ հետո խոսք ընկավ ձիերի պետական գնի մասին:
- Թեկուզ անունը փող, ի՞նչ կառնվի դրանով…
- Երկու բեռ գարի…
- Էդ էլ չես առնի:
- Դե գոնե գինը տային:
- Տային էլ, որտեղի՞ց ես ձի առնում: Մեր գյուղից որ էսքան ձի են պահանջել, դու տես ամբողջ գավառից քանիսն են բերելու…
- Այ տղա, էս հո կարգին զորք ենք, - եւ դարբնի տղան բարձր կանչեց.
- Սլուշա՛յ… Ափիցեր Աքել Շուղունցով…
- Ա, հերիք տնազ տաս Աքել ամուն:
- Աքել ամիս նեղանալ չի… Դե, շարքով գնացեք, տեսնեմ ով ա ետ ընկել, - ասաց Իվանը եւ ձին ճանապարհից հանեց:
- Թամամ հաշիվ… Աբրահամի ձին չկա՝ էն ա բազարում, Իսախանենց ձին՝ ոտը գելը ցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ աղայի սպիտակ ձին…
- Կոստանդը հիմա քնած, ձին էլ ոսկի գարին առաջը… Վեր կկենա, յուղ ու մեղր կուտի, ձին կթամբքի եւ Կաթնաղբյուր մեզ կհասնի: Նա հո քո հավասարը չի՞ - ասաց Գիլանց Մուքին:
- Մի հաշիվ չի՞… էս գլխից հենց նրա ձին են տանելու, - ասաց Սիմոնը եւ տխուր նայեց Ցոլակին, որ ականջները խաղացնելով գնում էր մյուս ձիերի կողքով:
- Ոնց չէ, - առարկեց Իվանը, - քո Ցոլակը առաջի նոմերը կհանի, նրանը չէ… Թող Շարմաղ հոքիրն ինչքան ասես լաց լինի, - ձայնը տխուր մեղմացրեց Իվանը:
Սիմոնը վրդովվեց:
- Ուրեմն Կոստանդի սպիտակ ձին ու Ցոլակը մի հավասարի են… նա սպիտակ ձիու արժեքը մի բեռ ոսկի է տվել: Ես ի՞նչ եմ տվել…
- Էս է, սեւ ու սպիտակ էնտեղ կջոկվի, - ասաց դարբնի տղան եւ խոսակցությանը վերջ տալու համար սկսեց պատմել, թե իբրեւ գերմանացիք պայթեցրել են մի ահռելի պարիսպ եւ ծովը կապել ռուսների հազար-հազար զորքի վրա…

***

Արեւը բավական բարձրացել էր, երբ ձիավորները հասան Կաթնաղբյուր եւ Գիլանց Մուքու առաջարկով իջան հանգստանալու: Նրանք ձիերն արձակեցին աղբյուրից ներքեւ ընկած արոտներում, իսկ իրենք տեղավորվեցին աղբյուրի մոտ եւ բաց արին ճանապարհի պաշարը:
Այդ աղբյուրը, ուտելու պահանջը, գուցե եւ այն, որ ճանապարհին հոգնելու չափ խոսել էին պատերազմից, ձիերի հավաքից եւ օրվա չարիքներից, - այդ ամենը աղբյուրի մոտ նրանց զրույցը փոխեց խաղաղ եւ սովորական առօրյայի հունով:
Կարծես հունձի ժամանակն էր, եւ ինչպես միշտ, ծփում էին լեռան լանջերի բարձր խոտերը: Եվ ինչպես ամեն տարի, ահա նրանք ձիերով եկել են սարը: Հիմա կզրնգան գերանդիները, լորը կթռչի խոտերի միջից, եւ լեռնային կաքավը կկարդա կանաչ սաղմոսը:
Դարբնի տղան հանկարծ նկատեց, որ Շուղունց Աքելը շտապելուց մթնում տրեխները թարս է հագել: Եվ այդ բուռն զվարճություն պատճառեց մյուսներին:
Նրանց զվարթ ծիծաղը լռեց, երբ Գիլանց Մուքին, որ արդեն ալեհեր ծերունի էր, բարձրացրեց օղու առաջին թասը:
- Բարի լույս բացվի մեզ վրա եւ մեզ նման չարքաշ մշակների վրա… Բարով տեսնենք մեր զավակների ազատությունը սրի բերանից: Ողջություն լինի եւ արդար լիություն: Դու մեր սրտովն անես, - եւ ալեհեր գլուխը դարձրեց դեպի ջինջ երկինքը, կարծես նրա անհուն խորքից մի աչք քաղցր նայում էր այդ խեղճ մարդկանց:
Սիմոնը լուռ էր: Նա թիկնել էր քարին, թրջում էր հացը պաղ ջրի մեջ եւ դանդաղ կրծում: Երբեմն նայում էր արածող ձիերին, որոնք գլուխները չէին բարձրացնում ցողապատ խոտից: Գյուղի ձիերի հետ արածում էր եւ Ցոլակը:
Սիմոնը մերթ աչքի տակով համեմատում էր ձիու բարձրությունը մյուս ձիերի հետ եւ տեսնում, որ Ցոլակը նույնիսկ Գիլանց Մուքու ձիուց էլ կարճ է, մերթ հայացքը գցում էր սարալանջի կողմը: Եվ դժվարին մտքերը խռնվում էին ուղեղում ու ելքը չէր տեսնում: Ահա՝ նորից դռանը կչոքի դառն աղքատությունը, վիզը կծռի ուրիշին, որ իր խուրձերը տուն բերեն, որ խոտը սարից բերեն։ Ցոլակին կտանեն, եւ հնձած արտում խուրձերը անձրեւից կսեւանան…
- Թե Գիլանց Մուքու ձին հավասարվի Ցոլակի հետ… Թե չէ՝ նրանից կարճը չկա…
- Սիմոն, հրե՜ն, - հանկարծ կանչեց դարբնի տղան, եւ Սիմոնը ցնցվեց:
Նա գլուխը ետ դարձրեց:
Հեռվից խաղալով եւ խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը, եւ ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները: Փոշի չէր բարձրանում գետնից, եւ թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, եւ պայտերը զրնգում են օդի մեջ:
Արեւը դեմից էր եւ արեւը ոսկեւորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները եւ պողպատյա սանձը: Ձիավորը ձիու հետ միաձույլ էր, եւ թվում էր, թե արեւմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծյալ եւ արշավում էր որպես չքնաղ տեսիլք:
Գյուղացիների զրույցը դադարեց: Բոլորը նայում էին նրա կողմը: Նույնիսկ ձիերից մի քանիսը բարձրացրին իրենց գլուխները եւ հափշտակված, անասնական ահով նայեցին սպիտակ ձիուն:
Շուղունց Աքելի բերանում հացի պատառը սառել, մնացել էր:
- Այ ձի… Հազար մանեթ գին ունի:
- Տերն էլ պակաս փող չունի:
- Էդ ձին ինձ տան, կռիվ չգնացողը մարդու տղա չի - ասաց դարբնի տղան։
- Նրա վրա ամենաքաշը գեներալ կնստի…
- Վրան նստողն էլ գեներալ է:
Երբ ձիավորներին հասավ, Կոստանդ աղան սանձը ձգեց եւ հազիվ կարողացավ պահել ձիու գլուխը: Կապույտ քրտինքի փրփուրը նստել էր ձիու սպիտակ մորթի վրա: Ձին կարմիր ռունգները փնչացնում էր, կանգնած տեղը ոտքերն անհանգիստ դոփում:
- Դուրս գալդ մի սհաթ կա՞, Կոստանդ աղա, - շողոքորթ կեղծությամբ հարցրեց Շուղունց Աքելը, որին շշմեցրել էր այդ տեսարանը:
- Սհաթին չեմ նայել… Մինչեւ դուք ձիերը նստեք, ես բազար կհասնեմ: Չեմ կարողանում գլուխը պահեմ, ձեռքերս կոտորեց…
Դարբնի տղան կամաց վրա բերեց.
