Էդմոնդ Մակարյան. «Մենք հիմա, քան երբևէ, ունենք ազգային գաղափարախոսությունը և հայրենասիրությունն էլ ավելի սերմանելու խնդիր»

27.03.2023 12:41
1222

Այցեքարտ

Էդմոնդ Մակարյան ծնվել է Երևանում։ 2001 թ. ավարտել է Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցը, 2003 թվականին՝ Երևանի թիվ 197 միջնակարգ դպրոցը։ 1996-2001 թթ. կոմպոզիցիայի դասերի է հաճախել Ս. Շաքարյանի, Ա.Սաթյանի, Ռ.Ասատրյանի, Մ.Ավանեսովի մոտ։ 2003-2007 թթ. ուսանել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում՝ կապի ճյուղում» ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետի որակավորում, 2007-2011 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Ա. Սաթյան)։ 2012 թ. ավարտել է ԵՊԿ մագիստատուրան (ղեկ.` Ա. Սաթյան)։ 2008 թ. կազմակերպել է պատանի կոմպոզիտորների «Մարո» մրցույթը։ Հանդիսանում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների համահայկական ամենամյա մրցույթի գեղարվեստական ղեկավարը (անցկացվում է 2014 թվականից)։ 2013 -2018 թթ վարել է Հայաստանի կոմպոզիտորների միության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնը։ 2018 թվականից նույն կազմակերպության համերգային-կազմակերպչական բաժնի ղեկավարն է։ 2013 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։

2015-2016 թթ. եղել է Հայ մշակույթի, կրթության և գիտության զարգացման հիմնադրամի տնօրենը։ 2019 թվականից դասավանդում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է։

- Պարոն Մակարյան, «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի հերթական համարը նվիրում ենք մեր երկրամասի մանուկների գեղարվեստական ինքնադրսևորումներին:

Այդ կապակցությամբ կուզենայինք Ձեզ հետ քննարկել մանկական երաժշտությանն առնչվող մի քանի հարց:

Նախ, միգուցե մեր հարցադրումը տարօրինակ թվա, բայց հետաքրքիր է իմանալ՝ հանրապետությունում ունե՞նք երեխաներ, ովքեր երգահան դառնալու ունակություններ ունեն և արդեն իսկ երաժշտական ստեղծագործությունների հեղինակ են:

Խոսքը պատանի կոմպոզիտորների մասին չէ, այլ երեխաների, եթե, իհարկե, նման ընդունակություններով երեխաներ կան:

- Երեխաների մոտ ստեղծագործելու ունակությունները սովորաբար բացահայտվում են վաղ տարիքից, բայց բացառություններ էլ են լինում: Հարցի մեկ այլ կողմն է՝ երեխան երգե՞ր է ստեղծում, թե՞ ուղղակի գործիքային այլ ստեղծագործություններ: Ամենակարևորը ստեղծագործելու ունակություններն են, որոնք զարգանում են շնորհիվ այն ուսումնական հաստատությունների մասնագետների, որտեղ նրանք սովորում են, և, իհարկե, ամենակարևորը, ընտանիքի ուղղորոդումից: Այն, որ Հայաստանի ու Արցախի երաժշտական և արվեստի դպրոցների մեծ մասում կարող ենք հանդիպել թեկուզ փոքրիկ ստեղծագործություն կամ մեղեդի ստեղծող երեխաների, դա հենց տալիս է Ձեր հարցի գլխավոր պատասխանը: Թող մեծամտություն չհամարվի, բայց, իրապես, մեր ազգը տաղանդավոր ազգ է:

- Հիմա՝ պատանի կոմպոզիտորների մասին:

Որքան տեղյակ ենք՝ 2008-ին Դուք կազմակերպել եք պատանի կոմպոզիտորների «Մարո» մրցույթը:

Փորձեք հետադարձ հայացք ձգել այդ մրցույթին:

- Դա իմ և ինձ հավատացող ու երաժշտության հետ ոչ մի կապ չունեցող ընկերներիս ջանքերով ստեղծված նախագիծ էր: Երբ փոքր էի, չափազանց մեծ էր ստեղծագործական նմանօրինակ նախագծերին մասնակցելու ցանկությունը, սակայն Հայաստանում դրանք, ցավոք սրտի, հաճախ չէին անցկացվում կամ գրեթե բացակայում էին, ուստի որոշեցի մրցույթը կյանքի կոչել: Նախագիծն իմ առաջին փորձն էր, դրանով էլ ամբողջապես պարզ եղավ մրցութային մեխանիզմը, ինչը հետագայում ներդրեցի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի կազմակերպման ակունքներում:

- Դուք նաև գեղարվեստական ղեկավարն եք Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների համահայկական ամենամյա մրցույթի:

Ներկայացրեք, խնդրեմ, այդ մրցույթի հետ կապված տեղեկություններ, ինչը մեզ նույնպես հետաքրքրում է:

- Մրցույթը հիմնադրվել է 2014 թ. մայիսին, երբ այդ ժամանակ արդեն կոմպոզիտորների միության նախագահն էր Արամ Սաթյանը: Կոմպոզիտորների միությունը լինելով ոլորտի միակ պրոֆեսիոնալ կառույցը՝ պետք է ունենար նմանօրինակ պատանեկան-կոմպոզիտորական նախագիծ, որն իրավամբ պետք է հարթակ ստեղծեր պատանի կոմպոզիտորների համար, խրախուսեր ու աջակցեր: Կարևոր է, որ երեխաները զգան պետական աջակցություն, գիտակցեն, որ պետությունը, կոմպոզիտորների միությունը նրանց կողքին են և նրանց ստեղծագործությունները դարակը դնելու կամ միայն բարեկամական նեղ շրջանակում ցույց տալու համար չեն: Կա պրոֆեսիոնալ ժյուրի, կա երաժշտասեր հանրություն, որոնց պետք է ներկայացնել սեփական ստեղծագործությունը, և կա հետմրցութային ընթացք, որով և կարևորվում են մեր բոլոր մասնակիցները:

- Արդյո՞ք հանրապետությունում, նշված մրցույթից զատ, ուրիշ մրցույթներ և փառատոներ էլ են անցկացվում երեխաների և պատանի կոմպոզիտորների շրջանում:

- Փառատոների առումով միայն ողջունելի կլիներ, եթե դրանցում ընգրկվեին մեր պատանի ստեղծագործողները՝ իրենց ստեղծագործություններով, և այդ առումով երկու կարծիք լինել չի կարող: Իսկ ինչ վերաբերում է մրցույթներին, ապա պետք է հասկանալ՝ ի՞նչ են տալիս երեխաներին նմանօրինակ մրցույթները: Առաջին հերթին պետք է հասկանալ յուրանքչյուր մրցույթի հոգեբանական կողմը, չէ՞ որ մենք գործ ունենք երեխաների հետ, նրանց փխրուն հոգեբանության հետ, ուստի պետք է լինել չափազանց զգույշ՝ չմոռանալով ուշադրության կենտրոնում պահել յուրաքանչյուր մասնակցի: Ահա հենց սա է այն գրավականներից մեկը, որի շնորհիվ մեր մրցույթն արդեն 10 տարեկան է: Ամենևին չթերագնահատելով կատարողական արվեստը, բայց և այնպես, ստեղծագործական բնագավառում պետք է ավելի զգույշ լինել, հնարավորինս բացառել բոլոր այն տեսակի «մրցույթները», որտեղ երեխան մասնակցում է հանուն անհասկանալի և դպրոցի համար ինչ-որ անհարժեշտ միավորների, իսկ վերջում անգամ մեկ պատվոգրի չի արժանանում: Այո, պետք է խոսել այդ մասին, պետք է հստակ բարձրաձայնել: Չի՛ կարելի մեկ հարթությամբ գնահատել երաժշտական և արվեստի դպրոցների առաջին դասարանցուն, ով նոր-նոր իր առաջին քայլերն է անում ու արդեն դպրոցն ավարտող երեխային: Իսկ նմանօրինակ դեպք, այն էլ պետական կառույցներից մեկի նախաձեռնությամբ, անցնող տարում արդեն եղել է: Մեզանում, առավել ևս մեր երեխաների հետ կապված, պետք է «շփ-թփ» անելը կամ «անել ուղղակի անելու համար»՝ վերացնել: Այ սա է հարցի կարևորությունը՝ չվնասելու հոգեբանությունը, միևնույն ժամանակ օգտակար լինելու առաքելությունը վաղվա սերնդի ճիշտ զարգացման և առաջընթացի համար: Իսկ առհասարակ, հանրապետությունում, հենց մանկապատենական տարիքային խմբերի համար, եթե չեմ սխալվում, այս պահին որևէ կոմպոզիտորական այլ մրցույթ չկա, չնայած տարբեր տարիներին մեկ-երկու փորձեր եղել են:          

