Նվիրվում է մորս՝ երջանկահիշատակ Աստղիկ Բարսեղյանի անմար կերպարին
Փոքրիկ տղան ծնողների հետ մեծ քաղաք էր գնացել լեռնային փոքրիկ գյուղից և ակնապիշ շուրջբոլորն էր դիտում։ Ինչ-որ անհանգստություն էր համակել նրան․ քաղաքի այս աշխուժությունը նրան ծանոթ չէր․ մայրաքաղաքի ժողովուրդը՝ մեծ ու փոքր, պատրաստվում էր նշելու Նոր տարին։ Հսկա տոնածառ էին տեղադրել հրապարակում։ Մարդկային ալիքն ուղղակի հոսում էր վարար գետի պես, իսկ գույնզգույն լույսերը երեկոյան քաղաքը տեղափոխել էին մի հեքիաթային աշխարհ․ այն նմանեցրել էին թավ անտառի բացատում վեր խոյացած եղևնու, որի շուրջ հավաքվել էին տարվա բոլոր ամիսներն ու մեծ անտառի բնակիչները։
Առատ ձյուն էր տեղացել, մարդիկ ժպտերես էին․ խոսում էին միմյանց հետ ու ծիծաղում, իսկ ես ինձ այնքան լավ եմ զգում, երբ մարդիկ ժպտում են ու ծիծաղում լիաթոք։ Նրանք իրենց ծիծաղով ուզում են ասել, որ մենք երջանիկ ենք տոնածառի հարևանությամբ ու շուտով կհանդիպենք և կընդունենք այն ամբողջ հեքիաթայինը, որ Նոր տարի է կոչվում։ Հետո էլ կա մի շատ կարևոր հանգամանք, որ ամեն տարի ծնվում են երեխաներ, ովքեր սիրում են ու նվիրված են Ձմեռ պապին, Ձյունանուշին, հրաշքներին և շատ-շատ նվերներին։
Զարմանալի մի բան կա․ միմյանց շատ նման են Արարիչը և Ձմեռ պապը․ նրանք շատ բարի են ու մորուք ունեն, իմաստուն են և ամենակարող։ Իմաստնությունը և ամենակարող լինելն ամփոփված են ոչ միայն նրանց ուղեղում, այլև մորուքի մեջ։ Այդպիսի մորուք այլևս ոչ ոք չունի։ Իմ պատկերացումներում, երազներում նրանք միշտ էլ միասին են եղել՝ առաքինի, ազնիվ, արժանապատիվ, արդար, ամենակարող ու հեզ։ Իմ կարծիքով՝ պետք է կարգ լինի, որ մորուք կրեն միայն Արարիչը և Ձմեռ պապը։ Այդպես ավելի կատարյալ կլինի աշխարհը․ նրանք երբեք չեն սափրում մորուքը կամ ձև տալիս, և այն ստանում է խորը բովանդակություն։ Իմ կարծիքով՝ իսկական մորուքը սափրելու համար չէ։ Ինձ միշտ էլ թվացել է՝ նրանք միասին են բերում Նոր տարին, Սուրբ ծնունդը, միասին են բերում բոլոր ուրախությունները, որ տեղի են ունենում մեր կյանքում։
Անկեղծ ասած՝ ինձ հիասթափեցրել է այն, որ երեխաները մեծանում և սկսում են կասկածել Ձմեռ պապի գոյությանը կամ բերած նվերին։
Ինչու՞ եք կասկածում Ձմեռ պապին, ինչու՞ եք կասկածում Աստծո բարությանը և նրանց բերած երջանկությանը...
