Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՕՄԲՈւԴՍՄԵՆ»-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ
Օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի, այսպես կոչված, մարդու իրավունքների հանձնակատարը 2026 թվականի մարտի 30-ին հայտարարել է, որ «…պատմության տարբեր փուլերում ադրբեջանցիները հայերի կողմից ենթարկվել են էթնիկ զտումների և ցեղասպանության նպատակաուղղված քաղաքականության:
1918 թվականի մարտ-ապրիլ ամիսների իրադարձություններն այդ քաղաքականության ամենաարյունալի և ամենաողբերգական դրսևորումներից մեկն էին։ Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության մի շարք գործողությունների վերաբերյալ և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանության ակտ»:
Առայժմ մի կողմ թողնենք այն հարցի քննարկումը, որ Ադրբեջանի նման բռնապետական երկրում չի հարգվում ու պաշտպանվում մարդու իրավունքը, էլ ուր մնաց, թե այդպիսի երկրում գոյություն ունենա մարդու իրավունքների հանձնակատար: Հետևաբար, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարն իրականում Իլհամ Ալիևի հակահայկական քաղաքականության իրականացման գործում վերջինիս հանձնարարությունները կատարող հերթական պաշտոնյան է, ոչ ավելին:
Այժմ ըստ էության:
Նախ, պետք է նշել, որ մեջբերվածը կատարյալ սուտ է ու կեղծիք, որը չի ապացուցվում օբյեկտիվ, անաչառ ու արժանահավատ փաստերով: Իսկ իրականությունը հետևյալն է: 108 տարի առաջ՝ 1918 թ. սեպտեմբերի սկզբներին, Կովկասյան իսլամական բանակը Հայոց ցեղասպանության դահիճներից մեկի՝ Էնվեր փաշայի կրտսեր եղբոր՝ գեներալ-լեյտենանտ Նուրի փաշայի հրամանատարությամբ գրավել է Բաքուն և այնտեղ իրականացնել 30.000-ից ավելի հայերի կոտորած, այսինքն՝ ցեղասպանություն:
106 տարի առաջ` 1920 թվականի մարտի 22-ին, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի վարչակազմի կողմից սկսվել և չորս օր անընդմեջ՝ մինչև մարտի 26-ը ներառյալ, իրականացվել է հայոց հինավուրց բնակավայրերից մեկի՝ Շուշիի հայության ցեղասպանությունը: Այդ թվականին Շուշիում ապրում էր մոտավորապես 44.000 մարդ, որից մոտավորապես 24.000-ը հայեր էին, 20.000-ը՝ պարսիկներ, լեռնային մահմեդականներ և այլն:
Իրականացված ցեղասպանության հետևանքով հայերի թիվը կտրուկ նվազել և կազմել է մոտավորապես 5000 մարդ: Բաքվում և Շուշիում իրականացված հայերի ցեղասպանությունը ոչ միայն ոճրագործություն էր հայ ազգի նկատմամբ, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություն:
Առաջադեմ մարդկության կողմից այն մինչ օրս չի ստացել ոչ քաղաքական, ոչ էլ իրավական գնահատական, ինչը թույլ է տվել Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերին ձևավորել և ինստիտուցիոնալացնել հայատյաց ու ցեղասպան գաղափարախոսություն՝ անարգել շարունակելով ցեղասպանական քաղաքականության իրականացումն Ադրբեջանի տարածքում պատմականորեն ապրող հայերի և Արցախի բնիկ տեր հայության նկատմամբ:
Հայ ազգի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանական քաղաքականությունը նկատի առնելով` ցեղասպանության ուսումնասիրության և կանխարգելման հարցերով զբաղվող համաշխարհային հեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, վերջերս միանգամայն իրավացիորեն Ադրբեջանին բնորոշել է որպես ցեղասպան պետություն:
Այժմ Իլհամ Ալիևի հանձնարարությունները կատարողի՝ Ադրբեջանի, այսպես կոչված, մարդու իրավունքների հանձնակատարի հիշատակած «ադրբեջանցի» ազգության մասին: Համաձայն անհերքելի փաստերի՝ մինչև 1936 թվականը երկրագնդի վրա գոյություն չի ունեցել «ադրբեջանցի» ազգություն: 1936թ. դեկտեմբերի 5-ին «Ստալինյան Սահմանադրության» ընդունման արդյունքում Խորհրդային Ադրբեջանի բնակչությունն, անկախ իր ազգային պատկանելիությունից (թալիշներ, լեզգիներ, ուդիներ, թաթեր, ցախուրներ և այլն), կոչվեց «ադրբեջանցի», որը բառացի նշանակում է մարդ, ով բնակվում է Ադրբեջանում:
Սակայն, Ադրբեջանի վարչակազմը, «ադրբեջանցի» ասելով, հասկանում էր և այսօր էլ հասկանում է որպես ազգություն: Այսպիսով, պատմական-իրավական անժխտելի փաստերի համաձայն՝ Ադրբեջանի տարածքում ապրող տարբեր ազգային պատկանելիություն ունեցող էթնիկ խմբերի համար «Ադրբեջան» երկրի անունը 1936 թվականի վերջից սկսած դարձել է էթնոնիմ:
1918 թվականի դրությամբ «ադրբեջանցի» ազգություն գոյություն չունենալու և ապա 1936 թվականից «ադրբեջանցի» կոչվելու մասին վկայել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի համար, և ոչ միայն հանձնակատարի, պարտադրաբար կուռքի վերածված Հեյդար Ալիևը նախքան 1995թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի Սահմանադրության ընդունումը մտավորականության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որտեղ քննարկել են, թե ովքեր են իրենք և ո՞րն է իրենց լեզուն: Հանդիպմանը Հեյդար Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Սկզբում մեզ անվանում էին թաթարներ,… այնուհետև՝ 1918 թվականից հետո՝ թյուրքեր, 1936 թվականից՝ ադրբեջանցիներ։ Ի՞նչ անել»:
Այսպիսով, 1918 թվականի դրությամբ ոչ միայն ներկայիս Ադրբեջանի տարածքում, այլև ողջ երկիր մոլորակի վրա գոյություն չի ունեցել «ադրբեջանցի» ազգություն: Հետևաբար, 1918 թվականին հայերը չէին կարող և չեն ենթարկել ցեղասպանության գոյություն չունեցող «ադրբեջանցիներին»:
Այս ամենի հետ միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն և կարողություն ունեցող վարչակազմի ձևավորման պարագայում անհետաձգելիորեն պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր ի շարս Ադրբեջանի կողմից հայ ազգի նկատմամբ իրականացված բազմաթիվ հանցագործությունների, 1918 թվականին Բաքվում, 1920 թվականին Շուշիում, 1988 թվականին Սումգայիթում ու Գանձակում, 1990 թվականին Բաքվում, 1992 թվականին Արցախի Մարաղա գյուղում, 2020 և 2023 թվականներին Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի վարչակազմի կողմից պետական մակարդակով ծրագրված և իրականացված հայության ցեղասպանությունները միջազգայնորեն ճանաչելի դարձնելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