Դավիթ Գասպարյան. «Հայ գրականությունը հայոց պատմական հոգեկերտվածքի գեղարվեստական խտացումն է»

07.08.2020 10:40
12075

Հարցազրույց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանի հետ

- Պարոն Գասպարյան, մեր օրերում կատարվող հանրակրթության ոլորտին առնչվող իրադարձություններն ուշադրության կենտրոնում են նաեւ Սյունիքում, մարդիկ հետաքրքրված են խնդրով, շատ-շատ հարցեր էլ պարզաբանման կարիք ունեն, ուստի կխնդրեինք պատասխանել խմբագրությանը հուզող մի քանի հարցի:

- «Հայ գրականություն» առարկան ին՞չ խնդիր է հետապնդում հանրակրթական դպրոցում։

- Նախ՝ գրականությունն արվեստի տեսակ է, արվեստների մայրն է եւ ոչ թե հերթական առարկա։ Գրականությունը մարդու մեջ դաստիարակում է վեհի, բարձրի, գեղեցիկի, հերոսականի զգացողություն։ Այդ ամենը ներկայացվում է գրողների որոշակի երկերով, գրական կերպարների միջոցով։ Գրականությունը մարդկայնության, սիրո դասեր է տալիս։ «Հայ գրականություն» առարկայի դասավանդումը դպրոցում հետապնդում է հենց այդ նպատակները։

Երկրորդ՝ գրականությունը նպատակ ունի հղկելու մայրենի լեզուն, որովհետեւ լեզվի օրենքները մի բան են, երբ լեզուն սովորում են ըստ քերականության օրենքների, իսկ լեզվի բառապաշարը, ոճը, բարձր հայերենը՝ մեկ այլ բան։ Լեզվական մտածողությունը, ոճի, խոսքի գեղեցկությունը մարդուն փոխանցվում են ազգային գրականությամբ։ Եվ երանելի է նա, ով խոսում է անթերի, կատարյալ լեզվով: Գեղեցկության գաղտնիքը նախևառաջ այստեղ է:

Երրորդ՝ գրականությունը միջոց է ճանաչելու մարդ արարածին։ Հայտնի են գրականության մի քանի բնորոշումներ, նախեւառաջ՝ մարդագիտություն։ Այն ճանաչել է տալիս մարդուն, նրա ներաշխարհը, բացահայտում նրա գիտակցական, անգիտակցական, ենթագիտակցական վարքի կանոնները, մերկացնում օտար աչքի համար փակ նրա ընդերքը։ Մենք կողք-կողքի ապրում ենք եւ իրար այդքան էլ չենք ճանաչում։ Գրականությունն այն արվեստն է եւ դպրոցում ուսուցանվող այն առարկան, որ խորքային մարդագիտություն է սովորեցնում, հույզ, զգացմունք եւ ապրումներ արթնացնում։

Եւ, ի վերջո, հայ գրականությունն ի սկզբանե ունեցել է մի կարեւոր առաքելություն, եւ ըստ ամենայնի եղել է իր ժողովրդի պատմական ճակատագրի ուղեկիցը։ Հայ գրականությունը հայոց պատմական հոգեկերտվածքի գեղարվեստական խտացումն է: Հայ գրականությունը  հայոց ոգու, հայոց պատմության, հայկական բնաշխարհի, ազգային կյանքի ու կենցաղի, պատմական հիշողության, ժամանակների կապի, գույների, ձայների ու գծերի գեղարվեստական մարմնավորումն է։ Հայ մարդու հոգեկերտվածքն առաջին հերթին հայ գրականության մեջ է, հենց թեկուզ աստվածային Նարեկացու «Ողբերգության մատյան»-ում, որի մեջ հայի ու Հայաստանի մասին չի խոսվում, բայց հայկականությունը լուծված է ընդերքի մեջ եւ ընդերքից երկինք հասած Արարատի պատկերում:

Ձեր հարցի պատասխանն է իմ՝ VII դասարանի գործող «Գրականություն» դասագրքի մուտքը՝ «Ի՞նչ է գրականությունը» հարցադրումով ու պատասխանով: Սովորողը պետք է իմանա՝ ի՞նչ է գրականությունը, որոնք են հայ գրականության առանձնահատկությունները եւ ինչո՞ւ է այն սովորում:

- Ի՞նչու հենց հիմա մեր իշխանությունը խնդիր դրեց  վերարժեքավորել կամ, որ միեւնույն է, վերանայել հայ գրականության եւ հայոց պատմության ուսուցման ծրագրերը, կրթական չափորոշիչները։