Երբ նա Լապլանդիայից գալիս է դեպի մեր երկրներ, Նոր տարվա նվերներ է բերում, չի կասկածում մեր լինելուն և լինելիությանը․ ամեն ինչ կարող է պատահել երկար ու ձիգ ճանապարհներին, բայց նա գալիս է ու հասնում մեզ։ Մեզ համար կտրած տոնածառեր չի բերում, ցանկանում է ասել, որ Սպանվածի շուրջ տոնախմբություն չի կարող լինել․ նրա համար ծառ կտրելն աշխարհի վերջ է համարվում, և այդ հեռավոր, ցրտաշունչ երկրից գալիս ու հասնում է մեզ՝ ասելու՝ տոնածառը պետք է զարդարել կենդանի ժամանակ, որովհետև այն խորհրդանշում է աշխարհի սկիզբը, ինչը ենթադրում է աղոթք ու կանաչ ճանապարհ։ Իմիջիայլոց, վերը նշված այդ փոքրիկը, հետո՝ պատանին, ես եմ․․․
Մեր գյուղում Ամանորը շատ համեստ էին նշում․ մեզ համար Նոր տարին իմ մայրն էր, ով եփում-թափում էր, անուշ բուրմունքներով լցնում տունը, եղբայր-քույրերն էին, որ պտտվում էին փոքրիկ տոնածառի շուրջը։ Տոնածառը բնական էր՝ անտառտնտեսության պուրակից հատված։ Հայրս գալիս էր տուն, երբ մի քանի րոպե էր մնում Ամանորին։ Միասին սեղան էինք նստում և լսում հորս բարեմաղթանքները։ Իսկ հաջորդ օրը կյանքը շարունակվում էր շնորհավորանքներով և փոխայցելություններով․ մեկ-երկու օր հետո կարծես ամեն ինչ դառնում էր սովորական։
Անցած-գնացած ժամանակները տպավորվում են մատաղ հասակում։ Դաջվում է, ու այլևս փրկություն չկա։ Ապրում ես ամբողջ կյանքդ՝ իր լավ ու վատով, բայց այն, ինչ տպավորվել է դեռահասության ժամանակաշրջանում, հետապնդում է քեզ ամբողջ կյանքում։ Մի պահ խամրում է, հետո էլ հանդես գալիս մեծ շքեղությամբ և քեզ նորից տանում, տանում նորից ու նորից վերաիմաստավորվում։ Նախկինում դրա մեջ որևէ խորհուրդ չէի նկատել, բայց հետո պիտի հասկանայի, որ այս ամբողջը նորից գալու և հաշիվ է պահանջելու․ այն ժամանակվա եղած չգտնվածն այսօր հանդես է գալու նորովի, և իրականանալու է այն, ինչը մի ժամանակ եղել է, չի նկատվել ու գնահատվել։
Գյուղական կյանքը յուրովի նվեր է ամեն մարդու։ Այդտեղ ծնվել, ապրելն այն խաչն է, որ մարդ կրում է ամբողջ կյանքում։ Երջանիկ եմ իմ ընտանիքով, հարազատներով, համագյուղացիներով, որ ծնվել եմ մսուրի, գոմի հարևանությամբ, այն բազմաթիվ կենդանիների շրջապատում, որոնք գալիս փաթաթվում էին մեզ ամեն Աստծո օր, որոճում էին ու մեզ տեսնելիս երջանկանում ու լիզում մեր դեմքն ու ձեռքերը։
Ինչո՞ւ մսուրը մեխվեց իմ ուղեղում, ինչո՞ւ հեզ գառնուկը, որը կարծես թափանցող, անմեղ հայացքով մեզ առինքնում էր, կանչում է ու էլի մնում սքանչելի։ Այս պատկերը շատերն են նկատել ու էլի մնացել կարոտ․ նրանցից ոմանք նկատել են այն, որ մսուրում այդ պահին էլի ինչ-որ Մեկը կա, որ հպարտանում է մեզանով՝ մսուրի բոլոր բնակիչներով, և առանձնապես սպիտակ հագած գառնուկով, որին տրված է աշխարհով մեկ մատաղվելու մեծ առաքելությունն ու երջանկությունը։
