Դատավորների ակտիվությունը վկայում է, որ նրանց անկախությունն իրողություն է դառնում.Գագիկ Հարությունյանի հարցազրույցը

17.07.2018 10:47
1161

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած դատավոր, եթե իր պարտականությունների մեջ թերանում է կամ իր լիազորություններն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում է թույլ տվել, առնվազն նրա նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել և ընդհուպ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, լիազորությունները դադարեցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն՝ անդրադանալով Բարձրագույն դատական խորհրդի վերջին մի քանի որոշումների վերաբերյալ դատավորների դժգոհություններին, ոլորտի խնդիրներին:

-Պարոն Հարությունյան, մամուլում հրապարակումներ եղան Բարձրագույն դատական խորհրդի վերջին մի քանի որոշումների վերաբերյալ դատավորների դժգոհությունների մասին, ինչպե՞ս եք դրան վերաբերվում: 

-Պատասխանս կարող է Ձեզ քիչ շփոթեցնել, սակայն ես դա դրական եմ գնահատում և գտնում եմ, որ դատավորների նման ակտիվությունն արդեն իսկ վկայում է, որ նրանց անկախությունն իրողություն է դառնում: Նախկինում դատավորների անկախության տարաբնույթ դրսևորումները հաճախ ավարտվում էին կարգապահական վարույթ­ներով:

Դրական է նաև այն, որ ուշադրություն է հրավիրվում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների վրա, որոնք մեր կողմից նույնպես քննարկման առարկա են և արդեն իսկ նախապատրաստվել են մի շարք առաջարկություններ դրանց փոփոխությունների վերաբերյալ:

Սակայն ինչպես ասում են, մեդալն ունի նաև երկրորդ երեսը: Կարծում եմ՝ դժգոհությունները զգալի չափով պայմանավորված են Դատական օրենսգրքով նախատեսված այն վերափոխումներով, որոնք այս 3-4 ամիսների ընթացքում իրականացվում են: Մասնավորապես, նախկինում դատարանների նախագահների նշանակումներն իրականացվում էին, այսպես կոչված, նախապես «համաձայնեցված» մեկ թեկնածու առաջադրելով: Ներ­կայումս պատկերն արմատապես փոխվել է: Վերջին երեք ամսում Բարձրագույն դատա­կան խորհրդում տարբեր նշանակումների համար որպես թեկնածու քննարկվել և քվեարկվել է շուրջ 300 անձ: Նրանցից ընտրության կամ նշանակման են առաջադրվել 30-ից պակաս հավակ­նորդներ: 270 դեպքերում քվեարկության մասնակիցները, ովքեր Բարձրագույն դատական խորհրդի 6 և ավելի անդամների ձայները չեն ստացել, գուցե նաեւ  այս կամ այն չափով անբավարա­րության զգացողություն են ունեցել: Ես նրանց նույնպես փորձում եմ հասկանալ, սակայն բարեփոխված ընտրակարգը Սահմանադրության 215-րդ և Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածի 29-րդ մասի պահանջների իրացումով է պայմանավորված, և այդ ահռելի ծավալի աշխա­տանքները պետք է կատարվեին շատ սեղմ ժամկետներում:

-Դժգոհությունը, որքան տեղեկացած եմ, պայմանավորված է նաև նրանով, որ վերաքննիչ դատարաններում դատավորների առաջխաղացման ցուցակները կազմելիս դրանցում գործող դատավորներից  որևէ մեկը չի ընդգրկվել: Արդյո՞ք դա արդարացի է: 

-Այս հարցում նույնպես պետք չէ պատասխանը փնտրել սևի ու սպիտակի միջակայքում:  Դատական օրենսգրքով առաջին անգամ նախատեսվեց, որ որոշակի պայմանների բավարարող իրավաբան գիտնականները նույնպես կարող են ներառվել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղաց­ման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում: Նման նորամուծությունն Օրենսգրքի հեղինակները հիմնավորում են միջազգային փորձով, երբ բարձր դատական ատյաններում մինչև 1/3-ի չափով գիտնականների ներգրավումը էապես նպաստում է արդարադատության արդյունա­վետության և որակի բարձրացմանը, դատարանի նկատմամբ հանրային վստահության մեծացմանը: Սակայն ես կարծում եմ, որ նման հնարավորությունը պետք է այնպես կանոնակարգվեր, որպեսզի գործող դատա­վորների համար առաջխաղացման հեռանկարը տեսանելի լիներ: Իմ անձնական կարծիքն այն է, որ Օրենսգրքով պետք է հստակ քվոտա սահմանվի, որ առաջխաղացման ցուցակ­ներում գիտնական անդամները չեն կարող ընդհանուր թվի ½-ից ավելին լինել:

Քանի դեռ մենք ունենք հիշյալ ցուցակների լրացման հնարավորություն, կփորձենք հետագայում այս հանգամանքը հաշվի առնել: Ավելացնեմ նաև, որ ցուցակ կազմելը դեռ դատավոր նշա­նակել չէ: Պետք է նախ Դատական օրենսգրքի 124-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա այդ ցուցակները մինչև օգոստոսի 1-ը հաստատվեն, իսկ նշանակումների համար հնարավոր առաջադրումները պետք է լինեն 2019-2020 թվականների ընթացքում, երբ հնարավոր կլինեն նաև նոր համալրումներ:

-Տարբեր դատարանների հետ Ձեր հանդիպումների ժամանակ հաճախ է անդրադարձ լինում նաև դատական համակարգում կոռուպցիայի հաղթահարման հիմնախնդրին: Արդյո՞ք հեղափոխությունից հետո այս խնդրի հրատապությունը պահպանվում է:

-Ձեր հարցի պատասխանը կարող է տալ այն հազարավոր նամակների ուսումնասիրությունը, որոնք մենք ստանում ենք տարբեր քաղաքացիներից: Կատարվել է նաև ընդհանուր իրավիճակի առարկայական գնահատում: Ես կոնկրետ տեղեկատվություն չեմ կարող հրա­պարակել, քանի որ այս պահին դրա իրավասությունը չունեմ, սակայն պետք է փաստեմ, որ խնդիրը դեռևս մտահոգիչ է ու նաև դրա հաղթահարմանն են ուղղված այս ոլորտում իրականացվող բարեփոխումները:

-Իսկ Ձեր կարծիքով Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների գնահատման չափանիշները հստակ ու թափանցի՞կ են:

- Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածի 27-րդ մասը սահմանում է, որ դատավորների առաջին հերթական գնահատումն իրականացվում է 2019 թվականի հունվարի 1-ից 2024 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակաշրջանում: Այդ ընթացքում, նաև մշտադիտարկման արդյունքների հիման վրա, կիրականացվի նաեւ կոնկրետ ռեյտինգավորում, որին հետագայում կփորձեմ մանրամասն անդրադառնալ:

Օրենսգրքի 18-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է դատավորների գործունեության գնահատման կանոնակարգմանը, որտեղ հստակեցված են գնա­հատման տեսակները, չափանիշները, կարգը և արդյունքների ամփոփման ընթա­ցակարգը: 

Միաժամանակ, Օրենսգրքի 139-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհրդին իրավասություն է վերապահվել սահմանել դատավորների գործունեության գնահատ­ման մեթոդաբանությունը, անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը և այլ ման­րամասները: Այդ բոլորի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ինտենսիվ տարվում են, և Խորհուրդը համապատասխան որոշումները կընդունի աշնանը ու հետագայում դրանք հիմք կծառայեն դատավորների օբյեկտիվ գնահատումը երաշխավորելու համար: 

- Արդյո՞ք կա հնարավորություն  ոչ արժանի դատավոր նշանակվելու դեպքում վիճակի շտկման:

-Ցանկացած դատավոր, եթե իր պարտականությունների մեջ թերանում է կամ իր լիազորություններն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում է թույլ տվել, առնվազն նրա նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել և ընդհուպ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, լիազորությունները դադարեցվել: Իսկ դատավորի թեկնածուի նշանակման դեպքում հակակշռող կարևոր դերակատարություն ունի Հանրապետության նախագահը, ով օրենքով սահմանված կարգով կարող է առաջադրման վերաբերյալ առարկություն ներկայացնել և չնշանակել:

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24