Այցելություն Մեծ հայրենականի՝ մեր կողքին ապրող սյունեցի վերջին վետերան Հակոբ Վարդանյանին

19.02.2025 11:36
611

Լոր գյուղում բնակվող Հակոբ Լևոնի Վարդանյանը Մեծ հայրենականից վերադարձած 12752 սյունեցիներից վերջինն է, ով ապրում է մեր կողքին։

Ծնվել է 1924 թ. դեկտեմբերի 27-ին Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։

1942 թ. նոյեմբերին, երբ նոր–նոր էր լրանում 18-ամյակը, ներկայացավ Սիսիանի զինկոմիսարիատ և ցանկություն հայտնեց մեկնել ռազմաճակատ։

Կամավորական Հակոբ Վարդանյանին ընդառաջեցին, բանակային ծառայության առաջին՝ ուսումնական փուլն անցկացրեց Թբիլիսիում, որտեղից էլ՝ ռազմաճակատ

Նրա մարտական ուղին կապված է Մեծ հայրենականի մի շարք ռազմաճակատների հետ՝ Մոսկվա, Ուկրաինա, Բելոռուսիա, Մերձբալթիկա, Քյոնիգսբերգ (Կալինինգրադ)։

Երկու անգամ վիրավորվել է. Ստալինո քաղաքի և Տաշքենդի ռազմական հոսպիտալներում բուժվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ։

Պատերազմական տարիներին մասնակից է եղել բազմաթիվ սխրական գործողությունների, ինչի վկայությունն են «Քյոնիգսբերգի գրավման համար» (1945 թ.) և մի շարք այլ մեդալները, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիրը։ Նորանկախ Հայաստանում էլ արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 2-րդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան» մեդալների։ Հաղթանակի հոբելյանական տարեդարձերին՝ ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կողմից պարգևատրվել է հուշամեդալներով: Հուշամեդալներ է ստացել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահներ Բորիս Ելցինի և Վլադիմիր Պուտինի կողմից:

1945 թվականին Երրորդ բելոռուսական ռազմաճակատում էր, որի հրամանատարը լեգենդար Հովհաննես Բաղրամյանն էր։

Հենց այդ ռազմաճակատի զորքերի մասնակցությամբ գրավվեց Քյոնիգսբերգ (Կալինինգրադ) քաղաքը, վերջնականապես ջախջախվեցին Արևելյան Պրուսիայում գտնվող ֆաշիստական զորքերը։

Այդ ընթացքում, որոշ ժամանակ, անմիջապես գտնվել է Հովհաննես Բաղրամյանի կողքին՝ լինելով նրա ձիապանը։

Հաղթանակից հետո ծառայութունը շարունակել է Ռիգայում, որտեղից էլ զորացրվել է 1947-ին։

Հակոբ Վարդանյանն այն ընտանիքի զավակն էր, որից երեք հոգի մասնակցում էին Մեծ հայրենականին։ Իրենից բացի ռազմաճակատում էին հայրը՝ Լևոն Վարդանյանը և ավագ եղբայր Սեդրակ Վարդանյանը։ Հայրը հիվանդության պատճառով շուտ զորացրվեց, իսկ եղբայրը զոհվեց մարտական գործողություններից մեկի ժամանակ։

1947-ին վերադառնալով հայրենի Լոր գյուղ՝ ընտանիք կազմեց, ունեցավ հինգ զավակ (երկու աղջիկ և երեք որդի)։

Հակոբ Վարդանյանը պատերազմից առաջ Կապանում արհեստներ էր սովորել, որով և զբաղվեց հետպատերազմյան տարիներին։

Տևական ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցավ գյուղի կոլտնտեսային կյանքին, աշխատեց նաև Տաթևհէկի ու Շամբհէկի շինարարություններում։

Ճակատագիրը քանիցս նրան տխուր անակնկալներ է մատուցել՝ կորցրեց կնոջը, ավագ որդուն՝ Սամվելին, կորցրեց թոռանը՝ 33-ամյա Հակոբին, Արցախյան 3-րդ պատերազմում կորցրեց եղբորորդի, պահեստի փոխգնդապես Արթուր Գալստյանին։ Ողբերգական այդ պատահարները ծանրածանր անդրադարձ են ունեցել նրա վրա, սակայն մինչև վերջ ճիգեր է գործադրել վշտահար այդ վիճակից գերդաստանը դուրս բերելու և բնականոն հուն վերադարձնելու ուղղությամբ։

2024 թ. դեկտեմբերի 27-ին հարազատներն ու մերձավորները նշեցին Հակոբ Վարդանյանի 100-ամյակը։

