Այցելություն սյունեցի փոքրիկների զարմանահրաշ մոլորակ

16.03.2023 11:58
3310

Լույս է տեսել «Սյունյաց երկիր․մշակութային» եռամսյա հանդեսի 9-րդ համարը (https://syuniacyerkir.am/uploads/files/%E2%84%96_09.pdf)։  

Համարի խմբագրականը՝ ստորև։

***

«Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի սույն համարով տեղափոխվում ենք փոքրիկների մոլորակ...

Երեխաների գեղարվեստական ինքնադրսևորումների առանձին դրվագներին անդրադառնալը, անշուշտ, համարի հիմնական առանցքն է: Բայց քանի որ գեղարվեստական գործունեությունը գեղագիտության կարևոր հիմնասյուններից է՝ նպատակահարմար գտանք թեմային մոտենալ համակողմանիորեն:

Մասնավորապես անդրադառնում ենք գեղարվեստագեղագիտական կրթությանն ու դաստիարակությանն առնչվող և մեր օրերում հրատապություն ներկայացնող ու կիրառական նշանակություն ունեցող որոշ հարցերի:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանի հետ քննարկում ենք ոլորտում որդեգրված պետական ռազմավարությունը, այդ ուղղությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրերի ընթացքը, ինչպես և աճող սերնդի լիարժեք ձևավորման գործում գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության դերը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ զրուցում ենք մանկական գրականության, մանկական մամուլի ներկա վիճակի և այն առաքելության մասին, որ ունի մանկական գրականությունը երեխաների գեղարվեստական կրթության ու գեղագիտական դաստիարակության գործում:

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Յուրի Յուզբաշյանն անդրադարձ է կատարում հայ երաժշտամանկավարժական մտքին և հայ դպրոցում երաժշտական կրթության խնդիրներին:

Կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի հետ քննարկում ենք մանկական երաժշտությանն առնչվող մի քանի հարց, այդ թվում՝ երաժշտական կրթության դրվածքը մեզանում:

Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գեղանկարիչ Արա Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում ենք գեղարվեստական կրթության վիճակին, ինչպես և կերպարվեստի ու հատկապես գեղանկարչության դերին՝ երեխաների գեղագիտական դաստիարակության գործում:

***

Համարի առանցքը, ինչպես նշեցինք, սյունեցի երեխաների գեղարվեստական գործունեությունն է. տարիքային ընդգրկումը՝ մանկապարտեզի ավագ տարիքի երեխաներից մինչև 14-15 տարեկան դպրոցականներ: Ժամանակային ընդգրկումը. հիմնականում ներկայացվում են ներկայիս կատարողները կամ գործող համույթներն ու խմբակները, նաև այն անհատները, ովքեր գեղարվեստի որևէ ոլորտում ինքնադրսևորվել են ոչ վաղ անցյալում, և որոնց կատարողական արվեստը մինչև հիմա մարդկանց հիշողության մեջ է: Մի խոսքով՝ առաջին անգամ փորձ արվեց հայտնաբերելու մարզի շնորհաշատ, տաղանդավոր և կարող երեխաներին, ովքեր աչքի են ընկել գեղարվեստական գործունեությամբ կամ այդ ճանապարհին են:

Համարի պատրաստման ընթացքում վերստին ակնհայտ դարձավ, որ Սյունիքում ունենք առանձնահատուկ կարողությունների և հմտությունների տեր երեխաներ նաև գեղարվեստի ոլորտում:

Հանդիպեցինք երաժշտական լսողությամբ, ռիթմի զգացողությամբ ու կատարողական բարձր վարպետությամբ փոքրիկների, տեսողական հիշողությամբ և տարածական պատկերումներով աչքի ընկնող նկարիչների, կերպարի մեջ ներթափանցելու ու մարմնավորելու կարողությամբ օժտված դերասան երեխաների:

Վերստին բացահայտեցինք հաճելի մի իրողություն. Սյունիքում հետաքրքիր ավանդույթներ կան զարդարվեստի, ինչպես և գեղարվեստական խեցեգործության ոլորտում: Կապանի արվեստի մանկական դպրոցի օրինակը բավարար է դրանում համոզվելու համար:

Ամենակարևորը՝ այդ ամենի հիմքում ոգեշնչվածությունն է, որի օգնությամբ բազմաթիվ երեխաներ  նվաճել են գեղարվեստական գործունեության բարձունքներ, հեղինակավոր մրցանակների արժանացել միջազգային մրցումներում և փառատոներում:

Եվ նրանցից յուրաքանչյուրը հպարտություն է բերել սյունեցիներիս...

Իրոք, ինչպես կարելի է չհիանալ ու չհպարտանալ...

Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի սան, տասնամյա սրնգահար Նարեկ Սարգսյան, ով «Պրահայի աստղեր» միջազգային մրցույթ-փառատոնում 2022-ին արժանացավ «Գրան Պրի» մրցանակի:

15-ամյա Դավիթ Հարությունյան, ում կատարումներն ունկնդրելուց հետո Գորիս անունը Չեխիայում բուռն ծափահարությունների արժանացավ:

Մարի Էլչյան աղջնակը Կապանից, ով ասես ճախրում է բեմում:

Քաջարանցի Սառա Ստեփանյան, ով 2022-ին  «Պրահայի աստղեր» փառատոնում՝ «Ժողովրդական մենապար» անվանակարգում արժանացավ առաջին կարգի մրցանակի:

Սիսիանի հրաշալի դուստր Անիկ Սահակյան, ում կատարումներից լույս է ծորում, ով Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքում՝ «Պրահայի աստղեր» մրցույթում՝ «Ակադեմիական երգեցողություն» անվանակարգում արժանացավ «Գրան Պրի» մեծ մրցանակի:

Շնորհալի գեղանկարչուհի Անժելիկա Ենգիբարյան, ով Մոսկվայի հեղինակավոր փառատոնում լավագույնս ներկայացրեց ոչ միայն Քաջարանի արվեստի դպրոցի, այլև Հայաստանի անունը:

Այս թվարկումները կարելի է շարունակել, բայց բավարարվենք ասվածով և մյուս անուններին ծանոթանանք համարի էջերում:

Երեխաների գեղարվեստական գործունեության որոշ դրվագներ էլ համարից դուրս թողեցինք գիտակցաբար, քանզի դրանց անդրադարձել էինք հանդեսի նախորդ համարներում: Նկատի ունենք տիկնիկային թատրոնը. այդ ոլորտում Սյունիքում ուշադրության արժանի խմբեր ունենք, հանրաճանաչ դեմքեր:

Ըստ պատշաճի չանդրադարձանք պարարվեստին՝ նկատի ունենալով, որ ընթացիկ տարում պարբերականի առանձին համար կնվիրենք արվեստի այդ ոլորտում սյունեցիների ձեռքբերումներին:

Նույն նկատառումով չանդրադարձանք մանկական գրադարաններին, որոնք մեծ առաքելություն ունեն երեխաների գեղագիտական դաստիարակության գործում. հանդեսի հերթական համարը կնվիրենք գրադարանային գործի դրվածքին:

***

Համարի մի առանձնահատկության մասին ևս. սյունեցի գրողներից շատերն են ստեղծագործել մանուկների համար և մանկական թեմաներով:

Ուշագրավ է փաստը, որ հայոց մեջ առակների առաջին ժողովածուն՝ «Աղվեսագիրք» վերնագրով, աշխարհաբարի է փոխադրել մեր մեծ հայրենակից Ակսել Բակունցը:

Ի դեպ, ժողովածուի մեջ հիմնականում Վարդան Այգեկցու կամ նրան վերագրվող առակներն են:

Ոչ պակաս ուշագրավ է փաստը, որ Ակսել Բակունցը գրական աշխարհ է մտել «Հիմար մարդը» հեքիաթով:

Մանուկների համար ստեղծագործություններ է հեղինակել արձակագիր Սերո Խանզադյանը: Գեղարվեստական բարձրաճաշակ այդ ստեղծագործությունները տեղ են գտել «Ավանդատուն» գրքի մեջ, որից մի քանի փոքրիկ նմուշ ներկայացվում է սույն համարում:

Ներկայացնում ենք նաև Էդուարդ Զոհրաբյանի, Մարի Առաքելյանի մանկական ստեղծագործություններից:

***

Ձգտել ենք համարը գրավիչ դարձնել հատկապես երեխաների համար. այդ իսկ նպատակով առանձին նյութեր ենք զետեղել փոքրիկների ընթերցանության համար: Դրանք ընդգրկված են «Մանկապատանեկան ընթերցանության ոսկե ֆոնդից» վերտառությամբ բաժնում:

«Ոսկե ֆոնդից» փոքրիկներին առաջարկում ենք Ներսես Շնորհալու հանելուկները, Վարդան Այգեկցու  և Մխիթար Գորշի առակները:

***

Սյունյաց աշխարհում, հայոց ավանդակարգի համաձայն, բացառիկ կարևորություն է տրվել երեխաների դաստիարակությանը: Եվ այդ կարևորությունն այն աստիճանի է բարձրացված եղել, որ երեխաների դաստիարակության տեսլականն արտացոլվել է մեր երկրամասի բազմաթիվ քանդակագործական նմուշներում, որոնցից մի քանիսին կարող եք ծանոթանալ հանդեսի սույն համարում:

Նաև լեգենդներ են հյուսվել մանկական թեմաներով, որոնցից մեկը նույնպես առաջարկում ենք ընթերցողին՝ Օխտն օրորոցի լեգենդը (Քարահունջից):

Սյունիքում դարերի ընթացքում ստեղծվել-ծնվել են մատաղ սերնդին արժևորող սրբավայրեր, որոնցից մեկն Ինը մանուկ աղբյուրն է՝ սույն համարում ներկայացվող:

***

Մանուկների գեղագիտական դաստիարակության հարցերը, որքան հասկացանք համարի նախապատրաստման ընթացքում, բազմազան են: Եվ, ցավոք, այդ ամենը հանդեսի մեկ համարում ընդգրկելը հնարավոր չէր:

Մենք տեսանք նաև, որ երեխաների գեղագիտական դաստիարակության ոլորտում լուրջ խնդիրներ, նաև բացթողումներ ունենք՝ պայմանավորված մեր ներկա ազգային կացությամբ, հնարավորությունների անբավարարությամբ:

Օրինակ, դուրս մնացին գեղարվեստական մանկավարժությանն առնչվող բազմաթիվ հարցեր. գեղագիտությանն առնչվող ի՞նչ առարկաներ են դասավանդվում հանրակրթական դպրոցներում և որքա՞ն ծավալով, ինչքանո՞վ են մեր կրթական ծրագրերը կապված մշակույթի հետ, գործնականում ի՞նչ հարաբերություն ունեն  կրթությունը և մշակույթը:

Խոսակցության առանձին նյութ կարող էին լինել գյուղական բնակավայրերը, որտեղի երեխաներն իրենց գեղագիտական նախասիրությունները լիարժեք դրսևորելու հնարավորություն չունեն:

Մենք արդարացիորեն (առկա բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ) մեծ հույսեր ենք կապում կրթական ոլորտի հետ՝ հանրակրթական դպրոց, երաժշտական և արվեստի դպրոցներ, մշակույթի կենտրոններ, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններ... Բայց արդյո՞ք կարողանում ենք այդ հաստատություններն ապահովել համապատասխան մանկավարժական կադրերով, ովքեր էլ կիրականացնեին մշակութային քաղաքականությունը փոքրիկների շրջանում: Բազմաթիվ օրինակներ ունենք, երբ հանրակրթական դպրոցում գեղագիտությանն առնչվող դասաժամերը տրվում են այլ առարկաների ուսուցիչների, ովքեր պարզապես դասաժամերի խնդիր են ունենում, ովքեր պատշաճ գիտելիքներ չեն ունենում տվյալ առարկայից:

Երեխաների գեղագիտական դաստիարակությանը, նրանց ճաշակի ձևավորմանը տասնամյակներ շարունակ լրջագույնս ազդել ենք գեղարվեստական կերպավորման միջոցներով վերարտադրված գործողություններով: Նաև այդ հանգամանքն է հիմք ծառայել ընդհանրացնելու, որ կինոն ամենակարևորն է արվեստի բոլոր տեսակների մեջ: Ընդ որում՝ կինոն հատկապես անփոխարինելի է եղել ու մնում փոքրիկների համար՝ և՛ վիզուալ առումով, և՛ գեղագիտական տեսակետից: Ի՞նչ վիճակում է մեզանում կինոարտադրությունը, ավելի ստույգ՝ մանկապատանեկան տարիքի երեխաներին առնչվող կինոարտադրությունը:

Արժեր առանձին անդրադառնալ կինոարվեստի՝ այս դեպքում մեզ շատ հետաքրքրող տեսակին՝ մուլտիպլիկացիոն կինոյին:

Մանկական ներկայացումների դերը մեր թատերական արվեստում... Դա իսկապես բացառիկ ոլորտ է, եթե խոսում ենք երեխաների գեղագիտական դաստիարակության մասին: Ունե՞նք համակարգված քաղաքականություն այդ ոլորտում:

Հանրահայտ մի իրողության մասին. մեր երեխաների մեծագույն մասը՝ առաջին դասարանից սկսած, ժամերով համացանցում է և հաղորդակցվում է ամենատարբեր (երբեմն էժանագին) արժեքների հետ՝ երգ, պար, ֆիլմ, կենցաղային պատմություններ...

Եվ գաղտնիք չէ, որ համացանցն այսօր որոշիչ ազդեցություն ունի երեխաների ճաշակի ձևավորման, մասնագիտական կողմնորոշման և հետաքրքրությունների ձևավորման վրա:

Մենք կողմնակից չենք այդ ամենի դեմ պայքարելուն, քանզի դա (խոստովանենք) և՛ անիմաստ է, և՛ անհնար: Մենք նույնիսկ չենք ասում համակարգել ու կառավարելի դարձնել այդ ոլորտը, ինչը նույնպես հնարավոր չէ:

Մենք ասում ենք՝ գուցե նույն այդ համացանցում հակակշիռներ ստեղծենք՝ մեր դավանած արժեքներով, մեր պատկերացումներով՝ գրավիչ, մատչելի...

Եվ մի հարց, որ հույժ կարևոր է՝ հաջողո՞ւմ ենք արդյոք ազգային-քրիստոնեական արժեքների գերակայություն ապահովել մանուկների գեղագիտական դաստիարակության համակարգում:

Ընթացքում մի հարց էլ ծագեց. արդյո՞ք ողջամիտ չէր լինի Սյունիքի մարզում հիմնադրել մանկական որևէ պարբերական, որի էջերում հետևողականորեն կլուսաբանվեին մեր երեխաների գեղարվեստական դրսևորումները, որոնք, բարեբախտաբար, մեծածավալ են ու բարձրաճաշակ...

 

Սամվել Ալեքսանյան

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29