«.. ԷՆ ԱՇԸՂԸ ՄԵՐ ԴԱԴԱԼՈՒՆ ԽՈԽՈՐՑԱՆ Ա…»

18.09.2019 17:30
1140

Նյութի սկիզբը՝ այստեղ:

Եվ... այս անսպասելի իրողությունն ունեցավ նաեւ շատ հետաքրքիր շարունակություն: Ի զարմանս, կամ` հուրախություն, ի հայտ եկավ նույն տարվա` 1929 թ. հունիսի 29-ի ամուսնության գրանցում. 74-ամյա (ըստ գրանցման) Հայրապետ Դադալունցն ամուսնանում է 56-ամյա մի կնոջ հետ, որի անունը դարձյալ Բալախանում է, հայրանունն` Աբրահամ:

Կրկին վերադրադառնալով Քարաշեն գյուղի սբ Գեւորգ եկեղեցու չափաբերական մատյաններին, ճշտում ենք, որ Հռիփսիմեն, Օհանջան Արզումանիան եւ Եղիսաբետ Արզումանիան (գրված է ըստ մատյանի) ամուսինների դուստրն է, ծնվել է 1869 թ. ապրիլի 14-ին (ՀԱԱ, ֆ 47, ց 3, գ. 1925):

Այս ամենից հետո ի հայտ են գալիս էլի նոր հարցականներ... Բալախանումի մահից հետո Հայրապետի երկրորդ կինը` Հռիփսիմե՞ն է եղել... Նրանից ծնվե՞լ են երեխաներ... Ո՞վ է եղել Հայկի մայրը...

Չճշտված հարցերը թողնելով նոր ուսումնասիրողներին, կարեւոր եմ համարում նշել էլի երկու իրողություն: Նախ. “քարաշենյան առեղծվածում” ինքնին բացահայտվեց նույն հոգեցունց տոնով գրված անհավանական մի ասեկոսե եւս, թե իբր “...վաղ հասակում զրկվելով մորից, Գուսանը Քարաշենում եղել է Շուշանանց Առաքել Արզումանի Օհանյանի գառնարածը... »: Իսկ պատասխանն ակներեւ է. երկրորդ մոր հետ հավանաբար գնացած կլինի Քարաշեն, այստեղ էլ, ինչպես բոլոր գյուղի տղաները, վազվզած կլինի պապի գառների հետեւից, եւ Քարաշենի հետ այդ կապն առիթ եղած կլինի հանդիպելու Աշուղ Աթային... Պետք չէ այլ սրտաճմլիկ երանգներ խառնել իրողությանը, մենք դեռ կխոսենք նրա հոր բնավորության մասին, կարծում եմ, որ այլ տարբերակներ բացառվում են...

Հաջորդը. հարցազրույցում Գուսանի պապ Արզումանին բնութագրող կրկին պաթետիկ` «հարուստ տոհմ», «առակասաց եւ հեքիաթասաց» արտահայտությունները կրկնելուց առաջ պետք էր ասել, թե ո՞վ էր այդ Արզումանը. ո՞ր գյուղից, ո՞ր տոհմից: «I» դարակեսին Գորիս գյուղում եւ կից բնակավայրերում համապատասխան տարիքի միայն մեկ Արզուման է ապրել` Երցին Արզումանը, որը նման դուստր չի ունեցել: Հավանական պետք է համարել, որ Բալխանումն այլ բնակավայրից է հարս եկել, ո՞ր... Այդ բնակավայրի եկեղեցու չափաբերական մատյանում պետք է փնտրել նաեւ պսակը, որը եւս չհաջողվեց գտնել... Հավանական է նաեւ, որ Գուսանի մոր իսկական անունը` Խանում կամ Խանա եղած լինի, քանի որ եկեղեցին Բալախանում տարբերակով գրանցում կատարած չի լինի: Կարծում եմ սխալ է նաեւ թարգմանական` Դիցուհի, ինչպես ասվում է...

Որտե՞ղ է ծնվել Գուսան Աշոտը

Այս հարցին պատասխանելուց առաջ անհրաժեշտ է նախ իմանալ, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում «I» դարակեսի եւ ««դարասկզբի Գորիսը: Այնուհետեւ` տեսնել Դադալյան (Դադալուն, Դադալունց) տոհմի կազմն ու շարժն այդ ժամանակահատվածում:

Դեռեւս 1840–ական թվականներին Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցն իր «Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան» աշխատության մեջ «Կորիս» ակնարկում գրում է. «Լայնատարած գյուղ է, [տեղակայված] անհարթ ձորակում, մերձակա լեռներից բխող մի գետի ափին։ Օդն ու ջուրն առողջարար են։ Բնակիչները հայեր են` հարյուր հիսուն տուն։ Ունեն անհարթ եւ կոփածո քարերով կառուցված [մի] սագաշեն եկեղեցի։ Գյուղով հոսող սրընթաց վտակը կտրելով փխրուն ժայռերն ու խոխոմներ բացելով, գնում ու խառնվում է Երասխին։ Տեղի բնակիչները, զանազան թշնամիների մշտական արշավանքների վախից, վաղուց լքեցին [հին] Կորիս գյուղը, որ [գտնվում է այստեղից] հյուսիս արեւմուտք, լեռան ստորոտի մի պատվական տեղում եւ [այս վայրի] ամրության պատճառով, համաձայնեցին բնակվել այստեղ»։ /Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանց, «Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան», մաս Ա, էջ 491/:

Իսկ պատմահայր Ղեւոնդ Ալիշանն իր «Սիսականում» այսպես է ասում. «...եւ այժմ երեք տեղերը ճանաչվում են նման անունով, որոնցից մեկը կոչվում է Հին` վերեւում նշվածը, լեռան ստորոտում` հաստատուն եւ զովասուն օդերով վայրում, բայց ոչ բավականին անվտանգ, լքված բնակիչներից, չգիտեմ` երբ... »: /Ղեւոնդ Ալիշանի «Սիսական, Վենետիկ 1893 թ./:

Պատմագիր Լեոն 19-րդ դարի 80-ական թվականների վերջին իրականացնելով իր ճամփորդությունը Սյունիք` Բուն Գորիսի կամ Հին Գորիսի մասին գրում է. «...Այս մի օրինավոր գյուղ է, մի հայկական գյուղ իր սեւ-սեւ տներով, աղբակույտերով, թմբի գլխին կանգնած է հին եկեղեցին, որ այժմ աչքից հեռացրած է։ Բայց գյուղ չէ, այլ Գորիս գյուղի գյուղատնտեսական ագարակը (ֆերմա)։ Հին ժամանակներն այստեղ է եղել բուն գյուղը, որ չգիտեմ, թե ինչու է թողել այս տեղը, գնացել է տեղավորվել ներքեւում, բիզ-բիզ քարերի տակ։ /ԼԵՈ, երկ. Ժող., հ.8, «Սովետական գրող» հր., Երեւան. 1985թ., էջ 59/:

Հին Գորիս գյուղի քահանա Տեր-Հակովբ քահանա Տեր-Մինասյանը, որը մինչ 1906 թվականի Մինքենդի կոտորածը եղել է այդ գյուղի հոգեւոր հովիվը, իր «Հիշատակարանում» խոսելով յուր տոհմի նախնիների տեղահանության եւ բնակավայրի մասին, նշում է, որ իր պապ Մինաս քահանան ծնվել է Գորիս գյուղում, իսկ նրանց մեծ պապը՝ Մինասանց Թունին «…Դոքա Հին Գորիսից տաճիկների եւ պարսիկների ասպատակությունների ժամանակները ապաստանած են եղել Գորիս գյուղից բարձր ձորակում, որտեղին Ծակերի ձոր են ասում, նույնպես եւ Շորջրի Ծոր են ասում…»:

«Հիշատակարանի» առթիվ իր մեկնաբանության մեջ Ս.Խանզադյանը գրում է. «Կոտորածից (Մինքենդի) հետո Հակովբը բնակվել է այստեղ (Հին Գորիսում): Գորիս գյուղի (քաղաքի), Հին Գորիսի (Երի Շեն) եւ սրան գրեթե կից Բռուն (Պռունկ) գյուղի բնակիչները միեւնույն տոհմերից են»: (Ս.Խանզադյան, «Տեր-Հակովբ Տեր-Մինասյան գորիսեցու «Հիշատակարանը», էջ 125, «Բանբեր Հայաստանի արխիվների», թիվ 2, 1989):

Եվ այս ամենով հանդերձ, ողջ պատմությունը համառոտ հետեւյալն է: “VII դարավերջի եւ «VIII դարասկզբի Գորիսի (Բուն Գորիսի) կոտորածից հետո բնակավայրը երկար ժամանակ մնում է անմարդաբնակ, այնուհետեւ դառնում է դավանափոխ կապիտան Ռուստամ բեկի եւ նրա դավանափոխ մոր 6 գյուղերից եւ 9 ձմեռանոցներից մեկը, բնակեցվում է մուսուլման քոչվորներով եւ տրվում է Գեդիշա անունը: (Տես` Ստ. Լիսիցյան, «Զանգեզուրի հայերը» ՀԳԱ հրատ., Երեւան, 1969): Բռնագաղթված հայկական մյուս բնակավայրերի եկեղեցիների ճակատագիրն է ունենում նաեւ IV-V դարի կառույց սբ Հռիփսիմե հոգեւորական համալիրը: Թաթար-թուրքերը փոխում են գլխավոր եկեղեցու մուտքը, դարձնում մզկիթ: «I» դարի 30-ական թվականներին քաղաքական իրավիճակի փոփոխության եւ զարգացումներում վտանգ զգալու միտումով մուսուլմանները կամովի հեռանում են բնակավայրից: Շուրջ երկու տասնամյակ հայերը ռիսկ չեն անում վերադառնալ իրենց նախկին բնակատեղին, եւ հատ ու կենտ անասնապահներ են ժամանակավոր բնակվում այստեղ: 40-50-ական թվականներին Գորիս գյուղի տարածքի նեղ լինելու պատճառով մի շարք ընտանիքներ կիսվում, տեղափոխվում եւ զբաղեցնում են արդեն պատրաստի կառուցված տները, ղաբերը, քարատակները, կառուցում են նոր տներ: Երկրորդ փուլում այստեղ վերաբնակվել ցանկացողների համար արդեն տեղ չի լինում, գնում եւ զբաղեցնում են ձորի արեւմտյան կողմի բլուրը, հիմնադրում են Բռունը: Իսկ ահա երրորդ հոսքով Գորիս գյուղից եւ Սինդարա բնակավայրից տեղափոխվածները (1890-1900 թթ., 16 ընտանիք), Երի շենի արեւելյան ձորալանջին փորում են նոր ժայռատներ, ստեղծվում է Ծյորի թաղը: Բոլոր չորս բնակավայրերը (Գորիս գյուղը, քաղաքը, Հին Գորիսը եւ Բռունը) մինչեւ խորհրդային կարգերը եղել են նույն համայնքի կազմում: Մինչեւ 1900 թվականը ծնունդների, կնունքների, ամուսնությունների ու մահվան գրանցումները կատարվել են միայն Գորիս գյուղի սբ Հռիփսիմե եկեղեցում: 1900-ից, հյուսիսային համայնքներն համեմատաբար խոշորանալու եւ տարածաշրջանում վտանգներն ավելանալու պատճառով, Հին Գորիսի սբ Գեւորգ (Նորակնունք) եկեղեցուն եւս, իսկ 1903 թ.` նորակառույց սբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցուն թույլատրվել է կատարել այդ ծիսակարգերը: Եկեղեցու ընտրությունը չի սահմանափակվել, արարողակարգերը կատարել են` ով որտեղ ցանկացել է: Գորիս բնակավայրի վերին շեն եւ ներքի շեն արտահայտություններն օգտագործվել են իբրեւ ոչ հատուկ անուններ, իբրեւ նույն շենի երկու մասեր: Իսկ Վերիշեն ձեւը, առանց համայնքի հետ համաձայնեցնելու, շրջանի ղեկավարների կողմից տրվել է խորհրդային տնտեսությանը, երբ Հին Գորիսի “Կարմիր հոկտեմբեր” կոլտնտեսությունը վերակազմավորվել եւ դարձել է Վերիշենի կաթնանասնապահական սովխոզ (1957 թ.): Գյուղական խորհրդի կնիքը փոխվել է դրանից ավելի քան 20 տարի հետո` 1979-1980 թվականներին (Հին Գորիսի փոխարեն գրվել է` Վերիշեն), եւ այն էլ, հավանաբար, ինչ-որ մի ղեկավարի ցուցումով կամ գրությամբ, քանի որ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նման հրամանագիր գոյություն չունի:

Հիմա` Դադալյանների մասին: Տոհմի նախահայրը` Դադալը (ըստ 1832-1933, 1842, 1848 թվականների մարդահամարների) եղել է գորիսեցի Սիմոնանց Վարդանի որդին, ապրել է 1790-1860 թվականներին: Սերունդ թողած նրա ժառանգներն են` Բաղդասարը, Պետրոսն ու Պողոսը: Նրանցից Բաղդասարի ընտանիքը «I» դարի կեսին, գյուղի վերաբնակեցման առաջին փուլում, առաջիններից մեկը տեղափոխվել է Հին Գորիս, դարձել է ունեցվածքի տեր, ավելի ուշ կառուցել Դադալյանների հայտնի տունը, այստեղ էլ բազմացել ու աճել է նրա սերունդը, իսկ Պետրոսի ու Պողոսի գերդաստանները մնացել ու ճյուղավորվել են Գորիս գյուղում, ապա` Գորիս քաղաքում: Ահա սա է տոհմի սերունդների տեղաբաշխման նկարագիրը:

Գուսանին մի անգամ հարցրի, թե ինչո՞ւ որեւէ առիթով չի նշում, որ ինքը Հին Գորիսում է ծնվել:

- Դա նույն Գորիսն ա էլի~, - զարմացավ Գուսանը, - է’ս փողոցում ապրած թե` է’ն, ի՞նչ տարբերություն կա, դա կնշանակի, որ ես մեր բնակավայրը բաժան-բաժան եմ անում...

Գուցե նաեւ, մինչ այդ, ես այդպիսի խորությամբ չէի պատկերացնում հարցի էությունը...

Հիմա խոսենք Բաղդասարի (1813-1847 թթ.), սերնդի մասին ավելի մանրամասն: Ունեցել է մեզ հայտնի ժառանգներ` Սարգիս (1836 թ., մ.թ. ճշտված չէ, 1874 թ. մարդահամարում հաշվառված չէ), Հարություն (1839-1892 թթ.), Մարիա (1940 թ., մ.թ.հ.), Մկրտիչ (1841-1870 թթ.), Նազի (1845-1920 թթ., Հարություն Խուրշուդյանի կինը, Ակսել Բակունցի տատը): Սարգսի սերնդից ճյուղավորվել է Հայրապետը՝ Գուսան Աշոտի հայրը, ով, ինչպես ասացինք, ունեցել է առնվազն ինը երեխա: Հարությունի ընտանիքի մեզ հայտնի վեց ծնունդներից ճյուղավորվել են` Գալուստը (16 երեխա` 8 տղա եւ 8 աղջիկ , Դանիելը (6 երեխա` 4 տղա եւ 2 աղջիկ եւ Վարդանը (9 երեխա` 2 տղա եւ 7 աղջիկ): Երբ որոշ հարցեր ճշտում էի Դանիելի թոռ, 73-ամյա երեւանաբնակ Վարազդատ Դադալյանի հետ, ասաց, որ Գուսանն իրեն “կուճի ամի” էր ասում:

Գուսան Աշոտի որդու` Ռուբեն Դադալյանի հետմահու տպագրված “Անավարտ քնար” ժողովածուում այսպիսի մի քառյակ կա.