- Այս բնագավառում այն ամենը, ինչ արվում է, չունի հանրային պահանջարկ։ Շատ կարեւոր բան եմ ասում։ Երբ մի տեղ ես գնում, քեզ պիտի սպասեն։ Եթե չեն սպասում, չպիտի գնաս։ Եթե մի բան անում ես, եւ դրա պահանջարկը չկա, ուրեմն ժամանակավրեպ է։ Այն ամենը, ինչ հիմա արվում է հայ գրականության եւ հայոց պատմության դպրոցական ծրագրերի հետ, չունի հանրային պահանջարկ, այդ իսկ պատճառով լուրջ մտահոգություններ է առաջացել առաջին հերթին ուսուցչության եւ ծնողների մեջ։ Այդտեղից էլ բխում են մնացած բաները։ Ինչպես ասացի՝ նախ եւ առաջ չունի հանրային պահանջարկ, որովհետեւ չի բխում նախկինում արվածը մի քայլ առաջ տանելու, ավելի շտկելու, ավելի բարելավելու, ավելի կատարելագործելու մղումից։ Քայլերի տրամաբանություն պետք է լինի ամեն ինչի մեջ։ Այստեղ խաչ է քաշված ամեն տեսակի սրբազան, լուսավոր բաների վրա: Պատկերավոր ասած՝ արվածը նման է երկրաշարժի ենթարկված քաղաքի. հիշեք 1988-ի դեկտեմբերի 7-ին հողին հավասարեցված Գյումրին, հիշեք տասնյակ հազարներով զոհվածներին ու հաշմվածներին: Հայ գրականության, ընդհանրապես գրականության ուսուցման առաջարկվող ծրագիրը նման է այդպիսի երկրաշարժի թողած հետեւանքների:

Հայ մարդուն միշտ բնորոշ է եղել ազգային հիշողությունը։ Եւ խառնել  ժամանակագրությունը, որովհետեւ ժամանակագրությամբ դաստիարակված աշակերտը գիտուն է լինում,  նշանակում է նրան զրկել պատմական հիշողությունից, խախտել հաջորդականության տրամաբանությունը։

Այդ չափորոշիչների բովանդակային միջուկն ամոթալիորեն խայտառակ մի բան է։ Յուրաքանչյուր քննադատությունից եւ ամեն մի ելույթներից  հետո սկսեցին մի որեւէ բան ավելացնել ու հայտարարել՝ տեսեք՝ ներառված է։ Իրողությունն այն է, որ շրջանառված նախնական տարբերակով ամբողջ միջնադարյան հայ գրականությունը հանված էր՝ սկսած գրերի գյուտից, Մաշտոցից ու Խորենացուց, Ոսկեդարի մյուս հսկաներից, ներառյալ Նարեկացի, Շնորհալի, Ֆրիկ, նաեւ առակագիրներ ու այլ  հեղինակներ։ Սա ոտնձգություն է ազգային արժեքների եւ ազգային մտավոր հարստության դեմ։

  Պետություններ  կան, օրինակ՝ Լեհաստանը, Ֆրանսիան, նաեւ այլ երկրներ, որոնք ունեն Ազգային հիշողության կենտրոններ,  որտեղ ի մի են բերվում այն բոլոր արժեքները՝ նյութական, ոչ նյութական, գրական, մշակութային, գիտական, տեխնիկական, կենցաղային, բարոյական, որ տվյալ ազգն ստեղծել է իր գոյատեւման ընթացքում։ Սա ազգին ճանաչում բերող արժեքային ներկայությունն է համաշխարհային պատմության մեջ։ Չմոռանանք, որ համանման գործունեություն ծավալում է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Իսկ մենք հասանք այն բանին, որ փորձում ենք ոչ թե ստեղծել  ազգային հիշողության կենտրոն, այլ ազգային հիշողությունը պահպանող հայոց պատմությունը եւ հայ գրականությունն այնպիսին դարձնել, որ կորցնենք այդ հիշողությունը։ Սա առաջին հերթին հարված է ազգային անվտանգությանը՝ այսօր հայ գրականությունն ու հայոց պատմությունը կոտնահարեն, վաղ՝ հայն ու Հայաստանը: Թույլ չե՛նք տա:

Ընդ որում՝ այս մշակութային եղեռնին ես փորձեցի նայել նաեւ իրենց իսկ տեսանկյունից. դարձյալ չի՛ ընկալվում, ամեն ինչ անտրամաբանորեն շատ է խառնված՝ հեղինակները, ժամանակագրությունը, գեղարվեստական արժեքները: Անհասկանալի է գրողի մատուցման սկզբունքը՝ կենսագրական, վերլուծական լինելո՞ւ է, թե՞ ոչ: Միայն գրական երկի բնագրով բան դուս չի գա: Անհրաժեշտ է մեթոդական ուղեցույց: Որքան էլ սովորողին մղենք ինքնուրույնության, այնուամենայնիվ, դա չպետք է դարձնել մտասեւեռում, այդ ինքնուրույն աշխատանքին ունակ չեն անգամ շատ ուսուցիչներ: Ուստի՝ տարբեր համամասնություններով պետք է ուղղորդել եւ՛ աշակերտին, եւ՛ ուսուցչին: Եվ դա պետք է անի ծրագիրը, որի հիման վրա ստեղծվելու է դասագիրք:

 Ասացի՝ երկրաշարժ: Սա անուղղելի ու կործանարար հարված է հայ դպրոցին, նոր սերնդի հայեցի կրթությանը, ազգային հայեցակարգին, Հայաստանի վաղվա օրվան, պատմական հայրենիքի վերականգնման երազանքին, դիրքերում սահման պահող զինվորին, Անդրանիկի ու Թումանյանի հիշատակին:

- Հայ հանրությունը Ձեզ ճանաչում է որպես սկզբունքային գիտնական եւ քաղաքացի, այսինքն՝ Դուք կարողանում եք բոլոր պարագաներում մարդու աչքերին նայել եւ ասել ճշմարտությունը:

Կուզենայինք իմանալ՝ վերջին 30 տարվա կտրվածքով ի՞նչն էր մեզանում  պակասում  ե՛ւ դասագրքաստեղծ ոլորտում, ե՛ւ չափորոշիչների ու ծրագրերի առումով, որ հիմա վերանայելու, շտկելու խնդիր է դրվում:

-  Այս չափորոշիչ ասվածը, որի գլխավոր բաղադրիչը բովանդային միջուկն է, պարբերաբար վերանայվող կրթական կանոնադրություն է, բայց այնպես չէ, որ անհարկի եւ անժամանակ պետք է միջամտել: Ծրագիրն ու դասագիրքն էլ գործածության որոշակի ժամանակի մեջ  հաստատուն բաներ են, դպրոցն էլ եկեղեցու պես մի կառույց է, ավելի ավանդապահ, որ արագ, կտրուկ եւ շրջադարձային  փոփոխություններ չի սիրում, իր մեջ այդ պահանջը չի կրում։

Ներկայումս գործող  չափորոշիչները, եթե չեմ սխալվում, ստեղծվել եւ մշակվել են 2005 թվականին, 2010-ին վերանայվեցին, ինքս էլ այդ խմբի ղեկավարն էի: Խումբը գործում էր Կրթության ազգային ինստիտուտի համակարգում. նախ ձեւավորվեց մասնագետների խումբը, ստեղծվեց չափորոշիչների բովանդակային միջուկը, շարադրվեցին մեթոդական պահանջները, այդ ամենը մի քանի ձեւով ստուգվեց, դպրոցներում փորձարկվեց, փորձագիտական ճանապարհ  անցավ, որից հետո ուղարկվեց նախարարություն՝  հաստատման: Այն ժամանակ ամեն ինչ շատ պարզ էր, շատ հստակ էր ու թափանցիկ, գաղտնի, մութ ու թաքուն ոչինչ չկար։ Հրապարակավ բոլորը գիտեին ամեն ինչի մասին:

 Չափորոշիչների՝ ներկայումս առաջարկվող  բովանդակային միջուկը ոտքից գլուխ արատավոր է, պետք է ոչ թե շտկել, կոսմետիկ միջամտություն անել, այլ արմատապես ժխտել եւ ստեղծել նորը. նկատի ունեմ ե՛ւ հայ գրականության, ե՛ւ հայոց պատմության  չափորոշիչները, որոնք պիտի բխեն հայ ժողովրդի ներկա շահերից, հոգեբանությունից ու պահանջարկից: Պետք է ստեղծել ժողովրդի մատաղ սերունդի դաստիարակչական պահանջները բավարարող հայակերտիչ, հայապահպան եւ հայապաշտպան չափորոշիչ ու ծրագիր եւ ոչ թե պարտադրել դեսից-դենից իրար կպցրած ինչ- որ բան։

- Արդ, որոնք են հանրակրթական  դպրոցի  առջեւ ծառացած հիմնարար խնդիրները։

- Ժամանակակից դպրոցը պետք է լինի տասնամյա ուսուցմամբ. սա  կրթության ստուգված ոսկե օրենքն է։ Բոլոնիայի պայմանագրին մինալուց հետո անցան 12-ամյա կրթության, որը չարիք ու աղետ է։ Ինչո՞ւ  ենք երեխաների պայծառ կյանքից ու ժամանակից խլում երկու տարի, երբ նրանք կարող են երկու տարի շուտ կյանք մտնել։ Եվրոպական երկրներն այն խնդիրները չունեն, ինչ ունենք մենք:  Ուստի՝ դպրոցական ուսուցման կառուցվածքը պետք է արմատապես վերանայել։

Ավարտելով դպրոցը՝ եվրոպացի պատանին կյանքի իր խնդիրներն է լուծում։ Իսկ մեր տասներկուերորդ դասարանցի պատանու մեկ ոտքը դպրոցում է, մյուսը՝ զինկոմիսարիատում։ Այդպես չի՛ կարելի։ Նա պետք է դպրոցը երկու տարի շուտ ավարտի, կյանք մտնի, իմանա ինչն ինչոց է, որ մի քիչ ամրացած, հասունացած լինի, եւ ոչ թե դպրոցականի հոգեբանությամբ զորակոչվի բանակ եւ ծառայի հայրենիքին։

