Ճանաչված գյուղատնտեսը՝ գյուղացու հոգսերի եւ, իհարկե, մեղվաբուծության մասին

15.08.2016 15:02
2622

Երբ ասում ենք, որ այսինչը հազար թելերով, արմատներով կապված է իր հողին-ջրին, մի տեսակ ծեծված, ծամծմված միտք է թվում, ուղղակի պատկերավոր արտահայտություն: Բայց եթե լինեք Հարժիսում եւ հյուրընկալվեք Մխիթար Հայրապետյանի օջախում, կհամոզվեք, որ ասվածը հենց նրան ու նրա նմաններին է վերաբերում:

Առաջին անգամը չէ, որ լինում եմ նրա տանը, եւ ոչինչ զարմանալի չէ ինձ համար, ինչը զարմացնում, նաեւ հիացնում է ընկերներիս: Այդ հաճելի պահը ես ապրել եմ 20-25 տարի առաջ, երբ առաջին անգամ բացեցի նրանց դուռը: Վաղուց, շատ վաղուց հայտնի է, որ տարածաշրջանի ամենաջրապակաս գյուղը Հարժիսն է: Սերնդից սերունդ է անցնում զրույցն այն մասին, թե երբ օտարականը Հարժիսով անցնելիս խմելու ջուր է խնդրել, նրանից ներողություն են խնդրել եւ ջրի փոխարեն առաջարկել կաթ կամ թան: Այսօր էլ շատ բան չի փոխվել: Բայց դա չի խանգարել, որպեսզի Մխիթար Հայրապետյանն արտաքինով գյուղի մնացած տներից չտարբերվող իր առանձնատանը ստեղծի քաղաքի լավագույն բնակարանների կոմունալ-կենցաղային պայմաններին չզիջող տուն՝ սանհագույցով, տաք ջրով եւ այլ հարմարություններով: Ինչպես ասում են՝ ով ցանկանում, նա էլ ստեղծում է: Ահա սա էր զարմացրել ուղեկիցներիս: Իսկ դա Մխիթարը երեկ չի ստեղծել, այլ հեռավոր 1993 թվականին, երբ նոր էր ամուսնացել իր սիրելի կնոջ՝ Ջուլիետայի հետ, ով այսօր չորս զավակների, բազում թոռների մայր լինելուց զատ նաեւ ամեն ինչում ամուսնու թեւ ու թիկունքն է, նաեւ աշխատանքային ընկերը:

Մասնագիտությամբ գյուղատնտես է: 1973-ին՝ ինստիտուտն ավարտելուց հետո, վերադարձել է գյուղ եւ այլեւս գյուղից դուրս չի եկել, նպատակ էլ չունի: Նույնը խորհուրդ է տալիս նաեւ համագյուղացիներին, հատկապես երիտասարդներին, հնարավորության սահմաններում օգնում, աջակից լինում նրանց: Մեր հանդիպման նպատակն է որպես մասնագետի իմանալու նրա կարծիքը տարածաշրջանում գյուղատնտեսության, մասնավորապես մեղվապահության զարգացման հեռանկարների մասին, իմանալով, որ այն դարձել է նրա հիմնական զբաղմունքը:

Ցավ է ապրում եւ ցավով արձանագրում, որ իր իմացած գյուղատնտեսությունը եւ պաշտոնական փաստաթղթերում արտացոլվող գյուղատնտեսությունը՝ երկու տարբեր բաներ են: Հարժիսը վարելահողերի մակերեսով տարածաշրջանի ամենամեծ համայնքներից մեկն է: - Դրանց մակերեսը հասնում է 1100 հա-ի, - բարձրաձայն մտածում է նա եւ շարունակում: - Մեզ մոտ ոչ մի քառակուսի մետր հող անմշակ չի մնում: Դա լավ է, բայց գյուղացին հնարավորություն չունի հողին տալու անհրաժեշտը, որպեսզի նրանից էլ ստանա ցանկալին: Ու տարին-տարուն բերքատվությունն ընկնում է: Մեզ մոտ բերքատվությունն ընկնում է, իսկ պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ բարձրանում: 20 տարուց ավելի տնտեսության գլխավոր գյուղատնտեսն եմ եղել, հողին տվել ենք այն, ինչ պահանջվում է, բայց միայն մի տարի ենք հեկտարից 24,5 ց բերք ստացել: Դա շրջանի ամենաբարձր ցուցանիշն էր: Բանից պարզվում է, որ հողը պարարտացնելը, ցանքաշրջանառություն կիրառելն այնքան էլ ճիշտ չէ, - խոսքին հումոր է խառնում զրուցակիցս, - դրա համար էլ հացահատիկի բերքատվությունն այսօր հասել է 29 ցենտների: Բերքատվության հետ մեծանում է նաեւ մշակվող վարելահողերի մակերեսը, - նույն տոնով շարունակում է նա:

Ակամայից հիշում եմ մի օտարականի միտքն այն մասին, որ Հայաստանի տարածքը կկրկնապատկվի, եթե այն արդուկեն: Երեւի մեր սարերն ու ձորերն արդուկել են ու դրա հաշվին մեծացրել վարելահողերի մակերեսը: Նրա ասածին իմ կողմից ավելացնում եմ, որ տարածաշրջանում համայնքներ կան, որտեղ տասը տարուց ավելի վարելահողերի զգալի մասը չի մշակվում՝ ոչ եկամտաբեր լինելու պատճառով:

Եթե մարզի գյուղատնտեսության ղեկավարներն այդ հողատեսքերի տեղը չգիտեն, ես կօգնեմ նրանց: Տարիներ առաջ Խոզնավարի համայնքում հացահատիկային մշակաբույսերը զբաղեցրել են 250 հա մակերես, այսօր՝ այստեղ ցանքս է կատարվում 80 հա-ի, Վաղատուրում՝ 420-ից եւ ոչ մի հա-ի, Խանածախում  1000 հա-ից 150 հա-ի վրա: Գյուղը, մասնավորապես գյուղատնտեսությունը պետական հոգածության կարիք ունեն, սակայն բանը խոսքից այն կողմ չի անցնում: Բոլորիս աչքի առաջ գներն աջ ու ձախ աճում են, բացի գյուղացու աշխատանքի արդյունքից: Ինչքան հիշում եմ, գյուղացուց գյուղատնտեսական հիմնական մթերքի՝ հացահատիկի գնման գինը տասնյակ տարիներ շարունակ տատանվում է 80-120 դրամի միջակայքում, բայց այդ ընթացքում հացամթերքների, մասնավորապես թխված հացի գինը մի քանի անգամ բարձրացել է:

Զրույցը տեղափոխում ենք մեզ հետաքրքրող հիմնական հարցի՝ մեղվապահության շուրջ: Խորհրդային տարիներին Հարժիսի պետական տնտեսությունն ուներ մեղվապահական վեց օղակ՝ 1200 փեթակով: Հարժիսի մեղրի համբավը տարածված էր ամբողջ հանրապետությունում: Այսօր էլ այստեղ հաճույքով են զբաղվում մեղվապահությամբ: 10 ընտանիքից 9-ի բակում կամ այգում մեղվափեթակներ կարելի է տեսնել: Զբաղվում են բոլորը, բայց միայն 3 հոգի են հաճելին համատեղել օգտակարի հետ: Նրանցից յուրաքանչյուրն ունի 120-150 մեղվաընտանիք: Նրանցից մեկն էլ մեր հյուրընկալ տանտերն է: Այո, շատերն են զբաղվում, բայց միայն Մխիթար Հայրապետյանն է, ինչպես ասում են, այդ բանն անում «գիտությամբ»: Գյուղինստիտուտում ուսանելու տարիներին առանձնահատուկ հաճույքով էր հաճախում պրոֆեսոր Կոթուղյանի դասախոսություններին, իսկ վերջինիս արտահայտած այն միտքը, որ Հայաստանի լավագույն մեղրը Որոտանի կիրճի մեղրն է՝ հպարտությամբ էր լցնում նրա հոգին: Խորհրդային տարիներին էլ մի քանի փեթակ ունեին, բայց տնտեսության գլխավոր գյուղատնտեսի պաշտոնը դրանով լրջորեն զբաղվելու ժամանակ չէր թողնում: Զբաղվում էր՝ ինչպես բոլորը: Հետո ամեն ինչ փոխվեց: Հետխորհրդային տարիներին համարյա ամեն ինչով զբաղվում էր: Մեղվապահության հետ կով էր պահում, դրանց գլխաքանակը նույնիսկ հասցրեց 10-ի, ոչխարներ ուներ, հասկանալի է, նաեւ վար ու ցանքս է կատարում: Մի խոսքով շատ բանով էր զբաղվում, բայց ինչպես ընդունված է ասել՝ խախալի գլուխը բան չէր ընկնում: Հիմա ուրիշ է: Մեղուն հիմնական զբաղմունքն է: Փեթակների թիվը հասցրել է 150-ի: Կինը՝ Ջուլիետան, ով արդեն փորձառու մեղվապահ է դարձել, շատ է օգնում, թե չէ միայնակ ոչ թե դժվար, այլ անհնար կլիներ այդքանի խնամքը: Տնտեսությունը երկու մասի է բաժանել: Մոտ 100 ընտանիք դաշտ է տեղափոխել՝ մոտեցրել բերքին:

Մեր այցելության պահին տան կողքին տեղավորված փեթակների շարքերում էր՝ տիկնոջ հետ զբաղված էր մի ընտանիքի վրա այլ մեղուների հարձակումը կանխելու գործով: Բացատրեց՝ թույլ ընտանիք է, օրեր առաջ մայրը սատկել է: Նոր մայրն էլ դեռ չի ծնվել: Մի խոսքով «անտեր» է: Զգացել են, դրա համար էլ վրա են տալիս, թալան էր սկսվում: Հարցնում ենք՝ կանխեցի՞ք: Առայժմ այո, հետո կտեսնենք: Ոտքի վրա մեզ համար փոքրիկ դասախոսություն է կարդում. մեղուն հասարակության միջատ է կոչվում: Մեղվափեթակում շատ բան այնպես է, ինչպես մարդկային հասարակության մեջ, միայն թե ավելի կատարյալ եւ ավելի ազնիվ ձեւով: Հասարակությունը շատ բան ունի ընդօրինակելու այս միջատից: Ինչպես ասում են՝ խոսքը խոսք է բերում: Հարցնում ենք՝ իրեն կայացած ֆերմեր համարո՞ւմ է, թե՞ ոչ: Խուսափում է ուղիղ պատասխանից: Ինքը, իր նմանները պետության տեղը գիտեն, իսկ պետությունը, իշխանությունը իրենց տեղը՝ ոչ: Ուշադրության, օգնության կարիք են զգում՝ չկա: Խորհրդային տարիներին, երբ դժվարություններ կային շաքարավազի ձեռքբերման գործում, իսկ ավելի ճիշտ, երբ խանութներում իսպառ բացակայում էր այն, մեղվապահներն իրենց մեղուների քանակին համազոր շաքարավազ էին ստանում: Ակնարկում ենք տիկին Ռոզա Ծառուկյանի ղեկավարած կազմակերպության մասին: Չի՞ օգնում: Մի քիչ հեգնախառն՝ օգնում է, դժվարությունների մեջ հայտնված մեղվապահներից մեղրի կիլոգրամը շուկայականից կրկնակի անգամ էժան գնելով: Պարզվում է, որ գյուղացու արտադրած շատ մթերքների նման մեղրի իրացումն էլ լուրջ հիմնախնդիր է: Այն շուկայում չես վաճառի, ուղղակի չեն գնում: Մեր քաղաքացին մինչեւ մեղվապահին անձամբ չի ճանաչում՝ նրա մեղրը չի գնում: Իսկ եթե մեղրն արտահանե՞ք: Մխիթարը մեզ պարզաբանում է, մենք էլ այն դարձնում ենք ընթերցողի սեփականությունը՝ մեղրն այն եզակի մթերքն է, որի հայաստանյան շուկայում գոյություն ունեցող միջին գինը զգալիորեն գերազանցում է այդ մթերքի՝ միջազգային շուկայում գոյություն ունեցող գնին: Այս տարածքի մեղրն էլ հռչակված է իր որակով այն պատճառով, որ տարածքի բուսածածկույթը բազմազան է, հարուստ իր տեսակներով: Պակաս դերակատարում չունի էկոլոգիական մաքրությունը: Արդյունաբերական կենտրոններից հեռու գտնվելու հանգամանքը մեծապես օգնում է շրջակա միջավայրի մաքրության մակարդակի բարձրացմանը: Առանց մեկնաբանությունների՝ Հարժիս գյուղի տարածքում այսօր կա մեղվապահական 18 կետ, յուրաքանչյուրում՝ 50-100 մեղվաընտանիք:

Ժողովրդի մեջ ամուր նստած է այն միտքը, թե մեղվապահները տվյալ տարվա բերքի մասին հարցնելիս պատասխանում են՝ անցյալ տարվա բերքն ուրիշ էր: Մխիթարը ժպտում է՝ այս տարի բերքն առատ է: Հրավիրում է մեզ՝ համտեսելու քամված մեղրի սերուցքը…

Հ.Գ.

Մխիթարը գիտի, որ շատ եմ սիրում գյուղի արեւմտյան սարալանջի փշատերեւ արհեստական անտառը: Ինքն էլ անտարբեր չէ մարդու ձեռքով ստեղծված այդ հրաշալիքի նկատմամբ: Վաղուց էր խոստացել անտառակում ինձ անակնկալ մատուցել: Մեքենայով շրջանցում ենք անտառի հիմնական զանգվածը եւ հայտնվում բլրի գագաթի մոտ՝ բացատում: Էլ ճանապարհ չկա, պետք է ոտքով գնանք: Իջնում ենք մեքենայից: Փշատերեւն այստեղ ավարտվում է, բայց անտառը՝ շարունակվում. վայրի տանձենիների շարքերն աստիճանավանդակների նման բարձրանում են սարն ի վեր: Երիտասարդ ծառերի ճյուղերը պտղի առատությունից եւ ծանրությունից արդեն ճկվել են: Այստեղ շատ են նաեւ այս անտառի մշտական ուղեկիցները՝ շեկլիկ պղպեղասունկ, ցլասունկ, յուղասունկ սնկատեսակները: Սնկի գիտակներին ակնարկս հավանաբար ինչ-որ բան ասում է: Բայց անակնկալը ոչ «քոլի» տանձն է, ոչ էլ սունկը, այլ այն, որ փշատերեւ անտառն սկսել է վերարտադրել իրեն: Դա իրոք որ անակնկալ է: Նա ինձ ցույց է տալիս տանձենու շարքերի միջեւ այս ու այն տեղ մարդու գոտկատեղիին հասնող սոճու առողջ մատղաշ ծառերն ու հետն էլ բացատրում՝ մեր կլիմայական պայմաններում փշատերեւի վերարտադրությունը հազվագյուտ երեւույթ է:

Գիտնական-գյուղատնտեսին դա ավելի տեսանելի է…

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում

23.11.2024 12:57

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41