Պապս Հիսուսի նման մի մարդ էր,

Բայց ոչ խաչ ուներ, ոչ էլ` պատարագ,

Պապս նամուսի պատվարժան մարդ էր,

Ռանչպար էր, չուներ ոչ արտ, ոչ մարագ:

Այս մի քանի տողը խիստ բնութագրական, տեղին եւ ճշմարիտ ներկայացնում է Գուսանի հորը` Հայրապետ Դադալյանին, նրա բնավորությունն ու ապրելաձեւը: “Սարթ մարդ է եղել”, ասում էր պապս: Այսինքն` խիստ, կծու, իր ասածի տեր, թերությունների հետ չհաշտվող: Նա այդպիսին եղել է նաեւ տանը` կնոջ եւ երեխաների հետ, հորեղբոր տղաների հետ հարաբերություններում, որոնց մոտ հիմնականում աշխատել է: Հայրապետի ավագ որդիները, որոնց մասին չափաբերական մատյանները համառորեն լռում են, կարծում եմ, չափահաս դառնալուց հետո (ոչ միայն Տիգրանը), ընտանեկան ծանր պայմանների պատճառով, մեկնել են արտագնա աշխատանքի, կարծում եմ` Բաքու եւ հավանական եմ համարում, որ «սեւ հրեշը» կուլ է տվել նաեւ նրանց:

Դադալյաններից գլխավոր սեփականատերը Հին Գորիսում Վարդան Դադալյանն է եղել (բժշկական գիտություննրի դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Դադալյանի հայրը), որի տնտեսությունում աշխատել են նաեւ Հայրապետը, նրա առաջին, ապա` երկրորդ կանայք: Թեեւ ծագող վեճերից հետո Հայրապետը հաճախ է թողել ու հեռացել, բայց Վարդանը երբեք բախտի քմահաճույքին չի թողել նրա ընտանիքը: Ակներ սարի Դադալունց յայլաներում Բալախանումը եղել է Վարդանի կնոջ` Մանուշակի աջ ձեռքը, գլխավոր օգնականը: Մի առիթով Գուսանը պատմեց, թե 1915 թ. ամռանը, երբ չորս աղջիկ ունենալուց հետո Վարդանի կին Մանուշակը ծնեց Վազգենին, ինչ քեֆ-ուրախություն էր Իշխանասարի յայլաներում, Վարդանին ծանոթ քանի տասնյակ ձիավոր էր ոչխարներով եկել աչքալուսանքի...

Դադալյանների հայտնի տան աջ կողմում` մեծ պատշգամբի վրա բացվող սենյակներում` ապրել է Վարդանի ընտանիքը, շենքի ձախ հատվածի սենյակները եւ պատշգամբը զբաղեցրել է Գալուստի գերդաստանը (այս պատշգամբում 1921 թվականի հունիսի 25-ին դաշնակները սպանել են Տեր-Հակովբ Տեր-Մինասյան քահանային, նրա որդուն՝ գյուղի հեղկոմի նախագահ Մուշեղ Մինասյանին, ծանր վիավորել են տերտերի կնոջը` Դիանային): Նույն շենքի առաջին հարկի աջ դուռն ու պատուհանը թոնրատունն է եղել, իսկ կամարակապ ղաբից ներս գնացող դռները տարել են սենյակ, որտեղ ապրել է Հայրապետի ընտանիքը, եւ քարատակ-մառան...

Ի դեպ` «կամարակապ» բառը հիշեցրեց` չմոռանալ. Գուսանի մասին Անդրանիկ Կարապետյանի ուսումնասիրության մեջ, ներկայացնելով Հայրապետին, հեղինակն ասում է. «... հողագործ լինելուց բացի նաեւ ճանաչված որմնադիր էր: Հին Գորիսի (ընդգծումն իմն է` Գ.Հ.) կամարակապ շատ տներ եւ այլ կառույցներ նրա ձեռքի դրոշմն են կրում»: Հիշենք, որ Ա.Կարապետյանը միակ ուսումնասիրողն էր, որ կարդացել եւ օգտվել էր Գուսանի «Կյանքիս հեքիաթը» ինքնակենսագրականից եւ արտահայտությունը, հավանաբար, վերցրված է հենց այնտեղից: Իսկ ահա հարցազրույցում «Հին Գորիսը» դարձել է Գորիս...

Զանգեզուրի խորհրդայնացումից հետո Հին Գորիս գյուղի հեղափոխական կոմիտեի առաջին գործը եղել է հանրակրթական նոր դպրոցի ստեղծումն ու անգրագիտության վերացումը: Առաջին տարում դպրոցը գործել է Վարդան Դադալյանի տանը: Առաջին դասարանի առաջին աշակերտներից է եղել նաեւ հայրս: Նա պատմում էր, որ քանի որ այդ տարիներին գյուղի եկեղեցու տնտեսական հարցերի պատասխանատուն Հայրապետ Դադալյանն էր, եւ դպրոցն էլ իրենց տանն էր, նրան էր հանձնարարվել հոգալ նաեւ դպրոցի տնտեսական հոգսերը` փայտ ջարդել, վառարանը վառել, ջուր բերել, սեղան-նստարանները տեղադրել, նորոգել եւ այլն... Պատմում էր, թե ինչ խստաբարո մարդ էր եւ ինչպիսի պատասխանատվությամբ էր կատարում իր գործը...