- Իսկ Միրզոյանական մրցույթի առանձնահատկությու՞նը:

- Ինչպես նշեցի՝ մեր մրցույթում կարևորագույն տեղ է զբաղեցնում պրոֆեսիոնալիզմը և հոգեբանական կողմը. նախ մասնակիցները բաժանվում են տարիքային 2 խմբի, բացի այդ, բոլոր մասնակիցները պարտադիր պարգևատրվում են խրախուսական նվերներով, պատվոգրերով, ստանում հնարավորություն մարզային համերգների, պրոֆեսիոնալ ձայնագրության, մրցանակային հորիզոնական զբաղեցրած մասնակիցները՝ նաև անվանական գավաթներով, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներով: Դրամական խրախուսանք են ստանում նաև ուսուցիչները, չէ՞ որ ահռելի մեծ աշխատանք են կատարում, իսկ այսօր, ցավոք, ուսուցիչների աշխատավարձն իրենց արած տիտանական աշխատանքի համեմատ, մեղմ ասած, քիչ է: Ինչ վերաբերում է մրցույթին, ապա հաջորդ տարի՝ 2023 թվականին կայանալիք հոբելյանական 10-րդ մրցույթը կլինի աննախադեպ. բոլոր մասնակիցները կհանգրվանեն Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը, որը հնարավորություն է մի քանի օր շփվելու, հաղորդակցվելու միմյանց հետ՝ մեծագույն արժեքներ կրող ու հենց Էդվարդ Միրզոյանի անունը կրող համալիրում, որտեղ նրանց հետ, նրանց կողքին են լինելու նաև իրենց ուսուցիչները, ժյուրիի անդամները: Չեմ վախենա նշել, որ սա ոչ միայն Հայաստանում, այլ եթե ոչ ամբողջ աշխարհում, ապա տարածաշրջանում մանկապատանեկան մրցույթիների պրակտիկայում նման մասշտաբայնությունը, ձևաչափը կիրառվում է առաջին անգամ:

- Մանկական երաժշտության մասին. նախ՝ այն կոմպոզիտորների մասին, ովքեր այսօր մանկական երաժշտություն են ստեղծում հանրապետությունում:

- Մենք ֆանտաստիկ ժամանակակից կոմպոզիտորական սերունդ ունենք, և՛ ավագ սերնդի, և երիտասարդ, ովքեր ստեղծել և շարունակում են ստեղծել երեխաների համար ստեղծագործություններ: Դրա վառ ապացույցը վերջին մեկ-երկու տարում Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից հրատարակված նոր ժողովածուներն են ինչպես երգերի, այնպես էլ գործիքային ստեղծագործությունների: Ապացույցն էլ նաև երաժշտական, արվեստի դպրոցներում ուսումնական ծրագրերում ընդգրկված հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններն են: Այս առիթով պետք է ընգծել նաև ՀԿՄ Երիտասարդական թևի ղեկավար Լիլիթ Արտեմյանի համակարգմամբ տեղի ունեցող կրթական «12 հնչյուն» նախագիծը, որի շնորհիվ այս տարի մեկ տասնյակից ավել երաժշտական և արվեստի դպրոցներում ներկայացվեցին երիտասարդ հեղինակների ստեղծագործություններ՝ գրված հենց պատանիների համար, ովքեր աստիճանաբար տեղ են գտնում ուսումնական ծրագրերում:

- Մանկական երաժշտությունը հատկապես ո՞ր ժանրերով է ստեղծվում կամ ո՞ր ժանրերն են առավել պահանջված մեր ժամանակներում, իսկ ավելի կոնկրետ՝ ի՞նչ են երգում մեր երեխաները:

- Եթե խոսքը երգարվեստի մասին է, ապա տարբեր, երգում են տարբեր թեմաներով: Ցավով պետք է արձանագրեմ, որ կան նաև երեխաներ, ովքեր երգում են իրենց տարիքին չհամապատասխանող ու «անիմաստ» թեմաներով երգեր, թե ինչ է իրենց ծնողները դա են ուզում կամ համարում կոմերցիոն: Ցավոք, 21-րդ դարում մեծացել է ձևի, այլ ոչ՝ բովանդակության նկատմամբ վերաբերմունքը: Իսկ ինչ վերաբերում է ակադեմիական երաժշտությանը, ապա մեր պատանիների մոտ կարող ենք գտնել ամենապարզ պատկերավոր ստեղծագործությունից, օրինակ՝ արջի կամ վարդերի մասին, վերջացրած բարդ ֆորմայով, ատոնալ ստեղծագործություններ:

- Ինքներդ գիտեք, թե որքան կարևոր է մանկական երգերի թեմատիկան. կուզենայինք իմանալ՝ ազգային, հայրենասիրական թեմատիկան որքանով է տեղ գտնում մեր ժամանակներում ստեղծվող երգերում կամ մանկական համույթների երգացանկերում:

- Ոչ բավարար չափով: Մենք հիմա, քան երբևէ, ունենք ազգային գաղափարախոսությունը և հայրենասիրությունն էլ ավելի սերմանելու խնդիր: Ամեն ինչի եվրոպական ինտեգրացիան չէ լավը: Եթե կա խոսք՝ հայրենիքը սկսվում է սահմանից, ապա կարելի է լրացնել՝ հայրենիքը սկսվում է սեփական սրտում, որի կառուցմանը նպաստում է ընտանիքը:

- Ծանոթ ենք Ձեր երաժշտական ստեղծագործությունների ցանկին, որ հրապարակված է՝ ակադեմիական երաժշտություն, երաժշտություն ֆիլմերի համար, էստրադային երգեր և այլն:

Հետաքրքիր է՝ ի՞նչ ունեք այդ ցանկում երեխաների համար ստեղծված:

- Իմ ուշադրության կենտրոնում մշտապես եղել են երեխաները, անգամ մի շրջան կար, որ զբաղվում էի երեխաների երաժշտական պրոդյուսերությամբ: Տարիներ առաջ նկարահանվեց ֆիլմ՝ «Կանչ» էր կոչվում՝ Ցեղասպանության ժամանակահատվածում հայի պայքարող պատանու տեսակը նկարագրող պատմության, որի սաունդթրեքը գրել եմ հենց պատանիների կատարման համար. երգչուհի Դալիթայի և հրաշալի դուդուկահար Թաթուլ Համբարձումյանի շնորհիվ ստեղծագործությունը գեղեցիկ երանգ ստացավ: Իսկ առհասարակ, այո, շատ են էստրադային երգերը, որոնք գրել և շարունակում եմ գրել երեխաների համար: Գալիք տարի էլ հատուկ երեխաների կատարման համար կհրատարակվի իմ «5-ի 50» գործիքային ստեղծագործությունների ժողովածուն, որտեղ կլինեն իմ պատանեկան 50 ստեղծագործությունները՝ գրված հինգ տարվա ընթացքում:

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ է պակասում մեր օրերում ստեղծվող մանկական երաժշտությանը:

- Հենց իրական մանկություն: Երեխաները շտապում են մեծանալ:

- Մանկական երաժշտության փառատոներ, մրցույթներ, նախագծեր, որ անցկացվում են հանրապետությունում:

- Կան, հրաշալի աշխատանք են տանում երաժշտական և արվեստի դպրոցները, կան կատարողական արվեստի բնագավառի նախագծեր, այդ թվում՝ Նոր անուններ, Մեկնարկ զարգացման ծրագիրը, Արտմյուզիք, վերջին շրջանում՝ նաև Վաղարշապատի «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնը և այլն, որոնցից յուրաքանչյուրն էլ մեր մշակութային իրականության մեջ իր ներդրումն ունի, և լիահույս եմ՝ ավելի օգուտ կբերեն մեր երեխաներին:

- Մանկական երաժշտական համույթներ... Ունե՞նք մանկական երաժշտական համույթներ, որոնք նշանավոր են և ճանաչված նաև մեր հանրապետության սահմաններից դուրս:

- Իհարկե կան, արդեն նշեցի՝ մեծ աշխատանք են տարվում երաժշտական և արվեստի դպրոցներում, այնտեղ ձևավորվում են երգչախմբեր, գործիքային խմբեր: Պետք է առաջին տեղում միշտ դնել ուսումնական հաստատությունները, չէ՞ որ ճիշտ և որակյալ կրթությունն է աշխատասիրության ու տաղանդի հաջողությունների գրավականը:  Երգարվեստում կան հրաշալի պատանեկան խմբեր, օրինակ՝ «Փոքրիկ երգիչները», «Արևիկը», «Արևները»… Կան նաև անհատներ, այդ թվում՝ մեր մրցույթի դափնեկիրները, ովքեր արդեն իսկ հայտնի են մեր երկրի սահմաններից դուրս՝ շնորհիվ իրենց կատարողական վարպետության և տաղանդի:

- Իսկ մանկական երաժշտական հեռուստահաղորդաշարեր, ռադիոհաղորդաշարեր, պարբերականներ, համացանցային էջեր...

Ի՞նչ ունենք հանրապետությունում այդ առումով:

- Դե, կան, նաև հանրային ռադիոյով, բայց քիչ են: Ժամանակին կար հեռուստատեսություն՝ «Հայրենիք» էր կոչվում, եթե չեմ սխալվում, իր տեսակի մեջ եզակի ու ուսուցողական: Ու ամենակարևորը՝ հայալեզու: Ցավոք, փակվեց: Իհարկե կարող ենք ասել, որ համացանցը լայն հնարավորություն է տալիս, սակայն միևնույն ժամանակ պետք է նաև գիտակցենք այն մեծ «աղբը», որը գալիս է համացանցից: Պետք է լինի պետական մտածողություն, մշակվեն ճիշտ ստրուկտուրաներ՝ էլ ավելի շատացնելու մանկապատանեկան հաղորդաշարերը, նախաձեռնությունները:

- Ինչպե՞ս եք գնահատում մանկական երաժշտական կրթության դրվածքը հանրապետությունում, ինչո՞ւ է (նախորդ տասնամյակների համեմատությամբ) նվազել երեխաների հետաքրքրությունը երաժշտական դպրոցների հանդեպ:

- Կարծում եմ՝ մոտեցումներն են փոխվել: Հիմա ընտանիքների մի մասում մտածում են՝ «թող մի քիչ նվագել իմանա կամ ուղղակի նվագել իմանա, հերիք է, մեկա, էտ իրեն պետք չէ» (հենց միանգամից վճռում են երեխայի ապագան, որ երաժիշտ դառնալը պիտանի բան չէ), ինչպես նաև տանուլ տալիս երեխայի՝ «անվերջ հեռախոսի մեջ մտնելու» ցանկությունների հետ պայքարը: Եվ նորից գալիս ենք սկզբնաեկտին. ընտանիք, որի հայելին հենց երեխաներն են: Դրա համար հանրության հետ պետք է ճիշտ աշխատանք, ամենակարևորը՝ պետական ճիշտ մոտեցում՝ ազգայինն ու համամարդկայինը բարձր պահելու համար, թե չէ ապառիկով գնված լավ հեռախոսով աննպատակ «վիդեոներ» անող մարդիկ, քանի հեռախոսները կան, միշտ էլ փորձելու են իրենց ցածր մակարդակը պրոպագանդել:

Հարցազրույցը՝
Սամվել Ալեքսանյանի

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29