Բուհական համակարգի մերօրյա հիմնախնդիրները. հայացք Սյունիքից

24.10.2022 12:29
1188

Հանրապետության բուհական համակարգում ընթացող բարեփոխումների մասին է զրույցը Հայաստանի Մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանի հետ:

- Պարո՛ն Պետրոսյան, Ձեր երկարամյա մանկավարժական և գիտական գուրծունեությունը կապված է ինչպես հանրակրթության, այնպես էլ բուհական կրթության հետ, և շատերն են Ձեզ գնահատում որպես այդ ոլորտներին տիրապետող պրոֆեսիոնալի։ Անցյալ տարվա օգոստոսին մեր հեռուստատաղավարում ընդարձակ հարցազրույց ունեցանք հանրակրթության հարցերի վերաբերյալ։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ այսօր մեր հարցերը կվերաբերեն հիմնականում բուհական բնագավառին։

Համաձայն մի շարք հրապարակումների և պաշտոնատար անձանց ելույթների՝ առաջիկա մի քանի տարում նախատեսվում են լայնածավալ ռեֆորմներ Հայաստանի բուհական համակարգում խոշորացման գործընթաց, ակադեմիական ինստիտուտների միավորում համապատասխան բուհերի հետ, ուսանողական քաղաքի հիմնադրում և այլն։ Ինչպե՞ս եք գնահատում այդ նախաձեռնությունները և դրանց իրականացման հեռանկարները։

- Նախ ասեմ՝ կրթական գործընթացը թե՛ հանրակրթական, թե՛ բուհական կրթության կտրվածքով միշտ էլ ռեֆորմների կարիք ունի։ Դա կապված է գիտատեխնիկական առաջընթացի, կյանքի պայմանների բարելավման հարաճուն պահանջի, պետության և պետականության ամրապնդման, երիտասարդ սերնդի կրթադաստիարակչական գործընթացի կատարելագործման հրամայականի հետ։

Երևի տեղյակ եք, որ ամիսներ առաջ ՀՀ կառավարությունը հաստատել է կրթության զարգացման ծրագիրը՝ մինչև 2030 թվականն ընկած ժամանակաշրջանի համար։

Ծանոթացել եմ ծրագրին և կարծում եմ՝ ընդհանրական կարգով արտացոլում է հիմնական նպատակները և խնդիրները, որոնք այսօր կարելի է համարել արդիական։ Առաջարկվող ռեֆորմները նպատակ ունեն իրականացնելու հիշյալ ծրագրում տեղ գտած խնդիրների լուծումը։ Ըստ էության՝ ամեն մի ռեֆորմ նպատակաուղղված է ավելի արդյունավետ դարձնելու հատկացված միջոցների օգտագործումը և ստանալու հնարավորինս լավ արդյունքներ։

Բուհերի խոշորացման առումով կասեմ հետևյալը վերջին 10-15 տարում հանրապետության բուհերի մեծ մասում առաջացել է ուսանողական համակազմի, այդ թվում՝ որակյալ համակազմի համալրման խնդիր, իսկ առանձին բուհերում այն կրում է օրհասական բնույթ։ Այդ հանգամանքն անպայմանորեն ազդում է բուհական կրթության որակի վրա, քանի որ  ստիպված են լինում «հանդուրժել» բավարարից ցածր մակարդակ ունեցող ուսանողների գոյությունը, որովհետև բուհն ունի ֆինանսների հայթայթման խնդիր, իսկ ֆինանսների հիմնական աղբյուրը շատ դեպքերում վճարովի համակարգում սովորողների վարձավճարներն են։

Ինչ վերաբերում է ակադեմիական ինստիտուտները համապատասխան պրոֆիլային բուհերի հետ միավորելուն՝ առանց այդ էլ բուհերում գիտական աշխատանքներ իրականացվում են, սակայն կարծում եմ՝ բուհերի և ակադեմիական ինստիտուտների միավորմամբ գիտական աշխատանքների ծավալը և որակը կունենան առաջընթաց, քանի որ բուհերի դասախոսները, ասպիրանտները, հայցորդները, ինչու չէ՝ նաև ուսանողները հնարավորություն կստանան օգտվելու գիտահետազոտական այդ կառույցների փորձարարական բազայից, իսկ մյուս կողմից կբարելավվի գիտական նպատակների համար տրվող ֆինանսավորումը՝ ի հաշիվ բուհի կողմից տրվող լրացուցիչ հատկացումների։

