«Եղիցի լույս». առաջնախաղ Գորիսի դրամատիկական թատրոնում

27.04.2023 12:38
9064

Լրատվամիջոցներն ազդարարում էին, իսկ Գորիսի արվեստասեր հասարակությունը որպես քաղաքի մշակութային կարևոր իրադարձություն նշում էր՝ ապրիլի 18-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում  առաջնախաղ է: Առաջին միտքը, որ հղացավ՝ նախքան առաջնախաղը բեմադրության ռեժիսոր Հայկ Մնացականյանի հետ հանդիպելն ու զրուցելն էր:

Համարձակ մտահղացում է՝ անել անչափ պատասխանատու մի գործ, որ քեզանից առաջ դեռ չեն արել:

Նյութական արժեքի ստեղծման պարագայում, գոյություն ունեցող ինչ-որ  հիմքի վրա կարելի է երևակայություն և տքնանք ավելացնել, ստանալ ավելի լավ նյութական արժեք: Այլ է պատկերը հոգևոր բնագավառում՝ արվեստի գեղեցկագույն ճյուղերից մեկի՝ թատրոնի պարագայում:

Բեմականացվող գործը ոչ թե արդեն առկա համաշխարհային կամ հայ գրողների ստեղծագործություն է՝ դրամա, կատակերգություն կամ ողբերգություն, այլ... Այդ ամենն իր մեջ ամբարած հայ մեծանուն գրող Պարույր Սևակի ստեղծագործություններից մեկի հիման վրա նոր պիես, որը պետք է դառնա բեմադրություն: 

Հայկ Մնացականյանի սևակյան ստեղծագործության բեմադրմանը նպաստել են նրա գրականագետ հոր և Պարույր Սևակի մտերմությունը, ապագա ռեժիսորի ակամա ունկնդրությունը՝ նրանց ժամեր տևած զրույցներին, նրա ու Սևակի հանդիպումները, գրողի եղեռական մահը, նրա ստեղծագործությունների թողած խոր ազդեցությունն ու անջնջելի հետքը տարբեր տարիքի ընթերցողների, տարբեր սերունդների վրա:

 

«Եղիցի լույս»   դարձավ Սևակի յուրօրինակ կտակը

Շատերը, այդ թվում և Հայկ Մնացականյանը Պարույր Սևակի ողբերգական մահը համարում են… սպանություն, որը կապում են նրա վերջին գրքի՝ «Եղիցի լույս» հետ: Գիրքը հրատարակվել է 1969 թ., սակայն արգելվել և ընթերցողին է հասել Սևակի մահվանից հետո: Գիրքը չի տպագրվել այնպես, ինչպես հեղինակն էր ծրագրել, այլ մկրատված՝ գրաքննական կրճատումներով:

 Ահա, թե ինչ է պատմում ռեժիսորը.

- Հայրս անվանի գրականագետ Վազգեն Մնացականյանն է, ով Սևակի մտերիմ ընկերն էր: Մենք ու Սևակը հարևաններ էինք, ապրում էինք Երևանի «գրողների շենքի»՝ Կասյան 3-ի տարբեր մուտքերում: Երջանիկ մարդ եմ, որ բախտ եմ ունեցել մի քանի անգամ հանդիպել Սևակին: Հայրս հաճախ էր ինձ ուղարկում Սևակենց տուն, նրանից գիրք կամ թերթ բերելու: Այդ ժամանակ 21-22 տարեկան երիտասարդ էի: Գնում, բերում էի: 1969-ի մի օր, հայրս կրկին ինձ ուղարկեց Սևակից գիրք բերելու: Մինչ մեր տուն գալը, գիրքը թերթեցի: Թերթում եմ, թերթում... տեսնում՝ բոլոր էջերը կարմիր են: Փաստորեն, գիրքն ամբողջովին կարմրացված է: Մեկ տող չկար, որ կարողանայի «մարդավայել» ընթերցել: «Եղիցի լույս»-ն էր, նոր էր լույս տեսել, ձեռքինս Սևակի արգելված գրքի ազդօրինակն էր: ԳԼԱՎԼԻՏ-ն այնպես էր անցել վրայով, կարծես թշնամու տանկ էր մարդուն ջնջխել: Ապշեցի՝ էս ի՞նչ են արել: Ինչու՞: Բնականաբար, շատ հարցերի պատասխաններ այդ ժամանակ չգիտեի... Գիրքը բերեցի, տվեցի հորս: Հետո իրենք երկար զրուցեցին: Անցավ որոշ ժամանակ: Իմացանք, որ Սևակը մահացել է: Դա 1971 թ. հունիսի 17-ն էր:

Այս պիեսը գրելիս աչքիս առաջ իմ տեսած Սևակի այդ «Եղիցի լույս» գիրքն էր, այդ հոգեցունց պահը: Այս ներկայացման մեջ հերոսներն ընդհանրական են, պատկերները՝ խորհրդանշական: Բեմում չորացած, վառված ծառ է, բեմի վրա չար ուժը՝ հակագազով դահիճը ծխի մեջ հավաքում է գետնի այս ու այն կողմում անփութորեն ընկած, նետված, պատռված թղթերը և... վառում: Նա սադիստի հանգստությամբ սայլակով գնում, ճանապարհին ձեռագիր-մասունքները վերցնում, նրանցից թղթե ծիտ ու ինքնաթիռ է սարքում, նետում դեպի հանդիսատեսը, հավաքում, վառում... Ոչ մի առողջ միտք կամ զղջում: Բութ դեմք, ինքնագոհ կեցվածք: Աշխարհի շալակը ելած մարդու կերպար: Բեմի խորքում մարդիկ՝ վանդակում, տանջվում են՝ տեսնելով այդ ամենը... Երբ վանդակից բոլորը դուրս են գալիս, պարզվում է, որ այդ թղթերը Սևակի գրած բանաստեղծություններն են... Հայ ժողովրդի հավաքական կերպարով այդ բանտված մարդիկ հետո Սևակի բանաստեղծությունների տողերով թղթերը հավաքում, մոտեցնում են ծառին... Ծառն, անշուշտ, արտաքնապես է չորացած. նրա արմատն առողջ է: Չէ՞ որ այն հայոց կենարար կյանքի ԿԵՆԱՑ ԾԱՌՆ է: Մարդիկ թղթերը տանում են դեպի չորացած ծառը, որ նրա խանձված ճյուղերից կախեն... Հանկարծ հանդիսատեսը նկատում է, որ դրանք ոչ թե թղթեր են, այլ...  արնոտված մագաղաթներ...

Ինչու՞ է մագաղաթը արյունոտ... Որովհետև չորացած ծառը կծաղկի... Ինչպե՞ս: Դա Սևակն է՝ ապրող և ապրեցնող հայության խորհրդանիշը: Սևակը մեր մեջ է, Սևակը հավերժ է: Նա նոր, արդար աշխարհ ստեղծելու առաքելությամբ օժտված «Աստծո քարտուղարն» է, ով համարձակ խոսում է կեղծ ու հեղձուցիչ մթնոլորտի, ազատ միտքն ու խոսքը կաշկանդող միջավայրի, դիմակների մասին: Կոչ է անում հանել դիմակները: Խավարի մեջ ցույց է տալիս լույսի ճանապարհը:

Գրականագետ Հայկ Համբարձումյանի կարծիքով՝ այսօր, երբ անկեղծ լինելը դարձել է ձև ու կեցվածք, երբ նույնիսկ ինչ-որ լավ բանի համար պայքարը կամ անարդարության դեմ բողոքը հերթական ներկայացումն է լայվ մտնելու համար, երբ մարդն ապրում է ցուցադրվելու՝ սելֆի անելու, օրվա սթորին ապահովելու ու լայքերի համար, երբ նորաձև է պրագմատիկ ու ցինիկ լինելը... սևակյան բանաստեղծությունները չափազանց ճշմարիտ են ու արդիական: Ի՞նչ է փոխվել կես դար անց. դիմակներ կրկին կան, զարգացել են տեխնոլոգիաները՝ մենք արդեն թաքնվում ենք ոչ միայն դիմակների, այլև սոցցանցերի, սարքված սելֆիների, ֆոտոշոփով արված դեմքերի ու հորինված կյանքերի հետևում: Մեզ երևակայում ենք այնպիսին, ինչպիսին չկանք, ապրում ոչ թե մեր, այլ ուրիշների կյանքով: Այն, ինչ Սևակն ասում է 20-րդ դարի մարդուն, մարգարեական է նաև 21-րդ դարում: Անտարբերություն, անորոշություն, ձանձրույթ, երեսպաշտություն: Անկենդան մի կյանք համակարգիչների առջև: Ինչպե՞ս կենդանացնել մարդուն, նրան ազնիվ ու բնական դարձնել:

Մերժում՝ «կեղծ աստվածներին», երեսպաշտության, քծնանքի, նախանձի մերժում: «Եղիցի լույս» գրքի «Դիմակներ», «Դարակեսի պարգևները», «Նորից չեն սիրում, սիրում են կրկին», «Ողջույնի քմայքները», «Աստծու քարտուղարը» շարքի բանաստեղծությունների բեմական ներկայացմամբ կարծես հարատև անզիջում կռիվ է խավարի դեմ: Նաև հույս ու հավատ է, հաղթելու կորով, հաղթանակած ՄԱՐԴ, շուրջպարի բռնված գեղանի հայուհիներ ու առնական տղամարդիկ՝ հավաքական կամքով... Պարով, պայքարով ու հաղթանակով հավերժի կնիք՝ հայոց աշխարհում:

Սևակյան երկերի բեմադրությունների որոնումներ

Նախքան Գորիսի պետական դրամատիկական թատրոն հրավիրվելը, Հայկ Մնացականյանը երկար տարիներ աշխատել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում, Շչորս Դավթյանի աջակցությամբ և Համո Սահյանի «օրհնությամբ» 1981 թ. Սիսիանում հիմնադրել է ժողովրդական թատրոն: Որպես հրավիրված ռեժիսոր Կապանում բեմադրել է երկու ներկայացում: 1980-ականների կեսերին, Գավառի թատրոնում աշխատելու տարիներին, լսել էր՝ Արմեն Խանդիկյանը, բանաստեղծ Սուրեն Հարությունյանի հետ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Սևակի ստեղծագործությունների մոտիվներով բեմադրել է Հայոց մեծ ցեղասպանության մասին «Անվերջ վերադարձ» ներկայացումը, որի մասին տեղեկատվությունն անչափ աղքատ է: Հայկ Մնացականյանն Արտաշատի թատրոնում բեմադրել է եղեռնի թեմայով պիես, որտեղ անդրադարձել է Սևակի՝ հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություններին: Նրա խոսքերով՝ «այս նոր ներկայացման ու հնի միջև սար ու ձորի տարբերություն կա: Միակ համեմատելին այն է, որ առաջինում մի քիչ Սևակ կա, երկրորդում՝ ամբողջովին Սևակ է, ու կոնկրետ թեմա՝ «Եղիցի լույս»:

Այս բեմադրության մեջ ռեժիսորն օգտագործել է Սևակի կյանքին առնչվող, հանրությանն անհայտ ուշագրավ դրվագներ: Պիեսի անհոգ քայլերով չար կերպարի քաշող փայտե սայլի մոտ, ի թիվս Սևակի այլ մասունքների, նշմարվում է նաև արյունոտ մի քարը... Նրա տեղը պատահական չէ ընտրված՝ ճամփեզր խորհրդանշող բեմի մի հատվածում: Ի՞նչ քար է դա: ...Ավտովթարից հետո իր վարած ավտոմեքենայից Սևակն ընկնում է ցած: Նրա անշնչացած մարմինը հայտնվելով գետնին, հպվում է խոտին ու քարին... արնոտվում է ամեն բան... Սևակի եղերական մահից ժամեր անց, սիրելի գրողի մեծ սերը` Սուլամիթան այցելում է դեպքի վայր (Լիտվայում ծնված, ազգությամբ հրեա, մասնագիտությամբ բանասեր, հայտնի գրականագետ Սուլամիթա Ռուդնիկը, նույն ինքը՝ Շուլամիթ Շալիթն այսօր 80-ամյակի սահմանագիծն անցած կենդանի լեգենդ է, ով 1980 թ. Վիլնյուսից տեղափոխվել է Իսրայել, և այժմ Թել-Ավիվի «Ռեկա» ռադիոկայանի  «Գրական էջեր» ռադիոժամի հեղինակն ու վարողն է):

- Սուլամիթան այդ քարը տարել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի մոտ, որ նա օծի և իր հետ տանի իր հայրենիքը՝ որպես մասունք: Կաթողիկոսն օրհնում է Սևակի արյամբ պատված քարը, այն խնամքով դնում է սպիտակ, գեղեցիկ ասեղնագործ պատանի մեջ և այն վերադարձնում Սուլամիթային:

Այդ քարի նմանակը հայտնվել է իմ այս պիեսում: Բոլորը վազում են դեպի արյունոտ քարը. այստեղ արյունոտ քար, այնտեղ արյունոտ մագաղաթներ... Գուցե հարց առաջանա. իսկ հանդիսատեսը կհասկանա՞, թե սա ինչ է: Ինչպես Սևակ ընթերցող նույն  մարդու մոտ տարբեր տարիքում, տարբեր հոգեվիճակներում նույն բանաստեղծության ընկալումները շատ տարբեր են, այնպես էլ այս ներկայացման մեջ մի շարք դրվագներ՝ ինչպես արնոտ քարի օրինակը,- ասես Սևակի արխիվից պեղում-պատմում է Հայկ Մնացականյանը:

Ներկայացման բանաստեղծությունների բեմականացման մասում Սևակը բացահայտում է երկրի և մարդու գոյության հիմքերը՝ լույսը և սերը, նշում իր ժամանակի ախտերը, տալիս դրանց բուժման ճանապարհը. սերը՝ անապակ, մարդը՝ մտածող, փնտրող, ընդվզող: Մարդուն մարդ պահող հավերժական արժեքները՝ լույսը, արդարությունը, ազնվությունը, ճշմարտությունը:

Ներկայացման մեջ պիեսի թեման, ոճը, մատուցման ձևը, մոտեցումը, բարին ու չարը մարմնավորող կերպարների ընդգծումը, Գորիսի շնորհալի դերասանների թաքնված հնարավորությունների բացահայտված խաղը, ասելիքը, գլխավոր հերոսի բացակայությամբ հավաքական կերպարով և պարուհի-դերասանի միջոցով հայ ժողովրդի և հայի ոգու մարմնավորումը նորարարական համարձակ քայլեր են, ներկայացման հաջողության բանալին:

Իր խոհերն է ամփոփում ռեժիսորը.

- Ի՞նչն է գլխավորը, ի՞նչ եմ ուզում ասել: Սևակի գրածներով պիտի ասեմ: Ի՞նչ եմ սպասում այս մոլորակից: Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ: Անխուսափելի հարցադրումները պաշարում են մարդուն, վերջնական պատասխան պահանջում, քամում նրա ողջ էությունը: Եվ ի վերջո նրան դարձնում դարաշրջանի հիվանդությամբ տառապող մի գոյություն, որն իր մեջ կրում է վիթխարի, անսահման, ոխերիմ անորոշությունը: Իրական կյանքն է՝ բարու և չարի հավերժական պայքարով: Կռիվ հանուն արդարության, հանուն արդար մարդու հաղթանակի, կռիվ հանուն ժամանակի բարոյական մաքրության: Պարույրը պեղեց մարդու հոգին և մեզ լույսի խորհուրդն ավանդեց: Նա իր համար հիրավի գտավ հոյակապ, ստույգ կոչում՝ Աստծո քարտուղար: Ի՞նչ է լինելու մեր վաղը, ու՞ր ենք գնում, ինչի՞ համար, ո՞նց , ի՞նչ ճանապարհով... Այսօրվա հետ բավականին համահունչ է:

...Մոտենում է առաջնախաղի սահմանված ժամը: Դահլիճը լեցուն է: Լույսերը դանդաղ մարեցին, Ժամանակի տագնապներին համահունչ, ծղրտոցի նման ազդանշանով բացվեց վարագույրը: Բեմում՝ չորացած ծառ, դիմակավոր մարդ ու կեղծավոր, քծնող նրա համախոհը, խորքում՝ վանդակում, տանջահար մարդիկ... Լուսային ներդաշնակ ձևավորմամբ մուտքն անչափ տպավորիչ է:

Ներկայացումը իրար հետ փոխկապակցված երեք մասի ներդաշնակ զուգորդում է. «ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ» ժողովածուի բանաստեղծությունների շարքի մոտիվներով, դերասանական վարպետությամբ ցուցադրվող զգացական ու խորհրդանշական պատկերներ, գործողություններ, խոհափիլիսոփայական մտքեր, «տղա-աղջիկ» զուգորդմամբ բանաստեղծությունների ինքնատիպ բեմականացումների առանձին դրվագներ՝ տարբեր դերասանական զույգերի մասնակցությամբ, յուրաքանչյուր ստեղծագործության իմաստին ու ասելիքին համահունչ, գեղեցիկ-համարձակ լուծումներով, ինչպես նաև թատրոնի դերասան-պարուսույցի շնորհիվ մասնագիտական վարպետության աստիճանի հասած պարային հաջողված տեսարաններ:

Բեմադրությունը դիտվեց հանդիսատեսի քար-լռությամբ, համընդհանուր հավանության արժանացած առանձին դրվագներում՝ նրանց բուռն ծափահարություններով, իսկ բեմադրության ավարտին՝ հանդիսատեսի հիացական խոսքերով՝ կեցցե՛ք, «ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ»-ի բեմադրության ռեժիսոր և երաժշտական ձևավորող Հայկ Մնացականյան, նկարչական ձևավորող Արամ Մաշուրյան, պարերը բեմադրող Էլմիրա Լալաբեկյան, շնորհաշատ դերասաններ Սերժիկ Սայունց, Միքայել Մաշուրյան, Ակսել Բակունց, Թեհմինա Աբրահամյան, Էլմիրա Լալաբեկյան, Մհեր Ղազարյան, Աննա Հովակիմյան, Լյուդա Պետրոսյան, Հարութ Բադիրյան, Գայանե Դաղունց:

Ներկայացումից հետո այցելում եմ ետնաբեմ, առաջնախաղ-շքահանդեսի առթիվ շնորհավորում բեմադրության ռեժիսորին, դերասաններին: Որոշ ժամանակ անց հարցազրույցի եմ հրավիրում նրանց: Միքայել Մաշուրյանը, Հարութ Բադիրյանը, Գայանե Դաղունցը, Մհեր Ղազարյանը, Լյուդա Պետրոսյանը սիրով համաձայնում են:

Միքայել Մաշուրյան. «Ամիսներ առաջ մեր թատրոնում նոր ներկայացման փնտրտուք էր: Առաջարկ կար մեր կողմից արդեն բեմադրված կատակերգությունը թարմացնել, նախկին բեմադրությանը նոր երանգներ հաղորդել ու այն նորովի ներկայացնել հանդիսատեսին: Իսկ նման ներկայացումների հանդիսատեսը սովորաբար կրտսեր ու միջին տարիքի երեխաներն են: Մեր դերասանական խումբը հետաքրքիր զուգադիպությամբ նույն մտասևեռումն ուներ՝ Գորիսի թատրոնը վաղուց չի բեմադրել ուժեղ հնչեղության դրամատիկական երկ, ուստի բոլորիս առաջարկը նույնն էր. որքան էլ դժվար ու պատասխանատու, այնուամենայնիվ, պետք է բեմադրենք... Սևակ: Նման առաջարկը խոսում է Գորիսի թատրոնի դերասանական կազմի լրջության մասին: Ռեժիսորն ընդառաջեց մեր ցանկությանը: Մոտ երկու ամսվա տքնաջան աշխատանքը, ի վերջո, իր քաղցր պտուղները տվեց:

Երբ իմացա, որ Սևակ պիտի բեմադրենք, լրջացա: Սևակ ընթերցելիս կամ լսելիս հասկանում ես, որ տողերում ու տողատակերում այնպիսի բաներ կան, որ իսկույն «մարսելը» դժվար է: Գիտեի, որ Սևակի բանաստեղծությունները հասկանալ, ընկալել, դրա մեջ ստեղծել քո ինքնատիպ խաղը, այն ներկայացնել այնպես, որ հանդիսատեսը հասկանա ասելիքդ ու ընդունի, շատ բարդ է: Սկիզբն անորոշ էր: Պիեսը կարդացի, բայց հարցերը շատ էին. սա ինչպե՞ս պետք է լինի, ինչպե՞ս պիտի զարգանա ստեղծած կերպարս, որ լինեմ հենց սևակյան այդ մարդը: Այստեղ ամեն ինչ կարևոր է՝ բեմի ամենափոքր դեկորացիայից մինչև հագուստը, ռեկվիզիտը, և այլն: Բացի խոսքերից, ժեստերից, մտածում եմ՝ ի՞նչ պիտի հագնեմ, ինչպե՞ս պիտի ներկայանամ: Մինչ փորձերը շարունակվում էին, ընտելացա խոսքերին: Հետո կամաց-կամաց սկսում ես բողբոջի պես բացվել, բայցահայտել բեմական հնարավորություններդ: Ու հասկանում ես, որ Սևակն այնքան նուրբ է, ու միաժամանակ, այնքան բարդ, որ ինքը քեզ թողնում է՝ հնարավորություններդ անընդհատ բացահայտես, անընդհատ իրենից միշտ նոր բան ստանաս ու դա տաս հանդիսատեսին: Այնքան հարուստ են Սևակի գաղափարական խոհերը...