Հա՛, մոռացա ասել, թե ինչու այսքանը պատմեցի։ Ուրեմն իմ ասելիքն ունի նախապատմություն․ պատանի հասակում տեսել եմ կտրված շատ-շատ տոնածառեր՝ փոքր ու մեծ։ Որտեղ ես եմ ապրում, ծառերը շատ դժվար են աճում ու մեծանում․ տեղանքի ցրտաշունչ, դաժան կլիման չի նպաստում անտառների գոյացմանը։ Գյուղին մոտիկ մի հարթություն կա, երևի մի երեք-չորս հեկտար կլինի, այդտեղ կար ընդամենը մեկ ծառ՝ վայրի խնձորենի, որի տակ ամառվա կեսօրին իրենց հանգիստն էին առնում հնձվորները։ Թփեր էլ կային, բայց երևացողը ծառն էր։
Հողի սեփականաշնորհումից հետո այդ տարածքի տերը կտրեց ծառը՝ պատճառաբանելով՝ եթե ինքը չկտրեր, ապա մեկ ուրիշն էր կտրելու։
Տարածքը միանգամից ամայացավ․ պակասեց մի հսկա ստվեր, ծառի շորոր ու ճյուղերի շրշյունը պակասեց, հեռացան թռչունները, և ոչ ոք այլևս այդտեղ հացի չէր նստում։
Ես համոզված էի, որ այդ տարածքը փոխվեց ամբողջապես, հետո հասկացանք, որ այդ ծառն ավելի կարևոր էր աշխարհի համար․ մինչև այսօր այդ ծառի մասին թռչունները խոսում են ու ափսոսում։
Գյուղի ծերերն ասում էին, որ մեզ մոտ մեկ ծառ աճեցնելու համար մարդկային մի կյանք է հարկավոր։
Նոր տարվա շեմին ամեն ինչ ընդունելի էր․ բոլորն արդեն իրենց բնական տոնածառն ունեին՝ պուրակից հատված։ Կտրել, բերել էին տուն։ Բայց որտեղի՞ց էին բերում, որովհետև շրջապատում այդպիսի ծառեր չկային։
Բոլորի նման ուրախանում էի, որ մենք էլ տոնածառ ունենք, բայց չէի հասկանում, որ ծառը՝ կտրած սղոցով կամ կացնով, չի կարող ուրախություն պարգևել․ պետք է ապրեի ևս մի քսան տարի, որ հասկանայի և ամբողջ կյանքում՝ որպես մեղքի քավություն, ծառ տնկեի, ու նաև շատ-շատ եղևնիներ։
Հունվարի 13-ից հետո կտրված եղևնիները, որ տոնածառի դեր էին կատարել, դեն էին շպրտվում․ յուրաքանչյուր տան մոտ՝ մի անկյունում, շպրտված եղևնին էր, որը հետո կմտներ վառարան։
Այդ կտրված ծառերի համար տարիներ հետո ներքին ողբ եմ ունեցել ու աղոթք արել նրանց մեծահոգության ու շքեղության համար, նրանց անսպառ ներողամտության, համբերության և տոկունության համար․ էլի ընկա հուշերի հետևից ու մոռացա պատմել ասելիքիս մասին, բուն նյութի մասին, որն ինձ շատ սովորական բնական վիճակից տեղափոխեց Աստծո իրականություն և, թվում է, այդ ժամանակ ես մարդ դարձա։ Ես Բեթղեհեմի այդ քարայրում չեմ եղել, որտեղ Սուրբ Կույսից աշխարհ է եկել մեր Փրկիչը։ Երանի գոնե մեկ անգամ լինեի այդ Սուրբ Մսուրում։ Համոզված եմ, չգիտես ինչու, որ, այնուամենայնիվ, ես այնտեղ եղել եմ, բայց ոչ անմիջապես, այլ երևակայությամբ կամ միջնորդավորված։ Նույնիսկ չեմ կասկածում, որ մեր՝ գյուղաբնակներիս կերպի կամ արյան մեջ կա Մսուրը, Գոմը։ Առանց Գոմի և այդտեղի բնակիչների մեր կյանքը չէր ստացվելու. մեր կովը, հորթը, ոչխարը, գառնուկը, այծը, բակի շունն ու կատուն, ձին ու ավանակը ներդաշնակություն էին և անհասկանալի կլինեին առանձին։ Երեխաներով այս կենդանիներին սիրում ու հարգում էինք ու երջանիկ էինք, որ նրանք կան ու միշտ կլինեն, ու միշտ կլինի Մսուրը, որն իմ մեջ կա և իմ ամենակարևոր ժառանգությունն է։
Պարզ հիշում եմ՝ Նոր տարվա գիշերը տոնածառի շուրջը պտտվում էինք՝ եղբայրներս ու քույրերս, իսկ վառարանի մոտ պառկել էին մեր հորթուկն ու գառնուկը նորածին, և ինձ թվում էր՝ նրանք ժպտում են, ու մի օր այդ մասին կհիշենք ու կխոսենք, թե ինչու տոնածառի վրա լույսեր չկային․ այն զարդարված էր թղթե գույնզգույն շղթաներով, հասարակ կոնֆետներով, խնձորով, ցորենի մեջ պահված զկեռով ու շա՜տ-շատ բամբակով, որն առատ ձյուն էր ենթադրում ու անաղարտ ճերմակություն։
Երևի անհրաժեշտ է, որ մարդու բախտը բերի։ Մի անգամ, երբ կյանքը հոսում էր իր անվրդով ընթացքով, ինձ զանգահարեց մի զինվորական, Ազգային ժողովի պատգամավորի օգնական էր և առաջարկեց երկու նորածիլ եղևնի, որոնց բարձրությունը կլիներ մոտ ութից տասը սանտիմետր։ Նրանց արմատները պարփակված էին թաց հողի մեջ։ Սիրով ու շնորհակալությամբ ընդունեցի՝ հույս չունենալով, որ մի օր սրանք կբարձրանան և մեծ ու շքեղ եղևնիներ կդառնան։
Ու կատարվեց անսպասելին․ թվաց՝ ինձ նորածինների կյանք են վստահել։ Ընկել էի մտածմունքների մեջ․ ուրեմն եկավ այն պահը, որ Աստված որոշել է ինձ փորձել․ ինչու՞ անպայման ինձ վստահվեց այս փորձությունը․ ուրեմն եկել է իմ պահը։ Այս ծիլերը չպետք է չորանան, նրանք պետք է բռնեն կանաչի ճանապարհը, որ կանաչ լինի աշխարհը, ու բոլորի ճանապարհը կանաչ լինի։ Ու որոշեցի՝ բար իմ ու գործընկերներիս համար այս ճանապարհը պետք է աստիճանաբար դառնա կանաչ ուղի։
Հասա դպրոց, ու անմիջապես մեր աշխատակիցների հետ երկու փոքրիկ փոս փորեցինք ու տնկեցինք Աստծո ուղարկած մեր եղևնիները՝ Փաթիլն ու Ամպիկը։
Ես գիտեի, որ եղևնու խորհուրդը նորություն չէ։ Մշտադալար այս ծառը նախկինում մեծ ուշադրության չի արժանացել։ Նրա պտուղները խնձոր, ծիրան ու տանձ չեն եղել, բայց նա էլ, բնականաբար, ունեցել է իր պտուղները։ Ինքն ուշադրության կենտրոնում չի եղել և շատ-շատ է նեղվել ու մեկուսացել, որովհետև ուրիշ ծառերի նման չի առանձնացել և ոգևորվելու ու ոգևորելու բան չի ունեցել։ Ուղղակի երկնային հրեշտակները նկատել են նրա համեստությունը և Նոր տարվա նախաշեմին աստղիկներ են բերել ու զարդարել համեստության ծառը։
