«Հրապարակի» զրուցակիցն է Սյունիքի մարզից «Միասնության թեւեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Կարեն Լազարյանը:
- Googl map-ում արդեն Տիգրանաշենի անունը փոխված է՝ տարածքը գրված է՝ Ադրբեջան, իսկ Տիգրանաշենը՝ Քյարքի: Ի՞նչ նշանակություն ունի այս ճանապարհը, եւ արդյո՞ք Տիգրանաշենը հանձնելուց հետո Սյունիքը շրջափակման մեջ չի հայտնվի:
- Տեղյակ եմ տագնապահարույց այդ տեղեկատվությանը: Միայն առաջին հայացքից է թվում, թե խոսքը հերթական անգամ մեր տարածքի մի կտորը՝ փաթեթավորված «անկլավ» հորինվածքի մեջ, նվիրում ենք Ադրբեջանին, բայց․․․ խորքում խոսքը Սյունիքը եւ Վայոց ձորը հանրապետության կենտրոնից կտրելու եւ շրջափակման մեջ ներքաշելու մասին է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Ու թե ինչ կարող է կատարվել շրջափակման մեջ հայտնվելիք Սյունիքի հետ, կարող ենք պատկերացնել այն ամենը հիշելով, ինչը տեղի ունեցավ Արցախի հետ 2022-23 թվականներին։ Մի խոսքով՝ Տիգրանաշենի հանձնումը գործող վարչախմբի հակասյունիքյան հերթական քայլը կլինի: Մեծագույն անհեթեթություն է Տիգրանաշենն անկլավ համարելը։ Օրվա իշխանությունն իսկապե՞ս տեղյակ չէ՝ ինչպես է այդ բնակավայրը հայտնվել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության կազմում, թե՞ հերթական անգամ կուրորեն ու ստրկաբար կատարում է Իլհամ Ալիեւի հանձնարարությունը։ Կարծում եմ՝ իշխանությունը պետք է ամենայն լրջությամբ խորհի այդ քայլը կատարելուց առաջ, որի իրականացման պարագայում վերջնականապես անորոշ եւ նույնիսկ վիճելի կդարձնի Սյունիքի ճակատագիրը։
- Նախիջեւանում կազմակերպվելու է «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոնը, որի ընթացքում նախատեսվում են գիտնականների, հետազոտողների եւ հասարակական գործիչների զեկույցներ «Արեւմտյան Ադրբեջանի իրողությունների, պատմական ժառանգության եւ վերադարձի հեռանկարների մասին»: ՀՀ իշխանությունը հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում չի կարող լինել «Արեւմտյան Ադրբեջան», այս հարցով քննարկումը բացառված է։
- Այնքա՜ն օրինակներ կան, երբ գործող իշխանությունն ասում է մեկ բան, կատարում միանգամայն այլ գործողություն։ Այսինքն՝ սուտը, խաբեությունը, ցավոք, դարձել են գործող իշխանության բնորոշիչները։ Ասել է թե՝ իշխանության հավաստիացումներին (նաեւ այդ հարցում) հավատալն այլեւս լուրջ չէ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում այդկերպ Հայաստանը ներսից զավթելու նկրտումները։ Դուք հարցնում եք Նախիջեւանում կազմակերպվելիք «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոնի մասին։ Բայց մի՞թե դա առաջին միջոցառումն է՝ «Արեւմտյան Ադրբեջան» նախագծի շրջանակում։ Մի՞թե չեք նկատում Ադրբեջանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների անթաքույց աջակցությունը Հայաստանի դեմ «թավշյա ագրեսիա» ձեռնարկելու այդ նախագծին։ Ասելու, խոսելու, քննադատելու եւ հայհոյելու ժամանակները վաղուց անցել են։ Հիմա հակահայկական այդ ծրագրին կոնկրետ գործերով՝ ազգովի դիմակայելու ժամանակն է։ Իշխանությունը գլխավորող անձինք գոնե գիտակցո՞ւմ են, թե ինչ կկատարվի, օրինակ, Սյունիքի հետ, եթե «Արեւմտյան Ադրբեջան» նախագիծը կյանքի կոչվի։
