Համայն հայության շուրթերին և հոգում Անդրանիկ Օզանյանի անունը, գործն ու հիշատակը հավերժ հիշատակվելու է անհուն սիրով, երանելի նվիրումով և անբեկանելի պաշտամունքով։
Իրեն ժամանակակից և հետագա սերունդների կողմից Անդրանիկն արժանացել է ազգային հերոսի պատվատիտղոսին։ Նրա մասին այնքան շատ է գրվել․ գիտական ուսումնասիրություններ, մենագրություններ, գիտական ժողովածուներ, գեղարվեստական երկեր, վեպեր, էսսէներ, պատմվածքներ, պոեմներ ու բանաստեղծություններ, որոնցով, ըստ ամենայնի, արժանի հարգանք ու մեծարանք է մատուցվել նրա հերոսական կյանքին և գործին։
Եվ այս ամենին յուրաքանչյուր անցնող սերունդ ավելացնում է իրենը, իր խոսքն ու գնահատականը նրա երբեք չխամրող անվան և հիշատակի հանդեպ։
1865թ․ փետրվարի 25-ին հայոց Շապին-Գարահիսարում Անդրանիկ անունով լույս աշխարհ եկած մանուկն ի վերուստ տրված հրամայականով դառնալու էր 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայկական ազատամարտի անզուգական, ամենից հեղինակավոր և պաշտելի առաջնորդն ու հերոսը։
Իսկ վերոնշյալ ժամանակաշրջանում հայ ժողովուրդն անտանելի կերպով կեղեքվում էր օսմանյան բռնակալության արյունոտ ճիրաններում։ Անդրանիկն իր մանկության և պատանեկության տարիներին պարզորոշ տեսավ, զգաց այդ բռնության ու կեղեքման ահավոր պատկերն ու մասշտաբները։ Նա գաղափարական խորին համոզվածությամբ դարձավ երդվյալ հեղափոխական և ուխտեց մինչև վերջ կռվել հայ ժողովրդին բռնությունից ազատագրելու համար։ Իսկ 19-րդ դարավերջին Արևմտյան Հայաստանի լեռներում բռնկվել էր ֆիդայական հերոսամարտը։ Անդրանիկը զգալի ջանքեր գործադրեց այդ հերոսամարտին փառքով և պատվով միանալու համար։ Շատ շուտով Անդրանիկն Աղբյուր Սերոբի խմբում արդեն անուն հանած հայդուկ էր՝ քաջարի և ազնվաշունչ պահվածքով ու վարքագծով։ Դա 1890-ական թվականների կեսերին էր, ֆիդայական շարժումը նոր թափ էր առնում, իսկ արևմտահայությունը գոտեպնդվում էր այդ փաստից, որ ինքն ունի հուսալի նեցուկ և պաշտպան։
Սակայն օսմանյան իշխանությունները ցանկացած միջոցի դիմում էին ֆիդայական շարժումը գլխատելու համար։ Եվ դա նրանց որոշակի չափով հաջողվում է։ 1899 թվականին Սասնո Գելիգուզան գյուղում դավադրության զոհ է դառնում հայ հայդուկների հեղինակավոր պարագլուխը՝ Աղբյուր Սերոբը։ Անդրանիկը շատ չանցած հանեց փառապանծ հայդուկապետի վրեժը և անձամբ կտրեց սուլթանի հավատարիմ Խալիլի գլուխը, որով նորից ոգևորեց հուսահատության մատնված ժողովրդին։