Օրեր առաջ՝ փետրվարի 16-ին, Համո Սահյանի տուն–թանգարանի վարիչ Քնքուշ Հարությունյանի ընկերակցությամբ, այցելեցինք Մեծ հայրենականի վետերանին՝ նրան փոխանցելու մեր երախտագիտությունը։

Ցավոք, նրա առողջական վիճակը խիստ մտահոգիչ էր։

Անկողնային վիճակում գտնվող Հակոբ Վարդանյանին խնամում էր կրտսեր եղբայրը՝ Սերոբ Վարդանյանը։

Եվ, այդուհանդերձ, փորձեցինք զրուցել մեծահարգ վետերանի հետ։ Նրա խոսքը, սակայն, ընկալելի չէր այլևս, բայց դա չխանգարեց, որ ինքը՝ դեմքի ժպտաթով արտահայտությամբ ու ձեռքի շարժումներով, իր ուրախությունը փոխանցի մեզ՝ իրեն տեսակցության գնալու համար։

Քնքուշ Հարությունյանը և համագյուղացի Արտավազդ Հարությունյանը պատմեցին Հակոբ Վարդանյանի՝ գյուղում ապրած և աշխատած տարիների գործունեության մասին։ Ըստ նրանց՝ Հակոբ Վարդանյանը հպարտությամբ էր հիշում Հայրենական մեծ պատերազմին իր մասնակցությանն առնչվող դրվագներ, մտաբերում իր հրամանատարներին ու մարտական ընկերներին։

Հակոբ Վարդանյանին առանձնակի խանդաղատանքով բնութագրեց Սենիկ Միքայելյանը, ով 1984-89 թթ. գլխավորել է Լորի կոլտնտեսությունը. «Երբ ընտրվեցի կոլտնտեսության նախագահ, ինքն արդեն կենսաթոշակառու էր։ Եվ չնայած այդ հանգամանքին, հանրային ակտիվ կյանքով էր ապրում, աշխատող–արարող մարդ էր, գյուղին նվիրված անձնավորություն, ընդգծված հարգանք էր վայելում գյուղի երիտասարդության շրջանում, նաև հումորի զգացում ուներ։ Քանիցս նրան խնդիրներ եմ առաջադրել՝ տնտեսության գործերի հետ կապված, և միշտ էլ պատասխանատվությամբ է կատարել առաջադրանքները»։

Անշուշտ, մեզ համար մեծ պատիվ էր Հակոբ Վարդանյանի հետ շփվելը, նրա կողքին առժամանակ գտնվելը։

Տանը պահպանվում են նրա մի քանի լուսանկար, որոնցից մեկը՝ պատերազմական օրերից, առավել տպավորիչ էր։ Այդ լուսանկարից հպարտություն, արժանապատվություն, տղամարդկություն է ծորում...

Իհարկե, գնահատելի էր Սերոբ Վարդանյանի վարքը, ով խնամում էր կյանքի 101-րդ տարին թևակոխած, անկողնային վիճակում գտնվող եղբորը։ Սակայն շատ կուզենայինք՝ երկրային կյանքի վերջին հանգրվանում գտնվող վետերանին տեսնել բժշկական հսկողության ներքո, ինչի կարիքը, որքան հասկացանք, զգացվում էր։

Մենք հրաժեշտ տվեցինք Հակոբ Վարդանյանին՝ նրան մաղթելով առողջություն։

Լորում հյուրընկալվեցինք Կարեն Հովհաննիսյանի և Քնքուշ Հարությունյանի բնակարանում, որտեղ մեզ միացան Ստեփան Հարությունյանն ու Արթուր Ավագյանը։ Մեր զրույցի թեման նորից Մեծ հայրենականն էր և այդ պատերազմին լորեցիների մասնակցությունը։ Պարզվեց՝ գյուղից պատերազմին մասնակցել է 150 հոգի, որից 72-ն այլևս չեն վերադարձել։

Այնուհետև՝ հետևում թողնելով Գյազբելի աստղաթաթախ և ձյունածածկ գագաթները, Դռնապանի ձորն ու Տատնա կիրճը, Ծառու Սուրբ Հովհաննեսը, նաև Լորաձորի վերջին գյուղը՝ Շենաթաղը, բռնեցինք հետադարձի ճամփան։

Այդ ընթացքում չէինք կարող չհիշել Մեծ հայրենականին մասնակցած նշանավոր լորեցի, մեր մեծ քնարերգու, հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանին։ Նա էր, որ Լորագետի, Մրոց և Տատնա գետակների ափամերձ տարածքներում գտնվող բարդիները հիշելով՝ ռազմաճակատում գրեց քաղցրանուշ և կարոտավառ «Նաիրյան դալար բարդի»։

Սամվել Ալեքսանյան

 

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34