ԴԵՐԵՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. Կյանքիս կարեւորագույն գործն ազգային- ազատագրական շարժմանը մասնակցելն էր...

24.05.2014 16:20
7635

ԴԵՐԵՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է


Կապանցի Դերենիկ Մարգարյանը, ում շատերը հայրենի քաղաքում եւ նրա սահմաններից դուրս պարզապես «Դերո» են անվանում, հունիսի 6-ին բոլորում է 70-ամյակը, եւ տասնամյակների հեռավորությունից նայելով արած ու չարած գործերին` չնայած նրան, որ Կապանում կարողացել է ղեկավարել ու զարգացնել թեթեւ արդյունաբերության աչքի ընկնող խոշոր ձեռնարկությունը, լուրջ տնտեսվարողի համբավ ձեռք բերել, համարում է, որ ապրած տարիների ամենամեծ հաջողությունը հենց Շարժման տարիների իր գործունեությունն է, Սյունիքում ինքնապաշտպանության գործին բերած նպաստը:

Հայրը` Բագրատը, Կապանի Կեմանց (ներկայումս արդեն ամայացած) գյուղից էր, Արփենիկ մայրը` Սրաշենից: Դերենիկն ընտանիքի սպասված արու զավակն է եղել երեք քույրերի ծննդից հետո. 1944-ի պատերազմական դժվարին տարում ծնվել է Շիշկերտում, ուր այդ ժամանակ տեղափոխել էին իր մորը (Շիշկերտը համեմատաբար բարեկեցիկ գյուղ էր համարվում): Կապանում հայրական օջախը սկզբում ներկա Գարեգին Նժդեհի հրապարակի տեղում է եղել. «Պետական տուն էր, ընդամենը մի սենյակ, առանց կոմունալ հարմարությունների, բնակվում էինք երեխաներով, մայրիկս, հայրիկս ու տատիկ-պապիկս: Հետո տեղափոխվեցինք 5-րդ փողոց (այժմ Մելիք-Ստեփանյան), ու մանկությունս այնտեղ է անցել»: Կապանի N1 միջնակարգ դպրոց է հաճախել: Ինչպես ինքն է հիշում, չարաճճի ու քանդող-պրպտող երեխա է եղել: Դպրոցում լավ է սովորել, բայց ձգտել է գերազանցիկ չլինել. այն ժամանակ տղաների համար ամոթ էր գերազանցիկ լինելը, դա միայն աղջիկներին էր սազական: «Բոլոր առարկաներն էլ հավասար սիրել ու սովորել եմ. ե՛ւ մաթեմատիկայից ու երկրաչափությունից էի լավ, ե՛ւ շատ էի սիրում գծագրությունը, նկարելը, նաեւ` գրականություն ու կարդալ էի սիրում, ինքս էլ բանաստեղծություններ էի գրում: Բնությունն էր ձգում. ի դեպ, դպրոցից գալուց հետո իմ պարտականությունների մեջ էր մեր ուլերն արածեցնելը, ու նրանց հետ հաճույքով էի բնության գրկում լինում»: Հետո իր իսկ արկածախնդրության պատճառով մի տարի հետ է ընկել դպրոցից. ութ տարեկան էր, երբ հոր ընկերներից մեկը հեծանիվ է նվիրում, ինչն այն ժամանակ Կապանում շքեղություն էր համարվում, ու աննկարագրելի էր իր ուրախությունը: Անգամ հիշում է, որ քաղաքում այդ ժամանակ երեք հեծանիվ կար: Ու դրանով շատ էր երթեւեկում փողոցով. մի անգամ` հերթական հեծանիվ քշելու ժամանակ, 10 ռուբլի է գտնում: Ե՛վ վերցնում է, ե՛ւ վախենում. «Ի՞նչ անեմ. գցել չեմ կարող, տուն տանել վախենում եմ, հայրս միլիցիոներ էր: Ամենալավ ելքը գտա` միանգամից տասը պաղպաղակ կերա, եւ տուն հասնելուս պես ջերմությունս բարձրացավ»: Այդ ժամանակ քաղաքում տիֆի համաճարակ է եղել, տուն եկած բժիշկը նրան էլ տիֆով վարակված է համարել, իսկ ինքը ծնողներին այդպես էլ վախեցել է խոստովանել, որ ընդամենը շատ պաղպաղակ է կերել: Տեղափոխում են հիվանդանոց, որտեղ իրոք վարակվում է ու մինչեւ կազդուրվի, դպրոց է հաճախում արդեն հաջորդ ուսումնական տարում:

Հիշում է, որ իր ժամանակվա պատանիների հետաքրքրությունների շրջանակը մեծ չէր. այդ ժամանակ նոր սկսվել էր ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը, բոլորը խաղում էին ու հաճախում դիտելու ստադիոնի խաղերը: Վոլեյբոլ ու բասկետբոլ էին խաղում, ինքը հատկապես լավ բասկետբոլիստ է եղել, ինչպես ինքն է հումորով նշում, կարճ հասակով հանրապետական առաջնությունների է մասնակցել: Նաեւ հաճախում էին քաղաքում անցկացվող բոլոր համերգներին, գողունի սողոսկելով` թատերական ներկայացումներ ու կինոֆիլմեր դիտում: Այդ ժամանակ իր համար օրինակելի կերպարները, որոնց ուզում էր նմանվել, մարզիկներն էին, նաեւ` ռազմական գործիչները. «Զենք, բանակ, պատերազմ. այդ թեմաները հատկապես ինձ համար հետաքրքիր էին, եւ պատերազմի մասին պատմող բոլոր գրքերը կարդացել եմ»:

Ավարտական դասարաններում ամառային արձակուրդներին սկսել է աշխատել. «Հայրս արդեն թոշակառու էր, մայրս` վատառողջ, երկրաբանների հետ սարերն էի բարձրանում, հետախուզական աշխատանքներին մասնակցում»:

Երազանքների երազանքն օդաչու դառնալն էր, ու դպրոցն ավարտելուց հետո օդաչուական քննություններ է հանձնել. Կիեւի ավիացիոն ինստիտուտից եկել եւ քննություններ էին անցկացնում Երեւանում: Իսկ տնեցիներին ինքն ասել էր, թե գնում է պոլիտեխնիկական ինստիտուտ ընդունվելու: Հաջողությամբ հանձնում է քննությունները, բայց օդանավակայանից դուրս գալիս` պատահաբար հանդիպում է ընտանիքի բարեկամներից մեկին, ով տեղեկանում է, թե իրականում ինչ քննություններ է հանձնում ու հայտնում ծնողներին: Նրանք դեմ էին որդու նման ընտրությանը… Այսպիսով` ընդունվում է պոլիտեխնիկական ինստիտուտ, ու այդպես էլ անկատար է մնում օդաչու դառնալու երազանքը: Հենց ուսանող դառնալու առաջին օրերից սկսել է աշխատել (Երեւան քաղաքի բարեկարգման գրասենյակում` որպես եռակցող)` ընտանիքին նեղություն չտալու եւ իր, մեկ տարի հետո նաեւ ուսանող քրոջ հոգսերը հոգալու համար:

Ռադիոտեխնիկայի եւ հեռուստամեխանիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո վերադարձել է Կապան: Ընդ որում` խմբի 17 հոգուն էլ, ըստ նշանակման, ուղարկել էին աշխատելու Երեւանում` Մերգելյան ինստիտուտում: Տասնվեցը գնացել են, ինքը «փախել», Կապան է եկել: Իսկ այդ ժամանակ ըստ նշանակման աշխատանքից խուսափողներին դիպլոմ չէին տալիս ու դատում էին ընկերական դատարանում: Մեկ տարի հետո ինքն էլ ներկայացել է նման դատի: Տարբեր բուհերից հավաքված 95 հոգուց 94-ին նշանակել էին աշխատելու շրջաններում, նրանք Երեւան էին եկել. պարզվեց` ինքը միակն է, ով հակառակը` Երեւանից խուսափել, շրջան էր եկել: Ու զարմացած դատավորը հորդորել է անմիջապես բերել ու տեղում նրան հանձնել դիպլոմը:

Ընդունվել է Կապանի կապի հանգույց` որպես գծային ինժեներ ու երիտասարդ մասնագետի իր իմացությունն օգտագործել ի նպաստ Կապանում կապի զարգացման: «Տեսա` մալուխի փչացած հատվածը գտնելու համար տարբեր տեղերից քանդում, մալուխները կտրում, փչացնում են, մինչեւ տեղը գտնեն: Բայց դեռեւս ուսանող ժամանակվանից սովորել էինք  սարքով դա չափելը, որը ճշգրիտ ցույց էր տալիս վթարի տեղը: Սարքը փոշոտված այնտեղ ընկած էր, չէր օգտագործվում… Սկսեցի դրանով չափումներ անել ու կիրառել առօրյայում…»: Հետո կապի հանգույցի տնօրենի տեղակալ է նշանակվել էլեկտրակապի գծով: Ջերմությամբ է հիշում այն ժամանակվա իր տնօրենին` Ռոմա Դավթյանին, ում հետ այժմ էլ լավ բարեկամներ են, եւ ում հետ աշխատած տարիները նաեւ օգնեցին, որ հետագայում արդեն ինքը կայանա` իբրեւ հիմնարկի ղեկավար:

Այդ ժամանակ շրջանում միայն Կապան քաղաքն ուներ 2000 համարանոց ավտոմատ կայան: Մնացած տեղերի, գյուղերի հետ կապը կենտրոնական հեռախոսակայանի միջոցով էր` ոչ ավտոմատ եղանակով: Եվ այստեղ կապի ավտոմատացման գործում մեծ ներդրում ունեցավ Դերենիկ Մարգարյանը: Նրան հաջողվում է ավտոմատ կայաններ բերելով, Կապանում սկզբում ավտոմատ համարները դարձնել 4000, հետո` 6000: Երկու հազար ավտոմատ համար տեղադրվում է Քաջարանում, 2000-ը` Կապանի 3-րդ հէկ թաղամասում: Հետո առաջին ավտոմատ կայանը հայտնվեց գյուղում. «Հայաստանի միակ շրջանն էր, որտեղ անգամ ամենահեռու գյուղում տնից ավտոմատ զանգահարում էին»: Կապի հանգույցում նրա վերջին պաշտոնը գլխավոր ինժեներն էր: Ի դեպ, աշխատանքին զուգահեռ նաեւ երկրորդ բարձրագույն կրթությունն է ստացել` ավարտելով Մոսկվայի էլեկտրակապի ինստիտուտը:

Իսկ ահա 1981-ի սկզբին Դերենիկ Մարգարյանի կենսագրության մեջ մի նոր շրջադարձ է տեղի ունենում: Այդ ժամանակ Կապանում ընթանում էին տրիկոտաժի ֆաբրիկայի շինարարական աշխատանքները, որոնք դանդաղում էին: Նշանակում են տնօրեն` պայմանով, որ ղեկավարի ու վեց ամսում ավարտի շինարարությունն ու շահագործման հանձնի ֆաբրիկան: Փորձում է հրաժարվել` փաստելով, որ իր բնագավառը չէ, ու տեքստիլ արտադրության հետ մասնագիտական աղերսներ չունի, բայց, ինչպես հետո պարզվեց, օրվա ղեկավարները, հանձին նրա, հենց ճիշտ ընտրություն էին կատարել: «Դե, բնական է, այդ ժամանակ տրիկոտաժից բան չէի հասկանում, բայց ամեն հարցում էլ պրպտող մարդ եմ, եկա, ուսումնասիրեցի, մի շաբաթվա մեջ հասկացա ինչն ինչոց է»: Եվ նշված ժամկետից մեկ ամիս շուտ զեկուցում է, որ ֆաբրիկան պատրաստ է շահագործման: Նշում է, որ հետագայում այս ձեռնարկության կայացման եւ զարգացման գործում եւս դեր է ունեցել ինժեների իր մասնագիտությունը. «Քանի որ ինձ համար նոր ոլորտ էր, որոշեցի ինժեներական մոտեցում ցուցաբերել, այն է` սկզբում պիտի իմանաս` սա ինչից է կազմված, հավաքված, ինչ նյութից է, ինչ անես, որ հետո ինչ արդյունք ստանաս»: Այցելել է Հայաստանի նման ֆաբրիկաներ, հետո` այն ժամանակվա նման արտադրությամբ փայլող ամենահայտնի ձեռնարկություններ ԽՍՀՄ-ում եւ արտերկրում, տեղեկացել նաեւ, թե որտեղ են պատրաստում ամենաառաջավոր գործող մեքենաները. «Իսկ Կապանում բերել-լցրել էին հին սարքավորումներ, եւ զարգացած ֆաբրիկաները տեսնելով` նախարարին ասացի, որ այսպես չեմ աշխատելու, պիտի սեփական գործող արտադրամաս հիմնելու հնարավորություն տան»: Չէր բավարարում նաեւ Գորիսի մասնաճյուղի կարգավիճակը, ինչը խանգարում էր աշխատանքի արդյունավետությանը, եւ Դ.Մարգարյանի հիմնական նպատակը Կապանում առանձին ու ինքնուրույն ֆաբրիկա զարգացնելն էր: Եվ գործարկումից յոթ ամիս հետո առանձնանալով` հաջողվում է ոչ միայն ինքնուրույն աշխատել ու հաջող արտադրանք տալ, այլեւ գերազանցել նախկին մայր գործարանի ցուցանիշներն ու նախագծային հզորությունները թե՛ աշխատողների քանակով (հնգապատկվեց), թե՛ տված արտադրանքի ծավալներով: Դեռ ավելին, ֆաբրիկան ինքն արդեն սկսեց մասնաճյուղեր ունենալ, ինչի համատեքստում անուրանալի է Դերենիկ Մարգարյանի դերն այն ժամանակ Ղափանի շրջանում գյուղապահպանման հարցում… Մի հետաքրքիր փաստի մասին էլ է պատմում մեր հերոսը. 1500-1600 հիմնական աշխատողի կողքին մշտապես ֆիզարձակուրդում գտնվող 600-700 կին է եղել իրենց մոտ գրանցված. այսօր կարող է միանշանակ չընդունվել նրա արարքը եւ դրան հակաօրինական աստառ կարող են հագցնել, բայց ցանկացել է յուրովի զարկ տալ ու խրախուսել Կապանում ծնելիության աճին. «Արժանապատվությանս դիպչում էր, երբ մեր շրջանի բոլոր հերոսուհի մայրերն ադրբեջանուհիներ էին: Դրա համար երբ փողոցում հղի կանայք էի տեսնում, որոնք ոչ մի տեղ չէին աշխատում, հրավիրում էի մեր կադրերի բաժին, հետին թվով հրամանագրում էինք աշխատանքի, որպեսզի ֆիզարձակուրդի իրավունք ունենան, շատերն իրար հետեւից էլի ֆիզարձակուրդ էին մեկնում…»:

Պարոն Մարգարյանը խոստովանում է, որ չնայած նոր ոլորտում արձանագրած հաջողություններին` միշտ էլ առավել հոգեհարազատ է եղել ռադիոինժեների մասնագիտությունը, եւ կարոտել է կապի բնագավառը, սարքավորումների հետ աշխատանքը: Ու մասնագիտությունը կիրառել է նաեւ տրիկոտաժի ֆաբրիկայում, այն ռադիոֆիկացրել է, 200 համարանոց ավտոմատ կայան տեղադրել. «Այն ժամանակ ուրիշ ոչ մի տեղ չէիր տեսնի, որ արտադրամասից արտադրամաս իրար հետ հեռախոսով խոսեն…»:

Ազգային ազատագրական շարժմանն ու պայքարին Դերենիկ Մարգարյանի մասնակցության արմատները քիչ ավելի խորքն են գնում` 88-ից դեռեւս մի տարի առաջ ու հասնում «Գարուն» գրական հանդեսի խմբագրություն: «Շարժման հոգեւոր ակունքներն, ըստ իս, եւ շատերը դա կփաստեն, «Գարունում» էին: Դրան մեծ նպաստ բերեց ամսագիրը: Այդ տարիներին մեր ֆաբրիկան 1700 կոմերիտական ուներ, եւ այն ժամանակ մեզ առաջարկվեց, որպես ամենամեծ կոմերիտական կառույց ունեցող հիմնարկ, հովանավորել ու ֆինանսավորել «Գարուն» ամսագիրը: Տեղեկանալով տարեկան անհրաժեշտ գումարին` համաձայնեցի: Մերուժան Տեր-Գուլանյանը, Վանո Սիրադեղյանը, Ռոլանդ Շառոյանը, Հակոբ Մովսեսը եկան այստեղ, կոմերիտմիության ժողով արեցինք, որում որոշվեց հովանավորել ամսագիրը»: Ու բարեկամանալով խմբագրակազմի հետ, հաճախակի փոխադարձ այցելություններ կատարելով` Դերենիկ Մարգարյանը ծանոթանում է ժամանակի առաջադեմ գրական դեմքերի հետ, ովքեր նաեւ ազգային զարթոնքի ակունքներում կանգնած անհատներ էին, այդ թվում նաեւ` Վազգեն Սարգսյանի, ով ամսագրի նամակների եւ հասարակության հետ կապերի բաժնի վարիչն էր:

«Վաղուց ուսումնասիրում էի մեր պատմությունը, արգելված գրքեր գտնում, կարդում, ու այն համոզմունքն ունեմ, որ ամեն հայ պահանջատեր է ծնվում, հետո մեծանալով, կողմնորոշվում է ըստ քաղաքական համոզմունքների, – ասում է Դ.Մարգարյանը, – էությամբ էլ, չեմ թաքցնում, ազգայնամոլ եմ, եւ պատահական չէ, որ անկախացման համար սկսված շարժումն իր պտույտի մեջ առավ նաեւ ինձ»: Կապանում առաջին միտինգներին նաեւ տրիկոտաժի կոլեկտիվն է մասնակցել, հետո արդեն սահմանների ինքնապաշտպանության ժամանակ գործարանն աշխատողներից կազմված իր ջոկատն է ունեցել Ներքին Հանդում: Դերենիկ Մարգարյանն ընդգրկված է եղել Կապանի ինքնապաշտպանության խորհրդում: Ու նրա հիմնական գործառույթներից էր Կապան զենք-զինամթերք հասցնելը: «Երբ սկսեցի դրա հայթայթումը, Մերուժան Տեր-Գուլանյանն ինձ ծանոթացրեց Ախալքալաքի զորքերի հրամանատարի հետ, այնտեղից էի բերում: Վանո Սիրադեղյանն էլ մի անգամ հատուկ հետս նստել, եկել է` տեսնելու, թե որտեղից եւ ինչ ձեւով եմ զենք բերում»: Երբ ՀՀ-ում առաջին անգամ նոր ինստիտուտ հիմնվեց` Սյունիքի հարցերով պետնախարարի պաշտոնը, որը ստանձնեց Վազգեն Սարգսյանը, վերջինս Դ.Մարգարյանին առաջարկեց աշխատել իր հետ, եւ նա դարձավ պետնախարարի խորհրդական` տնտեսական հարցերով:

Հոբելյարը 1995թ. ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել այն ժամանակվա 148-րդ ընտրատարածքից: Բայց մինչ այդ նշենք, որ դեպուտատի փորձ ուներ դեռեւս 80-ականներից, երբ Ղափանի քաղխորհրդի դեպուտատ էր ընտրվել եւ ոչ մեկ անգամ: «Իմ քաղաքը շատ եմ սիրում, եւ միշտ մտածել եմ նրա համար առավելագույնն անելու մասին: Դե, որպեսզի կարողանաս մտահղացումներդ իրականացնել, ուզես-չուզես, պիտի այդ թիմի մեջ լինես»: Քաղխորհրդի դեպուտատության տարիներից հիշում է, օրինակ, որ Կապանում քաղաքային տրանսպորտի կանգառածածկերից շատերը տեղադրվել են իր առաջարկությամբ, իսկ դրանց կառուցումն ու տեղադրումն էլ ինքն է նախաձեռնել: Ի դեպ, մեծ հնարավորություն ունեցող տրիկոտաժի ֆաբրիկան տնօրենի նախաձեռնությամբ օգնում էր քաղաքին` ինչով կարող էր. ուներ այդ հնարավորությունը, ասենք` Վաչագան գետն էր տարեկան երկու անգամ մաքրում, դրամական միջոցներ հատկացնում այլ խնդիրների լուծմանը: «Միշտ այսպես եմ համարել. ունեմ մայրիկ, հայրիկ եւ Կապան…»: Ինչպես ինքն է այդ տարիների հարցազրույցներից մեկում համոզմունք հայտնել` չի կարծում, թե կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում լավ բան անել, ուղղակի իր դեպքում ցանկություններն ու հնարավորությունները համընկել էին:

Իսկ ահա Ազգային ժողովում պատգամավոր Մարգարյանն ընդգրկված է եղել ֆինանսավարկային հանձնաժողովում: Երբ հարցնում ենք պատգամավորական տարիների հիշատակման արժանի գործերից, մեկ պատասխան ունի. «Եթե ես ոչինչ արած էլ չլինեմ այդ տարիներին, միայն այն, որ իմ պայքարով կարողացա որպես Սյունիքի մարզկենտրոն հաստատել տալ Կապանը, կարծում եմ, բավարար է… Այնպիսի լոբբինգ արեցի պատգամավորների շրջանում քվեարկությունից առաջ, հատ-հատ խոսել ու բացատրել եմ բոլորին: Եվ դա այն դեպքում, երբ Վազգեն Սարգսյանը Գորիսին էր կողմ»:

Այնպես չէր, որ քաղաքականությունը մանկուց ձգել է Դերենիկ Մարգարյանին, կամ հստակ որոշել էր քաղաքականություն մտնել: Վազգեն Սարգսյանի աշխատակազմում եղած տարիներին ծանոթություններ հաստատվեցին երկրի բոլոր ղեկավարների հետ, եւ ստացվեց հայտնի ասացվածքի նման` քաղաքականությունն իրենով զբաղվեց: «Հետո տեսա, որ նորանկախ Հայաստանում դա խոպանի պես ոլորտ է, ես էլ ինձ կարող ուժ էի համարում, ով կարող է ինչ-որ բան փոխել»: Ի դեպ, անկախացումից հետո որեւէ կուսակցության չի անդամագրվել: Միակ կուստոմսը եղել է կոմունիստականը, ինչը բնական էր խորհրդային պետության մեջ ղեկավար պաշտոնում աշխատող մարդու համար:

1998-1999թթ. Դերենիկ Մարգարյանը եղել է ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար: 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Այնուհետեւ, երկու տարի «Արմենտել» ՓԲԸ շինարարարության վարչության պետ է աշխատել: Դրանից հետո ստեղծել է «Մալականշին» ընկերությունը, տեխնիկա ձեռքբերել եւ զբաղվել շինարարությամբ:

Դերենիկ Մարգարյանը երեք զավակ եւ երեք թոռ ունի: Իսկ ամուսնացել է 27 տարեկանում, կնոջը` Սինարեին, հանդիպել է, երբ նա ուսանողուհի էր եւ անմիջապես որոշել` պիտի իր կինը դառնա…

Իսկ կանանց մեջ իր համար ամենից գնահատելի հատկանիշը համեստությունն է, չի ընդունում նրանց մեջ ագահությունն ու աներեսությունը: «Ճակատագրի բերումով այնպիսի կոլեկտիվներում եմ աշխատել, որտեղ կանայք շատ են եղել, այնպես որ, նրանց լավ եմ ճանաչում եւ կնոջ դեմքին նայելով` կարող եմ ասել` ով ով է»:

Զբաղվածության` ակտիվ տնտեսական, հասարակական, քաղաքական գործունեության պարագայում` ժամանակ չի ունեցել զավակների դաստիարակությամբ զբաղվելու եւ խոստովանում է, որ դա իր կնոջ ուսերին է եղել. «Դրա համար շատ շնորհակալ եմ կնոջս, որ իմ երեխաներին ինքն է դաստիարակել, նրանցով զբաղվել, դրա ժամանակը չունեի, եւ գոհ եմ արդյունքից»: Կրտսեր տնտեսագետ որդին այժմ ղեկավարում է տրիկոտաժի ֆաբրիկան, ավագ դիվանագետ որդին Հայաստանի դեսպանորդն է Անգլիայում, դուստրն օտար լեզվի մասնագետ է: Ի դեպ, կյանքի ամենանշանավոր օրը հենց առաջնեկի ծննդյան օրն է համարում:

Իսկ ընտանեկան տոներից ամենասիրելին Նոր տարին ու ընտանիքի անդամների ծննդյան օրերն են:

Ընկերության հիմքը Դերենիկ Մարգարյանի համար անմնացորդ նվիրվածությունն է, անընդունելին` դավաճանությունը, ինչի համար եւ ընկերներ է կորցրել: «Ընկերն ինձ համար եղբոր պես է, սկզբում չես հասկանում, որ միեւնույն կերպ մտածելը եւս կարեւոր է, տարիքի հետ համախոհ լինելն էլ ես կարեւորում»: Իսկ ընկերը, ում հետ մանկությունից առայսօր միասին են եւ առանց որի ոչ մի ուրախ եւ տխուր պահ անց չի կացրել, Ժորա Ավագյանն է: Հարեւաններ են եղել, միասին գնացել մանկապարտեզ: Մի անգամ նույնիսկ խաղալիք են կիսել, որ դրանից երկուսն էլ ունենան, բնականաբար փչացրել են ու երկուսն էլ զրկվել… «Մի տարով ինձանից մեծ էր եւ երբ դպրոց գնաց, լաց եղա, ու ինձ էլ տարան նույն դասարան: Հետո հիվանդությանս պատճառով հայտնվեցինք տարբեր դասարաններում»: Տասնյոթ տարեկանում բանակում գտնվող հիվանդ ընկերոջն այցելելու համար անգամ Թուրքմենստան է հասել, իսկ ընկերությունը շարունակվում է մինչ օրս…

Նշում է, որ ընդհանրապես կյանքում դավանած հիմնական արժեքներն ընտանիք-հայրենիք-ընկերություն եռյակն է, եւ Արարչից խնդրանքների շարքում է այն, որ ոչ մի ընկեր մեջքով դեպի իրեն չշրջվի:

Դեռ դպրոցական տարիներից պարոն Մարգարյանը սիրել է ընթերցել ու կարդացել է հայ, ռուս եւ արտասահմանյան գրականություն. «Մինչ 10-րդ դասարանը հայերեն էի կարդում, հետո` նույնը ռուսերեն: Համարում էի, որ եթե տեխնիկական գիտությունների մեջ հաջողության ես ուզում հասնել, նախ պիտի հումանիտար լավ հիմք ունենաս, իմ ընկերներից նրանց, ովքեր գրականություն չէին ընթերցել, միոտանի ինժեներ էի անվանում»: Այսօր եւս առանց ընթերցանության իր առօրյան չի պատկերացնում. մի քանի գիրք միշտ ունի սեղանին, սիրում է հիշել ու վերընթերցել հայտնի գրքերից իրեն դուր եկած մտքերն ու հատվածները: Ներկայումս, սակայն, առավել ապրում է Հրանտ Մաթեւոսյանով. «Այն, ինչ զգում եմ` որ չեմ կարողացել անել կյանքում կամ չի հաջողվել, տեսնում եւ կարդում եմ իր գրականության մեջ: Դա ինձ համար կարծես սրտհովություն է. կարդում ու ինքս ինձ ասում եմ` կյանքը հենց այդպիսին է … Իր մոտ գտնում եմ պատասխանները»:

«…Ոչ միայն հացիւ» արտահայտությունը Դերենիկ Մարգարյանի հավատամքներից է եղել, եւ ապրել է այդ սկզբունքով. «Եթե հացդ ունես, պիտի հաջորդ քայլերն անես, ամեն սերունդ պիտի մտածի, թե ինչ է թողնելու իրենից հետո»: Արժեքավոր ու «իրենից հետո թողած» գործերից, որ հիրավի հիշատակման ու ընդօրինակման է արժանի, պետք է հիշել խելացի ու տաղանդավոր երիտասարդների ուսումը հովանավորելը: Միայն խորհրդային տարիներին 100-ից ավելի կապանցիներ նրա հովանավորությամբ ուսում են ստացել ԽՍՀՄ տարբեր բուհերում: Իսկ անկախացումից հետո երիտասարդներին (ոչ միայն կապանցի) արդեն հնարավորություն ուներ արտերկիր ուղարկելու: Հիշում է, որ «ուսանողներ է ունեցել» Գերմանիայում, Անգլիայում, Չինաստանում եւ այլն… Համարել է` քանի որ հնարավորություն ունի, դա իր գործն է…

Օգնել է նաեւ Կապանի մարզական թիմերին:

Երբ Կապանն ու Սյունիքն անչափ սիրող հոբելյարին հարցնում ենք, թե ինչ է այսօր հարկավոր Սյունիքին, ասացվածքով պատասխան ենք ստանում` «Տերովին տերը տարավ, անտերին` գելը…»: Այսինքն` տեր է պետք, ՏԵՐ` հրանտմաթեւոսյանական բնորոշմամբ…

Դեռեւս երկու տասնամյակ առաջ Դ.Մարգարյանի արտահայտած մտքերից է. «Մարդ պիտի իր գործն անի: Հարուստն էլ պիտի այնքան փող ունենա, ինչքան` խելք, կամ գոնե խելքը մի քիչ շատ պիտի լինի փողից, հակառակ դեպքում պատուհաս ու չարիք է դառնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար. իր խելքից ու շնորհքից բարձր պաշտոնի է արժանանում: Այդ դեպքում նա իր շուրջն ամայություն է ստեղծում, բոլորին ներքեւ հրում, որ ինքը բաց տարածության մեջ երեւա»:

Դերենիկ Մարգարյանն իր կյանքի նշանավոր դրվագներից է համարում մասնակցությունը Կապանում Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցելու աստվածահաճո գործին: Եվ հպարտությամբ է պահում կտրոնը` ըստ որի առաջինն է ներդրում կատարել եկեղեցու կառուցման համար բացված բանկային հաշվում` մոտ 2 հազար ԱՄՆ դոլար:

Անհատն ու քաղաքացին, ով իր ապրած յուրաքանչյուր օրով ձգտել է նպաստ բերել հայրենի երկրամասի զարգացմանը, երբեք չի մտածել գնահատվելու մասին: Հենց այն, որ դեռ երիտասարդ տարիքից պատասխանատու պաշտոններ վստահեցին, գնահատանք է համարում, բայց իրեն գնահատված լինելու ամենաբարձր նիշը համարում է պատերազմական տարիներին Վազգեն Սարգսյանի` իր հետ աշխատելու հրավերը: «Թե չէ, ինչ-որ բան անելիս չեմ սպասում, որ մեկն ինձ կասի` ապրե՛ս, իմ բաժին գործն եմ անում ու կողքի կանգնում, կնկատեն, չեն նկատի, կարեւոր չէ»:

Եթե իր կյանքի ճանապարհը նորից անցնելու հնարավորություն ունենար, ափսոսալու ու փոփոխելու քիչ բան ունի: Միայն իր «ռեսուրսներն» ավելի ճիշտ կօգտագործեր, ափսոսում է, որ ապիկարների է օգնել, մինչդեռ կարող էր այլոց օգտակար լինել:

Իր թերություններից է համարում երբեմն ոչ տեղին խղճմտանքը, որը հաճախ պատուհաս է դառնում, տղամարդու համար` թուլություն. «Լավ է լինել արդար, քան խղճով, որովհետեւ, երբ ինքդ քեզ գնահատելու համար հետ ես նայում, ինչ էլ արած լինես, եթե արդար ես եղել, չես փոշմանում, բայց երբ խղճով առաջնորդվելու արդյունքում ինքդ ես նեղն ընկնում, քեզ պախարակում ես»:

Առհասարակ, բնություն սիրող ու ազատ ժամանակ ունենալու դեպքում անտառ «պոկվող» Դ.Մարգարյանի ամենասիրելի վայրը եղել ու մնում է Խուստուփ լեռը… «Ինձ համար այն սրբություն է. շատ եմ շուրջը պտտվել, եղել փեշերին, երեք անգամ գագաթն եմ բարձրացել: Այնտեղ հասնելով` աշխարհին արդեն այլ աչքերով եմ նայում, խաղաղվում եւ հանգստանում եմ…»:

Եվ եզրափակենք գեղեցիկ ու հետաքրքիր նոտայով` ինչպես 70-ամյա Դերենիկ Մարգարյանն է համարում, իր կյանքի ամենատպավորիչ եւ արժեքավոր հանդիպման պատմությամբ: Դա Վազգեն Առաջին ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումն էր… Կապանցի մի ուսանողի կեցության եւ ուսման վարձի գումար էր ուղարկում Գերմանիայի «Բիզնեսի բարձրագույն դպրոցում» կրթություն ստանալու համար: Արդեն պատերազմական գործողություններ էին ընթանում Կապանում, եւ պարոն Մարգարյանը յուրաքանչյուր ծախս մտովի վերածում էր փամփուշտների քանակի… Ուսանողը տեղեկացրեց, որ ընկերներից մեկին հնարավորություն են տվել անվճար սովորելու, երբ վերջինիս երկրի հոգեւոր առաջնորդը նամակ-խնդրագրով դիմել է ղեկավարությանը: Պարոն Մարգարյանը որոշում է նմանատիպ խնդրանքով դիմել Վեհափառին, ում երբեւէ չէր հանդիպել: «Գնացի կաթողիկոսի մոտ, երբ ներս թողեցին, ներկայացրի խնդիրը` պարզաբանելով, որ իմ ուղարկած գումարով կարելի է պատերազմող Կապանի համար զինամթերք գնել»:

Վազգեն Առաջինը ցանկացել է լսել Վազգենի Սարգսյանի մասին, ուրախությամբ ունկնդրել մեր հերոսի` նրա մասին պատմությունները: Այդ ընթացքում արդեն Դ.Մարգարյանին են հանձնել կաթողիկոսի նամակը, որը պիտի Գերմանիա ուղարկեր: «Հարցրեց` այդ ուսանողը որդի՞դ է, ասացի` ոչ, եղբա՞յրդ է, ասացի` ոչ , բարեկա՞մ է, ասացի` ոչ, կապանցի է, դպրոցն ավարտել է ոսկե մեդալով, սովորում էր պետհամալսարանում, պիտի ԱՄՆ ուղարկեին սովորելու, նրա փոխարեն բարձրաստիճան մեկի որդուն են ուղարկել, ես էլ Գերմանիա ուղարկեցի…«Ուրեմն, բարեկամ չէ՞…», – ասաց Վեհափառն ու վեր կենալով` համբուրեց ճակատս…»:

Նման գնահատանքի ու յուրօրինակ օրհնության մասին, թերեւս, շատերը կերազեին, ինչին պետք է արժանանալ ապրած կյանքի ամեն օրով…

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25