Ես հավատում եմ այդ հեքիաթներին և ապրում եմ՝ այդ հեքիաթները մանուկներին պատմելու համար, գուցե դրանք հեքիաթ էլ չեն, «չգիտեմ»-ը, ինձ շատ է ոգևորում, որովհետև մի օր անպայման կիմանամ այդ մասին։
Երբ խնամում էի այդ եղևնիները, ինձ համար օրը դառնում էր տոնական․ սկսվում էր ներքին երկխոսություն, հաղորդակցություն և, ամենակարևորը, այդ պահին զգում էի մի խորհրդավոր ներկայություն, որը հիանում էր եղևնիների սաղարթներով՝ շոյելով նրանց, և ժպտում էր մանկան լուսավոր ժպիտով, և աչքերը ճառագում էին, ինչպես աստղեր հիշեցնող աչքերը մանկան՝ ուրախության ճիչեր արձակելու պահին։
Եղևնիների հետ ապրելու տարիներին զգացել եմ անտես Մեկի ներկայությունը։ Ամեն պահի՝ ջրելիս, բունը փորելիս, խնամելիս, զգում էի ինչ-որ շնչառություն, քայլերի ձայն․ օրը դառնում էր հաճելի, տանելի էին դառնում ցուրտը, սառնամանիքը։ Ամեն տարի առնվազն քառասուն սանտիմետր բարձրացող եղևնիների սաղարթները հաճելիորեն տարուբերվում էին, կարծես շոյում էին ինչ-որ մեկին․ Աստծո ոգին պտտվում էր եղևնիների պուրակում և խաղաղություն մաղթում բոլորին ու անպայման այդ տարածքին, որտեղ, բացի իմ ներկայացրած երկու եղևնիներից, կային բազմաթիվ այլ եղևնիներ և շատ-շատ ծառատեսակներ։ Կարծում եմ՝ եթե ծառը զարդարես, նման կլինի տոնականի, բայց եղևնի չի լինի, և այն բուրմունքը, որ ինքն ունի, մեզ կստիպի մտածել՝ եղևնին ի վերուստ իր կարծիքն ունի նաև մեր մասին։ Բայց մոռացա պատմել շատ-շատ կարևորի մասին։ Ես հետո հասկացա, որ այս եղևնիներն անտարբեր չեն իրար նկատմամբ։ Նրանք տնկված էին էլի մեր կողմից աճեցրած ու հսկա դարձած մի ընկուզենու հարևանությամբ, որ մեղմ հայացքով էր դիտարկում շրջապատը։ Փաթիլն ու Ամպիկը սկզբում դժվար էին բարձրանում, հետո ինչ-որ ուժ նրանց վեր հանեց․ երևի մեր բոլոր աշխատակիցների գուրգուրանքն էր, որ ոգևորեց ու սրտապնդեց նրանց։
Մի օր նկատեցի, որ Փաթիլը չորանում է, որը վատ կանխանշան էր մեզ համար, որովհետև այն, ինչ զգացել ու ոգևորվել էինք, ջուրն էր թափվում, ու որոշեցի՝ ուղղակի այդպես չպետք է լինի։ Կտրեցի չորացած հիմնական ճյուղը՝ հույս փայփայելով, որ արմատի կողքից բարձրացող ծիլը հասակ կքաշի ու կբարձրանա։ Այդպես էլ եղավ․ մեր անհանգստությունը և աշխատանքը պտուղ տվեցին։ Հիմա էլ, երբ ուշադիր դիտում ենք Փաթիլի բունը, հին վերքը նշմարվում է։ Պետք էր տեսնել Ամպիկի ապրումները․ սաղարթները կախ էին ընկել, կարծես արտասվում էին, խեժ արձակում, երբեմն էլ ողջունում ու սփոփում Փաթիլին, որը, իսկապես, հերոսաբար տարավ իրեն բաժին ընկած փորձությունը։
