«Բակունցյան Կյորես». Գորիսում կայացավ հանրապետական նկարչական սիմպոզիում

07.05.2026 15:17
440

2026 թ. ապրիլի 29-ից մայիսի 3-ը Գորիսում կայացավ «Բակունցյան Կյորես» հանրապետական նկարչական սիմպոզիումը, որը նախաձեռնել և իրականացրել էր «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը՝ ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի և Ակսել Բակունցի տուն-թանգարանի հետ համատեղ։

Սա հիմնադրամի առաջին խոշոր նախաձեռնությունն էր, որն իր շուրջը համախմբեց ժամանակակից հայ կերպարվեստի ճանաչված ներկայացուցիչներին՝ միավորելով ստեղծագործական աշխատանքը, մշակութային երկխոսությունն ու Բակունցի ժառանգության նորովի ընկալումը։

Նախաձեռնությունը միաժամանակ միտված է ձևավորելու Գորիսը որպես կենդանի ստեղծագործական միջավայր և հիմք դնելու բակունցյան թեմատիկ կերպարվեստային հավաքածուի ստեղծմանը։

Սիմպոզիումին մասնակցում էին գեղանկարիչներ Արտաշես Աբրահամյանը, Արա Հայթայանը, Վահագն Գալստյանը, Հրաչյա Սաֆարյանը, Վահագն Ջիվանյանը, Սրապիոն Դանիելյանը, Կարեն Բարսեղյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի գլխավորությամբ։

Մի քանի օր շարունակ արվեստագետները ստեղծագործում էին պլեներային միջավայրում՝ Գորիսի և հարակից տարածքների կարևոր վայրերում՝ Հին Գորիսում (Կյորես), Հին Խնձորեսկում, Վերիշենում՝ Պղնձաքերծի տարածքում։ Այս օրերին Կյորեսը նրանց համար դարձավ ոչ միայն բնապատկեր, այլ նաև հիշողության, գրականության և ներքին ապրումների տարածք, որտեղ Բակունցի աշխարհը վերածվում էր գույնի, լույսի և ձևի։

Սիմպոզիումի ընթացքում կազմակերպվեցին նաև մշակութային շրջայցեր, ինչպես նաև այց Ակսել Բակունցի տուն-թանգարան, որտեղ տեղի ունեցավ մշակութային հանդիպում և քննարկում Գորիսի մտավորականների հետ։

Սիմպոզիումն ամփոփվեց Գորիսի «Պասաժ» ռեստորանային և հյուրանոցային համալիրում կայացած ստեղծագործական երեկոյով, որի ընթացքում արվեստագետները կիսվեցին տպավորություններով և անդրադարձան Կյորեսի բնաշխարհի իրենց գեղարվեստական ընկալմանը։ Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի տնօրեն Թեհմինա Մարությանը, Ակսել Բակունցի տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը, ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ, գեղանկարիչ Արամ Մաշուրյանը՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը՝ Բակունցի ժառանգության պահպանման, հանրահռչակման և ժամանակակից մշակութային կյանքում նրա ներկայությունը կենդանի պահելու տեսանկյունից։

Հիմնադրամի տնօրեն Թեհմինա Մարությանի կողմից մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։ Հանդիսավոր կերպով շնորհակալագիր հանձնվեց նաև Գորիսի «Պասաժ» ռեստորանային և հյուրանոցային համալիրի տնօրենությանը՝ ի դեմս Շահեն Օհանյանի, սիմպոզիումին ցուցաբերած հովանավորության և մասնակիցների ջերմ հյուրընկալությունն ապահովելու համար։ Երեկոյի ընթացքում «Պասաժ» համալիրին հանձնվեց նաև սիմպոզիումի շրջանակում ստեղծված գեղանկարչական աշխատանքներից մեկը՝ որպես երախտագիտության և համագործակցության խորհրդանիշ։ ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նույնպես հանդես եկավ շնորհակալական խոսքով և նվերներ հանձնեց հիմնադրամին՝ բարձր գնահատելով նախաձեռնության գաղափարական նշանակությունն ու կազմակերպչական մակարդակը։

Սիմպոզիումի կարևոր պայմաններից էր, որ մասնակից արվեստագետներից յուրաքանչյուրը մեկական ստեղծագործություն նվիրի հիմնադրամին՝ ձևավորելով բակունցյան թեմատիկ կերպարվեստային հավաքածուի հիմքը։ Այդ համատեքստում արվեստագետները սիմպոզիումի ընթացքում ստեղծած իրենց աշխատանքներից մեկը նվիրեցին հիմնադրամին՝ ընդգծելով նախաձեռնության գաղափարական նշանակությունը և շարունակականությունը։

Սիմպոզիումի ընթացքում ստեղծված աշխատանքները կներկայացվեն ցուցադրությամբ 2026 թ. հունիսի 13-ին՝ Ակսել Բակունցի ծննդյան օրը, նրա տուն-թանգարանում, ինչը կդառնա նախաձեռնության կարևոր շարունակությունն ու հանրային ներկայացման փուլը։

Սիմպոզիումի իրականացման գործում առանցքային դեր է ունեցել Գորիսի «Պասաժ» ռեստորանային և հյուրանոցային համալիրը, որն ապահովել է մասնակիցների գիշերակացն ու հյուրընկալությունը։ Միաժամանակ «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը խորին երախտագիտություն է հայտնում բոլոր այն անհատներին և աջակիցներին, որոնց մասնակցությամբ հնարավոր դարձավ այս նախաձեռնության իրականացումը։ Մասնավորապես՝ գորիսեցի գործարար Վաչագան Հովհաննիսյանին, գեղանկարիչ Ժիրայր Մարտիրոսյանին, Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Միքայել Մաշուրյանին, Գորիսի «Խորեայի ձոր» ռեստորանային համալիրի տնօրենությանը՝ ցուցաբերած աջակցության և համագործակցության համար։ Հիմնադրամը գործում է նվիրյալների շնորհիվ՝ այն մարդկանց, ովքեր գիտակցում են, որ Ակսել Բակունցը մեր մեծագույն արժեքներից է և նրա անունն ու ժառանգությունը պարտավոր ենք պահպանել և փոխանցել։

«Բակունցյան Կյորես» սիմպոզիումը դարձավ ոչ միայն ստեղծագործական հանդիպում, այլև մի կարևոր քայլ՝ Բակունցի աշխարհի նորովի ընթերցման և ժամանակակից արվեստի հետ նրա կապի ձևավորման ճանապարհին՝ հաստատելով, որ գրականությունն և կերպարվեստը կարող են հանդիպել նույն տարածքում՝ ստեղծելով նոր որակ և նոր մշակութային շերտ։

 

«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34