Այցելություն Սյունյաց մեծ անապատ, որ հայոց անապատական շարժման մայրաքաղաքն էր

21.12.2019 23:05
1774

Հարանց կամ Սյունյաց մեծ անապատ (երկրորդ անգամ) ուխտագնացություն կատարեցինք 2019 թ. սեպտեմբերի 29-ին:

Մեզ ուղեկցում էին Հալիձոր գյուղի բնակիչ Փայլակ Խաչյանը (Խորհրդային Հայաստանի առաջնորդներից մեկի՝ Սուրեն Թովմասյանի քրոջ՝ Մարգարիտ զիզու թոռն է) եւ գորիսաբնակ հալիձորցի Արմեն Գեւորգյանը:

Առաջին կանգառը՝ Հին Հալիձոր

Հին հիշատակարաններում գյուղը գրվում է Հալե ձեւով, հետագայում՝ Հալի-ձոր եւ, ի վերջո, Հալիձոր:

Ըստ հին հարկացուցակի՝ 8 չափ հարկ էր վճարում Տաթեւի վանքին:

Դեռեւս 10-րդ դարում Սյունյաց Բաբգեն իշխանի դուստր Համասպրուհին Հալիձոր գյուղը նվիրել է Տաթեւի վանքին, որը 1274 թ. կրկին հաստատել է Տարսայիճ Օրբելյանը:

Գյուղը Տաթեւի սեփականությունն էր մինչեւ 19-րդ դար:

Հին գյուղի կենտրոնում է միակ եկեղեցին:

Ըստ հնագետ Սեդրակ Բարխուդարյանի՝ «Թեեւ նրա հարավային մուտքի բարավորի վրա գրված է Թվ.: ՈԿ:, բայց ինչպես գրչության ոճը, նույնիսկ եւ շենքի ճարտարապետական առանձնահատկութունները այդ չեն հաստատում, պետք է լինի :ՌԿ: Գրիչը Ո-ի վրա մոռացել է հորիզոնական ստեղը փոխադրել»:

Եկեղեցին կոչվում է Սուրբ Մինաս:

Այնուհետեւ՝ գյուղից 3-4 կմ հյուսիս-արեւելք, Որոտան գետի ձախ ափին, այգիների մեջ, ժայռաբեկորի վրա կանգնած է մի խաչքար՝ 1265 թ. կալվածագիր-արձանագրությամբ:

Գյուղից մոտ 1 կմ դեպի արեւելք՝ Շնհեր տանող ճամփից աջ, գտնվում է մի ժայռոտ բլուր, որի վրա մնում են ավերակ եկեղեցու հիմնապատեր, մի քանի խաչքարեր, նաեւ գերեզմանաքարեր ու տների հիմնապատեր:

Այդ վայրը կոչվում է Խաչի խութ:

Բայց այդ վայրը կոչվում է նաեւ Վնսար (Վանասար, Վանքասար):

Նույն անվամբ, ինչպես նշվել է մեր՝ Շինուհայրի պաշտամունքային վայրերին նվիրված հրապարակման մեջ, եկեղեցու հետքեր կան Շինուհայր գյուղում:

Արդյո՞ք զուգադիպություն է, թե՞ շփոթմունք (անվանման առումով)՝ չենք կարող ստույգ ասել:

Միայն կարող ենք փաստել, որ Հալիձորի պարագայում Վնսար անունն անվիճելի է, քանզի այնտեղ գտնվող խաչքարի պատվանդանի արեւմտյան երեսին գրված արձանագրությունը հենց դա է վկայում:

Ասվածին ավելացնենք Երվանդ Լալայանի գրառումը Հալիձորի մասին. «Գտնվում է Բարկուշատի ձախ ափին, ձորի լանջին: Արեւմտահյուսիսային կողմում բարձրանում է Գեալին-ղայան, որի առաջ ձգվում է Շահանդուխտի ձորը, իսկ հարավային կողմում՝ գետի աջ ափին, երեւում է Հարանց անապատը, որ երկրաշարժի ժամանակ բարձունքից իջել է ներքեւ:

Տները քարաշեն են, միմյանց վրա կիտված, որոնց մեկի կտուրը ծառայում է մյուսին որպես բակ եւ ճանապարհ:

Գյուղի կենտրոնում գտնվում է եկեղեցին, որ պարսպապատ է, գեղեցիկ եւ գմբեթավոր:

Ձորը լի է խաղողի այգիներով, որի գինին շատ գովված է»:

 

Հին Հալիձորում հիշեցինք վաղամեռիկ բանաստեղծ Ալբերտ Իսաջանյանին

Հնարավոր չէ անցնել Հին Հալիձորով եւ չհիշել բանաստեղծ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1973-ից) Ալբերտ Իսաջանյանին:

Ծնվել է 1937-ի նոյեմբերի 2-ին:

16 տարեկանում բարձրացել է էլեկտրասյունը, որպեսզի վառի հարեւանի տան լույսը, ընկել է սյունից, ողնաշարը ջարդվել է, եւ դարձել է հաշմանդամ ու մինչեւ կյանքի վերջը՝ 1983-ի ապրիլի 29-ը, գամված մնացել անկողնուն:

«Ծաղկե կամուրջ», «Ծաղիկ իմ հեռավոր» բանաստեղծությունների ժողովածուները, «Ոչ, հայրիկ, ես մեծ բան եմ կորցրել» վիպակը վկայություն են այն բանի, թե ինչպիսի տեղ կարող էր զբաղեցնել նա մեր նորագույն շրջանի գրական անդաստանում:

Մեծն Պարույր Սեւակը ժամանակին նկատել էր Ալբերտին եւ նամակագրական կապ էր պահպանում:

Ալբերտը Պարույրի եղերական մահվան կապակցությամբ իր վիշտն արտահայտեց:

 

Ասացիր՝ երբ ես գալու իմ տունը,

Ասացիր՝ կգաս պատեհ-անպատեհ,

Քնած կլինեմ, թե հարբած՝ կգաս,

Ցավիդ դեմ ի՞նչ են փառքս, անունս:

 

Ասում եմ՝ եկա, ե՛տ տար դռներդ,

Ճաք տված հողիդ վրայով արի

Եվ պարզի՛ր, զուլա՛լ

Եվ պարզի՛ր, անդիրտ

Ճաք տված ճամփիս արդար կոներդ:

 

Ե՛կ, անծանոթ եմ… ու սիրտս էրած

Չի հաշտվում ախր քո լռության հետ,

Այս բազմության մեջ

Դու իմ միակը,

Մեն-մտերիմը, ու դու էլ՝ մեռած:

 

Ու որբությունս ծորում է հողիդ,-

Ես ուրիշ հողում ասելիք չունեմ,

Հիմա ճիշտ-ճշգրիտ, հիմա արդարեւ

Նման է, Պարո՛ւյր, իմ ցավը քոնին:

 

Երկրորդ կանգառը՝ Պողոս-Պետրոս մատուռ

Հալիձորից Հարանց մեծ անապատ գնալիս, Որոտան գետի աջ ափին կա ոչ փոքր մի մատուռ:

Ըստ հնագետ Սեդրակ Բարխուդարյանի՝ մատուռը Պողոս-Պետրոս անունն է կրում:

 

Սյունյաց մեծ անապատը, որ համարվում է Մխիթարյան միաբանության նախատիպ

Այդ համեմատութունն արել եւ նման գնահատական են տվել Մանուկ Աբեղյանն ու Լեոն:

Հարանց անապատի հիմնադիրներն են Սաղմոսավանքի եպիսկոպոս Սարգիսը եւ քահանա Կիրակոսը՝ Տրապիզոնից:

Նրանց միացել են Պողոս վարդապետ Մոկացին եւ Մովսես վարդապետ Սյունեցին:

Անապատի կառուցումն իրականություն չէր դառնա, եթե չլիներ Քաշաթաղի Մելիք Հայկազն երկրորդի աջակցությունն ու հովանավորությունը:

Հարանց անապատը, ըստ Մաղաքիա Օրմանյանի, կառուցվել է 1608-ին:

Միքայել Չամչյանն ընդունում է 1610 թվականը:

Անապատի ճարտարապետական տեսքը քննության է առել Մուրադ Հասրաթյանը (Մորուս Հասրաթյանի որդին):

Ըստ Մուրադ Հասրաթյանի՝ «Համալիրն այժմ բաղկացած է եկեղեցուց՝ գավիթ-սրահով եւ հարավից կից կառուցված երկու սենյակով, պարիսպների մնացորդներից (որոնցից արեւմտյանում գտնվում է դարպասը), սեղանատնից:

Բացի եկեղեցուց, մյուս նշված շինությունները համալիրի սկզբնական հորինվածքին չեն պատկանում, այլ կառուցված են 1658 թ. երկրաշարժից հետո: Այս աղետի ժամանակ գետնի ճեղքվածքի եւ սողանքի հետեւանքով եկեղեցին սահել-իջել է այժմյան տեղը…

…17-րդ դարի վերջին եւ 18-րդ դարի սկզբին Հարանց անապատը նորից կենդանանում է:

Այդ ժամանակաշրջանին են պատկանում պարիսպները, գավիթը, սեղանատունը…»:

Անապատի եկեղեցին երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկա է:

Եկեղեցին կոչվում է Սուրբ Աստվածածին:

 

