Ե՛վ հաղթանակ, ե՛ւ մեծարում

18.09.2013 17:24
4793

Կապանի ֆուտբոլասերները սեպտեմբերի 14-ին քաղաքային մարզադաշտ էին գնում ոչ միայն առաջնության հինգերորդ տուրի «Գանձասար»-«Ալաշկերտ» խաղը դիտելու, այլեւ մասնակիցը լինելու հայկական ֆուտբոլի երախտավոր Գրիշա Համբարձումյանի 80-ամյակին նվիրված հանդիսությանը: Գնդակը խաղի մեջ մտցնելու պատիվը վերապահվեց հոբելյարին: Ինչ վերաբերում է հանդիպմանը` հանդիսականը ձանձրանալու առիթ չունեցավ. առաջնության նորեկին «Գանձասարը» հաղթեց արտասովոր, ավելի շուտ հոկեյի հաշվով՝ 9:2, թեպետ հոկեյում էլ նման հաշիվ հազվադեպ է արձանագրվում: Ինչեւէ, «Գանձասարը» բարելավեց իր մրցաշարային վիճակը, շտկեց խփված եւ բաց թողնված գնդակների բացասական հաշվեկշիռը: Նաեւ մրցանակներ հանձնվեցին հանդիպման լավագույն խաղացողներին` սահմանված Սյունիքի մարզպետի կողմից:

Արդեն խաղավարտից հետո տեղի ունեցավ հոբելյարին նվիրված հանդիսությունը, որի ժամանակ նախ՝ ներկայացվեց ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գրիշա Համբարձումյանի անցած մարզական ուղին: Ֆուտբոլ սկսել է խաղալ ծննդավայրում, այնուհետեւ տեղափոխվել Երեւան՝ հանդես գալով տեղի «Իսկրա» թիմում: Հաջորդ տարում արդեն հանդես էր գալիս հանրապետության պատանեկան հավաքականում եւ «Աշխատանքային ռեզերվներ» կամավոր ընկերության թիմում: 1953-ին ընդգրկվել է ԽՍՀՄ «Բ» խմբի առաջնությունում հանդես եկող թիմում: 1954-ին հագել է Երեւանի «Սպարտակի» համազգեստը: Նրա մարզական կենսագրության մեջ շրջադարձային էր 1962թ., երբ հրավիրեցին հանդես գալու ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականում, բարեբախտություն ունեցավ մարզվելու, շփվելու, խաղալու հանրաճանաչ ֆուտբոլիստներ Լեւ Յաշինի, Վիկտոր Պոնեդելնիկի, Վալերի Վորոնինի, Իգոր Չիսլենկոյի, Սլավա Մետրեւելու, Միխայիլ Մեսխու, ուրիշների հետ: Թիմը նախապատրաստվում էր մասնակցելու Ֆուտբոլի 1962թ. աշխարհի առաջնությանը: Վերջին պահին չընդգրկեցին հավաքականի կազմում: Ֆուտբոլին հրաժեշտ տվեց, երբ արդեն խաղում էր հայրենի «Լեռնագործ» թիմում, իսկ 1964-ին անցավ մարզչական աշխատանքի:

Հոբելյարին նախ բարեմաղթանքի խոսքեր հղեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ով իր գնահատանքի խոսքում մասնավորապես նշեց. «Գրիշա Համբարձումյանը ծանրակշիռ խոսք է ասել հայ ֆուտբոլի պատմության մեջ, արժանին պիտի հատուցել նրան, իսկ երիտասարդությունը պետք է կարողանա գնահատել մեծերին, սովորել նրանցից ու փորձել գերազանցել նրանց»:

Քաղաքապետը նաեւ արժանին հատուցեց Համբարձումյանների ընտանիքին, որտեղ հասակ է առել արժանի հոր արժանի զավակ, անվանի ջրացատկորդ, երեք օլիմպիադայի մասնակից, Մոսկովյան օլիմպիադայի (1980թ.) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Համբարձումյանը:

«Իհարկե, այս ամենին հասնելու համար բարոյակամային բարձր հատկանիշներ են անհրաժեշտ, բայց պակաս կարեւոր չեն սերն ու նվիրվածությունը հայրենիքի հանդեպ», – անվանի մարզիկների վաստակն այսպես գնահատեց ելույթ ունեցողը: Գրիշա Համբարձումյանը պարգեւատրվեց քաղաքապետի պատվոգրով եւ դրամական պարգեւով` Կապանի սպորտի բնագավառում ունեցած վաստակի եւ ծննդյան 80-ամյակի առթիվ:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Նունե Պետրոսյանը նշեց, որ արժեւորելով ու գնահատելով Գրիշա Համբարձումյանի ավանդն ու ձեռբերումները մարզաշխարհում` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նրան պարգեւատրել է հուշամեդալով, եւ հընթացս հայտնեց, որ նախարարն անձամբ կհանձնի պարգեւն առաջիկա օրերին: ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի Սյունիքի մարզի ներկայացուցիչ Արշամ Սարգսյանը հրապարակեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հավաստագիրը Գրիշա Համբարձումյանին «Վարազդատ Արշակունի» մեդալով պարգեւատրելու մասին եւ հանձնեց նաեւ ՀԱՕԿ-ի դրամական պարգեւը:

Գրիշա Համբարձումյանի երբեմնի խաղընկեր Ալբերտ Ստեփանյանը հիշեց հեռավոր 1963-ը., երբ Կապանի «Լեռնագործը» նվաճել է Հայաստանի ֆուտբոլի գավաթը, նաեւ իրավունք ստացել մասնակցելու ԽՍՀՄ ֆուտբոլի «Բ» խմբի առաջնությանը: Այդ ժամանակ Համբարձումյանը հանդես էր գալիս որպես ֆուտբոլիստ-մարզիչ: «Գրիշա Համբարձումյանի անցկացրած յուրաքանչյուր հանդիպում մի ուսումնական դաս էր երիտասարդ ֆուտբոլիստների համար», - ասաց հոբելյարի երբեմնի խաղընկերը եւ իր խոսքն ավարտեց մաղթանքով. «Ապրի՛ր երիտասարդի կյանքով…»:

Գրիշա Համբարձումյանի նախկին սան, «Գանձասար» ակումբի ներկայացուցիչ Վլադիմիր Պետրոսյանը հուշեր պատմեց` ներկայացնելով Համբարձումյանների ընտանիքը, ֆուտբոլիստի Փառանձեմ մորը, նաեւ «Գանձասար» ակումբի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի, գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանի, հարյուրավոր ֆուտբոլիստների անունից շնորհակալություն հայտնեց հոբելյարին, իր խոսքերով` ֆուտբոլը մեր քաղաքում սերմանելու համար:

Հոբելյարն ակնհայտորեն հուզված էր, եւ նրա խոսքը հակիրճ էր: Երախտագիտություն հայտնեց բոլորին, որոնց շնորհիվ մինչեւ այժմ ֆուտբոլում է, ինչը նրան եռանդ պարգեւեց երկար ապրելու համար: Նաեւ նշեց, որ «Գանձասարի» այդ օրվա հաղթանակը մեծ նվեր էր իր 80-ամյակին: Իսկ վերջում հոբելյարին մոտեցան, շնորհավորեցին եւ մաղթանքներ հղեցին «Գանձասար» թիմի ֆուտբոլիստները:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10