Արդեն 1901թ․ սկզբներից Անդրանիկն ընտրվեց ապստամբական (ֆիդայական) բոլոր ջոկատների ընդհանուր հրամանատար։ Օրեցօր աճող նրա հեղինակությունն ընդունում էին անգամ քրդական ցեղապետերը։ Անդրանիկի գլխավորությամբ մարտական նոր կորով ներարկվեց ֆիդայական բոլոր ուժերին, որի ցայտուն արտահայտությունը եղան խոշոր մասշտաբի մարտական գործողությունները։ Անդրանիկի՝ որպես անուրանալի ռազմական փորձառությամբ և տաղանդով օժտված հայդուկապետի զարմանալի ունակությունները լիուլի բացահայտվեցին 1901թ․ խոր աշնանը, երբ նա արտակարգ հնարամտությամբ և խիզախությամբ վարեց Մշո դաշտում գտնվող Առաքելոց վանքի պաշտպանությունը, որը տևեց գրեթե մեկ ամիս։ Այդ անհավասար, սակայն հերոսական գոյամարտը ողջ հայության առջև փառքով պսակեց Անդրանիկի և նրան աջակից հայ հանդուգն ֆիդայինների անունները։ Ավելին, Անդրանիկի անունը հանրաճանաչ դարձավ նաև եվրոպական թերթերի և հանդեսների ընթերցողներին։
Որպես հայդուկապետ հաջորդ մեծամասշտաբ գործողությունը Սասնո 1904 թվականի ինքնապաշտպանությունն է։ Անդրանիկն իր հերոս տղերքով կռվեց մինչև վերջին փամփուշտը, սակայն ուժերը խիստ անհավասար էին։ Սասունի վրա գալիս էին նորանոր մարտական զորամասեր, քրդական հրոսակախմբեր։ Սասունի յուրաքանչյուր հայկական բնակավայր մինչև վերջ դիմադրեց թշնամուն։ Սակայն, ի վերջո, Սասունը խեղդվեց և այրվեց բոցերի մեջ։ Թշնամին արյան խրախճանք սարքեց Սասնո աշխարհում և հարակից գավառներում։ Օսմանյան բռնապետությունը տոնում էր իր արյունաշաղախ հաղթանակը, իսկ հայ ֆիդայական ուժերն անցնում էին ընդհատակ։ Անդրանիկը ստիպված էր լքել երկրի սահմանները և Կովկասի վրայով անցնել արտասահման։ Երկար տարիներ նա ստիպված էր ապրել բուլղարական տարագրության մեջ։ Սակայն նորից եկավ նրա ժամանակը։
1912թ․ աշնանը բռնվեց Բալկանյան առաջին պատերազմը։ Չեռնոգորիան, Հունաստանը, Սերբիան, Բուլղարիան պատերազմ սկսեցին Թուրքիայի դեմ՝ նրան Բալկաններից լիովին դուրս մղելու համար։ Կամավորական շարժման մեջ ակտիվ ներգրավվեց նաև բուլղարահայությունը։ Եվ նրանց հայացքն ուղղվեց դեպի Անդրանիկն ու Նժդեհը, որոնք և գլխավորեցին 273 հոգուց բաղկացած հայկական զորամասը։ Հայ կամավորները կռվում էին ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներում և ցուցաբերում անվեհերության և անձնազոհության բացառիկ օրինակներ։
Բուլղարական թերթերը փառաբանում էին հայկական զորաջոկատի քաջագործությունները․ «Հայկական վաշտը հպարտորեն ծածանում էր իր դրոշը։ Նրա մոտ կանգնած էր փառապանծ հայ ազգային հերոս, հին հեղափոխական Անդրանիկը․․․»։
Բալկանյան պատերազմը փառքի նոր դափնիներ ավելացրեց Զորավարի անբեկանելի հեղինակությանը։ Նա պարգևատրվեց 4-րդ և 3-րդ աստիճանի «Քրիստի Խրապրուզ» արծաթե խաչերով ու 2-րդ աստիճանի ոսկյա «Քաջության խաչով»։
