Երկրորդ համաշխարհային պատերազմը

26.04.2013 20:32
3234

Հատված Սուրեն Վարդանյանի «Հինավուրց Տանձատափ» գրքույկից

Սոցիոլոգիական հարցումները հաստատում են, որ յուրաքանչյուր երրորդ անգլիացին չգիտի, թե որ դարում է եղել երկրորդ համաշխարհային պատերազմը, Ամերիկայի Միացյալ Նահանգների երիտասարդ քաղաքացիների մեծ մասն այդ մասին նույնիսկ չի լսել, ըստ Գերմանիայի Դաշնային հանրապետության ներկա սերնդի` իրենք այդ պատերազմում ազգային ազատագրական պայքար են մղել, Ռուսաստանում զգալի ուժեր առանց թաքցնելու փորձում են այդ պատերազմի համար իրենք իրենց մեղադրել, Ֆրանսիայում հիմա պատերազմի մասին համարյա չեն հիշում…
Մեզ մոտ` աշխարհի աչքի չափ փոքրիկ Հայաստանում, ոչ միայն չեն մոռացել երկրորդ համաշխարհայինի մասին, այլ այսօր էլ թարմ ու շոշափելի է հիշողությունը։ Ես շատ-շատերից եմ լսել, որ փառք են տվել Աստծուն` ասելով, որ թե ի՜նչ լավ է, որ այդ պատերազմը Հայաստանում չի եղել, այլապես մեր վիճակն ի՞նչ կլիներ։

Չէ, ես համաձայն չեմ դրա հետ։ Ինչպես այդ պատերազմը, այնպես էլ մնացած բոլոր պատերազմները նախ եւ առաջ փոքր երկրներով են անցել. մեծ երկրում ի՜նչ պատերազմ, ի՜նչ բան։ Դա նրանց համար ինչ-որ տեղ ապրելու ձեւ է` այսօր այս կարգով, վաղը` այն կարգով, օրեր են, տարիներ, անցնում են ու գնում, եւ դրա համար է, որ հինգ-տասը տարի անցնելուց հետո մեզ` «փոքրերիս» համար աշխարհակործան թվացող անցուդարձերն անգամ նրանք հեշտությամբ մոռանում են։ Չէ, այդ երկրներում մեր հասկացած պատերազմը չի լինում։ Երկրորդ համաշխարհային պատերազմը Հայաստանում է եղել, եւ Հայաստանի նման փոքր երկրներում։ Դա մեր պատերազմն է եղել, մենք ենք պայքարել, մեր երկրում եւ մեր տներում են եղել բոլոր ավերածությունները։ Հա, այդպես է եղել, ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ։ Եթե ցանկանում եք ավելի ստույգ իմանալ, պատերազմը եղել է մեր գյուղում` Տանձատափում, հա՛, հա՛, Տանձատափում, Տանձատափի մեջ էլ` իմ հորեղբայր Գասպար Ստեփանի Վարդանյանի տանը։ Պատերազմը` երկրորդ համաշխարհային, 1939-1945թթ., Գասպար Ստեփանի Վարդանյանի տան մեջ է եղել, եւ դրա դեմ են ելել նա ու իր հինգ ասլան որդիները։

