Բաղդասար Արզումանյանը, ով իր բարձրարվեստ ստեղծագործություններով կարող է համեմատվել միջնադարի հայ մեծ վարպետների՝ Գալձագի, Սիրանեսի, Մոմիկի հետ

21.07.2025 14:14
261

Բաղդասար Հայրապետի որդի Արզումանյանը՝ հայ ժողովրդի հրաշամանուկներից մեկը, ծնվել է Սյունիքի մարզի (նախկին Սիսիանի շրջանի) Մազրա, այժմ՝ Բարձրավան գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղի դպրոցում։ 1924-ին ընտանիքով փոխադրվել է Նախիջևան։ Ի ծնե գեղասեր, ի վերուստ նկարչական ունակություններով օժտված պատանու գեղարվեստական ունակությունները ծլարձակվեցին, երբ 1928թ., փոխադրվելով Երևան, ընդունվեց Ալ. Թամանյանի անվան շինարարական տեխնիկում։ Ութամյա ուսուցումը այդ նշանավոր կրթօջախում խիստ բարերար անդրադարձ ունեցավ։ Տեխնիկական-շինարարական գիտելիքները զուգակցվեցին գեղարվեստական-ճարտարապետական ունակություններին, որոնցով հարստացած՝ նա 1936-ին ավարտեց այդ հաստատությունը։ Որպես տեխնիկ-նախագծող, աշխատանքի անցնելով ճարտարապետ Միքայել Մազմանյանի արվեստանոցում, նա մասնակցել է տարաբնույթ շենքերի նախագծերի մշակմանը, որոնցից առավել նշանավորը Գրքի պալատն է (այժմյան հրատարակչությունների շենքը՝ կառուցված Կորյունի և Տերյան փողոցների անկյունում)։ Աշխատակցելով հեղինակներին՝ Միքայել Մազմանյանին և Հովհաննես Մարգարյանին, Բաղդասար Արզումանյանը հրապուրվում է ճարտարապետությամբ, որոշում է կատարելագործվել՝ 1938-ին ուսումը շարունակելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում։ Նրա ուսումնառությունն անցնում է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում ծավալված բուռն շինարարության բովում հայկական նորոգ ճարտարապետությունը զարգանում էր՝ հիմնվելով ժողովրդի հարուստ ժառանգության, ավանդույթների ստեղծագործական վերաիմաստավորման վրա։ Հայ բազմատաղանդ քաղաքաշինարար և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը ստեղծագործական այդ ուղղության առաջատարն էր։ Նրա լավագույն գործերը՝ օպերայի և բալետի թատրոնը, կառավարական տունը և այլ շենքեր, նպաստում են ճարտարապետական կրթօջախի ապագա ճարտարապետների ճշմարիտ դաստիարակությանը։ Դրան հետամուտ էին ճարտարապետության ամբիոնի դասախոսները, որոնք ջանքեր էին գործադրում բարձրորակ մասնագետներ պատրաստելու համար։