Բալկանյան պատերազմի որոտները դեռ նոր էին լռել, երբ Եվրոպայում սկսվեց աշխարհավեր մի նոր պատերազմ՝ Առաջին աշխարհամարտը։ Հայ ժողովրդի երկու հատվածի (արևմտահայության և արևելահայության) համար էլ ստեղծվեց ծանրագույն՝ վտանգավոր ու տագնապալից կացություն։ Ռուսաստանը և Թուրքիան պատերազմի ելան իրար դեմ։ Կովկասում սկզբնավորվեց կամավորական շարժումը։ Անդրանիկը կանգնեց կամավորական շարժման գլուխ և գլխավորեց ամենամեծ զորամիավորումը՝ հայկական առաջին կամավորական գունդը։ Հայ կամավորական գնդերը աննախադեպ խանդավառությամբ և ժողովրդական զանգվածների ջերմ աջակցությամբ մեկնեցին ճակատ։ Անդրանիկի ռազմական կորովն ու տաղանդն իրեն զգացնել տվեց և փայլատակեց ամենուրեք։ Հատկապես նշանակալից ու հերոսական էր Անդրանիկի զորաջոկատի մասնակցությունը Դիլմանի ճակատամարտին (1915թ․ ապրիլ 18)։ Անդրանիկի կամավորական բանակը շտապում էր հասնել Վան, քանզի հայտնի էր, որ ապստամբ Վանի հայ բնակչությունը գտնվում է պաշարման վիճակում։
Առաջին գունդը մարտերով առաջ գնաց և Վանա լճի հարավային եզերքն ազատագրեց թուրք-քրդական ուժերից։
Սակայն, որքան էլ խիզախաբար կռվեին հայ կամավորական ուժերը, միևնույնն է դրության տերը ռուսաց հրամանատարությունն էր, որն էլ անհասկանալի կերպով՝ 1915թ․ հուլիսի սկզբներից որոշեց նահանջել գրաված տարածքներից, որն էլ հնարավորություն տվեց հակառակորդին՝ կազմակերպելու դեռևս կենդանի մնացած արևմտահայության ջարդն ու կոտորածը։
Անդրանիկի հաջորդ խիզախումները կապված են Արևելյան Հայաստանի հետ և վերաբերվում են 1918-1919 թվականներին։ Նախ՝ որպես նոր կազմավորված Երկրապահ դիվիզիայի հրամանատար (ռուսական բանակի հրամանատարության կողմից նրան շնորհվեց գեներալ-մայորի կոչում) ուղևորվեց դեպի Արևմտյան Հայաստանի խորքերը՝ Էրզրումը պաշտպանելու համար։ Չնայած նրա հերոսական ճիգերին՝ չհաջողվեց թուրքերին կանգնեցնել Էրզրումի մատույցներում։ Նահանջելով դեպի Արևելյան Հայաստան, Անդրանիկը նոր կազմավորված Առանձին հարվածային զորամասի հետը դաժան ու համառ մարտեր մղեց բազմաթիվ վայրերում՝ Նախիջևանում, Խոյում, Վայոց ձորում, Սյունիքում, Լոռիում և այլուր։
Համառ, հանդուգն ու հերոսական էին Անդրանիկի մղած այդ կռիվները։ Հարվածող զորամասը փառքով պսակեց իր անունը։ Այդ զորամասի անձնակազմում էին Աղբյուր Սերոբի այրին՝ Սոսեն, սիբիրյան աքսորից վերադարձած ռուս կազակական զինվորների մի խումբ՝ իրենց պարագլուխներ Բորտի, ապա Կոլմակովի գլխավորությամբ, խարբերդցիների խմբից՝ բանակի բժիշկ Ռուբենը, զորամասի հրամանատարներից մեկը՝ Խ․ Բոնապարտյանը, հրամանատար Գեբեջին՝ իր զորամասով, գարահիսարցի Նազարն ու Արամն իրենց հեծյալ հարուրյակներով։ Նմանապես իրենց հեծյալ հարուրյակներով Անդրանիկի զորամասում հավատարիմ ծառայություն էին կատարում Արմենակը, Չաուշը, Մանուկը, սղերդցի Հարությունը, ալյուրցի Արշակ Մանարջյանը։ Զորամասի հետևակ վաշտերի հրամանատարներն էին քրդախոս Հովհաննեսը, Գիրգորը և Համբարձումը։ Զորամասն ուներ երկու լեռնային թնդանոթ, յոթ գնդացիր, զինապաշարի և սննդամթերքի ապահովման վաշտ՝ Հաջի Գևորգի և Վարդան Շահբազի գլխավորությամբ։ Զորամասի զինվորների թիվը հասնում էր մինչև երեք հազարի։