Եթե պատերազմը Հայաստանում չի եղել, ապա ինչպես կարող էր պատահել, որ դրանից ընդամենը քսան տարի առաջ 720 հազար բնակչություն ունեցող երկիրը Հիտլերի դեմ հանեց կես միլիոնից ավելի զինվոր ու սպա, եւ նրանց կեսը զոհվեց ֆաշիզմը ոչնչացնելու համար։ Եթե պատերազմը Հայաստանում չէր, ապա ինչպե՞ս հայությունն այդ պատերազմում տվեց 110 հերոս, ցամաքում, օդում, ջրում` բոլոր զորատեսակների համար տվեց չորս մարշալ, հարյուրավոր գեներալներ, թիկունքային հազարավոր հերոսներ, ու այդ ընթացքում հայ ժողովուրդը մրջյունի նման էր բանում։ Չէ, իսկապես, պատերազմը Հայաստանում էր, Հայաստանի մեջ էլ` Տանձատափում, Տանձատափի մեջ էլ` իմ հորեղբայր Գասպար Ստեփանի Վարդանյանի տան մեջ։ Դրա համար էլ Տանձատափը պատերազմ ուղարկեց իր բոլոր որդիներին ու զոհեց իր հողից ծնված ու սնված շուրջ յոթանասուն արծիվ տղաներ։ Իսկ Գասպար Վարդանյանն այդ պատերազմին տվեց ինչ ուներ-չուներ` իր հինգ առյուծին` Վաղարշակին` 1911թ., Լեւոնին` 1914թ., Հովհաննեսին` 1917թ., Հմայակին` 1921թ., Արտուշին` 1925թ. ծնված, իրեն պահեց միակ դստերը` Մարգուշային, այն էլ նրա համար, որ որդիների հերոսական զոհվելուց հետո իր վրա սգա, իր տառապած սիրտն ու հեթանոս հոգին մայր հողին տա, մի բուռ հող գցի իր երեսին ու գերեզմանաքարին գրի` «Հինգ եղբայրս զոհվեցին Հայրենական մեծ պատերազմում, հառաչանքով մնացին ծնողներս, միակ քույր Մարգուշայից»։
Չէ պատերազմն իմ հորեղբայր Գասպար Վարդանյանի տանն էր տեղի ունեցել, նրա հինգ որդին են ոչնչացրել ֆաշիզմը, Հիտլերին, փրկել աշխարհն այդ ժանտախտից, իրենք էլ` նահատակվել։ Այդ պատերազմի կուլ տված 50 միլիոն զոհերի մեջ էլի՞ կա մի ընտանիք, որ հինգ զինվոր տված լինի եւ հինգն էլ իրենց կյանքը զոհած լինեն։ Այդպես է, ինչ ուզում եք` ասեք։ Ու եթե պատերազմի, խաղաղության ու զոհվածների մասին խոսք է գնում, ապա նախ եւ առաջ նշում եմ Կույսականց տոհմի զավակներ մեր հինգ արծիվին, ովքեր աշխարհը փրկեցին ու իրենք երկինք բարձրացան` իրենց հոր ու մոր` Գասպար հորեղբոր եւ Վառի զիզու, միակ քույր Մարգուշայի ու բոլոր հարազատների սրտում թողնելով անամոքելի մի խոր վիհ։ Իսկ Հովհաննեսը հավերժ որբ թողեց նաեւ իր շարմաղ ծոցվոր հարսին` Լյուբային, ու իրենից հետո ծնված միակ դստերը` Վալյային։ Եվ հինգ արծիվն այս աշխարհում որպես հետնորդ թողեցին միայն մի աղավնյակ։

Չասեմ, բա ի՞նչ անեմ, մարդ եմ, չէ՞, նաեւ` հարազատ։ Հետո ինչ, թե հիսունվեց տարի է անցել պատերազմից։ Չասե՞մ, որ ախր 1925թ. ծնված Արտյուշայի` հինգերորդ եղբոր, ծանուցագիրը գրելիս զինկոմի ձեռքն ինչո՞ւ չդողաց։ Հո չեմ ասում, թե ինչո՞ւ չկոտրվեց, չնայած, որ կոտրվեր էլ, կարելի էր։ Մարդ ես, չէ՞։ Քեզ էլ հայ քրիստոնյա են ասում։ Բա ծուխը, ծուխն իսկի մտքովդ չանցա՞վ։ Բա քո պաշտոնի մարդը մի կտոր մտածելու կարողություն չի ունենա՞։ Մեկը մյուսին անիծելիս ասում է` «Ծուխդ կտրվի՛», քեզ հո ծուխը կտրելու համա՞ր չէին նշանակել այդ գործին։ Չէ, ամեն մեկին պաշտոնի նշանակելուց առաջ պետք է ստուգել` մարդ է, թե` ոչ։ Այդպես որ լիներ, իմ Գասպար հորեղբոր ծխի հետ այդպիսի աղետ չէր պատահի։