Մեր պայմաններում աղետ է նաեւ բարձրագույն դպրոցի երկաստիճան ուսուցումը՝ բակալավրիատ, մագիստրատուրա. նույն դասախոսը պարապում է ե՛ւ բակալավրիատում, ե՛ւ մագիստրատուրայում. նույն դասախոսություններն են, առաջընթաց չկա։ Անհարկի տուրք ենք տալիս ձեւականին։ Բարձրագույն դպրոցը պետք է դարձնել հնգամյա: Երեխան երկու տարի դպրոցում է կորցնում, մեկ տարի՝ բուհում։ Երեք տարի խլում ենք երիտասարդի կյանքից, երբ նա այդ ընթացքում կարող էր իր տեղը գտնել կյանքում: Մենք դրա իրավունքը չունենք։ Դա հանցագործություն է:

Եվ հետո՝ ի՞նչ պատրաստվածությամբ է աշակերտը կյանք մտնում՝ թերի՛, որովհետեւ այն առարկաները, որոնք իրեն պետք են՝ ավարտական դասարաններում ստիպված պարապում է կրկնուսույցների մոտ: Այսինքն՝ դպրոցը լիարժեք պատրաստվածություն չի տալիս: Մինչդեռ նա պետք է ավարտեր հանրակրթական առարկաների եւ լեզուների լավ իմացությամբ, տիրապետեր տեխնիկական միջոցներին, իմանար լողալ, պարել եւ հասունության ատեստատի հետ մեկտեղ ձեռք բերեր վարորդական իրավունքի վկայական:

- Կրկին անդրադառնանք դպրոցին ու հայ գրականությանը։

- V-VI դասարանների դասագրքերը կոչվում են «Մայրենի»։ Դա թերի դասագիրք է՝ մի քիչ օրորոցային, ընդգրկված են թույլ գրական գործեր, լեզուն ու  գրականությունը միավորված են։ Առաջարկում եմ այդ դասագիրքը կիսել՝ լեզուն եւ գրականությունն առանձնացնել։ Այդ դեպքում միայն դպրոցականը  հստակ  կգիտակցի՝ որո՛նք են գրականության եւ որո՛նք են լեզվի պահանջները։

V-VI դասարանների գրականության այս նոր դասագրքերում կարելի է տեղ տալ ինչպես հայ գրողներին, այնպես էլ համաշխարհային գրականության դասականներին,  նաեւ արժանավոր ժամանակակից հայ գրողներին: Այս հանգուցային հարցը լուծելով՝ լուծած կլինենք մի քանի խնդիրներ։

Հիմա գանք առաջ. միջին դպրոցի՝ VII, VIII, IX դաարանների դասագրքերը կոչվում են «Գրականություն», ավագ դպրոցի X, XI, XII դասարաններինը՝ «Հայ գրականություն»: Սա այնքան տարրական բան է, բայց կրթության ոլորտի պատասխանատուներն ասես գիտակցաբար խառնում են իրար, շփոթ առաջացնում եւ ծիծաղելի վիճակների մեջ  հայտնվում։ Ես մեկ-երկու  տեղ բացատրել եմ, բայց որ չեն ընկալում, ի՞նչ ասես։ VII, VIII, IX դաարանների դասագրքերը կոչվում են «Գրականություն». ինչո՞ւ, որովհետեւ հայ գրողներից բացի ընդգրկված են նաեւ Հոմերոս, Շեքսպիր, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ եւ Վիլյամ Սարոյան։ Ավագ դպրոցի X, XI, XII դասարանների դասագրքերը հանրագումարային պատկերացում են տալիս հայ գրականության պատմական զարգացման օրինաչափությունների մասին եւ կոչվում են «Հայ գրականություն»։

 Եթե դպրոցականը ձեզ հարցնի՝ «Ինչո՞ւ միջնադարում մենք թատրոն չենք ունեցել», ի՞նչ կպատասխանեք։ IX դասարանի դասագրքում (էջ 131-132) շատ հանգամանորեն պարզաբանված է. հայ եկեղեցու հայրերը ժամանակին հանդես են եկել ճառերով՝ «Վասն անօրեն թատերաց դիվականաց» եւ մերժել թատրոնը, քանզի նրանց պատկերացմամբ՝ թատրոնը մարդուն հեռացնում է հավատից, այդ իսկ պատճառով դիվային մի բան է։ Եւ մեր եկեղեցու պահանջով՝ թատրոնը մեր մշակութային կյանքում տեղ չգտավ։

Կաթոլիկ եկեղեցին պահպանեց թատրոնը, անտիկ թատրոնի ավանդույթները շարունակելով՝ ասպարեզ եկան Լոպե դե Վեգան, Սերվանտեսը, Շեքսպիրը… 