Ներկայացման մեջ չարն եմ մարմնավորում: Ի՞նչ եմ հասկացել: Դեռ հին ժամանակներից այս դիմակավոր մարդն է: Իբր դա քիչ է, դեռ հակառակ երեսից էլ մի ուրիշ դիմակ է կրում: Սա ի՞նչ պատիժ է. մինչև օրս, դա պահպանվում է: Իմ ստեղծած կերպարը՝ չարը, սին խոստումներով միշտ խաբում է մարդկանց, իր ուզածին հասնելու համար ամեն միջոցի դիմում է, աթոռին հասնելու համար նա նույնիսկ պատրաստ է սեփական հորն ու մորը դավաճանել: Թեև հագուստի դիզայնը մի քիչ ծաղրածուական հանդերձանքի էր նման, բայց հենց այդ տգեղությունը, տգիտությունը՝ այդ կերպարի մեջ, ու իր աթոռին հասնելու գաղափարն  ու հատկապես ուզածին հասնելը բեմում լրացվում է տրամաբանական հանգուցալուծումներով: Նա ցանկանում է անգրագետ կարգավիճակով հասնել  ԱԹՈՌԻՆ,  և հասնում է: Այդ ամեն ինչը, միևնույն է, վերջում փլուզվում է իր գլխին: Մեր ներկայացման մեջ էլ վատը, որ աշխարհը շալակած տանում է, ի վերջո, չի վայելում: Կեղծիքի վրա կառուցված ամեն բան փլուզվում է: Հարատև ու հավերժական են՝ կամեցողը, լավն ու բարին»:

Հարութ Բադիրյան. «Դպրոցում Սևակ շատ եմ ընթերցել:

Սևակն իր ասելիքի փակագծերը մինչև վերջ չի բացում: Ինձ համար սկզբում բարդ էր: Ներկայացման փորձերի ընթացքում ավելի շատ հասկացա սևակյան խոսքերի իմաստը, իմ դերի նպատակը, ընկղմվեցի դրանց մեջ:

Ներկայացման մեջ կան տեսարաններ, որ զգում էի՝ դերը պետք է կատարելագործվի: Երեկոյան տանն այդ թեմայով մտորումներից հետո, որոշ ժամանակով  առանձնանում էի փողոցում, քայլում միայնակ, իմ մտքերով, որտեղ ապագա դերիս ամեն մի մանրուքն էր երևակվում... Ամեն մի օր մի տող, մի պարբերություն մանրակրտիտ քննարկում էի ինքս ինձ հետ...

Ներկայացման մեջ երեք անգամ պետք է կերպարանափոխվեի: Սկզբում մարմնավորում էի քծնողի ու բանսարկուի կերպարը, պարի տեսարաններում՝ ժողովրդի շուրջպարի մեջ, բայց նրանից դուրս, նրա ուրախության հետ կարծես կապ չունեցող ժեստային շարժուձևով ու կարճ խոսքերով ինքնաբավ եսասեր և, ի վերջո, խոհափիլիսոփայական ու սիրո բանաստեղծությունների բեմականացված տեսարաններում ասմունքող դերասան... Եթե առաջին երկուսում խաղի հաջողությունը դերասանական վարպետությամբ էր պայմանավորված, ապա վերջինում պետք է ամեն հնչեցրած խոսքի հետ ապրեի այն նույն զգացումը, ինչը, իմ պատկերացմամբ, այդ նույն բանաստեղծությունը գրելու ներշնչանքի պահին զգացել է Սևակը:

Օրինակ, «Անկեղծ ասած» բանաստեղծության բաժանման պահին մեծ հուզմունք կար իմ մեջ: Փորձերի ժամանակ այդպես չէր: Ես ու Թեհմինա Աբրահամյանն էինք խաղում սիրահարների բաժանման տեսարանը՝ հարց ու պատասխանով, անկեղծ զրույցի նման իրար հետ խոսում էինք:

Մենք միասին նստած ենք, նրա հանդեպ մեղավորի զգացումը տանջում է ինձ: Իմ անտարբերությունից ու ուրիշ կողմեր սևեռված հայացքիցս ինքը զգաց, որ սիրուհի ունեմ: Երբ այդ ամենի մասին իմացավ, ասաց.

- Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել, ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։ Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։ Ճիշտ ճամփից ես միայն շեղել։ Սուտ խոստումով կապել ես ինձ, մանկան նման խաբել ես ինձ, ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։ Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել, արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։

Զգացողությունն այն էր, որ ես անընդհատ ամաչում էի այդ խոստովանությունից: Իմ հուզմունքն այդտեղից է: Նա չէր հանդարտվում: Ուզում եմ նրան ասել, որ ես էլ քեզ համար ունեմ արած բաներ: Այդքան բան դու ասացիր՝.

- Հեքիաթն, այո, միտքըս ընկավ... Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ, այնինչ կյանքում՝ ինչ-որ... չղջիկ, որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է... 

Դառնանում է, որ սերը կորած է: Իսկ ո՞վ արեց դա: Ուզում եմ արդարանալ.

- Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ. ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, վատըդ թողած՝ լավըդ թվել, հավատացրել, հավատացել, թե իմ առաջ դուռ ես բացել՝ չտեսնըված, չեղած մի դուռ։ Սակայն ի՞նչ եմ ես ստացել այդ ամենին ի տրիտուր։ 

Ինքը դեռ չի համակերպվում իրականությանը.

- Ո՞վ է մեր  ճամփին քար գցել...

Ես ամոթահար շրջվում եմ, ինքն ասում է՝ «հասկացա»... Նա հասկացավ, որ սիրուս հարցում սխալվել եմ:

Երկյուղածությամբ, մեծ սիրով, հանդիսատեսի առջև պատասխանատու լինելու գիտակցությամբ, լարվածությամբ ամեն ինչ արեցի, որ դերս հաջողի: Ներկայացումից հետո մարդկանց տպավորություններից, կարծիքներից, քննարկումներից, արձագանքներից իմացա, որ հանդիսատեսը գոհ է: Սա մեծ հաղթանակ է»:

Մհեր Ղազարյանը, Գայանե Դաղունցը նույնպես պատմում են, թե ինչպես են նախապատրաստվել ներկայացմանը: Նրանք նույնպես, իրենց խոստովանմամբ, Սևակի դասերով՝ ինքնակատարելագործման ճանապարհ են անցել ու նրան լավ ճանաչելուց, հասկանալուց, փորձերին ջանադրաբար նախապատրաստվելուց և ներկայացումը ժողովրդի դատին հանձնելուց հետո հոգեպես հանգիստ են: Նրանք իրենց դերերը լավ կատարեցին:

...Տեսած կա՞ք, որ հայ բեմում մարմնեղեն ԽԻՂՃ ՈՒ ՀՈԳԻ մարմնավորվի: Ներկայացման մեջ հայ ժողովրդի տառապող ՍԻՐՏԸ, տանջվող մարդկանց ՀՈԳԻՆ, քար սրտեր արթնացնող ԽԻՂՃԸ փայլուն մարմնավորեց դերասանուհի, պարուհի Էլմիրա Լալաբեկյանը, ով նաև ներկայացման պարերի բեմադրողն է: Նա հենց ներկայացման ընթացքում, ըստ կոնկրետ բեմական դրվագների կամ երաժշտական անցումների, հընթացս մարմնի պլաստիկ շարժումներով ինքնատիպ պարային կոմպոզիցիաներ էր ստեղծում, ստեղծագործում... Ոչ միայն մտահղացումն է անթերի, այլև ներկայացման մեջ նրա ամեն մի շարժումը... Պարուհի դերասանը թեև Գորիսի թատրոնում նորեկ է, բայց հասցրել է քաղաքի թատերասեր հասարակության մեջ ճանաչում ձեռք բերել:

Էլմիրա Լալաբեկյանը իր գործի հանդեպ խստապահանջ է.

- Դերասանը պետք է պարային բեմարվեստի այբուբենը սերտած լինի և կարողանա կատարել ավելի բարդ խնդիրներ: Ճիշտ է, այս ներկայացմանը նախապատրաստվելիս և փորձերի ընթացքում գերծանրաբեռնված էի՝ ուսում, աշխատանք՝ նոր դերի պատասխանատու փորձեր և պարերի բեմադրություն, բայց ի պատիվ մեր ռեժիսորի, դերասանական խմբի ու բոլորիս տքնաջան աշխատանքի հիանալի ներկայացում ստացվեց:  

Վաչե Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53