Բաղդասար Արզումանյանի ուսման տարիները համընկնում են խորհրդային երկրի ամենամռայլ ժամանակաշրջանի հետ։ Հնձում էր ստալինյան եղեռնը. նրա ուսուցիչներից Միքայել Մազմանյանն ու Գևորգ Քոչարը հայտնվում են հեռավոր աքսորում. բանտարկվում է պրոֆ. Նիկողայոս Բունիաթյանը։ Պակասը կարծես լրացնում է 1941 թ. հունիսին սկսված Հայրենական մեծ պատերազմը։ Երրորդ կուրսի ուսանող էր, երբ ի թիվս բազում ուսանողների, Բաղդասար Արզումանյանը 1942-ին զորակոչվում է խորհրդային բանակ։ Զենիթահրետանային ուսումնարանում նախապատրաստվելով՝ նույն տարվա մարտ ամսին լեյտենանտի կոչմամբ մեկնում է գործող բանակ։ Անցնում է Հայրենական պատերազմի դժվարին ու մահաբեր ճամփաներով, մարտնչում Կալինինյան, Բելոռուսական, Մերձբալթյան ռազմաճակատներում, մասնակցում Քյոնիքսբերգ քաղաքի գրավմանը, արժանանում մարտական խրախուսանքների։ Մարտերից մեկի մասին նա պատմում է. «Մարտական առաջադրանք էինք ստացել ապահովել մեր հետևակի առաջխաղացումը՝ պաշտպանելով թշնամու օդային հարձակումներից։ 1944 թ. հունիսի 23-ին՝ երեկոյան, արևը մայր մտնելուց առաջ, շատ ցածր թռիչքով անտառից դուրս եկան վեց ինքնաթիռ ու սկսեցին գնդացրային կրակ տեղալ մեզ վրա։ Բարեբախտաբար մարտկոցը մարտական վիճակում էր։ Այդ օրը կործանեցինք յոթ ինքնաթիռ»։ Այս սխրագործության համար ինքն ու դասակի զինվորներն արժանանում են պարգևների։

Պատերազմը ավարտելուց հետո Բաղդասար Արզումանյանը շարունակում է ծառայել Արևելյան Գերմանիայում և զորացրվում է միայն 1946-ին՝ կուրծքը զարդարած «Հայրենական պատերազմի 2-րդ կարգի» և «Կարմիր աստղ» շքանշաններով, «Արիության համար», «Քյոնիքսբերգի գրավման համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» և այլ մեդալներով։

Վերադառնալով Երևան՝ նրա գլխավոր նպատակը թերավարտ ուսումը լրացնելն է լինում։ Ճարտարապետական կրթօջախը գրկաբաց է ընդունում հայրենիքի պաշտպաններին։ Առանձնակի պայմաններ են ստեղծվում նրանց համար։ Ճարտարապետության ամբիոնը, որի վարիչն էի ես, և դասախոսական կազմը ամեն ջանք գործադրեցին, հոգատարությամբ շրջապատեցին, պայմաններ ստեղծեցին, որպեսզի նրանց ուսումնառությունը ընթանա բնականոն կերպով։ Նախապատերազմյան դասատուներից Միքայել Մազմանյանը և Գևորգ Քոչարը տակավին գտնվում էին հեռավոր աքսորում։ Ամբիոնի փորձառու դասախոսներն էին Սամվել Սաֆարյանը, Մարկ Գրիգորյանը, Հովհաննես Մարգարյանը, Զավեն Բախչինյանը, Տիրան Երկանյանը։ Դրանց կազմը լրացրին երիտասարդ շնորհալի ճարտարապետներ` Ռաֆայել Իսրայելյանը, Գրիգոր Աղաբաբյանը, Հրայր Իսաբեկյանը, Գևորգ Թամանյանը, Գևորգ Մուշեղյանը և ուրիշներ։

Մասը կազմելով չորրորդ կուրսի ուսանողների՝ պոլիտեխնիկական ինստիտուտում շարունակում են կրթություն ստանալ Հայրենական պատերազմի մասնակիցներ Բաղդասար Արզումանյանը, Շմավոն Ազատյանը և Զաքար Զաքարյանը (վերջին երկուսը՝ հաշմանդամ)։ Մեր ձեռքը նրանց գլխին եղավ, նրանք մշտապես գտնվեցին մեր ուշադրության կենտրոնում, որի շնորհիվ ցուցաբերեցին գերազանց առաջադիմություն և բարձր գնահատականներով ավարտեցին։