- Տուր ինձ, ես կպահեմ:
Կոստանդն ուզեց ինչ-որ բան ասի, սանձը մի քիչ թուլացրեց. սպիտակ ձին նույն վայրկյանին զգաց այդ եւ տիրոջ խոսքը մնաց կիսատ:
Գյուղացիները տեսան սպիտակ ձիու ամեհի ոստյունը: Մի ակնթարթից ձին պահվեց սարի հետեւը:
- Հրեղեն ձի սրան կասե՜ն…
Քիչ հետո գյուղացիները քաշեցին իրենց ձիերն ու ճանապարհ ընկան:

***

Երկու լեռնաշղթայի արանքում, նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում է լեռնային կապույտ գետը, ընկած է այն փոքրիկ քաղաքը, դեպի ուր այդ օրերը լեռնային կածաններով եւ դժվար արահետներով գնում էին մարդկանց եւ ձիերի անընդմեջ շարքերը:
Նրանք իջնում էին բարձր լեռներից, որոնց գոգերում, ինչպես լեռնային արծվի բները, ծվարել են քարակոփ գյուղերը: Նրանք ելնում էին մթին ձորերից, ուր խավար խեղճություն կար: Նրանք գալիս էին բարձրավանդակի տափարակից, որի մեջտեղը ադամանդի նման ջինջ լիճն էր, եղեգների երիզով, քարոտ ափին՝ հին գյուղը, որի կիսավեր վանքը քարափից ցոլք էր գցում ջրերի վրա եւ թվում էր, թե ջրերի տակ սուզվել է մի մեռած վանք, ու սպիտակ բադերը գիշերում են նրա մռայլ խորաններում:
Եվ ով հայրենի ճանապարհով հասնում էր այն ծանոթ կետին, որտեղից հանկարծ բացվում էր գետահովիտը, շողշողում էին քաղաքի տների ապակեպատ պատշգամբները, թիթեղյա կտուրները, - ով հասնում էր այդ կետին, ահով էր նայում ներքեւ, ինչպես արջառը, որին քշում են սպանդանոց եւ ահա թաց ռունգներով շնչում է թարմ արյան հոտը:
Վրնջում էին ձիերը՝ մետաղաձայն եւ երկարածոր, ինչպես տխուր երգը, կարծես վերջի հրաժեշտն էին ուղարկում լեռնային կապույտ լճերին, որոնց ջրից խմել էին, տափաստաններին, որտեղ անցել էր նրանց մանկությունը եւ ամայի գոմերին: Մեկը թավ էր վրնջում, մյուսը՝ արծաթահնչյուն, եւ բարձրանում էր հետեւի ոտքերի վրա, ինչպես գազազած ցուլ, ձգում էր սանձը եւ չէր ուզում իջնել այդ անվերադարձ ուղիով:
Երբ ձիավորները քաղաք հասան, հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Փողոցները, արտերի միջնակները, նույնիսկ տների բակերը սեւացել էին ձիերի հազարավոր խմբերից:
Կային հազար գույնի ձիեր՝ որձ, էգ, ծանրած եւ ծեր, քուռակներով եւ դեռ անծին, թամբած ու մերկ: Նրանց կապոտել էին՝ որին քարից, որին ծառից կամ գետնին խրած սեպից: Կային եւ իրար կապած ձիերի խմբեր: Մեկի առաջ խոտ էր, մյուսինը հարդ, երրորդը նեղվում էր քաղցից, շոգից եւ անսովոր միջավայրից: Քաղցած ձիերը պոկոտում էին փողոցի չոր եւ հազար սմբակի տրորած խոտը:
Ձիերն իրար հետ կռվում էին. ամեն անկյունից վրնջոցի ձայն էր լսվում: Մի տեղ, ձիերի բազմության մեջ, քուռակն իր մորն էր կորցրել եւ բարակ վրնջոցով կանչում էր, վազվզում, մռութը մոտեցնում ուրիշ մայրերի: Շոգից կատաղած որձաձիերը կտրատում էին կապերը եւ ամեհի կրքով հալածում էգերին, իրար կրծոտում եւ արնոտում բաշ ու ազդրերը:
Այդ ժխորին խառնվում էր տերերի կանչն ու աղմուկը, հարայ-հրոցն ու բղավոցը: Հայ, թուրք իրար էին խառնվել: Պետական հրամանը բոլոր գյուղերում կրկնվել էր պաշտոնական կարգադրության գորշ նմանությամբ եւ մարդկանց ու ձիերի այդ ահագին բազմությունը քշել քաղաք:
Հրապարակի մի անկյունում, տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա, դագաղի նման նեղ սեղանի շուրջը նստել էին իշխանավորները: Նրանցից հեռու ոտքի վրա էր ստորադաս պաշտոնյաների՝ ուրյադնիկների, տանուտերերի եւ գյուղական գրագիրների խումբը, իրենց պաշտոնական տարազով, շքանշաններով եւ պղնձյա ծանր մեդալներով: Ավելի հեռու՝ հպատակների բազմությունն էր, որ ծովի նման ծփում էր: Եվ բոլորի աչքերն ուղղված էին սեղանի շուրջ նստած չինովնիկների կողմը, որովհետեւ նրանք էին որոշում ձիու եւ ձիատիրոջ բախտը:
Գյուղի տանուտերը կարդում էր ձիատիրոջ ազգանունը, բազմության միջից մեկը, ձիու սանձը բռնած, առաջ էր գալիս, ինչպես կրկեսում՝ ըմբիշը: Ապա նրա ձիուն մոտենում էին մի քանի հոգի, տնտղում, ատամները նայում, թղթի վրա ինչ-որ նշումներ անում: Մի վայրկյան խորհրդակցելուց հետո՝ սեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան էր անում:
Ահա այդ նշանն էր, որ հայտնի էր դարձնում ամեն ինչ:
Եթե նշանը բազմության կողմն էր, ուրեմն ձին անպետք էր: Ձիու տերը սկզբում երկյուղով, ապա ուրախությունից դողացող ոտքերով քաշում էր ձին եւ արագ հեռանում: Իսկ եթե նշանը տախտակների մոտ կանգնած ռուս զինվորներին էր ուղղած, ապա նրանք իսկույն մոտենում էին, նոր սանձ հագցնում ձիու գլուխը, հինը շպրտում տիրոջ կողմը, ձին հեռացնում էին, հանձնում ուրիշ զինվորների, որոնք բազմության եւ տիրոջ աչքի առաջ միահավասար կտրում էին ձիու պոչը, բաշը խուզում եւ բաշի մազերից կախում տախտակի մի փոքրիկ կտոր:
Ձիատերը փորձում էր գնալ իր ձիու հետևից, սակայն բղավում էին նրա վրա, եւ ինչպես պարտված ըմբիշ, նա մնում էր գլուխը կախ: Բազմությունը լուռ դիտում էր այդ տեսարանը: Ապա տանուտերը կանչում էր նրան, եւ շշմած մարդը սթափվում էր, հավաքում այն, ինչ հանձնում էին՝ ձիու սանձը, չվանները, համետը, - եւ այդ իրերը շալակած անցնում էր հրապարակով դեպի բազմությունը, ձեռքում բռնած թղթի կտորը, որի վրա նշանակված էր ձիու գինը եւ նրա նախկին տիրոշ ազգանունը:
Գյուղացիները երբ քաղաք իջան, ձիերը կապեցին հրապարակից հեռու: Գիլանց Մուքին եւ Աքելը առաջ ընկան՝ ամբոխի մեջ գտնելու հարեւան գյուղերի մարդկանց:
Առաջին հանդիպած ծանոթին, որ նրանցից կանուխ էր եկել, իսկույն հարցրին.
- Հը՛ շա՞տ են տանում…
- Էլ մի ասեք, զուլում ա…
Սիմոնը տեսավ իր վաղուցվա ճանաչ թուրքին եւ նրան մի կողմ քաշելով առանձին հարցրեց, թե ինչպիսի ձիերն են ազատվում, արդյոք կարճահասակ ձին է՞լ են տանում:
- Ձիուդ ոտքը պիտի կոտրած լինի կամ խոր վերք ունենա, որ ազատվի… Թե չէ՝ բոյը հաշիվ չի…
Սիմոնի ոտները թուլացան:
Մինչեւ այդ խոսակցությունը նա դեռ աղոտ մի հույս ուներ, որ այնուամենայնիվ հույս էր: Այժմ այդ էլ ցնդեց: Նա հուսահատ մոտեցավ ձիուն:
- Ցոլա՛կ, - եւ ձին վրնջաց այդ ծանոթ կանչից: Կարծեց հիմա խոտ պիտի գցեին նրա առաջը: Սիմոնը հարդով լի պարկը կոխեց նրա գլուխը:
- Ցոլակ… Գնում ես էլի…
Քիչ հետո Գիլանց Մուքին հոգնած վերադարձավ: Նրա ալեհեր դեմքի վրա դառն անհուսություն կար: Եվ հուզված, հեւացող շնչով ասաց գյուղացիներին.