Հսկա եղևնիներ են դարձել Փաթիլն ու Ամպիկը․ լուսանկարվում են նրանց հովանու տակ, հպարտ են, և չգիտեմ, թե ինչպես նրանք համարյա նույն բարձրության են, ու նրանց լեզուն հասկանում եմ․ այդ լեզուն սովորել եմ, երբ աշխատում էի նրանց հետ՝ ջրելիս, խնամելիս, բունը փորելիս, կողքը կանգնելիս, Նոր տարվա նախաշեմին զարդարելիս և ընդանրապես՝ միշտ նրանց կրում եմ իմ մեջ, և ես՝ նրանց մեջ։
Հանգամանքների բերումով երկու տարի չէի եղել դպրոցում և վաղուց չէի հանդիպել իմ բոլոր ծառերին, այդ թվում՝ սիրելի եղևնիներին։ Իհարկե, կարոտել էի ո,ւ հանկարծ մեր դպրոցի ֆեյսբուքյան էջում տեսնում եմ Փաթիլին ու Ամպիկին։ Առաջինը՝ իր ձիգ կեցվածքով, երկրորդը՝ տոնական լոսավորությամբ զարդարված։ Հուզմունք պատեց․ Նոր տարի էր։ Նկարի միջից նույնիսկ նրանք ինձ ճանաչեցին ու ժպտում էին, կարծես նաև կանչում էին։ Առաջին անգամ նրանց զարդարել էինք, երբ հինգ-վեց տարեկան էին, և այդպես՝ ամեն տարի․ ցանկանում էինք, որ երեխաները և ընդանրապես բոլորը տեսնեն եղևնի, որը հպարտ է, շնչում է, ժպտում և զարդարված է աշխարհի բոլոր գույներով։ Ցանկանում էի ինչ-որ մեկնաբանություն գրել, ինձ թվում էր՝ իմ բոլոր սիրելիները հավաքվել են, և ես այնտեղ չկամ։ Ու որոշում կայացրի՝ Ձմեռ պապի նման պետք է երկար ճանապարհ անցնեմ և հասնեմ իմ եղևնիներին, բարևեմ բոլորին և մեր աճեցրած հսկա ընկուզենուն, որը պահապանն է այդ ամբողջ տարածքի։ Տնեցիները չէին ուզում ընդունել իմ որոշումը, բայց համակերպվեցին։ Օրվա այն պահին պետք է հասնեի, երբ երեկո էր լինելու։ Ես զգում էի, որ ինձ սպասում էին ոչ միայն իմ սիրելի եղևնիները։ Դպրոցի տարածքի ծառերի վրայի բազմաթիվ թռչնաբները, որ պատրաստվել էին մեր թռչնասեր աշակերտների կողմից, տարվա այս պահին լքված էին։ Այստեղ դեռ վաղուց ապրում էին սկյուռիկներ, կրիա, աքիսը, մի կենդանի, որի անունը չգիտեի, բայց փորսուղի նման էր, ապրում էր ոզնին, օձ կար, իհարկե, թունավոր չէր, բայց կար։
Ես հասա երեկոյան ժամը յոթին, երբ մութն ընկել էր։ Եվ այն, ինչ տեսա, վեր էր ամեն երևակայությունից․ Փաթիլի ու Ամպիկի արանքում հավաքվել էին Աստծո թվարկածս ընտրյալները և, ըստ երևույթին, մեղմ երգում էին։ Անձայն միացա նրանց, լուռ ողջունեցի իմ եղևնիներին և հարազատներին։ Ներկա էր նաև մի շուն, որը երևի անտուն էր և շատ երջանիկ էր, որ Ամպիկն ու Փաթիլը հաճույքով էին ընդունել իրեն։ Ինձ թվաց՝ Փրկչի ծնված քարայրում եմ, և աշխարհը պետք է ազատվի մեղքերից, բոլորի աչքերը թաց էին, իսկ բարությունը խտանում էր, խտանում ու դառնում ժառանգություն...
«Եվ Աստված ասաց․ ահա ամեն խոտը, որ սերմ ունի ամբողջ երկրի վրա, և ամեն ծառ, որի վրա կա սերմ տվող ծառի պտուղ, ձեզ տվի․․․»։ ( Ծննդոց 1։26-31 2։7-22 )
Հովիկ Ալեքսանյան