Եղծ աղանդոց եւ շառլատանության

10.02.2015 22:50
2911

Թուրքական կառավարությունն իրարանցումի մեջ է… Ս.թ. փետրվարի 4-ին Հայաստանի քաղաքներից մեկում` Կապանում, մի քաջ ու անվախ հայորդի` Հրաչ Ջաբրայան անուն-ազգանունով, դարակազմիկ հայտարարություն է հնչեցրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:


Առյուծի կաթ խմած այդ պարոնի (վարսավիրանոցից հենց նոր դուրս եկածի արտաքինով) հայտարարությունը, որ Աբդուլ Համիդի օրերից մինչեւ Ադանայի ջարդեր ու մինչեւ 1915 թվական, մինչեւ այսօր նախադեպ չունի, իսկապես ցնցող է: Ֆեյսբուքյան իր էջում նա ուղղակի պահանջում է Թուրքիայի կառավարությունից` անհապաղ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, փոխհատուցել հայ ժողովրդին` բոլոր տառապանքների ու վնասների համար, վերադարձնել մեզ պատկանող Արեւմտյան Հայաստանի տարածքները` Օսմանյան Թուրքիայի կողմից 16-րդ դարից մինչեւ 20-րդ դարասկիզբ նվաճված…

Մի ուրիշ` հույժ կարեւոր ու պատմական նորություն էլ իմացանք այդ անվախ հայի փետրվարի 4-ի հայտարարությունից. պարզվում է` Կապանի կոմբինատի 1200 կապանցի աշխատող (բնականաբար` հայեր) իրենց աջակցությունն են հայտնում հայ ժողովրդին ու Հայաստանին, նաեւ Արցախին:

Կարդում ենք այդ հայտարարությունը եւ հիացմունք ու հպարտություն ապրում` որքա՜ն ջանք է գործադրել այդ պարոնը, որ կապանցիները, ի վերջո, իրենց աջակցությունը հայտնեն հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին: Դա իսկապես սխրանք է. չլիներ Հրաչը, Կապանը Հայաստանի ու հայ ժողովրդի հետ չէր լինի, ոչ էլ կաջակցեր Արցախին…

Բայց, չէ՛, սիրելի՛ ընթերցող, ո՛չ կատակելու ու հեգնելու ժամանակ է, ո՛չ էլ` չարախնդալու: Իրավիճակն ավելի լուրջ է եւ սթափ ու ողջամիտ վերլուծություն է պահանջում:

Եվ առաջին հարցերը, որ ծագում են բանական մարդու մոտ Հրաչի վերջին օրերի զավզակություններն ընթերցելիս, հետեւյալն է` մի՞թե այդ տղան լրիվ կորցրել է աբուռը, մի՞թե այդ տղան թքած ունի մեր պատմության, այստեղ ապրողներիս ու Հայաստանի Հանրապետության արժանապատվության վրա: Ի վերջո ինչո՞ւ գնաց ազգային մեր չսպիացած վերքի` Հայոց ցեղասպանության վրա ձեռքեր տաքացնելու, մեր սրբասուրբ արժեքի` Հայոց բանակի անունն իբրեւ վահան գործածելու անբարո ճանապահով…

Ի՞նչ է իրականում կատարվում:

Կապանի լեռնահանքային կոմբինատի վարիչի պաշտոնը զբաղեցնող այդ անձնավորությունը, ակնհայտորեն ձախողվելով ձեռնարկության գործերը կառավարելու մեջ, փորձում է ջրի երեսին մնալ ու սեփական վարկանիշը վերահյուսել` մեր ազգային ցավն ու ազգային արժեքները յուր անմաքուր ոտքերի տակ մատաղ անելով: Ավելին` առայժմ (մեզ համար) անհայտ կենսագրությամբ այդ տղան, ով առավել անհայտ հանգամանքներում ու կասկածելի մեթոդներով հայտնվել է քաղաքաստեղծ ձեռնարկության ղեկին, օգտվելով սեփականատիրոջ եւ իշխանությունների թողտվությունից, փորձում է ինչ-որ անհեթեթ, սին, կասկածելի, որոշ դեպքերում` ծիծաղելի ու ողորմելի արժեքներ պարտադրել մեզ:

Նրա ձեռնարկումներից ու տվայտանքներից մի քանիսին, ինչպես եւ որոշ արտահայտությունների, այնուամենայնիվ, արժե անդրադառնալ փոքր-ինչ հանգամանալից:

***

Հայոց բանակի օրվա առթիվ այցելում է Կապանի` այլեւս հայտնի մանկապարտեզ եւ ելույթ ունենում երեխաների առջեւ: Տեղի է ունենում անհավատալին… Աշխարհի մասին միայն հեքիաթներով, խաղալիքներով, Ձմեռ պապով ու Ձյունանուշով պատկերացում կազմող մանուկներին պատմում է ՀՀ վարչապետի հետ ունեցած իր հանդիպման մասին: Պակերացնո՞ւմ եք, 2, 3, 4 տարեկան երեխաներին ինչ-որ մեկը պատմում է ՀՀ վարչապետի, սփյուռքահայության, Ջավախքի, Նախիջեւանի, Արեւմտյան Հայաստանի, ծովից ծով Հայաստանի, պետական սահմանի մասին…

Ինքն էլ, համոզված ենք, գիտեր, որ երեխաներից եւ ոչ մեկն իրեն չի լսելու եւ չի հասկանալու: Բայց ինքը, իրականում, այդ ամենը երեխաների համար չէր ասում: Երեխաներն ընդամենը ֆոն էին, իսկ ավելի ճիշտ` կենդանի դեկորացիա` մարզկենտրոնի բնակչությանը «Խուստուփ TV»-ի միջոցով ինչ-որ «մեսիջներ» ուղարկելու, իր լինելության անսասանությունն «ավետելու» համար (30 հունվարի 2015թ.):

Իսկ թե ինչու է այդ լրատվամիջոցը Հրաչի անհոդաբաշխ եւ անլուրջ մտավարժանքները մանրամասն ու հետեւողականորեն եթեր սփռում, հասկանալի է մասամբ: Խմբագրի առումով պարզ է ամեն ինչ. նա միաժամանակ Հրաչի խորհրդականն է «ներքաղաքական հարցերով», ինչի համար եւ վարձատրվում է: Հասկանալի չէ լրատվամիջոցի հիմնադրի (սեփականատիրոջ)` Արարատ Կարապետյանի պահվածքը: Հպարտ ու արժանապատիվ մարդու համբավ ունեցող այդ անձնավորությունն ինչպե՞ս է թույլ տալիս, որ իր հեռուստատեսությունը դառնա Հրաչի ինքնահաստատման հարթակ` այն էլ մեր փոքրիկներին դեկորացիա դարձրած, ինչպես եւ մեր իրականությունն ու արժեքային համակարգը հետեւողականորեն աղավաղելով:

***

Փետրվարի 5-ին Հրաչը հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ եւս, որի վրա հրավիրում ենք Սյունիքի մարզի դատախազ Արմեն Աֆանդյանի եւ մարզի ոստիկանապետ, գնդապետ Վախթանգ Ավագյանի ուշադրությունը:

Ահա հայտարարությունից մի հատված. «….Սպառնում են իմ ընտանիքի ապահովության, դուստրերիս Նարէի եւ Մանեի եւ իմ անձնական անվտանքության»:

Մենք, իհարկե, չենք հավատում այդ հայտարարության լրջությանը եւ կարծում ենք, որ Հրաչն ընդամենը կամենում է իր պսպղուն ճաղատը ծածկել հալածյալի «պսակով»:

Այդ բոլորով հանդերձ` իրավապահ մարմինները, ըստ էության, պետք է անհապաղ հետաքննություն սկսեն, այլապես ամեն ինչ չէ, որ հասկանալի կլինի: Դատեցեք ինքներդ` հասուն եւ առողջ մի անձնավորություն (նրա առողջական վիճակը կասկածի տակ դնող որեւէ փաստաթուղթ մեր ձեռքի տակ չկա) հայտարարում է. «Սպառնում են իմ ընտանիքի ապահովության, դուստրերիս Նարէի եւ Մանեի եւ իմ անձնական անվտանքության»: Եվ չգնալ այդ հայտարարության հետեւից` նշանակում է խախտել մեզանում գործող օրենսդրությունը:

Նախկինում էլ, ի դեպ, Հրաչը նմանատիպ տեխնոլոգիա էր կիրառում: Օրինակ, հայտարարում էր, թե իբր կոմբինատից գողություն է կատարվել` մեծ չափի հասնող (նույնիսկ թվեր էր նշում), նշում էր նաեւ, որ ինքը գիտի, թե ովքեր են կատարել գողությունը, բայց ենթադրյալ գողերի անունները չէր տալիս, իսկ արդյունքում գողությունը չէր բացահայտվում:

Կամ` քանի-քանի անգամ իր ասուլիսներում ու հանդիպումներում հանրապետության մի քանի գերատեսչությունների ու նախարարությունների (կոմբինատի հետ ունեցած հարաբերություններում) ուղղակիորեն մեղադրել է շորթումների մեջ… Եվ ոչ մի արձագանք իրավապահ մարմինների ու պետական ատյանների կողմից:

Սակայն, ինչպես տեսնում ենք, վերջին հայտարարության մեջ միայն հալածյալի «պսակը» Հրաչին չի բավարարում: Նա ուզում է միաժամանակ կույսի պատվանդանին կանգնել` ամպոտ ոտքերով: Եվ ինչ-որ «խումբ»-ի ու հկ-ների գրանտակեր է անվանում:

Նման իրավիճակների համար է ասված` լա՞նք, թե՞ խնդանք:

Տո, հեր օրհնած, ավելի լավ չէ՞ «կրանտակեր» լինել, քան` ընդերքակեր ու հանքակեր…

Կամ հայտարարում է ինչ-որ մարդկանց մասին (անուններ չնշելով), ովքեր` «հսկայական գումարներ են «կուտակել» այս կամ այն ձեվերով հիմնարկից մինջեւ իմ գալը, եւ իմ ներկայությամբ իրանք չեն կարողանում այդ գումարներ ալեւս տանել հիմնարկից»:

Ոչ միայն զարմանալի, այլեւ ծիծաղելի իրավիճակի ենք բախվում. գումարներ տանելու, փող կուտակելու հարցում մեղադրանքներ է ներկայացնում մի մարդ, ում կողմից Կապանի կոմբինատի ղեկավարման ընթացքում կատարված բոլոր ստուգումների արդյունքում աննախադեպ չափով տուգանքներ պարունակող ակտեր են գրվել: Միայն վերջին ստուգմամբ` մոտ 9 մլն դոլարի հասնող տուգանք: Եվ դատարանով հաթաթա տվող տղան առայժմ որեւէ խոսք չի ասում ո՛չ դատական ընթացքի, ո՛չ էլ «ստվերի» առաջացման պատճառների մասին:

Ինչ վերաբերում է Հրաչից փող ուզողներին, ապա մեր քաջալերանքի խոսքն ենք ուղղում նրանց: Շատ տարօրինակ կլիներ, եթե Հրաչից կապանցիները փող չուզեին: Ինքը Կանադայից Կապան է եկել բացառապես փող աշխատելու համար (հո չի՞ կարող ասել` եկել եմ Կապանն ու Հայաստանը շենացնելու), բայց զարմանում է, որ կապանցին իր քաղաքում, իր առողջության հաշվին հարատեւող ձեռնարկությունից փող է ուզում: Իսկ կա՞ հակառակ վիճակ. այսինքն` կարո՞ղ է Հրաչը տալ մեկ մարդու (գոնե մեկ մարդու) անուն` Կապանից, ով իր հետ շփվում է առանց փողի ակնկալիքի: Ուրիշ ինչի՞ համար նրան պետք է մարդատեղ դնեն ու ժպտան …

***

Փերտրվարի 4-ին Հրաչը հայտարարեց. «Խնդրեմ Ապրիլ 11 նկատի ունենալ որպես գրավված օր»:
Նախ, ընթերցողն իր մեջ ուժ պիտի գտնի եւ ուշադրություն չդարձնի այդ տղայի լեզվին, ոճին, ուղղագրությանը` ո՛չ արդի հայերեն է, ո՛չ արեւմտահայերեն, ո՛չ պարսկահայերեն, ո՛չ… Ընթերցողը պարզապես պետք է ջանք գործադրի եւ ենթադրություններ անի, թե ինչ է կամենում ասել նա:
Ընթերցելով վերոգրյալ հայտարարությունը` մենք էլ ենթադրաբար կարծում ենք, որ Հրաչն ինչ-որ միջոցառում է կամենում անել` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված, որին հրավիրում է նաեւ դպրոցների ու նախակրթարանների տնօրեններին…