- Հիմա Քարագլուխն են կանչում, հետո զիլբիրեցիք են գնալու, նրանցից հետո՝ մենք…
Սիմոնը մի վայրկյան մտածեց, տոպրակը ձիու գլխից հանեց ու ձին քշեց:
- Էդ ո՞ւր, Սիմոն, - ձայն տվավ Սաքու տղան:
- Տանեմ գետը… Կաթնաղբյուրից ջուր չխմեց:
Այդպես փախչում են սարսափից: Այդպես փախում է հոտը, երբ կայծակն ահռելի որոտով խփում է մոտակա ժայռին: Այդպես դողահար վազում է գազանը, երբ հրդեհվում է անտառը:
Սարսափահար փախչում էր Սիմոնը, մոլորվելով քաղաքի փողոցներում, անվերջ մտրակելով ձիուն: Կարծես նրա հետեւից էին ընկել հրապարակի բոլոր զինվորները եւ նրանք, որոնք նստել էին դագաղի նման նեղ սեղանի շուրջը:
Ահա հասավ գետափի խուլ փողոցը: Այնտեղ էլ ձիեր կային. նրա նման գյուղի մարդիկ, յուրաքանչյուրն իր ձիու սանձից բռնած եւ ստրուկի հեզությամբ իր հերթին սպասող: Նրանք տեսան փախչող ձիավորին, եւ ոմանք կարծեցին, թե ահից սարսափած ձիավորը փախչում է դեպի հեռվի լեռները, ինչպես կփախչի պարտվածը դեպի փրկության բերդը:
Հոգնած ձին մտրակի հարվածից մի քիչ արագացնում էր քայլերը, ապա նորից գնում բեռան տակ մեծացած գյուղական ձիու ծանր քայլերով:
Ահա հետ մնաց վերջին տունը, եւ բացվեց կարտոֆիլի դաշտը: Սիմոնը դանդաղեցրեց ձիու ընթացքը եւ շունչ քաշեց: Նրան քաղաքի սահմանից դուրս ավելի հեշտ թվաց: Այն հեռվի լեռներից, որոնց լանջին իրենց գյուղն էր, մի անապական զով զարկեց նրա քրտնած դեմքին:
Սիմոնը ծռվեց դեպի աջ, գետը տանող նեղ ճանապարհով: Ձին զգաց գետի սառնությունը եւ առանց մտրակի արագացրեց քայլերը:
Գետակի հունն իջնելուց առաջ Սիմոնը երկյուղով շուրջը նայեց եւ տեսավ, որ ամայություն է: Միայն ներքեւը, ուռիների ստվերում, ննջում էին կովերը: Ու երբ ծարավ ձին գլուխը կռացրեց ջրի վրա, Սիմոնը ցած թռավ, սանձն ամուր կապեց ձիու առաջին ոտքից եւ սկսեց հետեւի ոտքերը կապոտել:
Ցոլակը կուշտ խմելուց հետո փորձեց գլուխը վեր հանել, բայց չկարողացավ: Եվ մռութը հնազանդ ու մունջ նորից կախեց գետի կապույտ ջրերի վրա:
Սիմոնն անսովոր արագությամբ ձիու համետը հանեց: Արեւի տակ փայլփլեց ձիու ողորկ եւ գեր մեջքը: Ապա նույն արագությամբ կռացավ եւ գետնից վերցրեց մի չեչաքար: Երբ առաջին անգամ նա չեչաքարը Ցոլակի մեջքին քսեց, ձին հովություն զգաց, խաղացին նյարդերը, եւ հաճելի գրգռից մեջքի մաշկը դողդողաց:
Ապա հանկարծ ձին մեջքին զգաց ծակծկոց: Ձին փորձեց հեռանալ, բայց չկարողացավ, որովհետեւ ոտքերն իրար պինդ կապված էին: Նորից փորձեց գլուխը վեր հանել, դարձյալ չկարողացավ: Իսկ ցավը հետզհետե սաստկանում էր, որովհետեւ Սիմոնը հուսահատ կատաղությամբ չեչաքարը քսում էր նրա մեջքին: Մի քանի րոպեից մաշկը պլոկվոց եւ արնոտեց քարը:
Ցոլակը տնքում էր, պոչն ուժգին խփում այս ու այն կողմ, գավակն աջ ու ձախ դարձնում, բայց ոչինչ չէր օգնում: Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր ձիու մեքքի վրա եւ քարը հա՛ քսում էր: Արդեն նոր բացված վերքից արյան կաթիլները դուրս էին ցայտում եւ գլորվում հեւացող կողերի վրայով: Իսկ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ:
Ձին այլեւս չդիմացավ, շրջվեց կողքի վրա եւ մեջքը կիսով չափ թաղեց գետի մեջ: Ցավից եւ անսովոր վիճակից Ցոլակը ցնցում էր ոտքերը, փռնչում ռունգներով, վիզն ու գլուխը քսում գետափին եւ փորձում ոտքի կանգնել:
Սիմոնն արնոտ չեչաքարը մի կողմ գցեց, ինչպես մարդասպանը դաշույնը եւ սարսափով նկատեց, որ գետի ջուրն անվերջ կարմրում է, երբ ալիքը զարկում է ձիու մեջքին:
- Չլինի՞ տամար տրաքեց…
Ցոլակի աչքերի առաջ մթնել էր: Գլխիվայր դառնում էին քարերը, գետափը, եւ թվում էր, թե գետափի փափուկ մամուռը կախվել էր երկնքից: Հաճելի էր ջրի մեջ, եւ բնազդաբար կենդանին ավելի խորն էր թաղվում լպրծուն տիղմի եւ ջրային խոտերի մահիճում: Իսկ վիզն ու գլուխը չէր բարձրացնում կապույտ քարերի բարձից:
Սիմոնն արագ արձակեց կապերը, սանձը, ինքը կիսով չափ մտավ ջուրը եւ գոռալով, աղերսելով, հրելով ու քաշելով մի կերպ բարձրացրեց ձիուն:
Ցոլակը դողում էր:
Նրա մեջքի աջ կողմը ափսեի չափ վերք էր բացվել, եւ երեւում էր կարմիր, տեղ-տեղ փոս ընկած, ճաքճքած միսը: Արյունը շարունակում էր կաթկթել, բայց մի քանի տեղ արդեն լերդանում էր:
Սիմոնը հանցագործի հապճեպությամբ արյան հետքերը լվաց ձիու կողերից, իր ձեռքերից, տիղմի բարակ շերտով ծածկեց վերքը, ջրախոտերով ծածկեց, ապա շտապ համետեց ձին եւ դուրս եկավ ճանապարհը:
Ձին հազիվ էր քայլերը փոխում: Սիմոնն ինչքան էլ կանչում էր, ոտքով փորին խփում, փաղաքշական խոսքեր ասում, ձին չէր արագացնում քայլերը:
Եվ Սիմոնն ու Ցոլակը նույն փողոցներով գնացին դեպի հրապարակը: Երկուսն էլ գլխիկոր էին: Մարդն իր դաժան խոհի հետ էր՝ կտանե՞ն այժմ, թե ոչ, ձին հազիվ տնքում էր, պղտոր աչքերի առաջ գլխիվայր կախված մի չնաշխարհիկ արոտ…

***

Իսկ հրապարակն այդ ժամանակ ծփում էր մի արտասովոր դեպքից: Փողոցներում խռնված բազմությունից ոմանք բարձրացել էին պատերի եւ պատուհանների վրա, որ ավելի լավ տեսնեին, թե ի՞նչ է կատարվում մեջտեղը: Ոմանք բարձրացել էին ձիերի վրա: Ոտքի էին եւ կենտրոնում սեղանի շուրջը բոլորած մարդիկ:
Մի կապտավուն ձի՝ երկար, ծալեծալ բաշով, բոլորովին մերկ, կատաղած վազում էր հրապարակով: Նա երամակի ձի էր, սնվել էր լեռներում, երբեք հեծվոր չէր նստել մեջքին, սանձը չէր դիպչել մռութին, սմբակները պայտ չէին տեսել: Այդ ձին էին ուզում բռնել զինվորները, որոնք երկար պարանները թեւերին փաթաթած շպրտում էին գերության օղակը, հենց որ ձին մոտենում էր նրանց: Բայց ձին ամեհի ոստյուն էր անում, թռչում օձի նման գալարվող օղակի վրայով եւ փախուստի ելք փնտրում: Զինվորների մյուս խմբերը գազանային ոռնոցով կտրում էին նրա ճանապարհը եւ ետ փախցնում դեպի նրանք, որոնք ոլորում էին նոր օղակ:
Գյուղացիները, շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով: Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան եւ հրեղեն հրաշքի պես աներեւութանար, թռչեր դեպի հայրենի լեռները եւ այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման եւ անսահման ազատության երգը:
Մարդիկ մի պահ մոռացել էին իրենց ձիերը, որոնց զինվորները կապել էին փշալարի ցանկապատի հետեւը, - մոռացել էին, որ ձիերի սանձերն ու չվաններր շալակած, ոտքով պիտի բարձրանային դեպի լուռ գյուղերը, որոնց դաշտերում այլեւս չէին վրնջալու փշալարով անջատված ձիերը:
Հանկարծ բազմությունը հառաչեց, լսվեց խուլ գվվոց, ինչպես հողմի շառաչն անտառում: Զինվորները վազեցին փշալարի կողմը: Մի վայրկյան ճեղքվեց բազմությունը, ինչպես ծովի սեւ ալիքները, երբ երեւում է մութ անդունդը, - ապա նորից կլանեց ամեն ինչ:
Կապտավուն նժույգը վերջին հուսահատ ոստյունն էր արել, փորձել էր թռչել փշալարի վրայով եւ ընկել էր լարի երկաթյա սուր փշերի վրա… Ճեղքվել էր կուրծքը, փորը եւ վշշում էր արյունը լարերի վրա, մահվան հրապարակի վրա, եւ մեռնող նժույգի ջինջ աչքերում ընդմիշտ սառչում էր հեռվի կապույտ լեռնաշխարհը…
Զինվորները ձիու սառած մարմինն իջեցրին փշալարից: Բժիշկն արձանագրություն կազմեց եւ վերադարձավ սեղանի շուրջը, որպեսզի նույն գորշ տաղտկությամբ շարունակեն գործը:
Սիմոնը յուրայիններին նույն տեղը չգտավ: Նրան ասացին, որ արդեն իրենց գյուղացիներին կանչում են: Եվ բազմությունը հրելով, ձին հետեւից՝ հասավ հրապարակը, որի մի կողմը կանգնել էին դարբնի տղան, Գիլանց Մուքին, Աքելը եւ մյուսները: Գրագիրը կարդում էր անունները:
- Այ մարդ, ո՞ւր կորար, քիչ մնաց քեզ շտրաֆ անեն: Ասացինք հրես կգա:
Ամենից առաջ Շուղունց Ալեքին կանչեցին: Դողդողալով նա առաջ անցավ, մի անգամ էլ ետ նայեց համագյուղացիներին, կարծես նրանց ներկայությունը հուսադրում էր նրան:
Մոտեցան եւ զննեցին նրա ձիուն: Ու մեկ էլ զինվորները վրա տվին, ձիու համետն արձակեցին եւ շպրտեցին Աքելի կողմը: Ձեռքը վերևից հայտնեց վճիռը: Զինվորները քաշեցին ձին: Աքելը հրապարակում մնաց մի րոպե, նայեց ձիու հետեւից եւ անխոս վերադարձավ, մեջքին ձիու համետը:
Դարբնի տղան սրախոսեց.
