Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը

25.06.2025 20:44
354

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի նշմամբ՝ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի անցկացումը հրաշալի առիթ է՝ մեկ անգամ ևս խոսելու կինեմատոգրաֆիայի ոլորտում իրականացված ծրագրերի և առաջիկա գործընթացների մասին:

Անդրադառնալով փառատոնին՝ նախարարի տեղակալը նշել է, որ այն լիարժեքորեն համապատասխանում է այն բոլոր չափանիշներին, որոնք դրված են պետական դրամաշնորհի հայտի պահանջներում. «Կինոփառատոնը ներառում է բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ միջազգային համագործակցություն, կրթական նախագծեր, մարզերում մշակութային կյանքի ապակենտրոնացմանն ուղղված ծրագրեր, գործակցության ծրագրեր հայաստանյան կազմակերպությունների հետ»:

Դանիել Դանիելյանն առանձնահատուկ կարևորել է մարզերում փառատոնի անցկացումը և ընդգծել, որ նախարարության քաղաքականությունն է՝ մշակութային կարևոր իրադարձություններն ուղղորդել մարզեր։

«Նախ՝ մարզերի բնակիչներին հասանելի են դառնում մշակութային միջոցառումները, և մնալով իրենց բնակավայրում՝ նրանք մասնակից են դառնում մշակութային կյանքին։ Դրանից բացի՝ մեծ թվով հյուրեր են սպասվում, որոնց ուղղորդելով մարզեր՝ մենք տեղում տնտեսական ակտիվություն ենք ապահովում։ Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնն էլ կարևորվում է այն հանգամանքով, որ ոչ միայն մեր երիտասարդ տաղանդներին ենք բացահայտում, այլև կինոյի ոլորտի միջազգային մեր գործընկերներին տեղում ընդունելու, շփվելու, համագործակցության հարցեր քննարկելու հնարավորություններ ենք ստեղծում»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները ողջունելի են:

Փոխնախարարը մատնանշել է կինոյի ոլորտում առկա կայացած փառատոները՝ «Ոսկե ծիրան», անիմացիոն ֆիլմերի, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը. «Այս փառատոներն արդեն ունեն միջազգային վարկանիշ, սակայն կցանկանայի, որ դրանք գնալով առավել զարգանան և տարածաշրջանում լինեն առաջատարներ: Իհարկե, առաջընթացին նպաստում են նաև ոլորտում իրականացվող պետական քաղաքականության ռազմավարությունը, խրախուսման մեխանիզմները, ինչի համատեքստում հիշեցնեմ, որ այս տարի ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է ներդրումների վերադարձ: Այն արդեն գործածության փուլում է, և արդեն ունենք հայտեր: Կինոյի հիմնադրամի և կինոգործիչների հետ քննարկում ենք օրենսդրական կարգավորումների փաթեթը»:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի նշմամբ՝ Երևանի քաղաքապետարանն արդեն 3-րդ տարին աջակցում է փառատոնին, որը կլինի շարունակական: Նրա դիտարկմամբ՝ միջոցառումը սիրված է հանրության կողմից, ինչը ամառային այս օրերին Երևանի և մարզերի մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներից է:

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանի տեղեկացմամբ՝ կինոփառատոնն այս տարի ընդլայնել է իր սահմանները, ինչի վկայությունն է 85 երկրից ստացված ավելի քան 850 հայտը. «Մրցութային ծրագրում այս տարի ընդգրկել ենք 44 ֆիլմ՝ 23 երկրից, որից 27-ը միջազգային ծրագրում, իսկ 16-ը՝ ազգային ծրագրում: Մշակույթի ապակենտրոնացման նպատակով փառատոնն անցկացվում է նաև մարզերում. այս տարի այն երեք օր կանցկացվի Սիսիանում՝ հունիսի 26-28-ը: Սյունիքի մարզը 6–րդն է, որտեղ մայրաքաղաքից դուրս իրականացվում է փառատոնը: Հունիսի 29-30-ը փառատոնը կանցկացվի Երևանում, մասնավորապես՝ Հայաստանի կինոգործիչների միությունում, ինչպես նաև տեղի կունենան երեկոյան բացօթյա ցուցադրություններ Մանկական զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում: Նույն օրը տեղի կունենան նաև քննարկումներ, իսկ հաջորդ օրը՝ փառատոնի փակման արարողությունն է: Կարևոր իրադարձություններից է նաև Սիսիան քաղաքում անցկացվող ֆորումը, որին կմասնակցեն արվեստի բուհերի շուրջ 100 ուսանողներ՝ համատեղ քննարկելու և վերլուծելու ոլորտում առկա խնդիրները: Ծրագիրը բազմազան է՝ ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում»:

Գուժ Թադևոսյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության աջակցությունը՝ պետական քաղաքականության շրջանակում կինոարվեստի ոլորտում երիտասարդական կինոյին աջակցելու համատեքստում:

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ ներկայացրած ֆիլմերի 30 տոկոսից ավելին միջազգային Ա դասի փառատոներին հաղթած կամ մասնակից ֆիլմեր են. «Մենք շատ ենք հպարտանում այդ հանգամանքով։ Մեզ համար կարևոր է, որ մեր հայկական կինեմատոգրաֆիստները կարողանան տեսնել, շփվել այն հյուրերի հետ, որոնք ունեն հաղթանակներ միջազգային հարթակներում։ Ուզում եմ շեշտել նաև, թե ինչպես է մեր ֆիլմարտադրությունը զարգանում։ Եթե առաջին փառատոնի ժամանակ տեղացի գործիչներից ունեինք 2-3 կարճամետրաժ ֆիլմ, այս տարի այնքան շատ էին ու որակապես այնքան բարձր էին, որ չէինք կարողանում ընտրել»:

Նշենք, որ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժիսոր՝ Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա):

Կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» կրթական ծրագրի փակման արարողությունը։ Ծրագրի շրջանակում Սիսիանի պատանիները և երիտասարդները ձեռք են բերել կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ և արհեստական բանականության AI-ի միջոցով ստեղծել են իրենց ավարտական ֆիլմը՝ որպես մասնագիտական կարողություններ ձեռք բերելու արդյունքի դրսևորում։ Փառատոնի միջոցառումները Սիսիանում կշարունակվեն մինչև հունիսի 28-ը:

Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ից սկսած, փառատոնային ծրագիրը կշարունակվի Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ ժամը 20։30-ին Երևանի մանկական զբոսայգում ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենա մրցութային ֆիլմերի ցուցադրություն։ Հունիսի 30-ին զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Փառատոնային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38

Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

14.05.2026 12:36