Եւս մեկ դրվագ Սրբոց սար կատարած ուխտագնացությունից. Մթնաձորից լույս է ծորում

14.07.2020 11:01
13659

Հուլիսի 5-ին Մեծ Իշխանասար կատարած մեր ուխտագնացության որոշ դրվագներ արդեն ներկայացրել ենք:
Հարկ ենք համարում եւս մի դրվագ առանձնացնել, որը, անշուշտ, ուշագրավ է եւ շատերի համար նորություն:
Սպարտակ Մինասյանի առաջնորդությամբ մենք Իշխանասար բարձրացանք Ակներ գյուղով:
Առաջին կանգառը Խաչին օսն էր:
Մեզ հետաքրքրում էր ոչ միայն այդ սրբավայրը, այլ…
Խաչին օսից հյուսիս Մթնաձորն է…
Անշուշտ, վերելքի կեռմաններից դեռ պետք է դիտեինք Մթնաձորը, Մթնաձորի Կարմիր քարը (Կարմրաքարը), Ուղտի քաշկառը, բայց հաճելի էր Մթնաձորը դիտարկել նախ հարավից ու տեսնել, թե ինչպես է Դաղձուտ գետակը Մթնաձորի խորքերից շտապում դեպի Վարարակնի գիրկը:
Մթնաձորի մեր ընկալումը չենք ներկայացնի, քանզի…
Կներկայացնենք Գրիշա Մանուչարյանի եւ Տիգրան Գրիգորյանի համահեղինակությամբ արարված «Մթնաձոր» լեգենդը, որը հրաշալի է պատմում այդ ձորի, նաեւ դրա շուրջ հյուսված ավանդազրույցների մասին: Եվ ամենակարեւորը՝ դարերի հեւք կա այդ լեգենդում, պատմության, ժողովրդական բանահյուսության նշխարներ կան այդ խոսքում: Եվ, որքան էլ զարմանալի է, Մթնաձորից այս դեպքում լույս է ծորում…

 

Մի զարհուրելի խոր ձոր կա մթին,
Գորիսից վերև՝ լեռների գրկում, 
Ու թե հավատանք հին զրույցներին՝
Չարքեր են այնտեղ վաղուց բնակվում:

Նրա եզրերին՝ կանգնած ահազդու՝  
Ժայռեր կան՝ շարված հսկաների պես,
Եվ թվում է, թե երկինքը լազուր
Նրանք են պահում այդքան բարձր ու վես:

Թե փորձեք ձորին վերևից նայել՝
Ոչինչ չեք տեսնի դուք բացի ամպից,
Որը ճամփան է արևի փակել,
Դարձել լույս-մութի մի սահմանագիծ:

Մռայլ խավարն է այդ ձորի տերը,
Անգամ գե՛տն էլ չի այնտեղ երևում,
Կարծես աշխարհի ողջ գիշերները 
Ժողովվել են այդ ահավոր ձորում...

* * *
Իսկ լեգենդը այս է ասում.
Մեզնից առաջ՝ դար ու դարեր,
Բնակվում էր Հին Գորիսում
Չքնաղ աղջիկ մի թխահեր:

Մորից զրկված զավակ էր նա,
Կույր գուսանի դուստր անգին,
Որ գթասիրտ իր հոր նման
Հավատով էր նայում կյանքին:

Արարիչն այդ լույս աղջկան 
Անհու՜ն սիրով էր արարել
Ու կախարդիչ գեղեցկության 
Ողջ թովչանքը նրան տվել:

Երբ ժպտում էր, եդեմական
Վարդեր էին շուրջը բացվում,
Եվ լեռնաշխարհը հայկական 
Իրենց անուշ բույրով լցնում:

Երբ տխրում էր, տխրում մեկից
Ու լաց լինում նա մեղմաբար,
Անձրևն իսկույն լուրթ երկնքից
Մարգարտաշար թափվում էր վար:

Նա ապրում էր մարդկանց վշտով,
Նրանց խինդով ուրախանում,
Այդ աղջկա մասին շուտով 
Ամբողջ Սյունիքն է իմանում:

* * *
Պատմում է սակայն լեգենդը ցավով,
Թե ձորի խորքում դարանակալած,
Մութ մարդիկ էին ապրում դարերով՝
Դաժան դևերի կերպարանք առած:

Չարի հետ էին լույս աշխարհ եկել
Եվ պատսպարվել քարանձավներում,
Կույս աղջիկներին միշտ առևանգել,
Սարսափ տարածել Սյունյաց աշխարհում...

Եվ ահա մի օր նրանց տուն մտան
Մարդակերպ դևերն այդ հրեշավոր,
Խլեցին հորից հրաշք աղջկան,
Փախցրին, տարան ձորն անդնդախոր:

Հայրն անհուն ցավից ավանդեց հոգին՝
Տանելով իր հետ վիշտն իր անդարման,
Աշխարհում թողած մի կորած աղջիկ,
Ինչպես ծովն ընկած մի լույս ադամանդ...

* * *
Ասում են, թե այն աղջկա մորմոքից,
Անա՛փ վշտից խավարում է ձորն այդ խոր,
Մարդիկ սոսկում, սահմռկում են այդ ձորից 
Ու սարսափած այն կոչում են Մթնաձոր:

Իսկ մշուշը, որին այնտեղ վերջ չկա,
Որ հավետ է իջևանել այդ ձորում,
Ասում են, թե հառաչն է այն աղջկա,
Որ մինչ այսօր սգում է իր անձավում:

Երբ կայծակն է երկնի կուրծքը ակոսում,
Այդ ցասումն է նրա ցոլուն աչքերի,
Երբ անձրև է հաճախ տեղում Գորիսում,
Այդ էլ նրա լացն է անլուր վերքերի:

Մթնաձորում ամեն եկող նոր տարի,
Երբ արևն է մի պահ ամպի հետ խաղում,
Ասում են, թե հավերժորեն կենդանի՝
Այդ աղջիկն է իր քնի մեջ ծիծաղում...

 

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

23.10.2026 10:29

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և կարճվել վարույթները

23.10.2026 10:19

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32