Բայց տեսեք՝ ինչ կատարվեց։ Շեքսպիրի մահից (1616, ապրիլի 23) մի քանի տարի հետո՝ 1642-ի սեպտեմբերի 2-ին եւ 1647-ին Անգլիայի պառլամենտը որոշում է ընդունում թատրոնը փակելու վերաբերյալ։ Այն, ինչ որ մերոնք հինգերորդ դարում էին արել, նրանք արեցին տասնյոթերորդ դարում։ Ինչո՞ւ, որովհետեւ ասում էին՝ ժողովուրդն ավելի շատ թատրոն է գնում, քան՝ եկեղեցի, իսկ թատրոնը դարձել է անառակության, զեխության հավաքատեղի։ Փակեցին թատրոնները, որ մարդիկ հավատքի գան, դարձի գան, եկեղեցի գնան։

Այսքանից հետո դասագրքում ասվում է, որ թատրոնը հայ կյանք ներմուծվեց XVIII դարում Մխիթարյան միաբանության կողմից, իսկ XIX դարում տարածվեց Կ. Պոլսում եւ Թիֆլիսում:

Հիմա այս դրվագը եւս շահարկում է փոխնախարարուհին՝ առանց խորանալու կամ առանց հասկանալու, թե ինչն ինչոց է։ Նաեւ ոչ մի կերպ չի ուզում տեսնել, ասել, կրկնել, որ ավագ դպրոցի դասագիրքը վերնագրված է «Հայ գրականություն», որի վրայից նրանք գիտակցաբար ջնջել են հայ բառը եւ աղավաղել ու արատավորել ամեն ինչ:

- Պարոն Գասպարյան, քանի որ այս աղմուկը բարձրացավ նաեւ դասագրքերի շուրջ, կուզեինք համառոտ ներկայացնեիք հայ դասագրքաստեղծման պատմությունը,  ինչի ավանդույթներն ստեղծվել են տակավին Խաչատուր Աբովյանից սկսած:

- Այո՛, գրականության ու լեզվի դասագրքեր ստեղծել է Աբովյանը, հիշենք հայտնի «Նախաշավիղը»: Նա եւ՛ դպրոցների հիմնադիր էր, եւ՛ մանկավարժ, եւ՛ դասագրքերի հեղինակ: Բայց չմոռանանք՝ նրանից ավելի վաղ դասագրքաստեղծման գործում մեծ ավանդ ունեն Մխիթարյանները՝ Մխիթար Սեբաստացուց սկսած. նրանք գրեցին ինչպես քերականության, այնպես եւ գրականության ու գրականության տեսության ձեռնարկներ: Դասագրքաստեղծման գործում ավանդ ունեն Պատկանյանը, Աղայանը, Նար-Դոսը, Լեոն, Շանթը, Թումանյանը, Ստ. Լիսիցյանը, Վրթ. Փափազյանը, Աբեղյանը, Աճառյանը, Սուրխաթյանը, Ս. Հակոբյանը, Տերտերյանը, Բակունցը, Հրանտ Ասատուրը և նրա կին Սիպիլը, Ռ. Զարդարյանը, Հակոբ Օշականը, Մուշեղ Իշխանը, Հարություն Մկրտչյանը, Մկրյանը, Ջրբաշյանը, Թամրազյանը, Աղաբաբյանը։ Միայն Եղիշե Չարենցը տասնչորս անուն դասագրքի հեղինակ է։ Կարելի  է հայ գրականության դասագրքաստեղծման հարցը դարձնել շատ ավելի հանգամանալի ուսումնասիրության նյութ եւ գրել համապատասխան մի աշխատություն:

Ես ներկայումս գործող VII, VIII, IX դասարանների «Գրականություն» դասագրքի հեղինակն եմ եւ ավագ դպրոցի հումանիտար հոսքի XI, XII դասարանների «Հայ գրականություն» դասագրքի համահեղինակը։

2010-ին մրցույթ հայտարարվեց. մրցույթին մասնակցում է ոչ թե գիրք ստեղծող հեղինակը, այլ հրատարակչությունը։ «Տիգրան Մեծ» հրատարակչությունը մրցույթին մասնակցելու նպատակով դիմեց ինձ. պահանջն այսպիսին էր՝ պետք էր նեկայացնել VII դասարանի դասագրքի 60 տոկոսը, VIII-ի՝ 40 տոկոսը եւ IX-ի՝ 20 տոկոսը, որպեսզի մրցույթը շահելու դեպքում հաջորդաբար  լրացվեին ու տպագրվեին։ Դասագրքերը պատրաստեցի եւ հանձնեցի «Տիգրան Մեծին»։ Իրենց հեղինակներով մրցույթին մասնակցում էին նաեւ այլ հրատարակչություններ։ Հեղինակի անունը մրցույթի ժամանակ չի հոլովվում, գաղտնի է պահվում եւ ոչ ոք չի իմանում, թե ով է այդ դասագիրքն ստեղծողը: Դասագրքի հիմքը ծրագիրն է, որ ստեղծում է ծրագրաստեղծ խումբը եւ փորձաշրջան անցնելուց հետո հաստատվում նախարարության կողմից, մրցույթին մասնակցող ոչ մի հեղինակ իրավունք չունի շեղվելու ծրագրից:

Իմ հեղինակած դասագրքերը շատ բարձր գնահատականով հաղթեցին։ 2011 թվականից սկսած այդ դասագրքերը գործում են եւ ունեցել են մի քանի վերահրատարակություն: Այդ դասագրքերն առաքվում են նաեւ սփյուռքի մի քանի գաղթօջախներ, Վրաստանի հայկական դպրոցներ։ Այդ գրքերի վրա շատ ջանք եմ թափել, շատ մանրակրկիտ եմ աշխատել, անգամ 14-15 սրբագրություն են ունեցել, այդքան անգամ կարդացել  եւ ուղղել եմ։ Իմ հեղինակած այդ դասագրքերն ահա տասը տարի է ինչ գործում են դպրոցում: Իսկ ավագ դպրոցի  «Հայ գրականություն» դասագիրքը վերափոխումներով շրջանառության մեջ է դեռեւս 1993 թվականից, անկախության շրջանի առաջին դասագրքերից է։

Մշտապես եղել եմ դպրոցներում, հետեւել դասագրքերի գործունեության ընթացքին, լսել աշակերտներին, ուսուցիչներին, քննարկել նրանց հետ եւ հերթական վերահրատարակության ժամանակ հաշվի առել աննշան դիտողությունն անգամ: Այսպես է եղել, իսկ  դպրոցներից, ուսուցիչներից միայն երախտագիտության խոսքեր եմ լսել։ Գրքերի խմբագիր բանաստեղծ Արտակ Ոսկանյանը ոգեւորված ասաց՝ երանի մեր սերունդն էլ այս դասագրքերով կրթվեր, եթե այսպես գրականություն սերտեինք, ուրիշ, շատ ավելի զարգացած մարդիկ կլինեինք…

- Պարոն Գասպարյան, Դուք տեղյա՞կ եք, թե գրականության առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը վերանայող աշխատանքային խմբում ովքեր են ներգրավված։

- Տեղեկացել եմ միայն ցանկը հրապարակվելուց հետո։  Որքանով հիշում եմ՝ 2018 թվականին էր աշխատանքային  խումբը ստեղծվում, ես եւս դիմել եմ մրցույթին, բայց չեմ ներգրավվել այդ խմբում։ Թե ովքեր են՝ արդեն պարզ է։ Խումբն այդ կազմով մասնագիտական վստահություն չի ներշնչում, ինչն ակնհայտ դարձավ նրանց կազմած եւ վերջերս շրջանառած փաստաթղթով: Որեւէ մեկի հասցեին վատ բան չունեմ ասելու, ոմանց չեմ էլ ճանաչում, բայց իրենց արած գործը, մեղմ ասած,  ինձ համար ընդունելի չէ, իսկ ոչ մեղմ՝ իրական խայտառակություն է։

Քանի որ օրական մի բան են փոխում, ինձ համար հիմքը նախնական տարբերակն է, մինչեւ վերջնականի ստեղծումը: Իրենք մոլորության մեջ են, երբ  ասում են՝ միջնադարի պատմիչներին պատմություն առարկայից են անցնում։ Մինչդեռ V եւ հետագա դարերի մատենագրությունը հավասարապես իր մեջ ընդգրկում է ե՛ւ հայոց պատմություն, ե՛ւ հայոց եկեղեցու պատմություն, ե՛ւ բանահյուսություն, ե՛ւ գրականություն։ Այն ժամանակ այսպես ամեն ինչ համադրական էր, այսօր ամեն բնագավառ իր բաժինն այնտեղից է քաղում։ Ինչ է, Մ. Աբեղյանի պես հսկան այդքան բան չգիտե՞ր, որ այդ նյութերի ուսումնասիրությամբ գրեց եւ 1944-1946 թվականներին հրատարակեց «Հայոց հին գրականության պատմություն» երկհատոր կոթողային աշխատությունը:

Սա անհրաժեշտություն է, դպրոցականը պիտի իմանա Խորենացու, մյուս պատմիչների մասին։ Որտեղի՞ց սովորողն Ագաթանգեղոսի անվանն ու գործին ծանոթանա, եթե ոչ դասագրքից։ Կաթոլիկ եկեղեցու հայրը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ, արձանը տեղադրեց Վատիկանում: Սրանից մեծ գնահատանք դժվար է պատկերացնել, իսկ ինչ ենք անում մենք՝ փոխանակ ստեղծենք նարեկացիագիտության համաշխարհային կենտրոն, Նարեկացուն հանում ենք դասագրքից։ Ո՞ւմ ձեռքը գնաց այդպիսի ինքնասպանության…

