Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները՝ ըստ Արմենպրեսի

16.04.2018 16:03
1624

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ նրա կողմնակիցները փակել են Հաղթանակի կամուրջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Բաղրամյան պողոտա շարժվող ակտիվիստները կտրուկ փոխեցին ուղղությունը դեպի Հաղթանակի կամուրջ` հեռացնելու համար այնտեղ գտնվող ավտոքարշակը, որը տեղում էր երթեւեկությունը վերականգնելու նպատակով:

Խցանման մեջ հայտնված ուղեւորներին, ովքեր երեխայի հետ էին եւ խնդրում էին բացել ճանապարհն իրենց մեքենայի համար, Փաշինյանը թույլ չտվեց անցել կամրջով ու շարունակել ճանապարհը:Նա նաեւ իր կողմնակիցներին հանձնարարեց թուլացնել ավտոքարշակի անիվները: Երթի մասնակիցները շարունակեցին երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մի խումբ ակտիվիստներ փակել են Մաշտոցի պողոտայից դեպի Հանրապետության Հրապարակ, Սարյան փողոց, Փակ շուկա եւ Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոն տանող հատվածը. Ամիրյան-Մաշտոց խաչմերուկին երթևեկություն չկա:

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ նրա կողմնակիցները, ովքեր քայլերթով շարժվել են դեպի Խանջյան փողոց, ներխուժեցին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Մտնելով համալսարանի շենք՝ երթի մասնակիցները բուհի տարածքում դասադուլի կոչեր են հնչեցնում:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանք մինչ այդ փորձել էին ներխուժել Խանջյան փողոցի վրա գտնվող Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոց: Նրանց հաջողվեց բացել դպրոցի փակ դուռը, սակայն մի քանի րոպե դռան մոտ սպասելուց հետո մասնակիցները գնացին՝ ներս չմտնելով:

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ նրա կողմնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Խանջյան փողոց եւ Վարդան Մամիկոնյանի արձանի հատվածում փակեցին փողոցը: Նրանք նստեցին Վարդանանց-Խանջյան խաչմերուկի երթևեկելի հատվածում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ երթի մասնակիցները Խանջյան փողոց են հասել Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա, այնուհետեւ Մաշտոցի պողոտայով, Կորյունով, Չարենցով, Հերացու խաչմերուկով քայլելուց հետո:

Մինչ այդ ոստիկանության ներկայացուցիչները կարողացել էին Հերացու հատվածից հեռացնել փողոցում նստած եւ երթեւեկը խաթարած անձանց:

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի մի շարք բուհերում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասում էլ այն խաթարվել է, քանի որ խցանված են փողոցները. ուսանողների եւ  պրոֆեսորադասախոսական կազմի մի մասը չի կարողացել գնալ համալսարաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասապրոցեսը չի ընդհատվել եւ առավոտից դասերը մեկնարկել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:

Երեւանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանի հաղորդմամբ` ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն հունով չի ընթանում, քանի որ ուսանողների եւ դասախոսների մեծ մասը խցանումների պատճառով չի կարողացել դասի գալ:

«Արմենպրես»-ը տեղեկություններ է ճշտում նաեւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, որի շենք քիչ առաջ ներխուժեցին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ կողմնակիցները, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից:

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ եւ կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչեւ հավաքի դադարեցման որոշման ընդունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ ասվում է.

«Այսօր առավոտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երեւանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթեւեկությունը եւ սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը: 

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության եւ գույքի դեմ:

ՀՀ ոստիկանությունը եւս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ եւ կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչեւ հավաքի դադարեցման որոշման ընդունում»:

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00