Երկու աշխարհի սահմանագծին. Վահան Տերյանն այսօր կդառնար 135 տարեկան

09.02.2020 13:24
1149

Բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը, որը հարուստ գրական ժառանգություն է փոխանցել սերունդներին և ձևավորել այն լեզուն, որով բանաստեղծները ստեղծագործում են մինչ օրս, փետրվարի 9-ին կդառնար 135 տարեկան:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծ Հուսիկ Արան շեշտեց, որ Տերյանը նախ և առաջ քաղաքային կուլտուրա է ստեղծել: «Տերյանն իր գրականությամբ ամբողջությամբ փոխեց և քաղաքային մշակույթի աստիճանի բարձրացրեց մեր հայացքը, մտածողությունը և՛ պոեզիայում, և՛ առհասարակ լեզվական խոհականության առումով: Ինչպես Պուշկինը կարողացավ ռուսաց լեզուն փրկել իր բանաստեղծությամբ, այնպես էլ Տերյանը կարողացավ նոր մշակույթ ստեղծել իր քնարերգությամբ»,-ասաց Հուսիկ Արան:

Բանաստեղծը խոստովանեց, որ Տերյանի գրեթե բոլոր գործերն է սիրում: «Նա տրամադրություն, մթնոլորտ  ստեղծող գրող է: Շատ եմ սիրում «Երկիր Նաիրի» շարքը: Այդ շրջանում մեր գրողները միայն ստեղծագործողներ չէին, այլև հասարակական գործիչներ, որոնք ամփոփում էին մեր հայրենիքը: Այդպիսին էր Վահան Տերյանը: Նրա բանաստեղծությունները Խորհրդային Միության տարիներին այլ կերպ էին մեկնաբանում, մեր օրերում այլ լույսի տակ են ներկայացնում: Կարծում եմ՝ այդ առումով մեծ գործ է անում նրա թոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը»,-ասաց Հուսիկ Արան և հավելեց, որ Տերյանին վերարժևորել և գնահատել է պետք:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ ընդգծեց, որ Վահան Տերյանն այն բացառիկ բանաստեղծներից է, որի ստեղծագործություններն առաջին իսկ հրապարակումից մինչ օրս գնահատված են և՛ ընթերցողական, և՛ գիտական դաշտում: «Այլ հարց է Տերյանի՝ որպես հանրային և քաղաքական գործչի ընկալումը:  Դա դեռ լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Գևորգ Էմին-Տերյանի գրքերը որոշակի լույս են սփռում  դրա վրա և օգնում նոր ընդհանրացումներ կատարել, բայց, ցավոք, ճակատագրի բերմամբ Տերյանն այդ առումով  ոչ միանշանակ է գնահատվել: Չարենցը մի ձևակերպում է օգտագործել. «Երկու աշխարհի սահմանագծին»: Տերյանը երկու աշխարհի սահմանագծին  հայտնված անհատականություն էր, գործիչ, որին վիճակված էր  բարդ ճակատագիր: Սովետական Միությունում ամեն կերպ կոծկելու էին նրա գործունեությունը, իսկ հետանկախության շրջանում ամեն կերպ փորձելու էին Տերյանին հեռու պահել բոլշևիկներից»,- նշեց Նիկողոսյանը:

Գրականագետի խոսքով՝ երկու աշխարհի սահմանագծին գտնվելն ազդել է Տերյանի ժառանգության որոշ գործերի մեկնաբանության վրա: Օրինակ՝ Տերյանի նամականին ինչպես հարկն է չի ներկայացվել ընթերցողին: Այն շարքը, որը հասանելի է, կրճատումներով է, զեղչումներով:

«Ունի բանաստեղծություններ, որոնք խորհրդային շրջանում ընկալվում էին որպես դաշնակցականներին ձոնված ատելության կամ քննադատության գործեր:  Անկախության շրջանում գրականագետներն այդ բանաստեղծությունները մեկնաբանեցին  քննադատություն՝ ուղղված բոլշևիկներին: Դերի ոչ միանշանակ ընկալում կա, որը պետք է կարողանանք հստակեցնել»,- շեշտեց Նիկողոսյանը:

Անդրադառնալով Տերյանի կերպարին՝ նա հիշեց, որ գրականագետներն ու արվեստագետները կինոյում, նկարչության, քանդակագործության մեջ Տերյանին պատկերել են խեղճ, ծուռ վզով, աշնան թախիծի և մելամաղձության տրամադրություններով գրողի: Նրա բանաստեղծությունների ժողովածուների տարբեր նկարազարդումները այդ մոտիվով են: «Ըստ իս՝ Տերյանը հզոր անհատականություն ունեցող բանաստեղծներից է, որի ստեղծագործությունն էլ դա հասկանալու և գնահատելու  հնարավորություն տալիս է:  Նա  առաջինն էր, որ բերեց մաքուր քաղաքային քնարերգություն, քաղաքային գրականություն, որը նորություն էր, և Տերյանը պայմանավորեց մեր նոր գրական հայերենի՝ արևելահայերենի ճակատագիրը:

Կարծում եմ՝ մենք Տերյանին պարտք ենք նրա արածի, դերի վերագնահատում, նրա երկերի լիակատար ժողովածու, նոր ֆիլմեր, քանդակներ, որոնք կօգնեն վերականգնել Վահան Տերյանի հզոր կերպարը»,- եզրափակեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Վահան Տերյանն իր գործունեության ընթացքում թողել է չորս  հարյուրից ավելի տարբեր ժանրի քնարական բանաստեղծություններ, շուրջ երեք տասնյակ  գրաքննադատական և հրապարակախոսական հոդվածներ, մի քանի հարյուրի հասնող նամակներ: Նրա գործերը, որոնք  այսօր էլ չեն կորցրել թարմությունն ու այժմեականությունը,  խոսում են բանաստեղծի հզոր տաղանդի մասին:

Վահան Տերյանի բանաստեղծական շարքերն են՝ «Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի», «Կատվի դրախտ» և այլն:

Ավետիք Իսահակյանը նկատել է. «Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնա  որպես հավերժական բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացումներ և անխառն գեղեցկություններ»:

Անժելա Համբարձումյան

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11