Ձմեռային զորակոչը` կազմակերպված

04.02.2015 16:33
2926

Հանրապետությունում հունվարի 8-ից մեկնարկել է հայոց բանակի ձմեռային թարմացման գործընթացը: Սիսիանի տարածաշրջանից զինակոչիկների առաջին հավաքը հանրապետական հավաքակայան է մեկնել հունվարի 10-ին: Խորհրդանշական է, որ հայրենիքի ապագա պաշտպաններն իրենց երկրին տղամարդավարի ծառայելու առաջին պատգամները ստանում են զինկոմիսարիատի պուրակում վեր հառնող Արցախյան գոյամարտի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի արժանացած (հետմահու) քաջ վաշտապետ Վուրգ Ոսկանյանի հուշարձանի մոտ: Ավանդույթ է դարձել, որ զինակոչիկներին բանակ են ճանապարհում Սիսիանում տեղակայված զորամասից հրավիրված զինվորական նվագախմբի մեղեդիների ուղեկցությամբ, բարեմաղթանքի խոսքերով: Սիսիանի տարածաշրջանային զինկոմ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը համոզմունք է հայտնում, որ այս զորակոչին եւս կկատարվի հանրապետության զինկոմիսարիատի նախանշած պլան-առաջադրանքը: Առողջության հետ խնդիրներ ունեցող զինակոչիկները հետազոտվել են մայրաքաղաքի կլինիկաներում: Զինկոմից էլ հետաքրքրվում ենք, թե զինակոչիկների շրջանում որ հիվանդություններն են տարածված:

Անցել են ժամանակները, երբ որոշ երիտասարդներ խուսափում էին սահմանադրական պարտքը կատարելուց, բայց ահա ոմանց առողջական վիճակն անհանգստանալու առիթ է տալիս: Տարածում ունեն սրտի արատներ, ոմանք տեսողության խնդիրներ ունեն, երիկամների հետ կապված խնդիրը զինկոմը կապում է Սիսիանի խմելու ջրի հետ: Զինակոչիկին տարկետում է տրվում առողջությունը վերականգնելու համար, բայց ահա մանկուց հաշմանդամը միանշանակ ազատվում է զինվորական ծառայությունից:

Պատահել է, ծնողը դիմել է եւ երկրորդ անգամ է զինկոմիսարիատն ուղարկել հետազոտման` մինչեւ ծնողը համոզվի, որ իր զավակը պիտանի է ծառայության կամ տեւական բուժման կարիք ունի:

Զրուցակիցս զորակոչի հետ կապված թվեր չհրապարակեց, բայց ահա զինակոչիկների ֆիզիկական ցածր պատրաստականությունը պայմանավորեց դպրոցում ֆիզդաստիարակության ցածր մակարդակով եւ այն, որ պատանիները խուսափում են ֆիզիկական աշխատանք կատարելուց:

Փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը, ով, ի դեպ, երկու պատերազմ է տեսել` Աֆղանականը եւ Արցախյանը, կարեւորում է վարժահավաքների դերը եւ հավելում` ոչ մեկը մեր փոխարեն սահմանը չի պաշտպանելու: Ցավոք, սահմանից մեզ հասած լուրերը պատերազմական հաղորդագրություններ են հիշեցնում: Զրուցակիցս պատմեց, երբ անցած տարվա օգոստոսին սահմանում իրավիճակը սրվեց, կռված տղերքը մի մարդու նման պատրաստակամություն հայտնեցին` խրամատում կանգնել երիտասարդ զինվորի կողքին:

Ավաղ, հակառակորդի դիպուկահարի դավադիր գնդակը երբեմն խոցում է մեր սահմանապահին: Տխրեցնող փաստ իմացանք. անցած տարի Սիսիանի տարածաշրջանից բանակ զորակոչված երիտասարդներից երեքը հակառակորդի կրակին զոհ է գնացել` շարքային Կարեն Գալստյան (Սիսիան), կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյան (Բռնակոթ), շարքային Գրիշա Խաչատրյան (Սառնակունք):

