Ճանապարհային գրառումներ. Սյունյաց աշխարհով՝ Արցախ

13.07.2022 10:47
1138

Այս աշխարհում ամեն ինչ մի օր սկսվում և չի ավարտվում, ինչպես չի ավարտվում քո երկինքը՝ ինձ տուն տանող ու տնից բերող: Մինչև հիմա կարծում էի, որ ճանապարհներն են միշտ ձգվում, լայնանում, երկարում: Ու հիմա, երբ տեսնում եմ կանաչդ, կարմիրդ ու սևդ՝ կոկորդումս խեղդած պահում եմ կարոտս, որ քեզ չնեղացնեմ: Նեղացնողներդ ախր շատ են, հույս իմ, քեզ լավ չեն ճանաչում: 

 

***

Գորիսում քամին ինձ արթնացնում է զարթուցիչից շուտ, որ հասկանամ՝ այստեղ ժամանակը մարդն է և ընդհանրապես անհավասարություն չկա բնության ու մարդու միջև: Եվ բառը, որ իմ շուրթերին է, չի ուզում ոչինչ հիշել. հիշելով չեն սիրում, երկիրս, հիշելով ապրում են մեկ-մեկ, իսկ սիրում են քեզ տեսնելով, մոտիկից, հպվելով ու զգալով: Ծառերը՝ կանաչ բերետներով ծնկի են գալիս երկնքի տակ՝ ասես մի նոր երկնքում, որտեղ միտքը մտքի մեջ է ապրում, լույսը՝ լույսի, սիրտը՝ սրտիդ: Եվ երբ քո մեջ եմ, դու էլ՝ իմ, մի հարց է տանջում. քեզանից սիրուն աղավնի կա՞, թե բանաստեղծական տողերում ենք միայն աղավնիների հանդիպում՝ խաղաղությամբ շղթայված: Իսկ դու... խաղաղության կողքին ես կանգնած, միշտ, խոսուն լռությամբ, հորիզոնի շուրթին մի երազանք պահած: Սիրո երազանք, որ բոլորի մտքում է։ Եվ դու միտք ես իսկական... և կամ սեր` սիրո մեջ։ 

 

***

Գորիս, թռիչքն ընդհատված չէ։ Հողի մեջ մութը թաղվում է` այսօրվա պես մերկ: Իսկ 

պատը ժպիտիս պես չի ուզում ոչինչ տեսնել, տեսածն էլ հերիք է։ 

Ոտաբոբիկ քամին մեռնել է ուզում... ես նրան շարունակ սպանում եմ։ Հանկարծ ափերս անձրևի կաթիլներով են լցվում` լուռ, անխոստում։ Բայց քո նուրբ հոտով։ Քեզանով։ Հիմա եմ հասկանում` քո շունչը իմ շունչն է։ Եվ ես էլ եմ քեզնոտվում ամեն անգամ, երբ զգում եմ հոգիդ ու հպվում երակներիդ։ 

 

***

Ժամանակն արժեհամակարգային որակափոխումների է դիմում: Այդ նույն ժամանակի մեջ մի մեծ տարածություն կա, որին հաղթելն անկարելի է. դա ընկերությունն է, որտեղ հոգևոր հարազատությունն ու ազատությունը դառնում է ապրելակերպ, տիեզերական ժամանակը` անվերջ շրջապտույտի մեջ։ Եվ քիչ է մնում հավատամ, որ նորից մի կյանք է ծնվել` անհուն ու ինքնուրույն, այնքան խորը, ինչպես ընկերս է... 

Դու էլ ես ընկերս, Հայրենիք... իմ անքննարկելի մեծություն։  

***

Հիմա տիեզերքն այդքան անհասանելի չի թվում, ու նաև մենք չենք իրարից հեռու։ Անշրջելի է իրականությունը, և երբ մտածում եմ ինչ-որ բանի մասին, հիշում եմ նախորդ մտածածս, այնուհետև չկորցնելու, արժևորելու և ամեն բան նորովի դիտելու եզրեր եմ փնտրում։ Համոզվել եմ` կյանքը մեզ համար է։ Կյանքն անվերջ ծորացող պատրանք է, աշխարհը` կիսված փնտրտուք, զարմանալի անհամերաշխություն...