Համառոտ՝ անապատականների կարգի մասին

Ըստ Առաքել Դավրիժեցու՝ «…սահմանեցին, թե անապատականները պարտավոր են միայն մնալ եւ համբերել խցում եւ միտքն ու խորհուրդը հոգեկան ու մարմնական ամեն անմաքուր մտածումներից սուրբ պահել. թողնել իր կամքը եւ հնազանդ ու կատարող լինել առաջնորդի կամքին. ոչ ոքի սեփական ունեցվածք չպետք է լինի, ամեն ինչ ընդհանուր պետք է լինի, իսկ առաջնորդը պետք է հոգա բոլոր եղբայրների կարիքները եւ բաշխի, ում որ պետք լինի. խցում ոչինչ չպետք է ունենալ եւ կամ ուտել, տարին միշտ պասով պետք է անցկացնել, բացի շաբաթ եւ կիրակի օրերից եւ տերունական տոն օրերից: Իսպառ պետք է հրաժարվել գինուց ու մսից եւ ամեն օր առավոտ եւ երեկո անխափան խոստովանել օրվա անցածներն ու մտածումները:

Ամեն շաբաթ ու կիրակի եւ տերունական օրերը գիշերը մինչեւ առավոտ պաշտամունքով անցկացնել, իսկ սույն օրերը անխափան պատարագ մատուցել:

Նաեւ գրքերից գտան զգեստների որպիսությունն ու ձեւը…

Նաեւ ժամատեղերի (որ ժամին ինչ ասմունք կատարել) կարգ սահմանեցին…»:

 

1658-ի երկրաշարժը, որի հետեւանքով խամրեց անապատի փառքը

Ահա, թե ինչպես է նկարագրում այդ աղետն Առաքել Դավրիժեցի պատմագիրը, ով ականատես է եղել արհավիրքին (Պատմություն, Երեւան, «Սովետական գրող»-1988):

-Երբ հասավ մեր 1107 (1658) թվականի ապրիլ ամիսը, այս գարունը անձրեւային եղավ, իսկ պատռվածքները օրավուր սկսեցին լայնանալ, եւ հավաստի ամենքի սրտում հաստատեց, թե այսօր-էգուց սահելով հոսելու է այս անապատի տակի գետինը: Այնպես եղավ, որ ավագ եկեղեցու կիրակի օրը, որ ապրիլ ամսի 25-ին էր, երեկոյան եկեղեցի գնալու ժամանակ, արեւմուտի մոտ գետինը սկսեց պատռվել անապատի հարավային կողմից՝ բարձր լեռնից այն կողմ եւ իբրեւ մրրկաբեր ամպ շարժված գալիս էր լեռան բարձունքից ահավոր դղրդումով, թնդյունով, որոտումով ու ճայթումով, ինչպես կայծակնացայտ ամպերի որոտում:

Որոտումն ու թնդյունը այնքան ահավոր էին, մինչեւ որ Շինուհայր եւ Հալիձոր գյուղերի բնակիչները ձայնը լսել են եւ ելել իրենց գյուղերի հանդիպակաց տեղը եւ տեսել այդ արհավիրքը:

…Մեծամեծ քարերը, լեռնից պոկվելով, միմյանց հետեւից գլորվելով, ցած էին գալիս, որոնք միմյանց բախվելով, փշրված, խորտակված հեռու էին ցրվում…

…Անապատի արեւմտյան կողմը՝ պարիսպն ու հյուրատունը, անասունների ախոռը, ամբարները, միաբանների սենյակից մի մաս եւ արեւմտյան մեծ եկեղեցու արեւմտյան սյուների հետեւի կողմից բոլորը ավերվեցին:

…Այս ամբողջ սոսկալի գործերը լինելով՝ այնուամենայնիվ ամենակալ Աստծո խնամքով ոչ մեկին վնաս չեղավ, ո՛չ մարդու, ո՛չ անասունի, միայն մի միաբան մնաց իր խուղում, այնտեղ հողի տակ մեռավ…

 

Մեկը՝ Հարանց մեծ անապատի ուսուցիչներց. Ներսես Մոկացի

Սյունյաց մեծ անապատի ուսուցիչներից յուրաքանչյուրի մասին կարելի է առանձին խոսք ասել:

Այս դեպքում բավարարվենք միայն Ներսես Մոկացուն հիշելով, ով 16-17-րդ դարերի եկեղեցական նշանավոր գործիչ էր, փիլիսոփա, բանաստեղծ:

Ներսես Մոկացու բանաստեղծություններից ուշագրավ է Հարանց մեծ անապատի հիմնադիրներին նվիրված պոեմը՝ «Նեբողեան գովեստի չորեցունց արանցն, որք եղեն սկիզբն անապատի կարգիլ յազգս մեր» վերտառությամբ:

Պոեմում փառաբանական խոսք է ասվում անապատի հիմնադիրներ Սարգիս Ամբերդցու, Կիրակոս Տրապիզոնցու, Պողոս Մոկացի վարդապետի, ինչպես եւ Մելիք Հայկազնի մասին՝ վերջինիս համեմատելով առասպելական Տիգրանի հետ, ով տապալել է Աժդահակին:

Ներսես Մոկացու կյանքն ու գործունեությունը հիանալիորեն քննության է առել Սյունյաց աշխարհի նշանավոր դուստր, ակադեմիկոս Աելիտա Դոլուխանյանը («Ներսես Մոկացի», Սուրբ Էջմիածին, 2009):

1621-ին Ներսես Մոկացին Սյունյաց մեծ անապատից տեղափոխվել է Լիմ անապատ (Լիմ կղզին ամենամեծն է Վանա ծովակի կղզիների մեջ), որը նույնպես գրչութան կենտրոն էր՝ հիմնադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից:

 

Սյունյաց մեծ անապատը՝ Հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսի բնօրրան

Հարանց մեծ անապատն իր հռչակը ձեռք բերեց նաեւ Մովսես Տաթեւացու (Խոտանանցի, Սյունեցի) եւ Փիլիպոս Աղբակեցու գործունեության շնորհիվ, որ հետագայում դարձան Ամենայն հայոց կաթողիկոս:

Ի դեպ, Մովսես Գ Տաթեւացին, որ Հայոց կաթողիկոս էր 1629-32 թթ., արժանացել է ազգային-եկեղեցական սրբի լուսապսակի (մեր վերջին սուրբն էր):

Իր լուսավորական, եկեղեցաշինական, ազգային գործունեության համար ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Լուսավորիչ Հայոց»:

Իսկ Առաքել Դավրիժեցին նրան այսպիսի գնահատական է տվել. «Մովսէս Կաթողիկոսն ի Սիւնեաց աշխարհէն, որ եղեւ նորոգող Ս. Էջմիածնի»:

Մովսես Տաթեւացու «սրբազնամաքուր եւ բազմահանճար ձեռնասուն աշակերտը», վերջինիս գործակիցն ու ծրագրերի շարունակողը եղավ Փիլիպոս Ա Աղբակեցին, ով կաթողիկոսական գահի վրա էր 1632-1655 թթ.:

Եղել է Հայոց եկեղեցու ամենաարդյունաշատ եւ նշանավոր հայրապետներից:

 

Մատենագիտության մեջ առկա որոշ անճշտությունների մասին

Հալիձոր գյուղի հետ կապված որոշ անճշտություններ կան մատենագիտության մեջ:

Ղեւոնդ Ալիշանն այս գյուղը սխալմամբ համարում է Դավիթ-Բեկի աթոռանիստը եւ 1727 թ. Հալիձորի հայտնի ճակատամարտի վայրը՝ շփոթելով Դավիթ-Բեկի նստոցի՝ Կապանի համանուն բերդի եւ գյուղի հետ:

Այդ սխալը կրկնում է նաեւ հանճարեղ Նիկողայոս Ադոնցը:

Շփոթմունք կա Սյունյաց (Հարանց) մեծ անապատի եւ Տաթեւի հարանց անապատի միջեւ:

Սյունյաց մեծ անապատը գտնվում է Հին Հալիձորից մոտ 5 կմ հեռու՝ Որոտան գետի աջ ափին, լեռնալանջի հարթության վրա, կառուցվել է (արդեն նշեցինք) մոտ 1610-ին:

Իսկ Տաթեւի հարանց անապատը գտնվում է Սատանայի կամրջից քիչ հարավ, կառուցումը սկսվել է 1660-ին:

Շփոթմունք կա նաեւ Սյունյաց-Հարանց մեծ անապատի (որ երբեմն Հալիձորի անապատ է անվանվում) եւ Կապանի տարածաշրջանի Հալիձորի կուսանաց անապատի միջեւ:

Այդ ամենը, անշուշտ պետք է նկատի ունենալ:

 

Վերջաբանի փոխարեն

Սյունյաց մեծ անապատն ունեցավ համահայկական նշանակություն:

Անապատի սկսած գործը շարունակվեց նրա ուսուցիչների եւ աշակերտների ջանքով հիմնված նոր միաբանություններում. Ներսես վարդապետ Մոկացին՝ Լիմ կղզում, Կարապետ եպիսկոպոս Էջմիածնեցին՝ Սեւանա կղզում, Արիստակես վարդապետ Շամբեցին՝ Տանձափարախում, Դավիթ եպիսկոպոսը՝ Չարեքագետում, Կիրակոս քահանան՝ Հոչանցում եւ այլն:

Անապատներ հիմնվեցին Սյունյաց աշխարհի տարբեր վայրերում նույնպես...

 

Սամվել Ալեքսանյան

 

 

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01