news.am
Ազատության հրապարակը անցնող 30 տարիներին տեսել է բազում հանրահավաքներ, սակայն առաջին անգամ այս հանրահավաքը հավաքել է մեր քաղաքացիներին, որ իշխանություններին ասի՝ լրջացեք, որովհետեւ վիճակն է լուրջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Հավաքվել ենք՝ ասելու՝ վիճակն է լուրջ, հավաքվել ենք՝ ասելու՝ մենք էլ ենք ժողովուրդ, ասելու՝ մենք լուրջ մտահոգություններ ունենք, ասելու՝ մենք լուրջ պահանջներ ունենք, ասելու՝ մեր խոսքն էլ պետք է լսվի»,–նշեց նա։
Գեղամ Մանուկյանը շեշտեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից 100 տարի անց կրկին ջրբաժաններ են գծվում հայերի միջեւ. «Մենք գալիս ենք ասելու, որ մեր երկրում ջրբաժանները շատացել են, ջրբաժաններ, որ դրեցին իշխանությունները սեւ ու սպիտակ, հեղափոխական ու հակահեղափոխական, արցախցի ու գյումրեցի, հազար ու մի տեսակ առումով։ Բայց մենք այսօր եկել ենք այստեղ ասելու, որ թույլ չենք տա, որ 100 տարի հետո նորից ջրբաժան գծել։ Մենք եկել ենք այսօր ասելու, որ թույլ չենք տա, որ մեր երկրում լինի 1 մարդու կարծիք, մենք ասում ենք՝ մեկ կարծիքը դիկտատուրա է եւ մեր երկրում բացառվում է»։
Հիշեցնենք, որ ՀՅԴ–ն հանրահավաք է հրավիրել` ներկայացնելու երկրում առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները։
news.am