- Ի՞նչ գնահատական կտաք Փաշինյանի խոսույթին՝ կզացնելու եմ, սատկացնելու եմ։ Կամ՝ արցախցուն ասում է․ ինչո՞ւ չես զոհվել: Ինչո՞ւ է այդպես ագրեսիվ դարձել:
- Ինչո՞ւ է այդպես ագրեսիվ դարձել․ քարոզարշավը հավելյալ անգամ ցույց է տալիս, որ ինքը՝ իր գլխավորած քաղաքական ուժի հետ միասին, մերժված է։ Բյուջետային աշխատողներից եւ պարգեւավճար ստացողներից մի քանի հոգի Սյունիքում բուկլետ են բաժանում՝ նույնիսկ ծանոթ չլինելով դրա բովանդակությանը։ Այդ մարդիկ հասարակության չնչին մասն են: Տեսնում ենք՝ վարչապետը սովորական մարդկային երկխոսության այլեւս պատրաստ չէ։ Նույնիսկ պատշաճ ձեւով ՔՊ-ի նախընտրական ծրագիրը չի ներկայացնում։ Նույնիսկ քաջություն չունի ներկայացնելու հաշվետվություն, թե ինչով էին զբաղված անցած 5 տարում։ Եվ միակ ելքը տեսնում է սպառնալիքներ շաղ տալու մեջ՝ սատկացնելու եմ: Կարծում եմ՝ իրավապաշտպան կազմակերպությունները, իրավապահ մարմինները պետք է գնահատական տան այդ եւ նման սպառնալիքներին։ Այլապես կնշանակի, որ հայտնվել ենք ՀՀ սահմանադրության տիրույթից դուրս վիճակում։ Ինչ վերաբերում է «կզացնել» արտահայտությանը, նախ՝ նման բառամթերքի համար իր փոխարեն բոլորս ենք ամաչում։ Մյուս կողմից՝ այդ արտահայտությունն ասելիքի կատարյալ բացակայության նշան է։ Պարոն, եթե կզացնելու արվեստին տիրապետում եք, ապա կզացրեք ադրբեջանցիներին, ովքեր Սյունիքի պատմական տարածքից հազարավոր հեկտար հողատարածք են բռնազավթել։ Պարոն, քո փոխարեն շարքային հայ մարդիկ են վիրավորվում, երբ Ադրբեջանից իրենց երկրի վարչապետի հասցեին վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ են հնչեցնում, երբ համացանցում իր խոսույթին համարժեք տեքստերով երգեր են հնչեցնում Հայաստանի վարչապետի մասին։ Դե նրանց կզացրու։ Ավելին ասեմ՝ հազարավոր ոստիկաններով շրջապատված մեկի համար այնքան էլ դժվար չէ շարքային, անպաշտպան մարդկանց սպառնալը։ Շատ ափսոս, որ իմ երկրի ղեկավարն այդքան իջել է։ Արցախցուն ասում է՝ ինչո՞ւ չես զոհվել։ Մի՞թե քիչ են զոհվել։ Հազարամյա պապենական օջախներ են կորցրել, սրբավայրեր, հարազատի ու մերձավորի գերեզման, շրջափակում են տեսել։ Առհասարակ՝ հայի հերոսական տեսակին, հայի արժանապատվությունն իսկապես կրող այդ տեսակին վատաբանելն ու մեզնից օտարելը, պիտակավորելը, զրպարտելը սրբապղծության պես մի բան է։ Ավելին ասեմ՝ արցախահայության հերոսական գործողությունները, որ դրսեւորվել են 1990-ականների, 2020-ի եւ 2023-ի պատերազմներում, արդեն իսկ տեղ են գտել մեր պատմության փառքի էջերում՝ Ավարայրի, Սարդարապատի մասին պատմող նյութերի կողքին։
- Եթե ՔՊ-ն վերընտրվի, ի՞նչ է սպասվում Սյունիքին: Սահմանազատում կիրականացվի՞, ադրբեջանցի զինվորները դուրս կգա՞ն Հայաստանի սուվերեն տարածքից:
- Սյունիքը, ցավոք, 2020-ից հետո մի քանի անգամ արդեն անդամահատվել է։ Եվ հիմա մեր իշխանավորներից որեւէ մեկը չգիտի անգամ, թե 4506 քառակուսի կմ Սյունիքի տարածքից որքան է մնացել Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Այդուհանդերձ, Սյունիքին ուղղված սպառնալիքները ոչ միայն չեն դադարում, այլեւ սաստկանում են։ Թե ինչ կկատարվի Սյունիքի հետ ՔՊ-ի վերարտադրության դեպքում, մասամբ քննարկեցինք․ Սյունիքը կդառնա «Արեւմտյան Ադրբեջան» սատանայական ծրագրի առաջին թիրախը, Տիգրանաշենը նվիրելով թուրքին՝ Սյունիքը կհայտնվի շրջափակման մեջ՝ դրանից բխող անվտանգային ու ժողովրդագրական լրջագույն խնդիրներով։ Իսկ սահմանազատում-սահմանագծումը, որը Ձեզ մտահոգում է, Սյունիքի պարագայում մի պատասխան ունի՝ այստեղ վերջին հարյուր տարում երկու անգամ արդեն սահմանազատում-սահմանագծում է կատարվել՝ 1920-ականներին եւ 1980-ականներին։ Նրանք, ովքեր փորձում են Սյունիքի ճշգրտված սահմանները երրորդ անգամ ճշգրտել, ուրեմն անազնիվ նպատակ են հետապնդում։ Ուստի պետք է բացառել Սյունիքում սահմանազատման-սահմանագծման ուղղությամբ որեւէ քայլ։ Իսկ այն թեզը, թե Սյունիք ներխուժած ագրեսորը դուրս է գալու օկուպացված մեր տարածքներից, սովորական խաբկանք է, որեւէ հիմք չունեցող զրույց։ Բա ասում են՝ Ալմա-Աթայի հռչակագիր․․․ Գործող իշխանությունների ջանքերով վիճելի դարձած սյունիքյան հազարավոր հեկտար հողատարածքներ նույն Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Սյունիքի մարզի մաս էին կազմում։ Հետո տեսա՞ք, թե ինչ եղավ։ Մեր օկուպացված տարածքներն ազատագրելու այլ կոնցեպցիա պետք է առաջադրել, գործող իշխանությունը 5 տարվա ընթացքում որեւէ քայլ չի կատարել այդ ուղղությամբ եւ նախընտրական քարոզի այս օրերին անգամ խուսափում է կոնկրետ պատասխան տալ՝ ինչպե՞ս ենք ազատագրելու Ադրբեջանի կողմից օկուպացված սյունիքյան տարածքները։
- Ալիեւը բաց տեքստով խոսում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին, Նիկոլ Փաշինյանը ձայն չկորցնելու համար հերքում է: Հավատա՞նք:
- Արդեն քննարկեցինք այն հետեւանքները, որ կարող է ունենալ Սյունիքը 300 հազար ադրբեջանցու «վերադարձի» ծրագրի իրականացման դեպքում։ Ալիեւն ասում է, Փաշինյանը՝ հերքում․․․ Նախորդ տարիների դառը փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանը գործնականում չի կարող հերքել, ընդդիմանալ Իլհամ Ալիեւին։ «Վերադարձի» ծրագիրը, Տիգրանաշենի հորինված խնդիրը, Սահմանադրությունը փոխելու Ալիեւի պահանջը, «Զանգեզուրի միջանցք» հակասյունիքյան նախագիծը հավելյալ ապացույց են այն բանի, որ խաղաղության մասին թմբկահարվող խոսույթը մեծ սուտ է եւ պատրանք։ Այդպիսի խաղաղություն չի լինում, խաղաղություն կամեցող երկիրը մյուս կողմին 5-6 տարի շարունակ ծնկաչոք վիճակ չի պարտադրում եւ, օգտվելով նրա վիճակից, անընդհատ պահանջներ չի ներկայացնում։ Ու որպեսզի դիմակայենք «խաղաղության» կարգախոսով անվերջ զիջումների եւ ուրացման քաղաքականությանը, պետք է հունիսի 7-ին «ոչ» ասենք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությանը։ Որքան մոտենում է հունիսի 7-ը, այնքան ավելի ակնհայտ է դառնում՝ այդ ընտրությամբ վճռվելու է հայոց անկախ, ինքնիշխան, արժանապատիվ պետության հետագա ընթացքը, վճռվելու է Սյունիքի ճակատագիրը։