Ահա հենց այս զորամասը, որն ուղնուծուծով թունդ հայրենասիրությամբ էր շնչում, կարողացավ աննախադեպ քաջության և հերոսականության բազում օրինակներով փայլել։
Անդրանիկի զորամասը մի շարք ռազմերթեր կատարեց և անվախորեն մարտի մեջ մտավ քանակապես հզոր հակառակորդի հետ։ Հայաստանի հանրապետության կազմավորման և գործունեության հատկապես սկզբնական շրջանում Անդրանիկի զորամասն իր վրա գամեց թուրքական մեծաքանակ ուժերի ուշադրությունը և դրանով իսկ թուլացրեց թշնամու ճնշումը նորաստեղծ պետության վրա։ Անդրանիկը մեծագույն ջանքեր գործադրեց Սյունիքը պաշտպանելու ուղղությամբ, և ափսոս, կիսատ մնաց նրա ռազմարշավը դեպի Արցախ։ Շուշիի մատույցներից Անդրանիկը նահանջի հրաման տվեց զորքին՝ անգլիական զինվորականության պահանջով, որոնք սպառնում էին, որ Հայկական հարցն իր դրական լուծումը չի ստանա առաջիկա խաղաղության համաժողովում։
1919թ․ ապրիլին Անդրանիկը տեսակցելով Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, հանձնելով զորամասի գույքն ու ունեցվածքը, ստիպված էր տարագրվել արտասահման և կյանքի մնացած հատվածի զգալի մասը անցկացնել ամերիկյան վտարանդիության մեջ։ Զորավարը հաճախ էր կոչերով և ուղերձներով դիմում հայրենի ժողովրդին՝ մանավանդ ծանր տագնապների պահին։
Այս առումով, անչափ հատկանշական է 1918թ․ Ալեքսանդրապոլում նրա գրած խիստ հայրենասիրական կոչը, որը հրապարակվել է իր իսկ հիմնադրած «Հայաստան» օրաթերթում (1918թ․ հուվարի 9-ին)։ Մեկ հատված վերոնշյալ կոչից․ «Հայ ժողովուրդ, եթե ապրիլ կցանկաս, եթե քու Ավերակ հայրենիքի սև սուգը ծանրացած քու սրտին վրա, եթե քու անբաղդ եղբայրներու շիրիմները քեզ կհուզեն, եթե քու անմահ նահատակներու հիշատակին հարգանք ունիս, շարժվե և դիմե դեպի Հայրենիքը։ Կռվելու ընդունակ հայ զինվորներ․ անմիջապես վազեցեք, մտեք Ազատության և ինքնապաշտպանության դրոշի տակ երթալու Հայրենիք՝ պաշտպանելու զայն իրեն սպառնացող օրհասական վտանգեն»։
Այսօր, վաղը և ընդմիշտ խիստ արդիական են հնչելու Զորավար Անդրանիկի ոգեշունչ և իմաստուն պատգամները հայրենիքի պաշտպանության վերաբերյալ։
Այսօր և ընդմիշտ Անդրանիկի անունն ու գորքը թևավորելու և գոտեպնդելու են հայ ժողովրդի նորանոր սերունդներին, ովքեր միշտ ու մշտապես գիտացելու են, որ հայրենյաց դատի համար պետք է անել հնարավոր առավելագույնը՝ ինչպես լեգենդար զորավարը՝ իր ժամանակներում․․․
Արմեն Կարապետյան
Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հրապարակագիր