Այն տարիներին նոր էր սկսվել ավանդվել հայկական ճարտարապետության պատմություն դասընթացը։ Օգտակար եղավ դասախոսություններին համընթաց ուղևորություններ կատարել դեպի ճարտարապետական հուշարձաններ: Բաղդասար Արզումանյանն ու Շմավոն Ազատյանը առանձնակի հետաքրքրությամբ էին մասնակցում այդ ուղևորություններին, դիտում էին ու նկարում։ Դրանք էապես նպաստում են նախնյաց վարպետների մեծագործությունների նկատմամբ հարգանք առաջանալուն, նրանց փորձով ու կարողությամբ լիցքավորվելուն, հայկական ճարտարապետության ու զարդարվեստի ավանդույթները շարունակելուն ու զարգացնելուն։

1949-ին ավարտելով ինստիտուտը՝ երկուսն էլ աշխատանքի են անցնում Երևաննախագիծ ինստիտուտում, որտեղ իր հիսունամյա գործունեության քսան տարին է անցկացնում Բաղդասար Արզումանյանը։ Այս հաստատությունում էին մշակվում մայրաքաղաքի կառուցապատման տարաբնույթ նախագծերը։ Բաղդասար Արզումանյանը իր գործունեությունը սկսում է որպես շարքային նախագծող, իսկ երբ ծլարձակվում են նրա մասնագիտական կարողությունները, արժանանում է արվեստանոցի գլխավոր մասնագետի, ապա՝ ղեկավարի պաշտոններին։

Իր բազմաբեղուն կյանքի տարիներին նա ծավալում է ստեղծագործական բուռն գործունեություն, մասնակցում Երևանի, Վանաձորի և Հայաստանի տարբեր բնակավայրերի կառուցապատման ու բարեզարդման հայրենանվեր գործին՝ ներդնելով իր ստեղծագործական կարողությունը, շինարարի փորձը։ Անհատապես ու հեղինակությամբ կազմած նախագծերով շարք են մտնում հասարակական շենքեր, գիտահետազոտական և արտադրական համալիրներ, մետրոպոլիտենի ստորգետնյա կայան, կոթողներ, որոնք ծանրակշիռ ներդրում են մեր նորօրյա ճարտարապետական գանձարանում։ Դրանց քանակը քսանից ավելին է, ուստի, հարմար ենք նկատում անդրադառնալ առավել կարևորներին։

Փորձառու ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի հետ նրանք մեծ ավանդ են ներդնում Վանաձոր քաղաքի հասարակական գլխավոր կենտրոնի կառուցապատման գործում։ Նրանց նախագծերով են իրականացվում հրապարակի երեք կողմերը պարփակող քաղաքապետարանի, «Գուգարք» հյուրանոցի ու բնակելի տների երկու խմբերը։ Տեղադրությամբ, մասշտաբով, ճարտարապետությամբ և հրապարակի վերին մասում տեղադրված վարչական շենքով (հեղինակ՝ Զավեն Բախշինյան), գոյացել է քաղաքաշինական մի հոյակապ համալիր՝ երկրորդը Երևանի Հանրապետության հրապարակից hետո։

Միջնադարի ճարտարապետության վարպետներից դաս առնելով՝ Բաղդասար Արզումանյանը կարողացել է վարպետորեն ներդաշնակել Ծաղկաձորի, Հանքավանի և Վանաձորի պիոներական ճամբարների համալիրները՝ ստեղծելով շրջակա գեղատեսիլ բնության և ճարտարապետության յուրօրինակ միասնություն։ Ինչպես ասվում է, նկարիչը պատկերում է բնությունը, ճարտարապետը՝ զարդարում։ Դա լիովին հաջողվել է հեղինակին։ Դրան մեծապես օգտակար են եղել արտասահմանյան երկրներ (Թուրքիա, Հնդկաստան և այլուր) կատարած ճանապարհորդությունները, որոնք նպաստել են նրա գեղագիտական ընկալումների հարստացմանը:

Երևանի հիմնադրման 2750-ամյակին ի հիշատակ՝ 1968-ին Էրեբունի հնավայրի ստորոտում տեղ է գրավում թանգարանի շենքը։ Բաղդասար Արզումանյանը, հեղինակակցությամբ ճարտարապետ Շմավոն Ազատյանի և քանդակագործ Արա Հարությունյանի, ստեղծում է կոթողային մի կառույց, որը մեկնաբանվում է որպես ճարտարապետության ու քանդակի միասնություն։ Դեպի թանգարանի շենք է տանում մուտքին հասնող աստիճանավոր լայն ուղին։ Առաջին հարկը լուծված է որպես քառանիստ շենքի պատվանդան։ Բուն թանգարանի ողջ խուլ ճակատը քանդակապատ է։ Հարթ ու խուլ են մյուս ճակատները, իսկ ցուցասրահներն ապահովված են վերևից թափանցող բնական և արհեստական լույսերով։

Երևանի հիմնադրման 2750-ամյակի տոնախմբությանը մասնակցած Ուզբեկստանի հյուրերը, հավանելով առանձնապես թանգարանի շենքը, նույնպիսի թանգարանի նախագիծ են պատվիրում հեղինակներին։ Ի նշանավորումն Սամարղանդ քաղաքի հիմնադրման 2450-ամյակի՝ այն կառուցվում է հիշյալ քաղաքում։

Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի հետ Բաղդասար Արզումանյանի ևս մեկ համագործակցության արդյունք է մի ինքնատիպ կառույց՝ Նորք տանող ճոպանուղու ներքևի մասի կայարանը։ Այն տեղադրված է Գետառի ձախ ափից վեր՝ Կորյունի և Նալբանդյան փողոցների հատման հանգույցում։ Հատակագծով բոլորակ շենքը տեղ է գրավում բարձունքին, որն ունի հանդիսավոր աստիճաններ։ Ապակեպատ կայարանի առաջին հարկում նախասրահն է, երկրորդ հարկում՝ ճոպանուղու դահլիճը:

Առավել բարդ ու բազմաբովանդակ է Երևանի Սերգեյ Մերգելյանի անվան մաթեմատիկական գիտահետազոտական ինստիտուտի համալիրը՝ նախագծված Հովհաննես Մարգարյանի կողմից համահեղինակներն են Բաղդասար Արզումանյանը և Շմավոն Ազատյանը։

Բաղդասար Արզումանյանը Հովհաննես Մարգարյանի ղեկավարությամբ մասնակցել է նաև Երևանի ռադիոտան նախագծմանը, իր ներդրումն է կատարել շենքի արտաքին ճակատի և ներքնատեսքի գեղատեսիլ դրվագումներում։

Առավել հիշարժան է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը, որը նախագծվել է Բաղդասար Արզումանյանի գլխավորությամբ՝ մասնակցությամբ ճարտարապետներ Սարգիս Ներսիսյանի և Արեգ Իսրայելյանի։ Ըստ առաջադրանքի՝ մետրոպոլիտենի այս կայարանի համալիրը պիտի տեղավորվեր Երևանի երկաթուղային կայարանի կառամատույցի տակ։ Կազմված և հավանության արժանացած նախագծով կայարանամերձ հրապարակից կայարանի շենքի գլխավոր մուտքի երկու կողմերի սանդուղքները իջնում են կայարանի շենքի գետնահարկ, որտեղից մարդկային հոսքն անցնում է դրամարկղային սրահ, այնուհետև երկու կողմերում կրպակների շարք ունեցող երկար միջանցքով շարժաստիճաններով բարձրանում վերգետնյա կառամատույց։ Ճանապարհը երկար է, հոգնեցուցիչ, ուստի հեղինակները հոգ են տարել կուտակումներն ու շարժման խճողումները կանխելու համար։

«Սասունցի Դավիթ» կայարանի հարդարանքներում օգտագործվել են հայկական ճարտարամիջոցներ. շարժաստիճանների երկու պատերին «Սասունցի Դավիթ» էպոսի մոտիվներով բարձրաքանդակներ են (հեղինակ՝ Արտաշես Հովսեփյան)։