Աշոտի բանաստեղծական արվեստն ուսումնասիրողների համար նշեմ, որ իր երգերում մեծ գուսանն անդրադարձել է գրեթե բոլոր հայոց սիմվոլներին ու սրբություններին`

Արարատ, Արագած, Արաքս, Սեւան, Հրազդան, Որոտան, Սյունիք, Ղարաբաղ, Անի, Շիրակ, Ջավախք, Երեւան, Շուշի եւ այլն, բայց իբրեւ տեղանուն, իբրեւ իր սիրո, իր խաղերի, իր նվիրական իղձերի կատարման, իրականացման վայր ակնարկել է միայն իր մանկության վայրերը` «Աղջիկները Սանդ աղբյուրից ջուր կառնեն, Մեկ սիրտ կտան, մեկ էլ սիրտս կտանեն... («Ինչ լավ է»), «Մըն յեկ իրուր խտտենք Ափուն թառումը», «Էլ ծուն չի կա, Մեծ ըռոնին թախկալ ա», «Ակնին ճյուրը քլքլթալի քյունում ա», «Եկ նստենք Ղուրուղա թիփին ղնշարումը» («Չոր չոլերը ծաղկել են»), «Մհաջառի քեղի զոխը, իմ պապը արաժանով էր ուտում» («Մհաջառի քեղուտում»), «Էս գիշեր իմ երազին ելա սարը Իշխանա, Աշոտ յայլան քո պապի հոգուդ երգեր կկապի» («Մորս փեշը բռնած»), «Հարայ են տամ, ինձ կանչում Ակներ յայլան Դադալունց» («Ակներ յայլան Դադալունց»), «Որսաձորի արձագանքով հմայված» (Որսաձոր, Ավու դարա, «Սազս մնաց»), “Սեւանի քույր` ծովակ Իշխանա” (“Ծովակ Իշխանա”), “Ուխտ եմ արել, այ սարեր, Գորիսից մինչ լույս Ակներ, Սեղան բացեմ տոն օրվա, Երգով մաղթեմ կենացներ” (“Երազանքիս կհասնեմ”): Այս ընտրանին Գուսան Աշոտի միայն երկու ժողովածուներից է քաղված, դրանք մեծ քանակությամբ կան նաեւ մյուս երգարաններում:

Այս ամենը, անշուշտ, համոզիչ փաստեր են, բայց ինքս էլ գիտեի, որ դրանք անվիճելի դարձնելու համար, այնուամենայնիվ, բացակայում է ամենագլխավորը` ինչ որ վկայություն, որտեղ սեւով սպիտակի վրա գրված պիտի լինի, որ այդ տարիներին Հայրապետ Դադալյանը եղել է Հին Գորիս գյուղի բնակիչ, համայնքի անդամ, ինչ որ ունեցվածքի տեր, կամ նման մի բան... Խնդիրը բարդ էր, քանի որ այդ տարիներին մարդահամար չէր եղել, Հայրապետը հողատեր չի եղել, իսկ համայնքների բնակիչների ամբողջական ցուցակներ արխիվներում չկան: Նայեցի հավանական մի շարք աղբյուրներ` անարդյունք... Եվ ինչպես ժողովուրդն է ասում` ճշմարտություններն անթեղվում են, բայց չեն մեռնում... Ամիսներ առաջ ՀՀ ազգային գրադարանում թերթում էի ““ դարասկզբի Գորիսում լույս տեսած պարբերականների արխիվները, եւ ի՞նչ... Գտնվեց “բարաթը”...

“Կարմիր ռաշպար” գավառային թերթի, 1924 թ. օգոստոսի 29 –ի, թիվ 29 համարում տպագրված թղթակցությունը, որը մեջ եմ բերում ամբողջությամբ, ցույց է տալիս ոչ միայն Հայրապետ Դադալյանի` Հին Գորիսի համայնքի անդամ լինելը, այլեւ` նրա հեղինակությունն այդ համայնքի կազմում (ցուցակում համայնքի ներկայացուցիչ երեքից առաջինը գյուղխորհրդի նախագահ է դարձել նշված Ասատուրից հետո, երկրորդը` մինչխորհրդային կարգերը եղել է գյուղի քյոխվան եւ երրորդը` ինքն է):

“1924 թ. սկզբին նորաստեղծ խորհրդային երկիրն ընդունեց որոշում պետական ապահովագրության մասին: Հին Գորիսում համայնքի ժողովը առաջիններից մեկը որոշեց ապահովել գյուղի բոլոր ցանքսերը, շինություններն ու անասունները բնական աղետներից ու չարիքներից: Ապրիլի 30-ին Հին Գորիսի ուղղությամբ կարկուտ եկավ: Պետական ապահովագրության գործակալն անմիջապես գնաց Հին Գորիս գյուղը եւ համայնքի ներկայացուցիչների հետ կազմեց հետեւյալ արձանագրությունը. “Մենք ներքո ստորագրողներս` Պետապի Զանգեզուրի գործակալ Արտավազդ Ավագյան, գյուղխորհրդի նախագահ Ասատուր Սաֆարյան, Պետապի կողմից` գյուղատնտես Հակոբ Միրաքյանի, Հին Գորիս գյուղի կողմից` Ասատուր Մաշուրյանի, Աբգար Խուրշուդյանի, Հայրապետ Դադալյանի (ընդգծումներն իմն է` Գ.Հ.) ներկայությանբ շրջեցինք Հին Գորիսի ցանքսերը եւ գտանք, որ ապրիլի 30-ին, 1924 թ., երեկոյան ժ. 6-ին, 15 րոպե տեղացել է կարկուտ հյուսիս-արեւմուտքից հարավ-արեւելք ուղղությամբ 208,33 դեսյատին տարածության վրա: Կանաչների կարճ ծիլերի պատճառով վնասներ չեն եղել:

Քննիչ հանձնաժողովը գտավ, որ Հին Գորիսի ցանքսերը եկած կարկուտից վնաս չեն ստացել, որի համար եւ ստորագրում ենք. (ստորագրությունները)”: (“Կարմիր ռաշպար” թերթի 29 օգոստոսի 1924 թ. թիվ 29):

Կարծում եմ, որ հիմա արդեն կարող ենք ամփոփել: Աշոտը սովորել է Հին Գորիս գյուղի եկեղեցուն կից ծխական դպրոցում, ամենայն հավանականությամբ` Բագրատ Առուշանյանի հետ (հետագայում` գեներալ-լեյտենանտ): Ժամանակաշրջանը թելադրում է եզրակացնել նաեւ, որ նրանց ուսուցիչը պետք է եղած լինի հայերենին լավ տիրապետող ուսյալ մի երիտասարդ, հետագայում ցարական բանակի սպա` Կարապետ Բաբայանը, ով զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմում: Եվ, իմ կարծիքով, Աշոտի լեզվի մաքրությունը հենց այս ակունքն ունի: Մեզ հայտնի է, որ մոր մահից երկու տարի հետո` 1920 թ., Աշոտը մեկնել է Բաքու` եղբոր մոտ: Նա բաներիտ դպրոց է հաճախել, սովորել է նաեւ քյամանչա նվագել: Երիտասարդ հասակում ունենալով առողջական խնդիրներ, բանակ չէր զորակոչվել, “անպիտանի էր” նաեւ նավթարդյունաբերութան բնագավառում աշխատելու համար: Աշոտի խաղաղ ու հանգիստ բնավորությունը շուտով անհամատեղելի է դառնում “սեւ քաղաքին”: Նա ձգտում էր ժամ առաջ վերադառնալ, բայց ո՞ւր... Հին Գորիսը ծանր, ֆիզիկական աշխատանքի փակուղի էր, իսկ ահա Գորիս քաղաքը զարգանում էր, անցուդարձը մեծ էր, մտածում են, որ նա կարող է այդտեղ սազանդար լինել եւ վաստակել... Եղբայրը` Տիգրանը, ներ է դնում իր ողջ հնարավորությունները եւ Գորիս քաղաքում Աշոտի համար գնում փոքրիկ տնակով հողամաս: Այդ ժամանակ նրանց հայրը` Հայրապետը, որը գյուղում ոչ մի սեփականություն չուներ եւ արդեն 74 տարեկան էր, բատրակ (նախրապան) էր Գորիսի այն նույն տանը, որ հարցազրույցում նշվում է իբրեւ Աշոտի ծնված տուն (կարծում եմ` հնարավոր է ճշտել տանտիրոջ անունը, ում մոտ բատրակ է եղել Հայրապետը):

Գուսանի ամուսնությունը

“18-20 տարեկան էի, սիրում էի առաջին անգամ: Սեւ, կրակի պես աչքեր ուներ նա, երկար մազեր: Բայց մեզ բաժանեցին...”:

Գորիսում` Գուսան Աշոտի ծննդյան 70, թե` 75-ամյակի տոնակատարության ժամանակ վարպետի ահա այս խոսքերով սկսեց իր ելույթը Հայաստանի գրողների միության նախագահ, գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը (այդ խոսքը կա “Սյունյաց երկրի” հոբելյանական համարում):

Աշոտի Բաքվում եղած տարիներին ծնողներն ամուսնացնում են նրա սիրած աղջկան: Վերադառնալուց հետո հոգսերը շատ էին, մի քանի տարի չի ամուսնանում` մինչեւ հանդիպում եւ սիրում է Գորիսի մանկավարժական տեխնիկումն ավարտած մի գեղեցկուհու` Հասմիկին` Բայանդուր (Վաղատուր) գյուղացի Մանաս Քալանթարյանի դստերը: Ամուսնությունը տեղի է ունեցել 1934 թ. սեպտեմբերի 8-ին: Այդ ժամանակ Աշոտը 28 տարեկան էր, Հասմիկը` 17: Նրանց ամուսնական կյանքում, ինչպես գիտենք, ծնվել են 3 զավակ` Ռուբենը, Արաքսյան եւ Համլետը: Հայտնի է նաեւ, որ շուտով խաթարվել է ընտանիքի երջանկությունը. երիտասարդ մոր ու սիրելի կնոջ մոտ ախտորոշվել է անբուժելի հիվանդություն: Հասմիկը հրաժեշտ է տվել կյանքին ընդամենը 27 տարեկան հասակում` 1944 թվականին:

Աշխենը

Կնոջ մահից հետո ծանր ժամանակներ են եղել Աշոտի համար. երեք անչափահաս երեխաներ, պատերազմ, սով ու աղքատություն... Եկավ հաղթանակը, նրա հետ` հավատն ու հույսը... Շուտով Գորիսում հայտնվեց երկարահյուս, խիտ ունքերով, թխադեմ մի հայուհի` շրջանային գյուղբաժնի գյուղատնտես Աշխեն Խաչատրյանը: Նա շինուհայրցի Ղվալին Բաղդասարի թոռնուհին էր, Գրիգորի դուստրը: Ծնվել է 1922 թվականին` Բաքու քաղաքում, այդտեղ էլ կրթություն է ստացել` ագրոնոմի մասնագիտություն: Երբ սկսվել է Մեծ հայրենականը, երբ երկիրը պատերազմի մեջ է եղել, նա նստել եւ սպասել չէր կարող, գտել է, որ իր տեղը ճակատային գիծն է, մեկնել է պաշտպանելու հայրենիքը: Միլիոնների, նաեւ նրա կամքի ու արիության շնորհիվ եկել է հաղթանակը: Պատերազմից տուն վերադառնալուց հետո որոշել է ծնողների հետ գալ հայրենիք, այստեղ ապրել եւ աշխատել, իմացածը ծառայեցնել շրջանի գյուղատնտեսության զարգացման գործին, ամուսնանալ, ստեղծել խաղաղ ու երջանիկ ընտանիք: Եվ կյանքում տասնյակ արհավիրք ու փորձություն հաղթահարած աղջիկը բոլոր հնարավոր տարբերակներից ընտրել է ամենադժվարը` ընդունել է Գուսանի սիրո ու ամուսնության առաջարկը եւ միանգամից դարձել երեք անչափահաս երեխաների մայր: Երաժշտական բնատուր ունակությունների շնորհիվ, Գուսանի օգնությամբ, շուտով Աշխենը սկսել է նվագել երաժշտական գործիքներով երգել, համերգային շրջագայությունների ժամանակ ուղեկցել ամուսնուն: 1951 թվականին տեղի է ունեցել մի նոր չարաբաստիկ ողբերգություն: Կյորու գյուղի համար քարաղ տեղափոխող բեռնատարը, որի թափքում են եղել համերգի գնացող Գուսան Աշոտի խմբի անդամները, ճանապարհին վթարի է ենթարկվել, Աշոտը վիրավորվել է, իսկ Աշխենը` զոհվել...

Շինուհարյան մեր որոնումների արդյունքում հնարավոր եղավ գտնել Աշխենի ազգականներին, որոնց միջոցով էլ` այս թանկարժեք մասունքները, նրանից մնացած այս մի քանի լուսանկարը...

Արաքսյա Ղալեչյանի մասին

Այդ մեծ, արմատական ու ամբողջական գործին ծանոթանալուց հետո (խոսքը հատուկ համարի մասին է) ափսոսանք եմ ապրել, որ առանձին հոդվածով չի ներկայացվել տիկին Արաքսյան` Գուսանի շուրջ 30 տարվա կյանքի եւ համերգային շրջագայությունների ընկերուհին, նրա նոր երգերի առաջին ունկնդիրն ու կատարողը: Տեսնել էր պետք, թե նա ինչպիսի զգուշությամբ էր որսում Գուսանի շուրթերից դուրս եկող նոր մեղեդին եւ կրկին արտաբերում այն... Միայն իրենց հասկանալի լեզվով` բառերի հետադարձ արտասանությամբ, նրանք կես խոսքից իրար հասկանում եւ ժպտում էին... Տարբեր երկրներից, մայրաքաղաքից եկած քանի-քանի մարդկանց է նա ընդունել իրենց հարկի տակ, հյուրասիրել Գուսանի` “կռիվներում հաղթած” գինով, քյամանչայի նվագակցությամբ կատարել Աշոտի երգերը եւ անջնջելի տպավորություններով ճանապարհել հյուրերին: Գուսանի ընտանիքին մոտիկ մարդիկ լավատեղյակ են, որ նրանք սիրող ամուսիններ են եղել, որ Գուսանը երկար տարիներ տառապել է ոչ թեթեւ հիվանդություններով եւ, որ նրա երկարակեցությունն առաջին հերթին տիկին Արաքսիայի նվիրումով ու հոգատարությամբ էր պայմանավորված:

Երբ փորձեցի իմանալ Գուսանի մահից հետո այդ համեստ ու բարի կնոջ ապրած կյանքի պատմությունը, գորիսյան իմ բոլոր հարցումներն ապարդյուն անցան: Ոչ ոք ոչինչ չգիտեր: Դիմեցի համացանցի օգնությանը: Մի շարք նամակների ու հեռախոսազանգերի արդյունքում Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի աշխատակցուհի Կարին Դադյանի (նույն ազգանունը կրող Արաքսյայի զավակների հետ ազգակցական կապ չունի) եւ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Ժասմեն Ասրյանի օգնությամբ հաջողվեց կապվել Արաքսյայի թոռնուհու` Գայանե Թելունցի (Սյուզաննա Դադյանի դստեր, հայրը Խնձորեսկի Թելունցներից է) հետ: Նա էլ ինձ օգնեց գտնելու Հրազդանում բնակվող, իրավիճակին ավելի լավատեղյակ Սիրանույշին` Արաքսյայի կրտսեր դստերը:

Ավելորդ չի լինի, եթե համառոտ ներկայացնեմ ինձ մոտ հավաքված տեղեկություններն Արաքսյայի մասին, քանի որ որեւէ տեղ դրանք չեմ հանդիպել:

Արաքսյա Մինասի Ղալեչյանը ծնվել է Կարմիրի շրջանի Նոր Բաշքենդ (Գեղարքունիքի մարզի Գետիկ) գյուղում 1916 թվականին: Նրա անձնագրում ծննդյան թիվը գրված չի եղել` հիմքեր չլինելու պատճառով: Երգելու արտակարգ շնորհքով օժտված աղջնակը, դպրոցն ավարտելուց հետո, 16 տարեկան հասակում մեկնել է Երեւան` մեծ բեմում չափելու իր ուժերը:

Նրան առաջինը լսել է այն ժամանակվա ՀԽՍՀ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար Արամ Մերանգուլյանը եւ անմիջապես աղջկան ընդունել իր խմբում (1967 թվականից՝ ՀԽՍՀ հեռուստատեսության եւ ռադիոյի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլ)։ Երկար ծամերով գեղեցկուհու հմայքով շատերն էին տարվել, բայց նույն խմբի ադմինիստրատոր Ալեքսանդր Մարտինի Դադյանին է հաջողվել տիրել նրա սրտին: Ամուսնացել են եւ ունեցել երեք զավակ (որդի եւ երկու դուստր): Նրանց ամուսնական կյանքը երկար չի տեւել, բաժանվել են: Անսամբլից ստացած գումարով Արաքսյան չէր կարող պահել երեք երեխաներին, ամենօրյա վաստակ էր անհրաժեշտ, եւ նա համերգային շրջագայությունների է մեկնել “Հայհամերգի” Գուսան Աշոտի խմբում: Այդ ժամանակ Գուսանն արդեն ավտովթարի հետեւանքով կորցրել էր սիրելի կնոջը` Աշխենին: Շուտով նրանք որոշում են միավորել երկու խեղված ընտանիքի ճակատագրերը եւ 1954 թ. ամռանն ամուսնանում են:

Սիրանույշը, որը բոլոր երեխաներից փոքրն էր, հիշում է, թե ինչ խանդավառություն ու ջերմություն էր տիրում Երեւանի իրենց տանը` Ավ.Իսահակյանի ապրած շենքում (ներկայիս Սախարովի հրապարակի վրա), ապա` Գնունու փողոցի նոր բնակարանի երկու փոքր սենյակում, որտեղ ապրում էին վեց երեխա ու ծնողները: Նա առանձնակի ջերմությամբ արտահայտվեց իր նոր եղբայրների ու քույրիկի (Աշոտի երեխաների) հետ ունեցած հարաբերությունների մասին:

Սինանույշի պատմածով` Աշոտի դուստրը` Արշալույսը, պետք է ամուսնանար, սակայն բնակարանային պայմանները խիստ նեղ էին: Գուսանը դիմում է գրում ՀԿԿ Կետկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին, խնդրում է, որ առողջական խնդիրներ ունենալու պատճառով իրեն բնակարան հատկացնեն ցածր հարկում: Նրան տալիս են նոր բնակարան` Կասյան փողոցի վրա, ամուսիններով տեղափոխվում եւ բնակվում են այնտեղ: Ի դեպ, տանն էլ Գուսանը մահացել է:

Արաքսյայի երեխաներից ավագը` Սյուզաննա Դադյանն է (1943 թ. ծնված), ավարտել է Երեւանի թատերական ինստիտուտը, անվանի դերասանուհի էր: Աշխատել է նախ` դրամատիկական, ապա` ռադիոթատրոնում, մանրապատումների հեռուստատեսային թատրոնում: Կյանքի վերջին տարիներին հանրապետական ռադիոյում եղել է հաղորդավար: Մահացել է 1997 թվականին, թաղված է Երեւանում: Ունի դուստր` Գայանե, ով մանկավարժ-բանասեր է:

Որդին` Սեյրան Դադյանը (1945 թ. ծնված) նույնպես դերասան էր, եղել է աճպարար: 2010 -2011 թվականներին ծանր հիվանդացել է, ծախսերը հոգալու համար վաճառել է Երեւանում ունեցած իր բնակարանը, տեղափոխվել Մոսկվա` բուժվելու: 2012 թվականին այդտեղ էլ կնքել իր մահկանացուն, թաղված է Մոսկվայում: Ունի որդի եւ երկու դուստր:

Կրտսեր դուստրը` Սիրանույշը (1947 թ. ծնված), թոշակի անցած մանկավարժ-բանասեր, բնակվում է Հրազդան քաղաքում, ունի որդի եւ դուստր: Որդին հանրապետության ռազմական ոստիկանությունում հոգեբանության մասնագետ է:

Գուսանի մահից հետո Արաքսյան բնակվել է Կասյան փողոցի վրա գտնվող բնակարանում:

Ֆինանսական դժվարին պայմանների պատճառով մի քանի տարի հետո փոխել է այն, ապրել Նորքի զանգվածում: Կյանքի վերջին երկու տարում առողջական վիճակը վատթարացել է, դուստրը նրան տեղափոխել է իր մոտ` Հրազդան քաղաք, որտեղ էլ 2006 թվականին, 90 տարեկան հասակում, մահացել է:

Սիրանույշը պատմեց, որ մինչեւ կյանքի վերջին օրը մայրը հավատում էր, որ իր աճյունը կտանեն եւ կամփոփեն Աշոտի կողքին: Ցավում է, որ այդպես չեղավ: Արաքսյա Ղալեչյանը թաղված է Հրազդանում:

Այսքանը, որ կարեւոր էր: Կարծում եմ` Գուսանի երգն ու ժողովրդական, աշուղական արվեստն ավելի կշահեն նույն նպատակին ուղղված մեր գործունեության համադրությամբ:

Ստեղծագործական նորանոր հաջողություններ` “Սյունյաց երկրին”:

Գագիկ Հայրումյան

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19