- Այլ  ձեւախախտումնե՞ր էլ  են նկատվել այդ չափորոշիչների մեջ։

- Հայրեններ եւ Սայաթ-Նովա ոչ թե առանձին են անցնում, այլ կցել են՝ հայրենները՝ Սահյանին, իսկ Սայաթ-Նովան՝ Չարենցին։ Չարենցը Սայաթ-Նովայի ոճավորումով գրեց «Տաղարանը»։ Եւ ի՞նչ է ստացվում՝ Չարենցի ոճավորումով պիտի Սայաթ-Նովա բացահայտենք։ Նույնը Սահյանին է վերաբերվում, ով մեծ բանաստեղծ է, ինձ համար շատ գնահատելի։ Բայց Սահյանի հայրեններն առանձնապես նրա երեւելի էջերը չեն։ Եւ ինքն էլ հայրենների երեւույթն է վերցրել  ու ոչ թե տաղաչափական մանրակրկիտ կառուցվածքը։ Եւ գրել է հայրեններ։ Բայց միջնադարի հայրենները՝ այդ աննման գանձերը, բերել-կցել Սահյանին եւ անցնել որպես նրա հավելված՝ նշանակում է արհամարհել միջնադարյան գրական արժեքները, ձեռք քաշել մեր ժողովրդի ստեղծած հարստությունից եւ չհասկանալ, թե ինչ են անում։ Ասված է, չէ՞. «Թող զնոսա, հա՛յր, զի նոքա ոչ գիտեն զինչ գործեն»:

- Պարոն Գասպարյան, իսկ ի՞նչ կասեք այն երիտասարդների գրականության մասին, որոնց երկերը նախատեսում են ընդգրկել նոր ստեղծվող դասագրքերի մեջ։ Սա եւս բուռն քննարկումների տեղիք տվեց։

- Ա՛յն, որ կան շնորհալի երիտասարդ գրողներ, ա՛յն որ գրականության մեջ անընդհատ որոնումներ են, ժխտել չի կարելի։ Գրականությունը, արվեստն ընդհանրապես, միշտ սիրում են որոնում (թեեւ Պիկասոն ասում էր՝ ես չեմ որոնում, ես գտնում եմ)։ Եւ եթե որոնումներ չեղան, գեղարվեստը մարելու միտումներ կդրսեւորի։ Թո՛ղ որոնեն, թո՛ղ գրեն, ինչ ուզում են, թո՛ղ դիմեն անգամ ամենածայրահեղ քայլերի, արվեստի ճանապարհի համար դրանք ընդունելի են, բայց որոնումը՝ որոնում, արժեքը՝ արժեք: Ես այդ որոնման եւ նորի կողմնակից եմ։ Բայց ընթացիկ գրականության մեջ երիտասարդ գրողի որոնումը մի՛ բան է, դասագրքում դեռևս չբյուրեղացած ստեղծագործությունը զետեղելը՝ մե՛կ ուրիշ բան։ Եւ պատահական չէ, երեք երիտասարդ գրող հայտնեցին, որ չեն ուզում իրենց երկերն ընդգրկվեն դպրոցական դասագրքերում։ Հանրային հեռուստատեսությամբ նրանցից մեկը հայտարարեց, որ իր գրածները 18 եւ ավելի բարձր տարիք ունեցողների համար են։ Մենք ժամանակակից կայացած գրողներին կարող ենք տեղ տալ 5-6-րդ դասարանների դասագրքում (Ռազմիկ Դավոյանի որոշ գործեր, Խաչիկ Մանուկյանի «Բարձունքը մերն է, տղերքը չկան» բանաստեղծությունը, կարելի է ընդգրկել ժամանակակից ուրիշ  գրողների եւս)։

Ես մի քանի առաջարկություններ ունեմ։ Պատրաստ եմ կազմել ժամանակակից գրականության դպրոցական ձեռնարկի պես մի բան, որտեղ կզետեղվեն գրողի լուսանկարը, կենսագրությունը, երկերի մատենագիտությունը եւ գործեր. բանաստեղծներից՝  մինչեւ հինգ քերթված, արձակագիրներից՝ մի  լավ պատմվածք կամ հատված մեծ գործից, նաեւ կարծիքներ նրանց մասին։ Իսկ ուսուցիչներն իրենց նախասիրությամբ դրանք կարող են ներկայացնել աշակերտներին։