Կռված տղաների շրջանում որոշակի նեղացածություն կա, որ իրենց սոցիալական վիճակը դժվար է բարելավվում: Մինաս Մկրտչյանը եւս այն կարծիքին է, որ Արցախյան պատերազմի մասնակիցները պիտի ուշադրության կենտրոնում լինեն, մարդ կա, որ նույնիսկ ապահովված չէ բնակարանով: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկին, ով վեց երեխայի հայր է, պատրաստակամություն է հայտնել տնով ապահովել, ավելի ստույգ` ազատամարտիկը որեւէ գյուղում տուն պիտի գտնի, իսկ մարզպետը կտրամադրի դրա գինը: «Տեսեք, մի հարց լուծման փուլում է, աստիճանաբար մնացած հարցերն էլ կլուծվեն: Պիտի պետության հնարավորությունն էլ հաշվի առնես», – ասում է զրուցակիցս:

Մայիսի 9-ին լրանում է Մեծ հաղթանակի 70-ամյակը: Գնալով նոսրանում են երկրորդ աշխարհամարտի մասնակիցների շարքերը: Մ.Մկրտչյանը տեղեկացնում է, որ Սիսիանի տարածաշրջանում Մեծ հայրենականի ռազմադաշտերում կռվածներից մնացել է 21 վետերան, ովքեր հարգանքով են շրջապատված: Մայիսի 9-ին վետերանները հյուրընկալվում են Սիսիանում տեղակայված զորամասում, նրանց հուշանվերներ են հանձնվում, բարեմաղթանքի խոսքեր են հնչում, իսկ վետերանները սպաներին, երիտասարդ զինվորներին դրվագներ են ներկայացնում երկրորդ աշխարհամարտից: Թեպետ Աստծո ամեն օր Մեծ հայրենականի մասնակիցներն ուշադրության կենտրոնում պիտի լինեն:

Զինկոմիսարիատների վրա է դրված ռազմական ուսումնարանները կադրերով ապահովելու խնդիրը: Տեղեկացնենք, որ տարեկան չորս-հինգ երիտասարդ Սիսիանի տարածաշրջանից ցանկություն է հայտնում զինվորական մասնագիտություն ստանալ` հիմնականում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Նախկինում սպա դառնալ ցանկացողները շատ ավելին էին:

«Իսկ զինկոմիսարիատը հետաքրքրվո՞ւմ է Սիսիանից զորակոչված պատանիների ճակատագրով» հարցին զինկոմը պատասխանեց, որ զորամասերից շնորհակալական նամակներ են ստացվում, ինչից էլ տեղեկանում են սիսիանցի երիտասարդների օրինակելի ծառայության մասին:

Փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը նաեւ շնորհակալական խոսք ասաց հայոց բանակի օրվա առթիվ, որ լրացավ հունվարի 28-ին (զրույցն ավելի վաղ էր կայացել` հունվարի 23-ին). «Մեր բանակը 23 տարեկան է, մի քիչ տարիքով ավելի, քան նրա շարքերում ծառայող զինվորները, ուստի նրան ցանկանում եմ հզորություն, ինչպես իր ստեղծման օրվանից` մարտունակ լինի: Մենք էլ մեր բանակի կողքին միշտ կանգնած լինենք: Շնորհավորում եմ հայոց զինված ուժերի սպաներին, զինվորներին` մինչեւ գերագույն գլխավոր հրամանատար: Թող խրամատներում մեր ժողովրդի անդորրը պահպանող զինվորի մազը չծռվի, նրա մատը փուշ անգամ չմտնի, մեր տղաները միշտ լինեն խաղաղ օրերի զինվորներ»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ընթացքի մեջ են Որոտնավան բնակավայր տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

04.08.2026 20:45

Պուտինը ստորագրել է ներգաղթի վերահսկողությունը խստացնող օրենքներ

04.08.2026 20:33

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09