- Ափիցեր Աքել Շուղունցով, - բայց ոչ ոք չծիծաղեց: Դարբնի տղայի ժպիտն այլանդակ կծկվեց եւ դեմքի վրա սառեց, որպես դառնության կնիք:
Հետո Ռուստամենց ճակատը նշան ձին տարան: Գնաց եւ տերտերի ձին: ժամհարը գլուխը կախ եկավ:
- Հիմա ես տերհորն ի՞նչ պատասխան եմ տալու…
Չորրորդ հերթը Կոստանդինն էր: Գյուղացիները զարմացան, երբ լսեցին նրա ազգանունր, որովհետեւ Կոստանդը նրանց մեջ չկար: Դարբնի տղան նկատեց, որ սեղանի շուրջը նստողների մեջ ինչ-որ փսփսոց ընկավ:
Հրապարակի մյուս կողմից երեւաց Կոստանդը՝ լղար, մեջքը փոս ընկած, մոխրագույն մի ձի հետեւից: Թվաց, թե նույնիսկ չնայեցին նրա կողմը, եւ ձեռքը վերեւից նշան տվեց, որ Կոստանդն ու ձին հեռանան հրապարակից:
Այդ այնքան արագ կատարվեց, որ գյուղացիներից շատերը չհավատացին իրենց աչքերին, թե այդ «խեղճ» գյուղացին Կոստանդ աղան է: Նրանք մնացել էին ապշած: Իսկ Կոստանդը կեղծ ուրախությամբ ետ տարավ ձին եւ անհայտացավ:
Դարբնի տղան Սիմոնի ականջին շշնջաց.
- Տեսա՞ր, որ ասում էի…
Բայց Սիմոնը չլսեց: Նրա ականջին հասավ իր ազգանունը, եւ Ցոլակի սանձից բռնած, մտավ հրապարակը:
Երբ մոտեցավ, վերցնել տվին ձիու համետը, եւ մի ակնոցավոր ռուս, որ անասնաբույժ էր, քիթը վեր քաշելով կռացավ վերքի վրա:
- Չտարան, - անցավ Սիմոնի մտքով: Բայց մարդը բարկացավ եւ մատը թափ տվեց Սիմոնի վրա: Նա հայհոյում էր:
Սիմոնը վախից դողաց, գունատվեց եւ նստեց համետի վրա: Զինվորները Ցոլակին տարան: Սիմոնը տեսավ, թե ինչպես իր ձիու երկար պոչը սուր մկրատով կտրեցին: Եվ իսկույն աչքին այնպես երեւաց, ասես Ցոլակը մեծացավ եւ դարձավ ղազախի ձի:
Գյուղական գրագիրը բղավեց նրա վրա: Նա սթափվեց եւ բեռը շալակին վերադարձավ յուրայինների մոտ:

***

Արեւն արդեն թեքվել էր, երբ գյուղացիները ճանապարհ ընկան տուն: Ազատվել էին միայն ութ ձի, որոնց վրա բարձել էին մնացած ձիերի համետները: Գյուղացիներից ոմանք իրենք էին շալակել ձիերի սանձերն ու չվանները:
Ազատված ձիերը, որոնցից երեքը ծուռոտ էին, մեկի մեջքն էր փոս ընկած, երկուսը քոս էին, իսկ Հաբեգանց ձիու երկու կողոսկրը չկար, - ազատված ձիերը հազիվ էին քայլում ծանր բեռան տակ:
Սիմոնը գլուխը կախ գնում էր մյուսների հետ: Դարբնի տղան էլ լուռ էր, որովհետեւ ոչ ոք սիրտ չուներ նրան լսելու: Նրանք անընդհատ բարձրանում էին լեռը, կարծես պիտի գնային մինչեւ մութ երկինքը: Մայրամուտի արեւը աջ կողմից նրանց ոսկեվորել էր: Նեղ արահետով գնում էին նրանք իրար հետեւից, ինչպես կռունկի երամ, եւ թվում էր, թե բեռների տակ կքած սեւ ստվերները հավիտյան պիտի բարձրանային մութ լեռը, մինչեւ մի խավար անդունդ հանկարծ կլաներ նրանց:
Սիմոնը ձիու չվաններից եւ սանձից զգում էր Ցոլակի ողորկ մարմնի ծանոթ հոտը: Եվ մի միտք, ծանր բեռից ավելի դժվար ծանրությամբ, նստել էր նրա գլխում, եւ նա խոնարհել էր գլուխը: Բայց փակ աչքերով էլ տեսնում էր արնոտ չեչաքարը:
- Հենց իմ փիսությունը մնաց, Ցոլա՜կ… Հիմա հազար ձիու մեջ անտեր խրխնջում ես… Յարաբ տեսնես արյունը ցամաքե՞ց:
Եվ նա բուռը լայն բաց արեց, այն բուռը, որով բռնել էր քարը…
Բռի մեջ ստացականի կտորն էր, վրան Ցոլակի գինը եւ իր ազգանունը:
Արեւի մայր մտնող շողերը հրդեհել էին ամպերը, ներկել արնոտ գույնով: Լեռների սեւ ստվերները ավելի վառ էին ցոլացնում ամպերի կարմիրը: Կաթնաղբյուրի արոտներում եւ սարալանջում էլ ոչ մի կաքավ չէր կարդում եւ ոչ լոր էր ճկում: Քնել էին քարերը, խոտերը, անբան հավքերը, եւ լեռների վրա իջել էր իմաստուն մի երեկո:
Կաթնաղբյուրից նրանք ջուր խմեցին եւ հացի փշրանքները թաթախեցին սառը ջրում: Մութն ընկնում էր, եւ ճանապարհ դեռ շատ կար:
Սիմոնը նայեց ներքեւ… Ա՜յ, այստեղ արածում էր Ցոլակը, նրա ատամների արանքում երեւի դեռ մնում է այս դաշտերի խոտը: Իսկ ինքը պառկել էր այս քարի տակ, եւ մի լույս ճառագայթ խոստանում էր զվարթ վերադարձ:
Ու ետ նայեց Սիմոնը: Այնտեղ, ներքեւը, խավար էր, խավարի մեջ քաղաքը եւ քաղաքի փշալարյա վանդակում աղիողորմ վրնջում էր իր հույսը, իր Ցոլակը:
Հանկարծ Կաթնաղբյուրից ներքեւ, քարերի վրա, զրնգացին ծանր պայտերը: Գյուղացիները ճանապարհից դուրս եկան եւ մի կողմ քաշեցին բեռնած ձիերը:
Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա…
Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը: Մյուսները քարի նման լուռ էին: Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.
- Տեսա՞ր, Սիմոն, սեւն ու սպիտակը…
Սպիտակ ձին մի վայրկյան ցոլաց մթնող արեւի շողերում եւ չքացավ դեպի նարնջագույն ամպերը: Կարծես մարմարիոնե մի արձան արշավում էր դեպի պատվանդանը, որ իր անհաս բարձունքից ահ ու սարսափ մաղի ռամիկ գյուղացիների վրա:

***

Կեսգիշեր էր, երբ տուն հասան:
Դռան մոտ կանգնել էր Շարմաղ բիբին, ճրագը ձեռքին: Սիմոնը ներս մտավ, տոպրակն ու սանձը գցեց մի անկյուն: Անկողնից վեր թռավ Շողերը:
- Ապի՛, բա Ցոլա՞կը:
Աղջկա միամիտ հարցին, որպես պատասխան, դուրսը, լեռնային գյուղի սառը խավարում, վրնջաց անմայր մի քուռակ: Կարծես բազմաթիվ մանր զանգակներ երգեցին անեզրական տխրություն:
Շարմաղ բիբին սարսուռով վրա դրեց դուռը, եւ հին դուռը մի անգամ էլ երգեց երկար ու կերկեր արեւելյան թախծոտ մի երգ:
Պառավը լալիս էր…
Հետո քանի երեկո իջավ, ու զանգեր զարկեցին, բայց մինչեւ մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց եւ ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սեւ խրճիթը…

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57