Երազանք, որոնում, վաստակ

11.04.2023 10:25
2800

Ետ նայելը կյանքի առաջընթացի խթանիչներից է, հետևաբար նախկինների ապրած տարիների իմաստավորումը ապրողների պատվի գործն է:

Մտերիմները, տեխնիկական մտավորականության ավանդապահ սերուցքը պատրաստվում են նշել լեռնային գործի նվիրյալ Համլետ Ոսկանյանի ծննդյան 75-ամյակը: Նրա կարճատև կյանքը վեցուկես տասնամյակ էր՝ խորհրդային ժամանակավարտին հավելված լինելով երկու տարի:

Ղեկավարի խոստումը, կարծես, ուրվագծված էր երիտասարդի ճակատագրում. Ղափանի թիվ 2 միջնակարգը, Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումը, պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտել է գերազանցությամբ: Տոհմիկ լեռնագործի նախասիրությունն առմիշտ նրան կապեց հայրենի Քաջարանին: Հնագույն հանքափորի լեռնային ճարտարագետ (ինժեներ) որդին 1956 թվականից սկսեց իր ամենամեծ քննությունը պղնձամոլիբդենային կոմբինատում:

Քսան տարի առաջ էր հայրը՝ Մանվել Տեր-Մարգարյանը զոհվել շրջկենտրոնի հանքուղում, անշուշտ՝ աշխատանքի անվտանգության ցածր մակարդակի պատճառով: Եվ Համլետը, բնականաբար, արտադրություն եկավ որպես նորարար: Ստորգետնյա հանքի նորանշանակ ղեկավարն առաջնահերթ համարեց աշխատավորների անվտանգության խնդիրն ու արմատական վերակառուցման համապարփակ ծրագիր ներկայացրեց կոմբինատի ղեկավարությանը: Հետագա տարիներին այդ ամենը վերաճեց համակոմբինատային գործելակերպի աշխատավորի նկատմամբ ուշադրությունը դարձավ ղեկավարման հիմնական չափանիշը: Ոչ այնքան կոմունիստ ղեկավարի ցուցադրական մարմաջը, որքան Համլետ Մանվելովիչի մարդկային էությունն էր թելադրում՝ դժվար պահին լինել բանվորի կողքին, քաջալերել ու օգնել նրան:

Երբ արդեն բաց հանքի կոլեկտիվի ղեկավարն էր, տարբեր առիթներով անգամ գիշերային հերթափոխին էր Գանձասար գնում, սաղավարտը գլխին լինում հանքիջանցքներում, հետամուտ լինում վթարների ոչ ծախսատար վերացմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը: Նախաձեռնեց աշխատանքների մեքենայացման-մոդեռնացման աննախընթաց ծրագիր, բարձրացավ ճոպանուղու հուսալիությունը: Արտադրամասերում սկսեցին գործել ճաշարանը, հանդերձարանը, բաղնիքը, քաղլուստունը:

Գործարկման ժամանակներից կոմբինատում խրախուսվում էին նորարարական առաջարկությունները: Փորձաշատ բանվորները մեքենայացման և արտադրության կազմակերպման այլ համակարգերում առաջարկում էին հեղինակային փոփոխություններ ու նորամուծություններ, որոնց արդյունքում ռեսուրսներ էին խնայվում՝ որոշակիորեն ազդելով արտադրանքի ինքնարժեքի իջեցման վրա: Ոսկանյանի ավանդն ավելի ծանրակշիռ եղավ: Նա դարձավ «Հանքահորիզոնից լեռնազանգվածի էջքի եղանակ», «Ապարի մանրատման եղանակ», «Կասկադային բաժանիչ» արտոնագրված գյուտերի հեղինակ:

Ստանձնելով կոմբինատի գլխավոր արտադրագետի պաշտոնը, կազմակերպեց գիտատեխնիկական ընկերություն: Արտադրության գործընթացին զուգահեռ պայմաններ ստեղծվեցին նորարարական-որոնողական աշխատանքների ծավալման համար. գրանցվեցին և արտադրության մեջ ներդրվեցին բանվորների ու ղեկավարների նորամուծությունները: Տեղական տեխնիկական միտքը երբեմն մերժում կամ մասնակիորեն էր ներդնում գիտահետազոտական կենտրոնների «պարտադրած» փոփոխությունները՝ չհամոզվելով դրանց շահավետության մեջ: Ըստ այդմ ինչ- տեղ համբավանուն պղնձամոլիբդենայինը հիշեցնում էր կոմբինատ-ինստիտուտ:

Առանց արտադրությունից կտրվելու, Ոսկանյանն ընդունվեց ու ավարտեց Մոսկվայի լեռնային արդյունաբերության ինստիտուտի ասպիրանտուրան, խմբագրեց իր գիտական թեզը և ստացավ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1975-ին նա նշանակվեց կոմբինատի տնօրեն և մեկ տարի անց, երբ միավորվեցին Քաջարանի ու Ղափանի կոմբինատները՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն: Այդ բարձր պաշտոնում, երբ սովորաբար վրա է հասնում կաբինետային փակվածության անբացատրելի հակումը, ականատեսների վկայությամբ Ոսկանյանը մնաց հույժ մարդամոտ ու մատչելի: Ընդսմին նա ձեռք զարկեց ավելի մեծ ծրագրերի: Ներկոմբինատային վերակառուցման սեփական ձեռագրի արդյունքում հանքաքարի հանույթը 16 հազար տոննայից հասավ 25-30 հազարի: Ոսկանյանին արդեն վիճակված էր «նստել ու վեր կենալ» ոչ միայն Երևանի, այլև Մոսկվայի կոմունիստ ղեկավարների հետ: Պահպանվել է ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Դոլգիխի և նրա երկխոսությանը ներկա ականատեսի պատումը: «Բանիմաց է, իրազեկ ու հեռատես»,- ասել էր Դոլգիխը Ոսկանյանի մասին:

Անձնական շփումը ղեկավար անձանց հետ օգտապաշտական ենթատեքստ ունի. որքան ղեկավարի աստիճանը բարձր է, այնքան շատ է ակնկալիքը: Ինչպես հիմա, դա էլ նախկինում լավ էին հասկանում տեղական ղեկավարները և կարողանում էին լուծել մի շարք հիմնարար հարցեր: Ոսկանյանը բացառություն չէր. նրա միջնորդություններով Քաջարանում բացվեցին տրիկոտաժի ֆաբրիկա, պրոֆտեխնիկական ուսումնարան, լայն թափ ստացավ հասարակական կառույցների շինարարությունը:

Կոմբինատի բազմահազարանոց կոլեկտիվի համար հաճելի անակնկալ էր օժանդակ տնտեսության կազմակերպումը: Այն գյուղատնտեսական մթերքներ էր տրամադրում և մատակարարում աշխատավորներին:

Գլխավոր տնօրենը զգալի ավանդ է ներդրել ոչ միայն Քաջարանի, այլև Ղափանի (Կապանի) կառուցապատման մեջ՝ ավտոնորոգման գործարան, մարզահամալիր, հյուրանոց, մշակույթի պալատ, բնակելի տներ և այլն:

Ոսկանյանի կազմակերպչական ունակությունների դրսևորման փայլուն օրինակ էր նաև 1968 թ. Քաջարանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքների կազմակերպումը, որը դրվեց նրա վրա՝ որպես փոխտնօրեն: Նրա լարված ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում բնակարանազուրկ քաջարանցները ստացան ժամանակավոր տնակներ, դրանից հետո բուռն թափով սկսվեցին Ողջի ավանի (այժմ Քաջարան) կառուցապատման, ինչպես նաև կենսական կարևոր օբյեկտների և պրոբլեմների լուծման գործընթացն ու իրականացումը: Փայտե տնակներ ձեռք բերեց Ողջու, Վ. Հանդի ու Լեռնաձորի անօթևան մնացած բնակչության համար: Դրանք պետք է բերվեին Կարելիայից: Երկու անգամ մեկնեց Պետրոզավոդսկ, առաջին անգամ՝ պատվիրելու, իսկ երկրորդ անգամ՝  տնակները գնացք բարձելու և Հայաստան առաքելու նպատակով: Բեռը տեղ հասնելուն պես նրա ղեկավարությամբ սկսվեցին այդ տնակների հավաքման ու տեղադրման աշխատանքները:

Ուժերի ծաղկման շրջանում Ոսկանյանը «հանդուգն» երազող էր: Կոմբինատի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը համեմատ ընդլայնվում էր հայրենանվեր նախաձեռնությունների ցանկը: «Քաջարանշին» տրեստը Կապան ու Քաջարան քաղաքները վեր էր ածել համատարած շինհրապարակի: Լինելով միջավայրի էկոլոգիական խնդիրների հիանալի գիտակ, Ոսկանյանը լավ էր հասկանում, որ լեռնահանքային արտադրությունը, ի վերջո, ծանր հետևանքներ է թողնում մարդկանց ու բնաշխարհի վրա: Միշտ մտահոգ էր մայր գետի, ձորակների, լեռնալանջերի ու մթնոլորտի աղտոտվածության խնդիրներով: Ծրագիր ուներ՝ Նոր Քաջարան կառուցել Վահանավանքի հանդիպակաց արեգունիում՝ Աչաղու-Շհարջիկ տեղանքում: Այդ մասին, կարծես, նախնական համաձայնություններ ուներ Երևանի ու Մոսկվայի ղեկավարության հետ: Մի այլ մտահղացմամբ՝ ծանրաքաշ բեռնատարների երթևեկը քաղաքից հեռացնելու նպատակով, առաջարկում էր նոր ավտոմայրուղի կառուցել Շհարջիկ-Կավարտ-Շահումյան հատվածով:

Ոսկանյանի գլխավորած կոլեկտիվը միշտ կատարել ու գերակատարել է պետական պլանները: Կառավարությունը հինգ անգամ կոմբինատին հաղթող է ճանաչել մրցության մեջ ու արժանացրել համամիութենական կարմիր դրոշի: Կոլեկտիվը երեք անգամ էլ պարգևատրվել է հանրապետական փոխանցիկ դրոշով: Այդ տարիներին էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անունը գրանցվեց ԽՍՀՄ ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսի պատվո տախտակին:

Ժամանակի հորձանուտում Համլետ Մանվելովիչը երևելի անհատականություն էր: Բազմիցս ընտրվել է կուսակցական ու պետական մարմիններում, մասնակցել համագումարների, պարգևատրվել շքանշաններով: Հաշվի առնելով նրա կազմակերպչական փորձն ու ընդունակությունները, ժամանակի ոգուն համապատասխան «կուսակցությունը նրան գործուղում էր դժվար տեղամասեր»: Այդպես անտրտունջ նա կարճ ժամանակներով աշխատեց «Հայոսկի» արտադրական միավորման Զոդի կոմբինատի տնօրեն, Ղափանի պղնձահանքայինի գլխավոր արտադրագետ, կյանքի վերջին տարիներին, մինչև թոշակի անցնելը՝ ԶՊՄԿ սոցիալական հարցերով փոխտնօրեն:

Լավ է ասված՝ գործն է անմահ: Հիմա, երբ ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը համաշխարհային ճանաչման ձեռնարկություն է և շեշտակի վերելքի մեծ հեռանկար ունի, տասնամյակներ առաջ տրվածը որքան համեստ, այնքան կարևոր ու մեծարելի է երևում:

Վոլոդյա Ոսկանյան

«Սյունյաց աշխարհ», № 14 /81/,

18 հունիսի 2003 թ.

Էսկալացիայի մասին լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. վարչապետ

21.03.2025 22:36

Վարչապետի հարցազրույցը կհեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ այսօր՝ 22:10-ին

21.03.2025 19:04

ԱԱԾ տնօրենը Գերիների և անհայտ կորածների հարցով սահմանին կայացած հանդիպումից հետո հանդիպել է ծնողներին, մանրամասներ հաղորդել

21.03.2025 15:29

ՌԴ-Հայաստան հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել. Կրեմլ

21.03.2025 15:06

13,500 զինծառայող մասնակցել է ատեստավորման, որից 57%-ը ստացել է դրական գնահատական, աշխատավարձերն ավելացել են 205-470 հազար դրամով. Պապիկյան

21.03.2025 14:55

Մեկ շաբաթ Կապանը կապրի մշակութային կյանքով

21.03.2025 13:09

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին

21.03.2025 12:56

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ տեղեկություններ հրապարակելուց

21.03.2025 11:52

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

21.03.2025 10:58

Աղբյուր–հուշարձան՝ հաղթանակի 40-ամյակին

21.03.2025 10:24

0։3. Հայաստանի հավաքականը զիջեց Վրաստանի ընտրանուն

20.03.2025 23:25

Հանդիպում-քննարկում կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների վերաբերյալ

20.03.2025 20:39