Երևանի կոնյակի գործարանի հեղինակ Հովհաննես Մարգարյանի մահվանից հետո արտադրանքը ավելացնելու կարիք է առաջանում, հետևապես անհրաժեշտ է լինում ընդարձակելու գործարանը։ Նկատի ունենալով, որ Բաղդասար Արզումանյանը մասնակցել է գործարանի առաջին հերթի նախագծմանը, նրան պատվիրում են կազմել լցման արտադրամասի և համտեսի սրահի նախագիծ։ Այդ գործում ներգրավվում են ճարտարապետներ Սարգիս Ներսիսյանը և Հասմիկ Ալեքսանյանը, ու համատեղ կազմած նախագծով կառույցը իրականացվում է։ Համտեսի սրահի ներքնատեսքի ճարտարապետական-գեղագիտական բարձր արժանիքների համար համահեղինակներն արժանանում են ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալին։

Սույն գրքի հերոսի ծանրակշիռ և դժվարին իրականացումներից մեկն է «Մոսկվա» կինոթատրոնի դիտասրահի ընդարձակման նպատակով կատարված վերակառուցումը։ Բաղդասար Արզումանյանի ղեկավարած ճարտարապետների ու ճարտարագետների խումբը հաջողությամբ է իրականացնում այդ գործը։ Գնահատելին այն է, որ աշխատանքներն ամենևին չեն խաթարում մայրաքաղաքի այս կարևոր հանդիսատեսային շենքի ո՛չ արտաքին, ո՛չ էլ ներքին տեսքերը (հեղինակներ՝ Գևորգ Քոչար և Տիրան Երկանյան):

Հայրենիքի համար մարտնչած Բաղդասար Արզումանյանն իր հոգու պարտքն է համարել մասնակցել պատերազմում զոհված հայ մարտիկների հիշատակի հավերժացման սրբազան գործին։ Իր նախագծերով հայրենի գյուղում և Հայաստանի տարբեր շրջաններում կառուցվում են տասից ավելի հուշարձաններ, որոնք ճարտարապետության փոքր ձևերի լիարժեք ստեղծագործություններ են։

Վերը շարադրվածներով չեն լրանում Բաղդասար Արզումանյանի վաստակին պատկանող գործերը։ Ուստի ստորև հարկ է հիշատակել ինքնուրույն կամ հեղինակակցությամբ նախագծված տարբեր տիպի շենքերը.

ա «Էրեբունի» հյուրանոցի շենքը՝ տեղադրված Հանրապետության հրապարակի հարավակողմի հետնամասում (հեղինակային խումբ).

բ. Կիրովի անվան գործարանի բնակելի տները Երևանի Թամանցիների փողոցում.

գ Բնակելի տուն Սվերդլովի (այժմ՝ Փավստոս Բուզանդի փողոցում, որի մի ճակատն ուղղված է Մաշտոցի պողոտայի կողմը, ուր «Աերոֆլոտի» բաժանմունքն է.

դ. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության շենքը

ե. ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության շենքը.

զ. 8–ամյա դպրոցի շենք Օշական գյուղում.

է. Երևանի Աջափնյակ բնակելի շրջանի 2-րդ, 4-րդ, 7-րդ, 10-րդ և 15-րդ թաղամասերի բնակելի տները (նախագծված հեղինակային խմբերով)։

Բաղդասար Արզումանյանը` հայրենի բնության և այն զարդարող ճարտարապետական հուշարձանների պաշտամունք ուներ։ Իր բազմաբնույթ գործունեությունը նա մշտապես զուգակցում էր հայրենի պատմական կոթողների ուսումնասիրությամբ։ Ճարտարապետ Շմավոն Ազատյանի հետ կատարել են ճարտարապետական բազմաթիվ հւշարձանների չափագրություններ։ Այդ շնորհակալ աշխատանքը միևնույն ժամանակ մեծապես նպաստել է հեղինակներին՝ խորամուխ լինելու հայկական ճարտարապետության և զարդարվեստի հնարքներում, դասեր առնելու միջնադարի մեծատաղանդ վարպետներից, ինչը իր անդրադարձն է ունեցել նրանց ստեղծագործություններում։