Ուսանողական քաղաքի հիմնադրման առումով այն տեսակետն ունեմ, որ գաղափարը, ինքնին, վատ չէ։ Մի շարք զարգացած երկրներում նման քաղաքներ կան, սակայն, այս դեպքում, նախապատրաստական աշխատանքներ պետք է տանել, այն էլ՝ տևական ժամանակ (հնարավոր է՝ նույնիսկ մեկ տասնամյակ), որպեսզի ստեղծվեն լավագույն պայմանները, ինչը թույլ կտա իրագործել բուհական որակյալ կրթություն։

- Անդրադառնանք մեր մարզի բուհական խնդիրներին։ Ամիսներ առաջ խոսակցություններ էին շրջանառվում գործող բուհական հաստատությունների խոշորացման վերաբերյալ, առաջին հերթին՝ Գորիսի պետական համալսարանի և ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի միավորման ու մեկ տարածաշրջանային համալսարան ստեղծելու գաղափարի առնչությամբ։ Խնդրո առարկայի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք։

- Տեղյակ եմ այդ խոսակցություններին։ Հարցի նման լուծման պարագայում գործ կունենանք միավորում՝ հանուն միավորման տարբերակի հետ։ Որպես ինքնուրույն բուհ՝ Գորիսի պետական համալսարանը բարձրագույն կրթություն է իրականացնում հումանիտար, բնագիտական, ոչ մեծ ծավալով նաև տեխնիկական ուղղությամբ՝ հիմնականում երկու մասնագիտություններով։

Ինչ վերաբերում է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղին, ապա այնտեղ բուհական կրթություն իրականցվում է այնպիսի մասնագիտություններով, որոնք նախևառաջ միտված են տարածաշրջանի արդյունաբերական համալիրի, առաջին հերթին՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունների համար բարձրագույն կրթությամբ որակյալ կադրերի պատրաստմանը։ Այդ խնդիրը շատ կարևոր է, և նման կադրերի պատրաստման գործընթացը ավելի իրատեսական է հանրապետության խոշորագույն տեխնիկական բուհի՝ ՀԱՊՀ-ի կազմում իրականացնելու պայմաններում՝ ելնելով ներքոհիշյալ հանգամանքներից:

1) Բուհի կազմում մասնաճյուղը պարբերաբար մասնակցում է ուսումնական պայմանների բարելավմանը, լաբորատոր բազայի հարստացմանը:

2) Մասնաճյուղի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները, շատ ավելի լավ (նաև որոշակիորեն արտոնյալ) պայմաններում, ուսումը շարունակում են մայր բուհի մագիստրատուրայում՝ ստանալով որակյալ մագիստրոսական կրթություն։

3) Մասնաճյուղի հայցորդները, իրենց մասնագիտությամբ, մայր բուհի պրոֆեսորների ղեկավարությամբ կատարում են գիտահետազոտական աշխատանքներ, պաշտպանում ատենախոսություններ և ստանում գիտական աստիճաններ։

4) Առկա է բազմաբնույթ համագործակցություն մայր բուհի և մասնաճյուղի միջև՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման, առանձին առարկաների դասավանդմանը մայր բուհի առաջատար մասնագետների ներգրավման ուղղությամբ։

Համագործակցության ձևերի թվարկումը կարելի է շարունակել, սակայն վերոնշյալն էլ բավարար է՝ գնահատելու մեր տարածաշրջանում բարձրագույն տեխնոլոգիական-ճարտարագիտական կրթության կազմակերպման համար՝ հանրապետության խոշորագույն տեխնոլոգիական-ճարտարագիտական բուհի կազմում մասնաճյուղի կարգավիճակում ընդգրկված լինելու առավելությունները։

Կարծում եմ՝ առաջիկա ժամանակաշրջանում մայր բուհի և Կապանի մասնաճյուղի համագործակցության շնորհիվ նշված առավելություններն ավելի ցայտուն կդրսևորվեն, քանի որ վերջին 1,5 տարում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ռեկտոր Գոռ Վարդանյանի ղեկավարությամբ, ձեռնամուխ է եղել բուհում տարվող գիտական և ուսումնական աշխատանքների նորովի, շատ ավելի արդյունավետ կազմակերպմանը, կառավարման համակարգի կատարելագործմանը, բուհի միջազգային կապերի աննախադեպ մասշտաբներով ընդլայնմանը, երկրի պաշտպանության մակարդակի բարձրացմանը՝ մի շարք ծրագրերի իրականացման միջոցով։

- Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ կառավարության գործունեությունը կրթության բնագավառում։

- Սովորաբար սպառիչ գնահատական տալիս են նախատեսված ծրագրերի իրագործման ուղղությամբ կատարված աշխատանքներն ավարտելուց և ստացված արդյունքները գնահատելուց հետո։ Սակայն թե՚ հանրակրթության և թե՚ բուհական կրթության ոլորտներում նախանշված հեռանկարային ու միջնաժամկետ ծրագրերը,  իրականացվող աշխատանքները, ռեֆորմների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման՝ կառավարության պատրաստակամությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը և հետևողական վերաբերմունքը կրթական համակարգին առնչվող խնդիրների նկատմամբ,  ԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմի կարողունակությունը հույս են ներշնչում, որ բնագավառում կիրականացվեն այնպիսի ռեֆորմներ, որոնք միտված կլինեն հանրապետության տնտեսության հետագա զարգացմանը, մարդկանց իրավագիտական մակարդակի, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը։

- Տասնմեկերորդ տարին է՝ աշխատում եք ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում, այդ ընթացքում շուրջ հինգ տարի ղեկավարել եք մասնաճյուղը և, իմ ու մեր քաղաքացիներից շատերի կարծիքով, արձանագրել եք բավականին հաջողություններ։ Ներկայումս առկա խնդիրներից համառոտ կցանկանայի նշեք այն կարևորը, որն առաջնահերթ լուծման կարիք ունի։

- Խնդիրներ, իհարկե, միշտ էլ եղել են, կան ու կլինեն, սակայն, իմ կարծիքով, այս պահին լուրջ հիմնահարց է մասնաճյուղը որակյալ դիմորդներով համալրելը և ուսանողական համակազմի պահպանումն ու զարգացումը։ Վերջին տարիներին ստացվել է այնպես, որ մասնաճյուղ դիմած դիմորդների քանակը համեմատաբար քիչ չէ, սակայն նրանցից շատերը պարզապես չեն կարողանում հաղթահարել ընդունելության քննությունների շեմը, և ունենում ենք ոչ քիչ դիմորդներ, սակայն՝ քիչ ընդունվողներ։ Դա էլ իր հերթին հանգեցնում է ուսանողների թվի նվազմանը, որը, ինչ խոսք, բացասաբար է անդրադառնում մասնաճյուղի բնականոն գործունեությանը։

Նման իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ հանրակրթական դպրոցներում, մեղմ ասած, բարվոք մակարդակի չէ բնագիտական առակաների, այդ թվում՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցման որակը։ Դպրոցների այս վիճակն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, որը խոսակցության առանձին նյութ է։

Մեր մասնաճյուղի ուսանողական համակազմը որակյալ դիմորդներով համալրելու ճանապարհը, կարծում եմ, կարճ ժամանակահատվածում մասնաճյուղի կազմում (որպես առանձին ստորաբաժանում) ավագ դպրոցի հիմնումն է։ Դրա համար անհարաժեշտ է ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացնել համպատասխան քանակի տեղեր 10-12-րդ դասարանների համար՝ համարժեք ֆինանսական միջոցներով, ինչպես արվում է ավագ դպրոցների համար։ Ուսուցման և մյուս պայմանները՝ որակյալ մանկավարժական կադրեր, ուսումնական և նյութատեխնիկական բազա՝ մասնաճյուղն ի վիճակի է ապահովել իր հնարավորություններով։

Խնդրի նման լուծմանը դրականորեն են վերաբերվում մասնաճյուղի հարևանությամբ գործող երկու հիմնական դպրոցների և՛ մանկավարժները, և՛ աշակերտները, և՛ նրանց ծնողները։ Կարծում եմ՝ պարզ է. սովորողները ստիպված չեն լինի քաղաքի արվարձանում գտնվող իրենց տներից կտրել-անցնել մեծ հեռավորություն, տրանսպորտի համար ծախսել գումար և ուսումը շարունակել քաղաքի կենտրոնում գտնվող ավագ դպրոցներում։ Բացի այդ, մասնաճյուղի ավագ դպրոցն իր գործունեությամբ կստեղծի բնագիտական առարկաների ուսուցման մրցակցություն, որն էլ կստիպի մյուս դպրոցներին՝ ավելի լուրջ մտածել այդ առարկաների ուսուցման կազմակերպման հարցի շուրջ։

Հարցազրույցը՝

Վահրամ Օրբելյանի

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25