ՏԱԹԵՎ

09.10.2018 12:30
1134

Մեր երկրի ամեն թիզ տարածք ներծծված է հարուստ պատմական անցյալով: Սա անվիճելի է: Դրա հետ մեկտեղ կան առանձին վայրեր, որոնք ավելի թանձր շերտեր ունեն: Նրանցից մեկն էլ Տաթեւն է` թե՛ բուն գյուղի, թե՛ ողջ տարածքի, եւ թե՛ առկա հուշարձանների առումով` Տաթեւի հռչակավոր վանական համալիրի իշխանությամբ: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ՝ Տաթեւի վանքը համաշխարհային հռչակ ունեցող կառույց է` իր տեղադրմամբ, ճարտարապետական լուծումներով, առանձնահատուկ հոգեւոր արժեքներով ու խորհուրդներով, վիմագիր արձանագրություններով, մի խոսքով՝ այն ամենով, ինչը յուրաքանչյուր այցելուի վրա թողնում է անջնջելի տպավորություն: Դա է պատճառը, որ ուխտավորները, չնայած անբարեկարգ ճանապարհին (Սատանայի կամրջից մինչեւ վանք) նորից ու նորից են այցելում Տաթեւ:

Տաթեւը հայ իրականության մեջ լայն սեր ու հարգանք է վայելում, բոլորի հետաքրքրությունը շարժող պատմական հուշահամալիր է: Պատահական չէ, որ ինչպես Հայաստանում, Արցախում, Ջավախքում, նաեւ սփյուռքի բոլոր հայ համայնքներում (Ավստրալիա, Ամերիկա, Եվրոպա, Սկանդինավյան երկրներ, Մերձավոր Արեւելք, Ռուսաստան եւ այլն) ոգեշնչված Տաթեւով իրենց նորածին հրեշտակներին Տաթեւ-Տաթեւիկ անունն են կնքում: Անգամ կան փաստեր, որ օտար երկրներից եկած այլազգի այցելուներից ոմանք՝ հիացած վանքով, իրենց նորածին դուստրերին են կոչել Տաթեւ:

Տաթեւ անվանումն ունեն բազմաթիվ հոգեւոր հայրեր:

Պատմում են, որ երբ Հայաստանի Սոխակ, համաշխարհային ամենաբարձր բեմերն անվիճելիորեն նվաճած օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանն ԱՄՆ հեղինակավոր թատրոնում ավարտել է ելույթը, կուլիսների նրա առանձնասենյակ է գնացել տեղաբնակ սիրունատես մի հայ տիկին, շնորհավորել մեծ երգչուհուն` փառավոր ելույթի համար, ապա տվել հետեւյալ հարցը.

-Դուք Տաթեւի վանք այցելա՞ծ եք:

Երգչուհին մի պահ մնացել է կարկամած, հետո պատասխանել.

-Ցավոք, եղած չեմ:

Պարզ է, որ հեռավոր աշխարհամասում ապրող տիկինը հիացել էր հրաշագեղ հոգեւոր կառույցով, նրանում ամփոփված թանկ խորհուրդներով, որի համար էլ ափսոսում էր, որ մեծ երգչուհին դեռեւս չի վայելել այդ եզակի կառույցի հմայքն ու գեղեցկությունը:

Ելույթներն ավարտելուց հետո Գոհար Գասպարյանը վերադարձել է հայրենիք:

Օդանավակայանում, նստելով իրեն դիմավորած ավտոմեքենան, վարորդին անմիջապես կարգադրել է այն վարել դեպի Տաթեւ:

Դիմավորողները, մնալով ապշած, հարցրել են, ի՞նչ նպատակով, ինչո՞ւ այդպես հանկարծակի, գուցե տուն գնան հետո եւ այլն, Գոհարն անդրդվելի է մնացել ու ասել, որ ասվածը քննարկման ենթակա չէ:

Նա այցելել է վանք: Անկասկած է, որ Պողոս-Պետրոս տաճարում իր անզուգական ձայնային նոտաներով հնչեցրել է Կոմիտաս, վայելել Սյունյաց հոգեւոր կենտրոնի ողջ հմայքը, ըմբոշխնել մեր անկրկնելի բնաշխարհի գերող գեղեցկությունը:

Այսքանն ասում եմ նրա համար, որ Տաթեւի նման արժեք` իր առանձնահատկություններով հանդերձ, մենք էլ չունենք: Այս տարածքում ամփոփված է մեր ժողովրդի պատմական անցյալի, նրա անցած ուղու վերաբերյալ հսկայական հետաքրքիր նյութ, որը դարեր շարունակ սպասում է իր հետազոտողին, իր տարեգրին:

Այն, որ մեծ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, աստվածաբան-փիլիսոփա Գրիգոր Տաթեւացու գրություններում, տարբեր ժամանակներում եւ անձանց կողմից թողած հիշողություններում, նաեւ մեր օրերում մի շարք տաթեւացի մտավորականների (Պողոս Պողոսյան, Սեդրակ Պողոսյան, Ռոմիկ Հարությունյան եւ ուրիշներ), ինչպես նաեւ ուրիշ այլ հեղինակների կողմից կատարած աշխատանքներում կան անդրադարձեր, սակայն, պետք է ասել, որ դրանք ընդամենը թռուցիկ հպումներ են, այն էլ ոչ թե ընդհանրապես Տաթեւին, այլ մեծամասամբ առանձին ուղղությունների են վերաբերում: Մինչդեռ, վաղուց է անցել այն ժամանակը, որ պետք է  մանրամասն հավաքվեր, հետազոտվեր եւ գրվեր Տաթեւի ամբողջական պատմությունը, որը անկասկած, մի կարեւոր մասով նաեւ կլրացներ մեր երկրի պատմությունը, ապա կհագեցներ այն ծարավը, որ կա մեր մեջ ու տասնյակ հազարավոր այցելուների մոտ: Չէ՞ որ տուրիզմը ի լրացումն նախորդ իշխանությունների քաղաքականության, ներկայինս էլ այն հայտարարել է մեր տնտեսական գերակայություններից մեկը:

Բացի այդ, Տաթեւի հետ միասին, նրան հարող ողջ տարածքը հայտարարված է զբոսաշրջային գոտի, նաեւ արգելոց, որտեղ եկողները պետք է հիանան մեր անկրկնելի բնաշխարհով, այցելեն պատմական հուշարձաններ, տեսնեն անզուգական բնակերտ պատկերներ, խրոխտ քարափներ, վեհապանծ Գյազբելը եւ այլն: Իսկ առանց այդ պատմությունն ունենալու ինչքանո՞վ կարող ենք իրականացնել դեռեւս խիստ համառոտ թվարկած այս շարքը, չեմ ասում մնացած բոլոր այն կենսական խնդիրները, որոնք լուծում են պահանջում: Առանց անցյալի պատմությունն իմանալու դա մեզ չի հաջողվի:

Մեր գիտահետազոտական հիմնարկներում, ուսումնական հաստատություններում հետաքրքիր եւ պահանջված թեմաներով բազմաթիվ ատենախոսություններ են պաշտպանում` հայ ժողովրդի պատմության   վերաբերյալ: Եթե արդարացի լինենք, ապա պետք է  նշել, որ լինում են նաեւ ոչ կարեւոր, քիչ բան ասող, ոչ պետքական թեմաներով պաշտպանողներ:

Կարծում եմ՝ գիտական աշխատանքների համար թեմաներ ընտրելիս պետք է լրջորեն վերաբերվել այս հարցերին, եւ ոչ միայն Տաթեւի մասով:

Տասը անգամ փոքրացած մեր երկրում շատ-շատ պատմական նյութ կա ակադեմիական մակարդակով հետազոտելու, վերլուծելու եւ մեր   ժողովրդին ներկայացնելու համար: Տվյալ տարածքի բնակչությանը դրանք շատ ավելին կտան` բոլոր առումներով: Դա մանրամասնելու կարիք չունի:

Ես պատմաբան չեմ եւ նման աշխատանք չեմ կարող գլուխ բերել, գոնե այնպես ինչպես, մտածում եմ: Դա գիտնական պատմաբանի անելիք է, եւ շատ ջանք ու եռանդ պահանջող:

Ինչպե՞ս եմ պատկերացնում, ի՞նչ կառուցվածքի պետք է լինի Տաթեւի պատմության շարադրանքը` ժամանակաշրջանային տեսանկյունից:

Անկասկած է, որ Տաթեւ բնակավայրն իր հեթանոսական կառույցներով գոյություն է ունեցել այդ ժամանակաշրջանում: Դրա վառ ապացույցն այն է, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, վանքի կենտրոնական Պողոս-Պետրոս տաճարը կառուցված է հեթանոսական տաճարի հիմքերի վրա:

Մինչեւ մ.թ. 895-906թթ. կառուցված եւ ներկայումս գոյություն ունեցող տաճարի տեղում` նույն հիմքի վրա եղել է քրիստոնեական եկեղեցի:

Ըստ երեւույթին այն անշուք է եղել եւ ակնհայտորեն չի բավարարել աճող պահանջը: Դա է վկայում նաեւ այն,որ նախատեսվել ու կառուցվել է մեծամասշտաբ տաճար, եզակի ծիսական կառույց ճոճվող սյունը ու հեռանկարում նախատեսվել է ունենալ հոգեւոր  եւ գիտակրթական մի ամբողջ համալիր` անհրաժեշտ բոլոր օժանդակ կառույցներով:

Այսինքն, նախ պետք է հետազոտվի ու վերլուծվի հեթանոսական ժամանակաշրջանի Տաթեւը` նրան հարակից բնակավայրերի, հուշարձանների, տեղի ունեցած պատմական անցուդարձերի հետ միասին: Որ այդպիսի հարուստ նյութ կա այստեղ՝ կասկած լինել չի կարող: Այդ մասով հարուստ նյութ կա նաեւ հնագետների համար, որոնց հետաքրքրելու են հնագույն բնակավայրերը, նաեւ մեր քարափների գաղտնարանները, խորշերն ու քարանձավները, որոնց բացվածքներին հիմա էլ ակնհայտորեն առկա են նշաններ, որ այնտեղ մարդ է ապրել, կամ խուսափել վտանգներից, որոշ դեպքում կենցաղ վարել եւ այլն: Կգտնվեն նաեւ հեթանոսական շրջանը բնորոշող այլ նյութեր, տեղեկություններ:

Հետեւապես, այդ ժամանակաշրջանն առանձնացնելը շատ կարեւոր է ու անհրաժեշտ, քանի որ այդ հիմքի վրա է դրվել քրիստոնեական քաղաքակրթությունը, ինչքան էլ ասենք, թե այն եկել է միայն հեթանոսությունը կործանելու համար:

Ոչ միայն Տաթեւի, այլեւ ամբողջ հայ իրականությունում հին քրիստոնեական տաճարների մեծ մասը հեթանոսականների տեղում կամ դրանց հինքի վրա են դրվել: Այնտեղ, ուր դրանք կառուցվել են, հատկապես մեծ կառույցները, համալիրները, այդ տեղերում եղել են հզոր հեթանոսական տաճարներ, որտեղ արվել են վճռորոշ  ծեսերն ու արարողությունները եւ հավաքել ոչ միայն տեղի բնակավայրի ապրողներին, այլ նաեւ շրջակա բազմաթիվ համայնքների ստվար բնակչությանը: Միամիտ կլինի կարծել, թե Տաթեւի վանքը կառուցվել է միայն այդ գյուղի համար: Վանքը ծառայություններ է մատուցել ողջ Սյունիքին, նրան հարկատու է եղել շուրջ 600 գյուղ:

Այդպիսի կառույցը պետք է դրվեր ոչ պակաս հզոր հեթանոսականի տեղում, որպեսզի կարողանար չեզոքացնել նրան: Մի խոսքով, հեթանոսական շրջանի վերաբերյալ պատմական նյութ այդտեղ շատ կա` շրջակա հնագույն բնակավայրերով հանդերձ: Այդտեղ կգտնվեն հեքիաթներ ու լեգենդներ, ծիսական արարողությունների հետքեր` ուր հայտնի Հարսնաձորն է, Որոտանի կիրճ…

Հաջորդ ժամանակաշրջանը պետք է լինի միջնադարը` սկսած քրիստոնեության ընդունումից մինչեւ նոր ժամանակներ` ընդհուպ 1750-ական թվականներ: Այդ շրջանին Տաթեւը այնպիսի հարուստ նյութ ունի, որ քիչ տարածքներ կարող են համեմատվել նրա հետ: Բավական է նշել Տաթեւի վանական համալիրի կառուցումը, սկզբնական շրջանում նրա շուրջ կատարված` անցուդարձերը թե՛ դրական, թե՛ բացասական առումներով, հայոց Սմբատ Բագրատունի թագավորի, հայոց հոգեւոր առաջնորդ Տեր-Հովհաննեսի, հայոց ազդեցիկ իշխանների այցը Տաթեւ: Վանքը Սյունիքի հոգեւոր կենտրոն հռչակելը, միջնադարի նշանավոր պատմիչի թողած գրավոր, շատ դեպքերում անկողմնակալ հարուստ ժառանգությունը: Տաթեւի հռչակավոր համալսարանի բացումն ու գործունեությունը, այստեղ գիտակրթական բեղմնավոր գործունեության ծավալումը, ձեռագրերի ընդօրինակումը, մանրանկարչության, երաժշտարվեստի ծավալումն ու զարգացումը եւ բազմաբնույթ օգտակար գործունեությունը:

Հռչակավոր համալսարանում ծավալած գիտափիլիսոփայական, աստվածաբանական ուղղություններում Գրիգոր Տաթեւացու ուսմունքների հետ մեկտեղ բազմաթիվ երեւելի գիտնականների, ուսուցիչ-դասախոսների, եկեղեցական գործիչների գործերի ուսումնասիրումն ու դրանցում առկա գաղափարների բացահայտումն ու ներկայացնելը:

Համալսարանին հաջորդած դարերում հարուստ նյութ էր կուտակվել Տաթեւի վանքում` վերը նշված առումով, որն առանձնապես քննության առարկա չի դարձել: Հարկ է նշել, որ Տաթեւում կրթական գործի կազմակերպումը միշտ էլ եղել է ուշադրության կենտրոնում: Համալսարանի հիմնադրումը չէր կարող «ամայի» մի վայրում կատարվել: Այդտեղ արդեն կրթական հարուստ ժառանգություն կար, որոշ չափով նաեւ ուսուցանող կադրեր, ովքեր համագործակցել են Գլաձորից այստեղ եկած կադրերի հետ եւ իրականացրել համալսարանական կրթության պատշաճ որակ:

Վերջապես մեր համառոտ թվարկմանը պետք է ավելացնել Սյունյաց մեծ անապատի հիմնադրումն ու բեղմնավոր գործունեությունը, նաեւ Դավիթ Բեկի ժամանակի անցուդարձերին Տաթեւի առնչությունները եւ այլն:

Նոր ժամանակներում եւս Տաթեւը հարուստ նյութ ունի: Բավական է նշել, որ այդ տարիներին շարունակվել է վանական համալիրի կառուցապատումը` մասնավորապես իրականացվել է հրաշագեղ զանգակատունը, որը 1931թ. հայտնի երկրաշարժից ավերվել է եւ հիմա միայն առաջին սեգմենտն է վերականգնվել` այն էլ՝ թերի:

1852 թ. հիմնադրվել է Տաթեւի դպրոցը, որը գործել է վանքում եւ այնտեղ կրթություն են ստացել նաեւ շրջակա բազմաթիվ գյուղերի երեխաները:

Տաթեւն առանձնապես ակտիվ մասնակցություն է ունեցել թուրք բաշիբոզուկներից մեր տարածքի հայ բնակավայրերի եւ բնակչության պաշտպանության գործում` Շուռնուխ, Բարձրավան, Կատարի, Տանձավեր, Աղվանի, Մալդաշ գծի ուղղություններում:

1918թ. ամռանը Տաթեւի վանքում գիշերել է հայ ժողովրդի մեծագույն հերոս Զորավար Անդրանիկը` իր զորքով եւ իրեն հետեւող հազարավոր հայ գաղթականներով: Առանձնահատուկ է Տաթեւի դերը հայ ժողովրդի մյուս արժանավոր զավակի` մտավորական ու զորավար Նժդեհի (Գարեգին Հարությունյան) Զանգեզուրում ծավալած գործունեության հետ:

Նժդեհն իր համախոհ հայրենասերների հետ կարողացավ ոչ միայն զինված պայքարով պաշտպանել Զանգեզուրը, այլ նաեւ այս երկրամասը հռչակեց անկախ պետական միավոր` Գորիս մայրաքաղաքով:

Այդ գործողությունների բոլոր հավաքները, համագումար-ժողովները կատարվել են Տաթեւի վանքում՝ հոգեւոր խավի բոլոր ներկայացուցիչների, վանքի շրջակայքի բնակավայրերի եւ բուն Տաթեւ գյուղի բնակչության ակտիվ մասնակցությամբ: Խորհրդային տարիներին վանքի որոշ կառույցներ վերականգնվել են, բայց անելիքները շատ-շատ են:

Գյուղը 550 զինվոր սպա է ճանապարհել Հայրենական մեծ պատերազմ: Տվել է 278 զոհ եւ պատերազմի Խորհրդային Միության  մեկ հերոս` Սուրեն Առաքելյան, որի անունով կոչվում է տեղի հիմնական դպրոցը:

Գյուղն ուներ զարգացող գյուղատնտեսություն, այստեղ գործում էր Կապանի կոնդենսատորների գործարանի մասնաճյուղը, որտեղ աշխատում էր 125 մարդ:

Գյուղում ապրել է Օրբելյանների իշխանական տոհմը, որը տվել է երաժշտական արվեստի բնագավառում տաղանդաշատ կոմպոզիտոր, խմբավար, դաշնակահար ու երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանդին Օրբելյանին, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար, ներկայումս Երեւանի օպերայի ու բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, դաշնակահար, ճանաչված խմբավար կրտսեր Կոնստանդին Օրբելյանին (ավագ Կոնստանդինի եղբոր որդին է):

Գյուղը խորհրդային շրջանում տվել է կուսակցական-պետական գործիչ Արամ Հարությունյանին (Գորիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ, կուսշրջկոմի առաջին քարտուղար), անվանի գիտնականներ` լեզվաբան, Երեւանի պետհամալսարանի դոցենտ Պողոս Պողոսյանին, քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռազմիկ Վարդանյանին, քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Երեւանի պետհամալսարանի անօրգանական եւ անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Ռոմիկ Հարությունյանին, Հայոց ազգային բանակի ռազմական օդուժի հրամանատար Քաջիկ Մնացականյանին, ճանաչված բժիշկ-թերապեւտ Սարմեն Արշակյանին, թունելագործ-շինարար (Արփա-Սեւան, Որոտան-Արփա եւ այլն) Սերյոժա Գրիգորյանին, շատ ու շատ ուրիշների:

Տաթեւը տվել է ինժեներների, բժիշկների, մանկավարժների, իրավաբանների եւ ժողտնտեսությանն անհրաժեշտ բարձր որակավորում ունեցող բազմաթիվ այլ մասնագետների մի ստվար բանակ: Տաթեւացին բնույթով կառուցող է` տներ, պալատներ, կենցաղային, արտադրական շինություններ եւ այլն:

Ունի զինվորական-ռազմական գործիչներ, ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան պայքարին, որի ընթացքում տվել է չորս զոհ:

Այժմ ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն է Տաթեւի զավակ, գեներալ-մայոր Վալերիկ Աշոտի Քոչարյանը:

Գյուղն ունի շնորհաշատ երկու երիտասարդ բանաստեղծ, որոնք առանձնանում են իրենց մտածողությամբ, գեղարվեստով ու բանաստեղծական ձեռագրով` Էդուարդ Հարենցը (Հարությունյան) եւ Արթուր Պողոսյանը:

Գործարկվել է «Տաթեւեր» ճոպանուղին, որն աշխարհում ամենաերկարն է` 5752մ: Որոշ աշխուժություն է նկատվում տուրիզմի եւ այդ կապակցությամբ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ` հյուրատներ, սննդի կետեր, գյուղական ապրանքների, դեղաբույսերի առեւտուր եւ այլն:

Խորհրդային տարիներին ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր է ընտրվել առաջավոր կթվորուհի, ազնվագույն մի անձ` Նվարդ Մաղաքի Թունյանը:

Կարելի է շատ բան ասել, սակայն նշածն էլ բավական է պատկերացում ունենալու համար, թե ինչպես կարելի է շարադրել Տաթեւի պատմությունը: Բնականաբար, այդ բնագավառի մասնագետները կարող են շտկումներ, ուղղումներ կատարել առաջարկածի մեջ, բայց մի բան պարզ է, որ Տաթեւի պատմությունը, որպես հայ ժողովրդի պատմության մի կարեւոր հատված, կարոտ է հետազոտվելու ու ներկայացվելու:

Առավել նպատակահարմար կլինի, եթե այն կատարեր տաթեւացի մտավորականը` պատմաբանը, հնագետը: Չեմ բացառում նաեւ այդ տարածաշրջանի բնակավայրերից որեւէ շնորհալի անձի մասնակցությունը: Վերջապես, որեւէ մեկ այլ հայ պատմաբանի, երիտասարդ գիտաշխատողի, ով իր գիտելիքներն ու անսպառ եռանդը ջանասիրաբար ներ կդնի այս հայրենանվեր գործում:

Սուրեն Վարդանյան 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25