Այդ է պատճառը, որ Բաղդասար Արզումանյանի արվեստը ինքնաբուխ ազգային է և հոգեհարազատ ժողովրդին։ Դրանում դրսևորված է նրա մտածելակերպի ողջ էությունը, բազմաժանր կերպով արարելու անսպառ հնարավորությունը։ Դա դրոշմված է ներկա աշխատության առաջին բաժնում քննարկված գործերում, առավելապես Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի գահակալների պատվերով կատարված իրագործումներում։ Դրանցով բազմատաղանդ Բաղդասար Արզումանյանը արժանի տեղ է գրավել նորօրյա հայ ճարտարապետության Թամանյանական դպրոցի վարպետների շարքում:

Բաղդասար Արզումանյանը ընկերական շրջանում հանրահայտ էր նաև որպես բարձրաշնոր ծաղրանկարիչ։ Դիպուկ են նրա հերոսների սրամիտ արտահայտությունները, յուրաքանչյուրում արտահայտված են նրանց դեմքերի ու բնավորության առանձնահատկությունները։ Հնարավոր չէ առանց լիաթոք ծիծաղի դիտել ճարտարապետներ Ռաֆայել Իսրայելյանի, Հովհաննես Հակոբյանի (Յանսոնի), Հովհաննես Բաբաջանյանի ու պրոֆեսոր Լևոն Մանուչարյանի ծաղրանկարները:

Սերգեյ Արուտշյանից հետո Բաղդասար Արզումանյանը երկրորդ ճարտարապետն է, որ հանդես է եկել որպես ծաղրանկարիչ։ Առաջինը դարձավ միայն հանրահայտ ծաղրանկարիչ, իսկ Բաղդասար Արզումանյանը մնաց հավատարիմ իր մասնագիտությանը՝ պակաս հայտնի որպես ծաղրանկարիչ։

Բաղդասար Արզումանյանը բարոյական բարձր նկարագրի տեր էր, ընկերասեր, բարի: Այս հատկություններով նա սիրվեց, հարգանքի արժանացավ, բարի հիշատակ թողեց իրեն ճանաչողների, իր ստեղծագործական վաստակը գնահատողների շրջանում։

Ի գնահատումն նրա ստեղծագործական վաստակի՝ պարգևատրվել է «Պատվի համար» շքանշանով, մեդալներով, արժանացել «Վաստակավոր շինարարի» պատվավոր կոչման, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև» շքանշանի:

 

Վարազդատ Հարությունյան

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39

ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38

Բաքվում շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները

05.12.2025 12:16

Սյունիքում սպասում են ՀՀ ոստիկանապետի պարզաբանմանը՝ ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում և ինքնիրավչությամբ զբաղվել

05.12.2025 11:38

Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով

05.12.2025 10:44

Տարեկան պետք է տնկել 20–25 միլիոն ծառ. Մելիքյանը՝ հրդեհների ու օդի աղտոտվածության մասին

05.12.2025 10:35

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան

04.12.2025 18:56

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին․ փաստաբան

04.12.2025 18:52

Իրանի կառավարությունը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից

04.12.2025 17:34

Մոսկվան կոշտ արձագանքով է սպառնում Եվրոպայում սառեցված ակտիվների հետ անօրինական քայլի դեպքում

04.12.2025 16:59

Ռուսաստանը միշտ արել է հնարավորը՝ հայ-ադրբեջանական կարգավորման համար. Շոյգու

04.12.2025 16:54

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության հանընդհանուր ապահովագրության և պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծերը

04.12.2025 16:49