Ակնհայտ անգրագետ այդ արտահայտությունը` մի կողմ, քանզի նրա բոլոր խոսքերն են այդպես, եւ վաղուց չենք զարմանում:

Ապրիլի 11-ի միջոցառման ի՞նչ սցենար կարելի է ենթադրել:

Մեր ենթադրությունը կառուցելու համար հիշենք` Հայոց ցեղասպանությունը հայ մարդուն սպանելու, հայ մարդու ապրելու իրավունքը ոտնահարելու, հայ մարդու արժանապատվության վրա թքելու, հայ մարդուն իր բնօրրանից օտարելու բացառիկ օրինակ է համաշխարհային պատմության մեջ: Եվ մեր ազգային մեծերը (Հովհաննես Թումանյան, Եղիշե Չարենց, Ակսել Բակունց, Նիկողայոս Ադոնց, Հրանտ Մաթեւոսյան… ) հորդորել են` ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելիս (ճանաչումի եւ պահանջատիրության կոչերից առաջ) նախեւառաջ հիշել` երբեք եւ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հայ մարդու իրավունքների ոտնահարում, եւ պետք է պայքարել նրանց դեմ, ովքեր ոտնակոխ են անում հայ մարդու արժանապատվությունը:

Եվ ուրեմն` ապրիլի 11-ի կապանյան միջոցառման ժամանակ, հուսով ենք, կլսենք Հրաչի հաշվետվությունն առ այն, թե իր պաշտոնավարման ընթացքում քանի՞ հայ մարդու իրավունք է ոտնահարել Կապանում, քանի՞ հոգի են իրենց իրավունքները վերականգնել դատարանի միջոցով, ներկայումս կոմբինատից քանի՞ մարդու հայցադիմում կա դատարանում` ոտնահարված իրավունքների վերականգնման խնդրանքով:

Այդ օրը, հուսով ենք, կլսենք Հրաչի բացատրությունն այն մասին, թե ինչու ինքը, դրսից եկած աշխատակիցները բազմապատիկ անգամ ավելի աշխատավարձ են ստանում, քան` հարյուրավոր մետր խորությամբ ընդերքում աշխատող հանքագործները:

Շառլատանության մեկ դրսեւորում եւս. փետրվարի 6-ին Հրաչը հայտարարեց, որ ապրիլի 24-ին մարդիկ չեն աշխատելու` դա ներկայացնելով իբրեւ բարի կամքի դրսեւորում իր կողմից, ապրիլի 24-ի հանդեպ իր առանձնահատուկ վերաբերմունքի արտահայտություն` շրջանցելով ակնհայտ իրողությունը, որ ապրիլի 24-ի հիշատակի օրը պետականորեն եւ շատ վաղուց Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային:

***

Հունվարի 30-ին «Խուստուփ TV»-ի օգնությամբ ականատես ենք լինում մեր հակահերոսի մի նոր ներկայացման: Նա հիշեցնում է. «Բոլորիս պարտականությունն է` այս երկրի սահմանները, ներկա եւ ապագա, ներառյալ Նախիջեւանը, ներառյալ Ջավախքը, ներառյալ Արեւմտյան Հայաստանը, ծովից ծով Հայաստանը պաշտպանել նույնիսկ արյան գնով»: Եվ իր հայրենասիրությունն ապացուցելու համար հիշեցնում է, որ նախօրյակին այցելել է Նախիջեւանի սահման, ֆեյսբուքյան դաշտում տարածում իր լուսանկարը` ինչ-որ զենքով:

… Սյունիքում, որտեղ ամեն մի քար ու թումբ քաջի շիրիմ է, որտեղ լավագույն 500 տղաները զոհվեցին միայն Արցախյան պատերազմում, որտեղ նահատակ ազատամարտիկների այրիացած կանայք մինչեւ հիմա սեւազգեստ են, որտեղ… Հայտնվում է մի կիսագրագետ դասատու (կրկնում ենք` անհայտ կենսագրությամբ, նախորդ տնօրենին կասկածելի հանգամանքներում ու կասկածելի մեթոդներով տապալելու գնով Կապանի լեռնահանքային կոմբինատի ղեկավար դարձած) եւ սյունեցիներիս հայրենասիրության դաս տալիս:

Եվ ի՞նչ է մնում մեզ. այցելել ազատամարտիկների շիրիմներին եւ ծնկաչոք ներողություն խնդրել նրանցից, որ իրենց ոգեշնչող կերպարից այլեւս մենք չենք զորանում, որ այլեւս զորանում ենք ինչ-որ մի «գաստարբայտերի» կողմից ներմուծվող անհեթեթ ու անհոդաբաշխ նախադասություններով…

***

Հրաչի շառլատանության ու ցինիզմին վերջ տալու համար, ըստ էության, մի փոքր հիշեցում անելու կարիք կա:

Կապանի հանքարդյունաբերական կոմբինատը, ինչպես քանիցս ենք նշել, քաղաքաստեղծ ձեռնարկություն է, որ հիմնավորվել է մի քանի սերունդների տքնաջան աշխատանքով: Այսօր էլ բացառիկ նշանակություն ունի մարզկենտրոնի համար:

Կապանի կոմբինատը, անկախ նրա սեփականության ձեւից, մեր ազգային արժեքներից է: Եվ անկախ այն բանից, թե ով է ձեռնարկության օրվա ղեկավարը` Գառնիկ Մեխակիչ, Մարտուն Հակոբյան, Ֆալետտա, Հրաչիկ, ձեռնարկությունը պարտավոր է իր հնարավորությունների սահմաններում օգնել ե՛ւ Կապան քաղաքին, ե՛ւ մեր ազգային բանակին: Այնպես որ հազարերորդական հարց է, թե ով է կոմբինատի օրվա պատասխանատուն: Եվ մեծագույն անբարոյականություն է, երբ կոմբինատի օրվա ղեկավարը քաղաքին ու ազգային բանակին տրվող ամենաչնչին օգնությունն անգամ վերագրում է իր անձին, իր բարի կամեցողությանը…

Մինչդեռ պետք է խնդրել Բարձրյալին, որ Կապանում օրերից մի օր չհայտնվի զորավոր մի քաղաքապետ ու տեղական հանրաքվեի միջոցով հավելյալ հարկեր չդնի կոմբինատի վրա` հօգուտ քաղաքի:

Այնուհետեւ` Հրաչն իր ելույթներում քանիցս նշել է (եւ շարունակում է նշել), որ կոմբինատը վնասով է աշխատում եւ գործում է միայն ու միայն սեփականատիրոջ ներդրումներով:

Հիմա ճիշտ ժամանակն է, որ նա (գոնե մեկ անգամ) հանրությանը հաշվետվություն տա, թե իր պաշտոնավարման ընթացքում որքան ներդրում է կատարել սեփականատերը, թե ինչու տասնամյակներ շարունակ (մեծ մասամբ) շահույթով աշխատող ձեռնարկությունն այլեւս ինքնածախսածածկող չէ եւ գոյատեւում է սեփականատիրոջ ներդրումների հաշվին: Եվ, ի վերջո, եթե ընկերությունն անընդհատ վնասով է աշխատում եւ պահվում է սեփականատիրոջ ներդրումներով, ապա ինչո՞ւ է կանադացի սեփականատերը սիրահոժար, հենց այնպես իր փողերն ուղարկում Կապան:

***

Փետրվարի 6-ին Հրաչն այսպես կոչված ասուլիս էր անցկացրել: «Սյունյաց երկրին» նախապես ուղարկված հրավերին` ասուլիսին մասնակցելու համար, մերժել ենք` ասուլիսը գնահատելով հերթական անբարո բեմադրություն եւ կապանյան հանրությանը մոլորեցնելուն միտված վարժանք:

Ասուլիսի հիմնական թեման, որքանով հասկացանք, «Սյունյաց երկրի» հայտնի հոդվածն էր` «Ջոնաթան Գուդմանը մինչեւ ե՞րբ է հանդուրժելու Հրաչ Ջաբրայանի գոյությունը Կապանում»:
Նա, ինչպես եւ սպասվում էր, հոդվածում բարձրացված հարցերից որեւէ մեկին չանդրադարձավ. ինքն այդքան քաջություն եւ ազնվություն չունի, որ կարողանա պատասխանել որեւէ հարցի: Նման իրավիճակներում, փորձն է ցույց տալիս, ինքը ցեխ է շպրտում թերթի վրա` բուն խնդրից փախչելու միտումով: Այս անգամ, այդ բոլորով հանդերձ, հռետորաբանության մեջ ավելացրեց Մաքսիմի անչափ հաճելի եւ երանելի անունը:

Ճիշտն ասած` չէինք ցանկանա Մաքսիմի եւ յուր սպասավորների հարցը (այն էլ Հրաչի մատուցմամբ) քննարկման առարկա դարձնել վերստին, քանզի չենք կարող շրջանցել քրիստոնեական պոստուլատը` հանգուցյալների (այդ թվում` քաղաքական հանգուցյալների) մասին` կա՛մ լավը, կա՛մ ոչինչ:
Համ էլ Սյունիքում այնքա՜ն արագ են մոռացել նրան եւ որդուն… Կարծեք նման գոյություններ չեն էլ եղել այս կողմերում:

Ինչ վերաբերում է «Սյունյաց երկրի» կողմից Կապանի կոմբինատից «փող ուզելուն»… 2014-ի աշնանը նամակ էինք հղել ձեռնարկության վարիչին` թերթի 2015-ի բաժանորդագրությանը մասնակցելու համար, ինչը մնացել էր անպատասխան:

Սա է կոմբինատից (եւ ոչ Հրաչից) «փող ուզելու» ողջ պատմությունը, ինչի մեջ (որքան էլ կամենանք) արտառոցության նշույլ չենք գտնի: Համ էլ` եթե ինչ-որ մեկը (մեկ անգամ արդեն նշել ենք) Կանադայից եկել ու հանքագործների հաշվին փող է շինում եւ այդ ասպատակությունը համարում հայրենասիրություն, ապա ինչո՞ւ անբնական պիտի համարել մարզային միակ պարբերականի պահպանության համար (բաժանորդագրության եղանակով) միջոցներ խնդրելը:

Թերթի բաժանորդագրությունից հրաժարվելն էլ, ըստ էության, ծանոթ ոճ է, եւ արտակարգ պատահար չենք համարում: Ավելին` Հրաչի պարագայում դա շատ վերծանելի պահվածք է: Նախ` նրան պետք է թույլ տային (այն մարդիկ, ում ձեռքերում գտնվում է), այնուհետեւ` ինքը չէր էլ կարող գործընկեր լինել մի կառույցի հետ, որից կանխիկ դրամի ակնկալիք չունի:

Առհասարակ ժամանակն է, որ մեր պետական ֆինանսական գերատեսչությունն ու ազգային անվտանգության մարմինը պարզեն մի շատ հասարակ հարցի պատասխան` ի՞նչ սկզբունքով է Հրաչը մատակարարների հետ պայմանագրեր կնքում, ի՞նչ սկզբունքով է ընկերության համար ծառայություններ, աշխատանքներ պատվիրում:

Այդ հարցի պարզաբանումը հնարավորություն կտա վերջնականապես ամբողջացնել Հրաչի հայաստանյան հետաքրքրությունների իրական շրջանակը:

***

Նշված ասուլիսում հերթական անգամ հայտարարեց, որ իր գործունեության վերաբերյալ դժգոհությունները, ինչ էլ անեն, Կանադա չեն հասնի, իսկ եթե անգամ հասնեն, այնտեղ անուշադրության կմատնվեն:

Դա, իմիջիայլոց, ասուլիսի ամենաանկեղծ դրվագն էր:

Դա եւս մեկ խոստովանություն է այն մասին, որ Ջոնաթան Գուդմանի (ձեռնարկության սեփականատիրոջ) համար Կապանի կոմբինատի ներկայիս կացությունը եւ նրա վարիչի շուրջ ձեւավորված հանրային տրամադրություններն անհետաքրքիր թեմա են:

Ելնելով այդ իրողությունից` դիմում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու վարչապետ Հովիկ Աբրահամյանին` տեղյա՞կ եք, թե ինչով է զբաղված Կապանի խոշորագույն ձեռնարկության վարիչն այս կողմերում:

Ձեռնարկության սեփականատերը, ըստ էության, չի գիտակցում, որ Կապանի կոմբինատն առանցքային նշանակություն ունի մարզկենտրոնի համար, որ ձեռնարկության վիճակը, նրա ղեկավարի վարքը բոլորին մտահոգող հարց է: Ահա ինչու էլ խնդրում ենք հայրենական իշխանությունների միջամտությունը` հիշեցնելով, որ Հրաչ Ջաբրայանի «ուտիլիզացիան» սյունիքյան օրակարգի առաջնահերթ հարցերից է:

***

Հոդվածը թերի կլիներ, եթե, գոնե համառոտ, չանդրադառնայինք կոմբինատի տնտեսական ցուցանիշներից մի քանիսին, որոնք, ի վերջո, այդ ձեռնարկությունում տիրող բարքերի գործնական արտահայտությունն են:

Իր իսկ խոստովանությամբ. «Տարին փակել ենք արտադրության հսկայական նվազեցումներով: Արտադրել ենք մոտավորապես 403 հազար տոննա հանքաքար… պլանը 565 հազար էր: Պետք է արտադրեինք 31 հազար ունց ոսկի, արտադրել ենք մոտավորապես 21 հազար ունց: Այսինքն… երկու երրորդն ենք արտադրել: Եվ` բավականին մեծ բացթողումներ պղնձի ու ցինկի խտանյութերի արտադրության պահով»:

Տնտեսական հետընթացի արդյունքում 2014 թվականին, 2012-ի համեմատությամբ, մոտ 2 մլրդ դրամով պակաս գումար է վճարվել Հայաստանի Հանրապետությանը:

Ստեղծված իրավիճակի եւ պերմանենտ նահանջի համար, ինչպես նախորդ տարիներին, ինքը, իբրեւ պատճառներ, նշում է միջազգային շուկայի անբարենպաստ վիճակը, Հայաստանի համապատասխան գերատեսչությունների խանգարիչ դերը եւ բազմաթիվ այլ հանգամանքներ:

Միայն շրջանցում է ձախողումների գլխավոր պատճառը: Իսկ գլխավոր պատճառն ավելի քան ակնհայտ է. բազմաչարչար հանքագործների շալակը ելած Հրաչը շատ վաղուց ավելորդություն է ու բացառիկ խանգարիչ գործոն այդ ձեռնարկությունում…

***

Փետրվարի 9-ին հանրությանը ներկայացվեց Հրաչի աղանդավորական բարբաջանքը եւս. «Սիրելի Ընկերներ, Փետրվար 14-ը լինելով սիրահարների օր, մենք բոլորս պատրաստվում ենք Սուրբ Վալանդինի տոնը անցկացնել մեր սիրելիների հետ: ….Այս առթիվ հայտարարում եմ անակնկալ Արցախ այցելել ցանկացողների համար»:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Սուրբ Վալենտինի տոնը որեւէ աղերս չունի Հայ առաքելական եկեղեցու հետ:

Իսկ Սյունիքն այն երկրամասն է, որտեղ, ըստ Ստեփանոս պատմիչի, առաջինն են ընդունել Հիսուս Քրիստոսի ուսմունքը հայոց մեջ: Եվ դարեր ի վեր սյունեցի պատանին ու աղջիկը հավատարիմ են մնացել այդ ուսմունքին ու մերժել կասկածելի վարքով Վալենտին կոչվածին: Այնպես որ որեւէ առաքինի պատանի ու աղջիկ` հատկապես Սյունիքից, իրեն թույլ չի տա հետեւել Հրաչի կոչին եւ մասնակցել Վալենտինի տոնին:

Հայ քրիստոնյաներիս համար դրա նախորդ օրը` փետրվարի 13-ին, ունենք Տեառնընդառաջ, որ նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:

Օգտվելով առիթից՝ կոչ ենք անում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին` թույլ չտալ, որ ինչ-որ պատահական գոյություն մուռտառի քրիստոնեական Արցախը:

Մենք էլ փետրվարի 13-ին կելնենք Տիրոջն ընդառաջ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
10 փետրվարի 2015թ.  

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

02.05.2024 10:59

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել

02.05.2024 10:29

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները

02.05.2024 10:20

Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

01.05.2024 23:11

Մամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

01.05.2024 19:05

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

01.05.2024 14:59

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորանքը՝ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ

01.05.2024 12:42

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը` Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ

01.05.2024 12:08

Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը՝ Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ

01.05.2024 12:02

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Մայիսի 1-ի կապակցությամբ

01.05.2024 11:57

ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ

01.05.2024 10:45

Միացյալ համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին

01.05.2024 10:41