 Ժամանակակից գրականությունը դպրոցում ներկայացնելու մի ուրիշ ձեւ եւս կա՝ հանդիպում գրողի հետ։ 1964-ին՝ 50-ամյակի առթիվ, Համո Սահյանին հրավիրեցին մեր դպրոց։ Այդ հանդիպումն իմ մեջ տպավորվեց, այն ժամանակ Սահյանը դասագրքային հեղինակ չէր։ Բայց անմիջական հանդիպումը բանաստեղծի հետ անմոռանալի էր, իր խոսքը լսեցինք, բանաստեղծություններն ասմունքեցին, դա ավելին էր, քան դասագրքում զետեղվելը։ Այդպիսի հանդիպումներ կարելի է կազմակերպել հեռուստատեսությամբ՝ վերականգնելով ուսումնական հաղորդումները կամ հատկացնելով գրական ժամ:

Դպրոցին կարելի է հասցեագրել նաեւ համաշխարհային գրականության քրեստոմատիա. այն, ինչ արդեն կա VII, VIII, IX դասարանների դասագրքում՝ բաավարար է, մյուս հեղինակներին էլ կկարդան ամառային արձակուրդի օրերին։

Մեր մեկը երկու անելու փոխարեն կարծես ընտրել ենք նվազման կործանարար ուղին՝ այսքան արտագաղթ, տնտեսական, գիտական, մշակութային, առողջապահական այսպիսի գահավեժ անկում, որ մեզ պաշարեց անկախության առաջին իսկ տարիներից, անհնար էր պատկերացնել: Փոքրիկ մի օրինակ. Հայաստանը կարող էր դառնալ տարածաշրջանային գիտական կենտրոն. նախկին վարչակարգի օրոք Իրանից գալիս Հայաստանում ատենախոսություններ էին պաշտպանում, եւ այդ վկայականը նպաստում էր նրանց մասնագիտական առաջընթացին: Բայց մեր գիտխորհուրդներն ամեն ինչ այնքան արագ վերածեցին դրամական շրջանառության եւ գիտությունը հանեցին վաճառքի, որ Իրանը դադարեց ճանաչել այդ վկայականների վավերականությունը: Առաջանցիկ քայլ անելու փոխարեն հետընթաց քայլ արեցինք եւ նորից կրճատեցինք տարածությունը: Ու ոչ ոք չպատժվեց… Մինչդեռ այդ գործաքների «հերոսները» անգամ Քրիստոսից են խոսում…

Հիմա էլ «հերոսների» մեկ այլ խումբ կրճատում է հայ գրականության սահմանները:

- Փաստորեն նույն խնդրի առնչությամբ ունենք արմատապես իրարից տարբերվող երկու դիրքորոշում։ Ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը:

- Նախ՝ չափորոշիչները ներկայացրած խումբը  համարժեք չէ գիտնականների, մասնագետների, մանկավարժների, հանրության լայն շրջանակի ներկայացուցիչների ժողովին, ովքեր մերժում են նրանց արածը, որի վրա վատնվել են միջոցներ եւ ժամանակ: Նրանց ներկայացրածը մերժելի է. գրական գործիչնե՛րն էլ մերժեցին, պատմաբաննե՛րն էլ։ Պետք է ստեղծել մասնագետների մի լուրջ եւ թափանցիկ խումբ, ովքեր ե՛ւ դպրոցը գիտեն, ե՛ւ մանկավարժությունը, ե՛ւ առարկան ու պետական աջակցությամբ  ձեռնարկեն այդ գործը, որպեսզի «կոնտր-կտակի» տպավորություն չստեղծվի։ Այդպես կհասնենք բաղձալիին, քանի որ կոսմետիկ ուղղումներն արդյունավետ չեն, պարզապես չի ստացվի։ Մեռած մարմնի ի՞նչը շտկես կամ ինչո՞ւ շտկես: Պարզապես անհնար էր պատկերացնել, որ  «Բաց հասարակության» դրամական միջոցներն այդպես կկուրացնեին հայ մարդուն եւ կստիպեին նրան ասել, թե հայ աշակերտն իր լեզուն ու գրականությունը չի՛ սիրում, թե հայ գրականությունն ինչու է այսքան հին ու երկար, մի բան, որ նրա հարստությունն է եւ համաշխարհային փառքը:

Ասում են՝ հայ գրականությունը համաշխարհային գրականության մաս է, էլ ինչո՞ւ առանձնացնել հայ բառը: Հայ գրականությունը համաշխարհային գրականության մաս է իր Ոսկեդարո՛վ, Նարեկացիո՛վ եւ հայ դպրության մյուս պետերո՛վ, որոնց ուրանում եք… Այս ո՞ւմ վրա եք սուր բարձրացնում, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում…

Բացե՛ք աչքերդ, նայեք Հայաստանի սահմաններին, նայեք իրենց ազգային նպատակների համար ոտքի կանգնած աշխարհի ժողովուրդների պայքարին ու պատերազմներին եւ հետեւություններ արեք հանուն իրական հայ դպրոցի:

…Իսկ խնդրի լուծումը պահանջում է ստեղծել աշխատանքային նոր խումբ։

                                       Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի եւ Վահրամ Օրբելյանի

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10