«Այստեղ մշակույթ կա, ավանդույթ կա, ժառանգություն կա. ահա կարեւոր չափանիշը», - ասում է Մեխակ Ապրեսյանը

03.07.2017 16:45
2160

Հուլիսի 1-ի վաղ առավոտվանից Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի «Օփավեր» կոչվող թաղամասում զարթնող օրվա բոլոր գույները խառնվել են իրար՝ ստեղծելով ներդաշնակ մի պատկեր, որը հարիր է փառատոնային աշխույժին: Զուռնաչին զլել է զուռնան, եւ զուռնա-դհոլի ձայնից ձորի լռությունը ճաք է տվել. քնից արթնացած թռչունները չեն մոռացել իրենց առավոտյան ժամերգությունը, եւ նրանց դայլայլը, խառնված երաժշտության հետ, ձորում մի նոր օրվա պատմություն է հյուսում: Իսկ ժողովուրդը գալիս է ու գալիս, թեեւ «Թթի փառատոն» միջոցառումը սկսելուն դեռ ժամանակ շատ կա:

- Եկել եմ իմ ապուպապերի երկիրը տեսնելու, այս հողի վրա նրանց ոտնահետքերը տեսնելու, այս ծով լռության մեջ նրանց ձայները լսելու ու համբուրելու աշխատող մարդու քրտինքն իր մեջ պահող այս հողը, որն իմ սուրբ-սրբոցն է: Եկել եմ ընտանիքիս անդամների հետ, եկել եմ նրանց ցույց տալու ապուպապերիս պահած այս հողը, - ասում է արմատներով քարահունջեցի Մարատ Հովսեփյանը, ով վաղուց ապրում է Ռուսաստանում:

Թթի փառատոնը սկսվեց ժամը 13-ին: Այն կազմակերպել է «Արենի» փառատոն հիմնադրամը Գորիս համայնքի հետ համատեղ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանն ասում է.

- Այս տեղը, որ ընտրել ենք փառատոնի անցկացման համար, կանչող է, այստեղ հոգի կա, ավանդույթ կա, մշակույթ ու ժառանգություն: Իսկ փառատոնի վայրի ընտրության համար դա շատ կարեւոր է: Դա պայմանավորված է նաեւ տեղական նախաձեռնությամբ: Գորիսը միշտ եղել է նախաձեռնող համայնք, աջակից համայնք: Դրա համար էլ այստեղ միջոցառումները միշտ համով-հոտով են լինում: Այս փառատոնի նպատակն է տեղական ավանդույթների պահպանումն ու զարգացումը եւ դրանք միջազգային շուկայում ներկայացնելը: Կարեւոր է նաեւ այն առումով, որ նպաստում է շրջակա համայնքների տնտեսական ներուժի ներկայացմանը թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում: Սա նաեւ լավ առիթ է աշխարհին ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները:

Փառատոնը սկսվեց թութ թափելու արարողությամբ: Մրցասպարեզ է դուրս եկել թութ թափող երեք տղամարդ: Եվ թութը, ինչպես երկնի մանանա, թափվում է քյարխանաների մեջ: Թթի կարկուտ է, թթի հեղեղ ու թթի տեղատարափ: Թութ թափելն ուղեկցվում է ներկաների բուռն բացականչություններով: Թութ թափողներն էլ իրենց տարերքի մեջ են:

Հնդկաստանում ծնված, բայց Դուբայում ապրող հնդկուհի Շիրինն այստեղ է մոր՝ Զուբիի եւ քրոջ՝ Սանյայի հետ: Նա ցնցված է հայերի վերաբերմունքից.

- Մենք երաժշտության ձայն լսեցինք ու եկանք այստեղ: Ամեն տեղից մեզ կանչում են, հյուրասիրում: Ասես աշխարհի հյուրասիրությունն ու բարությունն Աստված սերմանել է միայն հայերի մեջ: Մենք այստեղ մեզ զգում ենք, ինչպես մեր տանը:

Իսկ զուռնաչին տարերքի մեջ է: Հայկական պարեղանակները ձգել են բոլորին՝ ռուսին, գերմանացուն, անգլիացուն. փորձում են պարել հայավարի եւ այնքան լավ են զգում իրենց: Երաժշտությունը Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցի ուսերն էլ է մտել: Պարում է ինքնամոռաց…

- Ուստա չալե, ուստա չալե, - գնում եմ ձայնի ուղղությամբ: Պարզվում է՝ նարդի խաղացողներն են, ամեն անգամ՝ զառը գցելիս, խաղացողներն ասում են՝ ուստա չալե: Խաղում են քարահունջեցի Վլադիկն ու Արարատը: Այստեղ սեղան-աթոռ-նստարանի խնդիր չկա: Խոտի խուրձն այստեղ ե՛ւ աթոռ է, ե՛ւ նստարան, ե՛ւ սեղան: Խաղին հետեւող Սեյրանն ասում է՝ Արարատը նարդու մասնագետ է, մեծ ուստա: Նրա հետ ոչ ոք չի կարող ոտք գցել: Նա միշտ հաղթում է: Նարդի խաղացողներին հրավիրում եմ այստեղ, եկեք մրցեք մեր Արարատի հետ: Ու մարդիկ եկան.... Սեյրանը ճիշտ էր:

Քարահունջեցի մի պատանի՝ Արմենը, ընկերուհու՝ Միլենայի  կտավներն է վաճառում:

- Բիզնես ենք անում: Արդեն 1000 դրամ աշխատել ենք:

Քարահունջեցի Էմինն էլ իր «բիզնեսն» ունի: Էշով մի պտույտ գործելը 200 դրամ արժե:

Գայթակղվողներ կան: Քաղաքից եկած երեխաների համար կարուսելն ինչ է էշի մոտ: Ձիու մասին էլ խոսք չկա, թե էշը հլու-հնազանդ է, ապա ձին խենթ է, խելառ, ոտքերն է անընդհատ դոփում, վարգել է ուզում, քաղաքից եկած երեխաներն էլ նման բանի են սպասում եւ ... Սլանում են իրենց Պեգասով: Մեծերն էլ են հետեւում երեխաներին, հիշում իրենց մանկությունը:

Թութ թափողների մրցույթն ավարտվեց: Ժյուրին հրապարակում է արդյունքները: Պարզվում է՝ այստեղ միայն հաղթողներ են: Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հաղթողներին օղու տափաշշեր է նվիրում:

Տոնախմբությունը շարունակվում է, երգ-պար, տաղավարների ներկայացում: Համայնքներն ու բնակավայրերը յուրովի ներկայացրել են իրենց գյուղերի ճաշատեսակները, ուտեստները: Ամենուր հյուրասիրություն է եւ վաճառք: Այդ թունդ պահին լսվում է երգիչ Արկադիա Մարդյանի ձայնը՝ ժողովո՛ւրդ, թթի օղին ծլլաց, այն լավ խմողին է սպասում, համտե՛ս արեք նոր օղին:

Գերմանացի Հերբերտ Քոլն այստեղ է եկել տիկնոջ հետ, խառնվում է հայերին եւ համտես անում ծլլացող օղին:

- Փափուկ է, լավ գնաց: Հետո թե՝ այստեղ եկել են տարբեր գյուղերից, քաղաքներից, երկրներից: Եկել են միասին ուրախանալու: Շատ գեղեցիկ է ամեն ինչ: Իմ կարծիքով՝ թթի փառատոնը կարելի է միջազգային դարձնել: Ճիշտ է, բոլոր երկրները հետաքրքրված չեն լինի, բայց նաեւ քիչ երկրներ չեն մասնակցի թթի փառատոնին, շատ ժողովուրդ կգա: Այդ մասին մտածեք եւ գործեք: Խաշլամայի փառատոն կազմակերպելու մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ այն դեռ չեմ համտեսել:

Արդեն մթնում է, սակայն փառատոնի մասնակիցներից եւ ոչ մեկի մտքով չի անցնում տուն գնալ: Այդպես է, քանի որ տոնն այս նրանց սրտամոտ էր, այն թույլ տվեց մոռանալ ամեն ինչ եւ միայն հոգով-սրտով ուրախանալ, վայելել օրը:

Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցն ասում է.

- Ես այսպես եմ մտածում եւ գործում. եթե նախորդ միջոցառումը լավ չի կազմակերպվում, ապա հաջորդի մասին չի կարելի մտածել: Իսկ սա արդեն 4-րդ «Թթի փառատոնն» է: Ուրեմն... հետեւությունը թողնում եմ ձեզ: Թութ թափելու արարողությունն արդեն մեզանում դարձել է իսկական տոնախմբություն: Լիքը մարդիկ կան: Նրանք եկել են ոչ միայն մեր մարզից: Տարբեր երկրներից մարդիկ կան մեզ մոտ, եւ փառատոնը համաժողովրդական տոնախմբության է վեր ածվել: Շնորհակալ եմ բոլորից: Բոլորի ջանքերի շնորհիվ է, որ փառատոնը դարձավ տոնախմբություն: Նկատի ունեմ ե՛ւ կազմակերպիչներին, ե՛ւ միջոցառումը վարողներին ու շուք տվողներին, եւ իհարկե, ժողովրդին. առանց նրանց տոնը չէր ստացվի:

Քարահունջ համայնքի դպրոցի մանկավարժ Արմենն ասում է.

- Ժողովո՛ւրդ ջան, թութը թափեցիք, կերաք, օղին վայելեցիք լիքը-լիքը, դա լավ է: Բա քյարխանե՞քը: Պետք է լվանալ: Սկզբից էլ ասեմ, ամեն մարդու չի վստահվի այդ պատիվը: Դրա համար չափանիշներ կան: Ում չափանիշները համապատասխանեց, կմասնակցի:

Կողքից մեկն էլ թե՝ անգլերենի իմացությունը, բարձրագույն կրթությունը, տարիքը, համապատասխան փորձը պարտադի՞ր են:

- Իհարկե: Սկսեցինք:

Որոշ ժամանակ անց Արմենը երգում է՝ եկան, եկան Մոկաց հարսներ...

Ըստ երեւույթին քյարխանա լվանալու պատիվը տրվել է Մոկաց հարսներին...

Գորիսում «Թթի փառատոն» միջոցառումն ավարտվեց: Դրան յուրովի շուք ու պերճանք հաղորդեցին Գորիսի Գուսան Աշոտի, «Վահե Մելքոնյան» պարի, Երեւանից ժամանած համույթների կատարումները:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Լուսանկարը՝ Անահիտ Բաղդասարյանի

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03