Ու այսքանը տեսած, ապրած, տանող մարդուն` Գասպար Վարդանյանին, երբեմն գյուղում ասում էին` «Կոշտ մարդ է», «Շատ խոսող է»։ Բա ինչ աներ, որ չխոսեր։ Հինգ առյուծ տղայի վիշտն անընդհատ կրծում էր նրա սիրտն ու հոգին, չխոսե՞ր, միտքը գոնե մի քիչ մի կողմի վրա չտանե՞ր, ցույց չտա՞ր, որ այդքանով հանդերձ ինքն էլի մնացել է կյանքի հետ, գյուղի հոգսն իր հոգսն է, էլի բան ունի տալու մարդկանց, դեն ընկած չի։ Բա չխոսե՞ր, ո՞նց չխոսեր։
Ու ինչի՞ վրա էր խոսում Գասպար հորեղբայրը։ Նրա վրա, որ մեկը ծուլությունից ոչխարի հոտը, տավարի նախիրը լավ չէր արածեցնում, մեկն իր չորացած այգին ժամանակին չէր ջրում, մեկը քանդված տրեխները մի կերպ քարշ էր տալիս, նորը չէր գործում, մեկի երեխան մեծի խոսքը չէր լսում, մեկն օրերով նստում էր գյուղամեջում, իր ձմեռվա փայտը չէր բերում, մեկը ժողովրդի մեջ գոռգոռալով էր խոսում, եւ նման այլ բաների։ Չասե՞ր։ Հո իր համար չէր ասում, ասում էր մարդկանց համար, մի քիչ էլ գուցե իր համար, բա չասե՞ր, չասե՞ր` մի քիչ հանգստանար։
Անտառ էր գնում հորեղբայր Գասպարը` անտառի ծուռ փայտն էր կտրում, չորը, քոթակն էր հավաքում, ես դա իմ աչքով եմ տեսել, նույնն էլ պահանջում էր գյուղի մարդկանցից։ Չար դիպվածն ինչպե՞ս կտրեց նրա հինգ շիմշատ բարդիները, ի՞նչ խղճով։ Չէ, իսկապես, պատերազմը նրա տան մեջ է եղել։ Մարդիկ, լսու՞մ եք, 1939-1945թթ. համաշխարհային երկրորդ պատերազմը մղվել է Տանձատափում` Գասպար Ստեփանի Վարդանյանի տան մեջ։ Հիտլերին կործանել են նրա հինգ տղաները` Վաղարշակը, Լեւոնը, Հովհաննեսը, Հմայակը եւ Արտուշը։

Պատերազմը Հայաստանում է եղել, Հայաստանու՛մ, Հայաստանի նման փոքր երկրներում։ Հայաստանը կառուցելու, պատերազմից զերծ պահելու համար էր, որ իմ Գասպար հորեղբայրը կոպեկ-կոպեկ, իր զոհված որդիների թոշակով հավաքած գումարներն անվերադարձ տալիս էր գյուղի շնորհալի երիտասարդներին, ովքեր բարձրագույն ուսումնական հաստատություն էին գնում սովորելու։ Չաներ` ի՞նչ աներ, իր սրտի անհուն ցավն ինչպե՞ս մեղմեր, այդ դաժան տանջանքին ինչպե՞ս դիմանար։

Երբ Վառի զիզին, այդպես էինք դիմում նրան, կորցրած որդիների սուգն էր անում հերթական անգամ` պատի անկյունում կուչ եկած, Գասպար հորեղբայրը կոշտ-կոշտ վրա էր պրծնում` ասելով. «Բայղուշ ե՞ս, կտրի՛ր լացդ, ի՞նչ ես ուզում ինձանից, օր ու արեւ չես տալո՞ւ...»: Վառի զիզին մեկից զգաստանում էր, արխալուղի փեշով սրբում թաց աչքերը, այտերը եւ քաշվում մի կողքի։ Իսկ հորեղբայր Գասպարը քթի տակ թոնթորալով` թախծոտ դեմքը շրջում էր ու հեռանում` թաքցնելու համար իր արցունքները։ Հիմա հարցնում եմ, անկեղծորեն պատասխանեք, որտե՞ղ է եղել 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմը։

Պատերազմը տեղի է ունեցել Գասպար Ստեփանի Վարդանյանի տանը` Տանձատափում, դրա դեմ է ելել նա իր հինգ որդու` Վաղարշակի, Լեւոնի, Հովհաննեսի, Հմայակի եւ Արտուշի հետ միասին ու հաղթել։ Հավերժ փառք նրանց։

Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում

26.12.2024 18:51

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

26.12.2024 18:43

Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն

26.12.2024 18:29

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում

26.12.2024 17:13

Իրանում առաջին անգամ չվերթ է կատարել ինքնաթիռ՝ անձնակազմի կին անդամներով

26.12.2024 17:01

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

26.12.2024 16:20

ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք․ ԿԳՄՍ փոխնախարար

26.12.2024 16:17

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

26.12.2024 16:13

Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է

26.12.2024 16:10

Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները

26.12.2024 16:04

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

26.12.2024 14:50

ՌԴ-ում ավտոգազի ավելցուկ է․ գինը կիսով չափ էժանացել է

26.12.2024 14:39