Այս գիտակցմամբ նայում եմ շուրջս։ Երկար եմ նայում։ Շատ։ Ինձ կասեն խելագար, բայց ես էլի կնայեմ, կհամեմատեմ իմ մեջ ու նորից կհիացնի այն փաստը, որ դու անկրկնելի ես։ Եվ գիտե՞ս, մարդիկ սիրում են կրկնվել, ինքնակրկնվել, բայց դու չես տիրապետում դրան, որովհետև դու` Դու ես... և խաղաղ է քո եզակի լինելը։ 

Դու ազատասեր ես, չքնաղ երկիրս։ 

***

Լռությունն իրական ազատության պտուղն է և ինքդ քեզ հետ աշխարհի անելանելի ժխորության մեջ մարդկանց փնտրելու կերպ է... Մարդիկ կարող են բնակվել նրա մեջ, լուսավորվել, փառահեղ փնտրտուքներից հետո նորից վերաիմաստավորել իրենց կյանքը՝ կարևորը զատելով երկրորդականից: 

Լռությունը նաև միավորելու հատկություն ունի, բայց կյանքում անվերջ մշուշվում է...

Քո կյանքը երկինքն է հսկում... 

 

***

Ամենուր կիսախավարի մեջ բացվող խորհրդավոր էության որոնում է: Չգիտեմ՝ ինչ եմ փնտրում, բայց ժամանակի հարափոփոխ դիմապատկերը նորից ցույց է տալիս իրական ընկերների տեղը, որոնք լուսանցքում թաքնվելը «փրկությանը» համարժեք չեն դարձնում: 

Միշտ կողքիս... 

 

***

Քամին և՛ բերում է, և՛ տանում: Սկսել եմ ավելի ուշադիր հետևել ու ամեն անգամ աչքերիս մեջ պահվող ժպիտներին երանի տալ: Մի երանություն, որ տիրույթներում տեղավորելը հանցագործություն է, ափերում պահելը՝ անտարբերություն, հոգումդ նկարելը՝ խորհուրդ: Ես ունեմ այդ հավատամքը...

 

***

Ես իմ գյուղ եմ գնում ծաղիկների միջով, որտեղով անցել են տարվա բոլոր եղանակները, բայց հետքեր չկան: Նորից նստում եմ ձորի պռնկին ու «եթե»-ներով խեղդում ինձ: Ոչ ոք չկա: Ճանապարհը կյանք է ուզում... Իսկ մարդիկ միայն լեռներում են գոռում, որովհետև ուրիշ տեղ նրանց չեն լսում: 

-Եթե, եթե, թե... եթե...

Իմ բառերի հետ լույսը թեթև հարվածում էր մեծ-մեծ քարերին, որոնցից մամռահոտ էր գալիս: Իսկ ես նորից մորս տաք շալի մեջ երազում էի... երազում: Աչքերումս մեր գյուղի քարտեզն է՝ մարդկանցով, քարերով... քարե մարդկանցով, բամբակե հոգիներով, արծաթե աչքերով փոքրիկներ, միշտ մեր թաղում լսվող պապիկի զրնգուն ձայն: Ես քարե տիկնիկներ էի պատրաստում, որովհետև նրանք ամեն ինչ տեսել ու հասկանում էին: Քարերը շնչում էին... մարդկանց հետ ապրելով էլ քար չէին: 

 

*** 

Իմ մեջ մի նոր մարդ է ծնվում` շատ աչքերով, շատ ձեռքերով, բայց մեկ սրտով, Սյունիք-Արցախ սրտով։ Դուք իմն եք, ես` ձերը։ 

 

 

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Կինոդրամատուրգ, թատերագիր, արձակագիր 

 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10