Գեղեցկակերտ եւ վայելչաձեւ վանքը Վաղատնո կամ Որոտնա, որ ուխտական վայր դարձավ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից, ապա վերաշինվեց Սյունյաց թագավոր Սմբատի հրամանով ու Շահանդուխտ թագուհու ջանքով

14.09.2020 18:41
7196

2020 թ. օգոստոսի 27-ին Որոտան երկիր կատարած այցելության ընթացքում ուխտագնացություն կատարեցինք Որոտնավանք:

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խմբին միացել էին Գորիսի պետական համալսարանի հանրային կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Նոննա Միրզոյանը եւ «Զորաց քարեր» բնակատեղի-արգելոցի վարիչ Արամ Դավթյանը:

Որոտնավանքում եղել էինք մանկության տարիներից սկսած, սակայն այս այցը բացառիկ էր, քանզի, ամեն ինչից զատ, փորձեցինք հայացք ձգել վանքի ե՛ւ պատմությանն ու տեղանքին, ե՛ւ ճարտարապետությանն ու վիմական արձանագրություններին, ե՛ւ հոգեւոր-կրթական առաքելությանն ու ավանդազրույցներին:

Այդ ամենի մասին՝ ստորեւ:

Համառոտ տեղեկություններ

Որոտնավանք, Վաղադնի վանք, հայ միջնադարյան ճարտարապետական համալիր Սիսիանի շրջանի Վաղուդի գյուղից 2 կմ հարավ, Որոտան գետի կիրճի եզրին:

Սրբավայրի շենքերը տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով, հիմնականում՝ հյուսիսային եւ արեւելյան կողմերով:

Առավել վաղ թվագրություն ունեցող կառույցը Սյունյաց Շահանդուխտ թագուհու կառուցած Սուրբ Ստեփանոս թաղածածկ եկեղեցին է (1000 թ.):

1007-ին Շահանդուխտի որդի Սեւադան եկեղեցուց հարավ-արեւելք կառուցել է գմբեթավոր, եռախորան, չորս անկյուններում ավանդատներով Սուրբ Կարապետ եկեղեցին:

Վանքի տարածքում` այս երկու եկեղեցիներից դեպի արեւմուտք, պահպանվել է նաեւ թաղածածկ գավիթը եւ այլ կիսավեր շենքեր:

Որոտնավանքը շրջապատված է եղել պարսպապատերով, ընդ որում՝ հյուսիսային պատերը վանքի պաշտպանական համակարգի մաս են կազմել:

1931-ի երկրաշարժից փլվել են Սուրբ Կարապետ եկեղեցու գմբեթը եւ ծածկերը:

 Ստեփանոս Օրբելյանը Որոտնավանքի մասին

 …Երանելի թագուհի Շահանդուխտըաստվածային մի հիշեցումից մղված, շինում է Վաղատնի գեղեցակերտ ու վայելչաձեւ վանքը, որը դեռ վաղուց ուխտադիր մարդկանց վայր էր, որովհետեւ այնտեղ վաղ ժամանակներից մի եկեղեցի կար Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, որը կարծեմ նրա կողմից էլ հիմնադրված էր, հետո վերաշինված Ստեփանոս հոր եւ սուրբ ճգնավորի կողմից: Այն բուժում էր թունավոր օձերից խայթվածներին, ինչպես որ Փարպու եկեղեցին է բուժում մարդու եւ անասունի անբուժելի կատաղի ցավը: Այստեղ հենց այժմ էլ տեսնում ենք անպատմելի հրաշքներ. թունավոր (զեռուններից) խայթված, սեւացած ու պայթելու աստիճան ուռածներին հանում են բարձրադիր լեռները, ցույց են տալիս վանքը եւ կամ եկեղեցուց մի քիչ հող են հասցնում, մակարդված թույնն իսկույն քայքայվում է, ու հիվանդը՝ բուժվում:

Այդ պատճառով մեծ բարեպաշտ Շահանդուխտը կոփածո քարերով եկեղեցի է շինում՝ սուրբ նախավկա Ստեփանոսի անունով, հայոց չորս հարյուր քառասունինը թվականին, այնտեղ հաստատում է կրոնավորների ու վանքի բազմաթիվ սպասավորների տուն: Եկեղեցու բակում շինում է նաեւ աղոթատուն՝ կրաշաղախ քարե շարվածքով, ինչպես նաեւ պահեստներ, արհեստանոցներ եւ վանքը շրջափակում պարսպով: Վանքի համար սահմաններ է առանձնացնում Վաղատնից, նրան է հանձնում Գոմեր ագարակը: Զանազան զարդերով պայծառապես զարդարում է եկեղեցին, ինքն էլ վախճանվելով թաղվում է նույն սրբարանի բակում: Ապա որոշ տարիներ անց, չորս հարյուր հիսունհինգ թվականին, Սեւադան՝ նույն Շահանդուխտի որդին եւ Վասակ թագավորի եղբայրը մեծ ջանքերով կառուցում է մի եկեղեցի՝ խիստ պայծառ, գեղեցկակերտ, գմբեթահարկ՝ Սուրբ Կարապետի անունով, նրա բակում էլ մի գավիթ: Նույն բակում իրենք են հանգչում: Նրանց հիշատակն օրհնությամբ լինի, եւ վարձը՝ բյուրապատիկ մեր Քրիստոս աստծուց:

(Սյունիքի պատմություն, Երեւան 1986, էջ 257-258)

Վաղադնի վանքը կամ Որոտնավանքը (ըստ հնագետ Սեդրակ Բարխուդարյանի)

Գտնվում է Սիսիանի շրջանի Վաղուդի գյուղից 2 կմ հարավ, Որոտան գետի ձախափնյա քարափի վրա, Աղուդի-Ուռուտ (հնում` Որոտն) տանող ճանապարհի աջ կողմում:

Վաղատին գյուղի անունը Ստեփանոս Օրբելյանի օգտագործած աղբյուրների մեջ հիշատակվում է առաջին անգամ 906 թ. Տաթեւի վանքի սահմանները հաստատող կալվածագրի մեջ, իսկ պատմագրի ցուցակներում այն Ծղուկ գավառի մեջ է եւ ունի տուրքի 12 չափ:

Գյուղի անունով կոչվող վանքի վայրում, ըստ նույն պատմագրի, հնուց ի վեր եղելէր եկեղեցի Սուրբ Գրիգոր անունով, որը նորոգել կամ նրա մոտ մեկ ուրիշն էլ շինել էր ոմն Ստեփանոս վարդապետ. թեեւ հայտնի չէ, թե եղած շենքերից որն է այդ եկեղեցին, բայց այդ նույն Ստեփանոսի շինարարական արձանագրությունը մի քարի վրա ընկած վիճակում է:

1000 թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտը, իր ամուսին Սմբատի հրամանով, շինում է այստեղ մի եկեղեցի, Սուրբ Կարապետ անունով եւ նրա արեւմուտքում՝ սրահ:

Այս երկու եկեղեցիներից բացի վանքի բակում, դրանց կից զանազան ժամանակներում շինվել են եւս երկու-երեք եկեղեցիներ, սրահ, հյուրատուն, տնտեսական շենքեր, գոմեր եւ այլն:

Իսկ Սուրբ Կարապետ եկեղեցու հարավում, բակի մեջ, կանգնած է կոթող-գավազան-սյուն, Տաթեւի օրինակով, բայց քիչ փոքր:

Այս բոլոր շինությունները շրջապատված են եղել բարձր պարիսպներով:

1931 թ. երկրաշարժի հետեւանքով հուշարձանները մեծ վնաս են կրելՎանքի դիմացը, Որոտանի աջ ափին, մի բարձր ժայռագագաթի վրա գտնվում են Սյունիքի նշանավոր բերդերից մեկի՝ Որոտնաբերդի ավերակները:

Այդ երկու նշանավոր վայրերի անունով 14-րդ դարից շրջակայքը կոչվել է Որոտն գավառ եւ վանքն էլ՝ Որոտնավանք:

Վաղուդի գյուղում է ծնվել միջնադարյան նշանավոր մտավորական-փիլիսոփա Հովհաննես Որոտնեցին, որը վերը նշված պատճառով՝ փոխանակ Վաղադնեցի՝ Որոտնեցի է կոչվում:

(Դիվան հայ վիմագրության, 2-րդ հատոր, էջ 99)

Վանքի վիմական արձանագրություններից մի քանիսը (ըստ Սեդրակ Բարխուդարյանի)

285. Երեսպատման քարի վրա՝ ընկած ս. Կարապետ եկեղեցու արեւմտյան պատի տակ. ԵՍ ՍՏԵՓԱՆՈՍ ՀԻՄՆԱՐԿԵՑԻ: ՆԽ: . . . ԶԵԿԵՂԵՑԻՈՎ ՍՈՒՐԲ:

Քարի նախնական տեղն անհայտ է, հիշատակված եկեղեցու տեղն ուրիշն է շինված հետագայում:

286. Ս. Ստեփանոս եկեղեցու արեւելյան պատուհանի պսակի քարի վրա. ՇԻՆԵՑԱՒ ՀՐԱՄԱՆՈՎ ԹԱԳԱՒՈՐԻՆ ՍՆՊԱՏԱ Ի ՁԵՌՆ ՇԱՀԱՆԴԽՏՈ ԲԱՐԵՊԱՇՏ ԹԱԳՈԻՀՈՅ:

287. Ս. Ստեփանոս եկեղեցու արեւելյան պատի տակ արտաքուստ ընկած երեսպատման քարի վրա. ՎԱՍԱԿ ՈՐԴԻ ՍՆՊԱՏԱ:

288. Սուրբ Կարապետ եկեղեցու արեւմտյան պատին արտաքուստ. ԿԱՄԱԻՆ ԱՅ ՄԵՔ ԲՈՅՐԹԷԼՍ ԵԻ ՊՈԻՂՏԱՅՍ, ՈՐԴԻՔ, ԷԼԻԿՈՒՄԻՆ, ՈՐԴՈ ՏԱՐՍԱԻՃԻՆ, ԵՂԲԱԻՐ ՍՄՊԱՏԱ, ԻՇԽԱՆՔ ՏԱՆՍ ՍԻՍԱԿԱ, ՏԵՍԵԱԼ ԶՁԵՌԱԳԻՐ ՆՈՑԻՆ ԶՈՐ ՇԻՆԵԼ ԿԱՄԵԼՈՎ ԶՎԱՂԻՆՋՈՒՑ ԱՒԵՐԻԱԼ ԵԻ ԶԽԱՂՏԵԱԼ ՎԱՆՍ ՎԱՂԱԴՆՈՒ՝ ՁԵՌՆ ՀԱՒՐ ՄԽԻԹԱՐԱ՝ ՀԱՏԵԱԼ ԷԻՆ ՍԱՀՄԱՆ ԳԵՏՈՎՆ Ի ՇՐՋԱՆԱՔԱՐՆ ԵԻ Ի ՔԱԷԼԻՃՆ Ի ՅԱՅԾԱՂԱԳՆ ԵՒ ՏՎԵԱԼ ՅՒՒՐԵԱՆՑ ՀԱՅՐԵՆԵԱՑՆ ԶԵՐԵՄՍ ԳԵՂ ԵՒ ԶՇԱՄԲԻՆ ՀՈՂՆ ԻՒՐԵԱՆՑ ՍԱՀՄԱՆՈՎ ԵՒ Ի ՇՆՀԵՐ ԶԱՂՈՒՇԱՆՑ ՀՈՂ ԵՒ ԶՋՈՒՐ ԵՒ ԶԱՅԳԻՆ ԱՄԷՆ ՍԱՀՄԱՆաւն եւ խնդրեալ արձանագրել յիշաՏԱԿ ԶՈՐ ԱՆՓՈՅԹ ԱՐԱՐԵԱԼ ԵՀԱՍ ԱՌ ՄԵԶ ԵՒ ՄԵՔ ԿԱՄԵԼՈՎ ԱՐՁԱՆԱԳՐԵՑԱՔ ՎՍ ՅԻշատակի նոցին և վս արևշատութեան ՄԵԶ ԵՒ ԶԱՒԱԿԱՑ ՄԵՐ. ԵՒ ԻՇԽՈՂՔ ՏԱՆՍ ԿԱՐԳԵՑԻՆ Ի ՏԱՐԻՆ ՄԻՆ :Խ: ԱՆԽԱՓԱՆ կատարել: Արդ եթէ ոք ի մերոց կամ յաւտԱՐԱՑ ԶՄԵՐ ՍԱՀՄԱՆԵԱԼ ՏՈՒՐՔՍ ԽԼԵԼ ԿԱՄԻ ԵՒ ԶԳԻՐՍ ԽԱՓԱՆԵԱԼ ՄԵՐ ՄԵՂԱՑՆպարտական լիցի և առաջի ԱՅ ԱՄԱՒԹԵՐԵՍՈՎ. ԵԹԷ ՏԱՃԻԿ ԱՒԱԳ ՓՈԽԻ ԵՒ ՀԱՆԵԼ ԿԱՄԻ ՅՒԻՐ ՄԱՀՄԷՏԷՆ ԱՊԻԶԱՐ ԼԻՆԻ ԵՒ :Ռ:Ռ: ՆԱԼԱԹ առնու. Ի ԹՎ :ՉԿԴ:

291. Սուրբ Ստեփանոս եկեղեցու արեւելյան պատի տակ արտաքուստ ընկած երեսպատման ձեւավոր քարի խաչի շուրջը. ՅԻՇԽԱՆՈՒԹ ՍՄՊԱՏԱՅ ԵՂԲԱԻՐ ՆՈՐԱ ՏԱՐՍԱՅԻՃԻՍ ՈՐ ԿՐԿԻՆ ՆՈՐՈԳԵՑԻ ԶԵԿԵՂԵՑԻՍ ՅԻՇԱՏԱԿ ԻՆՁ. ԵԻ ԾՆՈՂԱՑ ԻՄՈՑ:

297. Սուրբ Կարապետ եկեղեցու սրահի որմնամույթի վրա. ԵԱՍԻՐ ՍԱՐԳԻՍ ՈՐԴԻ ԶԱԶԻԿԻՆ ԱՆԿԵՂԱԿՈԹԵՑԻ ՇԻՆԵՑԻ ԶԳԼՈՒԽ ՍԲ ԿԱՐԱՊԵՏԻՍ ԵԻ ԶԽԱՉՆ ԿԱՆԳՆԵՑԻ ԱԹՈՌԱԿԱԼԻՍ ՇՄԱԻՈՆ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԹՎ. :ՊՁԷ:

(Դիվան հայ վիմագրության, 2-րդ հատոր, էջ 99)

«Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ից

Սուրբ Կարապետ, Սուրբ Կարապետի Ավագ վանք, Կարմիր վանք, Որոտան, Որոտնա Կարմիր վանք, Վաղադին, Վաղադնի վանք, Վաղադնովանք, Վաղաթնի վանք, Վաղանդ, Վաղանդնի վանք, Վաղադնու Սուրբ Կարապետ, Վաղադու վանք, Վաղատին վանք, Վաղտովանք, Վաղատո Սուրբ Կարապետ

Բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, օժանդակ կառույցներից, շրջապարսպից եւ այլն:

Բոլոր շենքերը կառուցված են տեղական բազալտ քարից:

Պահպանվել է նաեւ պաշտպանական պարսպի առանձին հատվածները:

Համալիրի բակում կա ընդարձակ գերեզմանոց:

Եղել է գրչության կենտրոն: Այստեղ օրինակվել են Ավետարաններ, Ճառընտիր եւ ձեռագիր այլ մատյաններ:

Եկեղեցիների պատերին կան 14-15-րդ դարերի արձանագրություններ:

Որոտնավանքը պահում է Հովհաննես Կախիկ վարդապետի համբավը (ըստ Ղեւոնդ Ալիշանի «Սիսականի»)

Ոչ պակաս ահեղագեղ է ձորի բնական տեսքը, «որի միջով ահագին աղմուկով հոսում է Որոտան գետը: Եվ այն ձորը լի է այգեստաններով ու դրախտացած զանազան բուրաստաններով», որ ըստ պատմիչի խոսքի Տաթեւի սահմանում էր, որ այնքան մոտիկ չէ գետին, ինչպես այս Որոտան գյուղը: Սրա մոտ է Վաղադնի վանքը, որ այժմ Կարմիր վանք է կոչվում . այն պահում է Հովհաննես Կախիկ վարդապետի համբավը. այժմ ամայացած է, թեպետեւ մինչեւ վերջին տարիները Մկրտիչ վարդապետ Տեր-Գեւորգյանը խնամքով հսկում է այդ տեղավայրը: Հիշվում են եկեղեցու արձանագրությունները, սակայն տակավին հրատարակված չեն, գոնե համաձայն իմ տեղեկության: Եսայի Նչեցուց՝ Գայլիձորի մեծ վարդապետից հետո անվանի դարձավ նրա աշակերտը, Հովհաննես Որոտնեցին, որ դրվատանքի արժանացավ իր ժամանակակիցների, մանավանդ իր աշակերտի՝ Գրիգոր Տաթեւացու կողմից, ով չի կարողանում նրան հիշել առանց կոչելու մեծ վարժապետ ոչ միայն իր, այլեւ երբեմն նաեւ բոլորի: [Տաթեւացին] գրում է նրան նվիրված ներբող եւ ողբ, ուր նրան չի ճանաչում որպես ծագումով Օրբելյան, այլ «ազատ պայազատ բնիկ հայկազյան, Սիսական տոհմից», իսկ համաձայն բարեմասնությունների «արեւելյան փայլակ, հայկազյան ազգի անստվեր լոյս Հովհաննես՝ բարձրաբարբառ ձայն, Որոտման որդի Աստուածաբան, ուսուցիչների պետ՝ մականվամբ Կախյալ Հիսուսի սիրուց»: Մյուսում հանգավոր չափով, ճոխագույն ճառախոսությամբ դրվատում է այս ձեւով եւ իր իսկ ձեռքով. «Իր ազգի եւ տոհմի ազատներից մեկն էր, պայազատ, քաջատոհմ [սերված] հայոց նախնիներից հայտնաբանության հենց սկզբից՝ տեր լինելով վիճակված Որոտան երկրի: Դրվատելով [ասենք], թէ ճոխացած էր՝ արժանի դառնալով ինձ վիպաբանել բազմաքնին կերպով: Բայց միայն ծաղկի բուրմունքն ընդունելով՝ նրա ծագմանն անտեղյակ չեղա: Հորջորջված է Հովհաննես անվամբ ի սեր Սիրո [Քրիստոսի] մակակոչված Կախյալ եւ Կանխյալ: Նա մտավարժ մանուկ լինելով, տղայահասակ ժամանակ հանդիպելով բարուն, գնում է ամովսածին անվանակից մեծ վարդապետի մոտ ուսանելու: Այնտեղ ուսումնական փնտրտուքների մեջ հոգով եռալով, հմտությամբ աշխատելով իր երկերի վրա, պտղավորվելով ու շատերին զարմանալի երեւալով մրցապայքարի ժամանակ զբաղեցրեց Արիսպագոսի գահը: Խոսքի սպասավորի վախճանից հետո վեհապանծ ընթացքով շրջում էր համալսարանում, որպես վերին [հրեշտակաց] գնդի բովանդակ կամարի վրա [թեւածող] հսկա: Այլեւս չեմ խոսում իշխանների մեջ փառազարդված եւ շուքով մեծարված [լինելու] մասին. ով հաջորդը եղավ Սյունյաց իշխանական տան՝ գերազանցելով փառաց փառքին, որի համար փոքր ինչ ամաչում էր՝ չհպարտանալով դրանով եւ չփափագելով դրան»:

Օրբելյան պատմիչից հետո Սյունյաց եպիսկոպոսների առաջին կարգի մեջ դասվում են Որոտնեցին եւ Տաթեւացին, չնայած գրողն ավելացնում է, թէ նրանք հիշատակվում են ոչ թե եպիսկոպոսների հաջորդականության մեջ լինելու, այլ իրենց գիտության համբավի եւ երախտիքի պատճառով արժանացան դասվելու նրանց թվին: Սակայն Տաթեւացին հետագա տողերով ցույց է տալիս, թե Հովհաննեսն իսկապես հրավիրվել է Սյունյաց աթոռը կառավարելու, բայց հրաժարվել է կամ ակնածանքի կամ գիտական զբաղումներով կամ աղոթքով ծանրաբեռնված լինելու պատճառով, «ով հաջորդը եղավ Սյունյաց տան՝ գերազանցելով փառաց փառքին», որից հետո ավելացնում է. «Ապա դրանից հետո օտար աշխարհում լինելով, Խաղաղության տեսիլքով ուխտավորելու» եւ այլն: Որով ակնարկում է ուխտավորաբար Երուսաղեմում գտնվելը եւ բազում տեղերում շրջելը, ապա Տփղիս (=Թիֆլիս) գնալը, ուր համաձայն ներբողագրի հորդորի, վիճաբանում է քաղկեդոնականների հետ, Վրաց Դավիթ արքայի մահից հետո ուխտավորաբար այցելում է Երուսաղեմ, այնտեղից Սեպուհ լեռ, ուր մնաց մեկ տարի, ապա գնաց Տրապիզոն՝ լինելով կայսերական պալատում, ուր եւս քաջաբար ընդդիմաճառում է ինչպես Տփղիսում, եւ հետո «Հասնում է Սյունիք եւ բազմում աթոռին», ավարտում է Տաթեւի զանգակատան շինութունը, եւ այն ժամանակ գրում կամ խոսում է «Օրհնութիւն նորակերտ շինուածոյ տաճարին եւ զանգակատանն առաքելական աթոռոյ վանից Եվստաթէի, որ է գլուխ եւ աթոռ Սիւնեաց վիճակի ՝ ի բանն, որ ասէ՝ «Տէր ի տաճար սուրբ իւրում»: Ուրիշ հիշատակագիրներ 1378 թ. եւս Հովհաննեսին տեսնում են Սյունյաց վիճակի առաջնորդ՝ գրելով. «Ով ունի Հաղբատի վիճակը եւ սպասաւորն է Սուրբ Նշանի»: Ուրիշ շինություններից եւ բարեկարգումներից հետո մեռնում է 1385 կամ 1386թ. 73 տարեկանում հունվարի վեցին Աստվածհայտնության տոնի օրը, երբ ծնվել էր, ինչը խորհրդանշական են համարում աշակերտները, ինչպես եւ նրա ամենայն ինչը գիտությամբ հանդերձ նաեւ կերպարանքը. «Քաղցր դեմքով, բարձրահասակ, բարետեսիլ, զվարթամիտ եւ ողորմած» եւ այլն, կամ, համաձայն Տաթեւացու, «Մարդկանց որդիների մեջ տեսքով գեղեցիկ, ըստ հարկի նախնի ընտրյալների նման չափավոր հասակով»: Ունայնաբան վեճերից առավել պիտանի պետք է համարել Հովհանի գրվածքները, որոնք բազմաթիվ են եւ առհասարակ Սուրբ Գրքի, Ավետարանների, Սաղմոսների, Պողոս առաքյալի, ինչպես նաեւ՝ Կաթողիկե թղթերի, Եսայու մարգարեության մեկնություններ են, Արիստոտելի փիլիսոփայական երկերի վերլուծություններ, Պորփյուրի, Փիլոնի երկերի լուծմունքներ, զանազան ճառեր ՝ առհասարակ ցամաք, սքոլաստիկ ոճով, ինչը առաջին նախանշանն էր այդ ժամանակ մեր դպրության տկարացման. [երկեր], որոնք սակայն գերազանցում էին հռչակավոր աշակերտի՝ Գրիգորի [երկերին]`իրենց մեղմ ոգով, զգուշավոր շարադրանքով:

Որոտնավանքը՝ Գլաձորի համալսարանի ժամանակավոր հանգրվան

Դա Որոտնավանքի բազմադարյա պատմության ուշագրավ էջերից է

1338 թ. մահանում է Գլաձորի համալսարանի րաբունապետ Եսայի Նչեցին: Կարելի է ասել՝ նրա մահվամբ մահանում է նաեւ միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն Գլաձորի համալսարանը:

Այդ դպրոցը հիմնադրել էր Ներսես Մշեցի րաբունապետը 1282 թ. Վայոց ձոր գավառի Աղբերց վանքում, որը հետագայում մականվանվում է Գլաձորի վանք, իսկ վարդապետարանը՝ Գլաձորի համալսարան:

Նա րաբունապետությունը Եսայի Նչեցուն հանձնեց 1286-ին, որի մահվանից հետո համալսարանը տեղափոխվեց Հերմոնի վանք, այնուհետեւ Որոտնավանք (մինչեւ Տաթեւում հիմնավորվելը):

Որոտնեցու գլխավորած այդ համալսարանը Որոտնավանքում մնում է մինչեւ 1384 թիվ:

Այնուհետեւ (1386 թ.) Որոտնեցին հաստատվում է Երնջակի Ապրակունյաց վանքում, որտեղ էլ մահանում է նույն տարում:

Որոտնավանքի բուժական խորհուրդը

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ «Այն բուժում էր թունավոր օձերից խայթվածներին, ինչպես որ Փարպու եկեղեցին է բուժում մարդու եւ անասունի անբուժելի կատաղի ցավը: Այստեղ հենց այժմ էլ տեսնում ենք անպատմելի հրաշքներ. թունավոր (զեռուններից) խայթված, սեւացած ու պայթելու աստիճան ուռածներին հանում են բարձրադիր լեռները, ցույց են տալիս վանքը եւ կամ եկեղեցուց մի քիչ հող են հասցնում, մակարդված թույնն իսկույն քայաքայվում է, ու հիվանդը՝ բուժվում»:

Մեկ այլ խնդրով էլ մարդիկ այցելում էին Որոտնավանք, ինչի մասին հիշեցնում է Ստեփան Լիսիցյանը (Զանգեզուրի հայերը, Երեւան 1969, էջ 200). «Մանկության հասակից մեծացած լինելով այն հասկացությամբ, որ ամուսնացած կինը ամլությունը համարում էր մեծագույն արատ եւ դժբախտություն եւ ընկնում էր այս կամ այն սրբի դուռը «աստծու պատժից» ազատվելու համար: Գնում էր Տաթեւ եւ Որոտնա վանքը, այնտեղ շարժվում սյունի առջեւ մոմ վառում եւ սյուները համբուրում՝ հայցելով իրեն զավակ բախշել»:

Որոտնավանքը՝ խոշոր կալվածատեր

Ահա, թե ինչ է գրում այդ կապակցությամբ Գրիգոր Գրիգորյանը «Սյունիքի վանական կալվածատիրությունը 9-13-րդ դարերում» գրքում. «Որոտնավանքը խոշոր կալվածատեր է դառնում Օրբելյանների իշխանության տարիներին: Սուրբ Կարապետ եկեղեցու արեւմտյան պատին 1315 թ. փորագրված արձանագրության մեջ Տարսայիճ իշխանի թոռները՝ Բուրթելն ու Պուղտան հիշատակում են, որ իրենք վերահաստատում են վանքի ունեցած նախկին կալվածքները:

Վաղադնո վանքը նախկինում ունեցել է սեփական գյուղեր, այգիներ եւ այլ հողատարածություններ ոչ միայն իր շրջակայքում, այլեւ Շնհեր գյուղում:

Նախորդից 11 տարի հետո փորագրված մեկուրիշ արձանագրությունից իմացվում է, որ հիշյալ վանքը ունեցել է իր սեփական պանդոկ-հյուրանոցը, ինչպես նաեւ անասնագոմեր»:

Սրբավայրի ճարտարապետությունը. դիտարկումներ

  • Ս. Մնացականյան, «Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը» (Երեւան 1960, էջ 74). «Վանական կոմպլեքսի հիմնական կառուցվածքները տեղաբաշխված են արեւմուտքից արեւելք ձգված մի ուղղանկյուն բակի պարագծով, ընդ որում հյուսիսային եւ արեւելյան կողմերում բարձրանում են պաշտամունքային կառուցվածքներըՇահանդուխտի կառուցած թաղածածկ եկեղեցու հատակագծային կոմպոզիցիան համարյա թե նույնությամբ կրկնում է                  Կոթավանքի եւ Մաքենացոց վանքի համաչափությունները, եթե չհաշվենք արեւելյան ավանդատների աբսիդների         բացակայությունը եւ գմբեթակիր կամարների հատման հանգույցներում Է որմնասյունների առկայությունը: Կառուցվածքը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում շինարարական տեխնիկայի տեսակետից: Այն ժամանակ, երբ նույն այդ դարաշրջանի համարյա թե բոլոր հուշարձաններում հնարավոր չէ ոչ մի տարբերություն նկատել էքստերյերի եւ ինտերյերի երեսապատման քարերի մշակման միջեւ, այստեղ, Որոտնավանքում խիստ նկատելի է այդ տարբերությունը, եւ հենց այն հանգամանքը, որ ինտերյերում քարերը մշակված են շատ ընդհանուր գծերով՝ կասկած չի մնում, որ հենց սկզբից էլ այն հաշված է եղել սվաղով ծածկելու համար: Սվաղի մնացորդները, նրա վրա պահպանված որմնանկարների հետքերով, կարելի է տեսնել մի շարք տեղերում., ընդ որում նրանք առավել ուշագրավ են հյուսիսային աբսիդում, որտեղ 1,30 մ տրամագիծ ունեցող շրջանի երկնագույն ֆոնի վրա պատկերված են մանիշակագույն աստղեր, իսկ շրջանի կենտրոնում մի հրեշտակ»:
  • Վարազդատ Հարությունյան, «Հայկական ճարտարապետության պատմություն» (Երեւան 1992, էջ 218). «Որոշ հատկանիշներով (թաղակապ սրահների առկայության) Որոտնավանքն ունի Սյունիքի ճարտարապետական դպրոցին բնորոշ ընդհանրական գծեր, իսկ գործադրված շինարվեստի տեսակետից նման է Սեւանա կղզու եւ Հայրավանքի եկեղեցիներին»:
  • Ալեքսանդր Մանուչարյան, «Քննություն Հայաստանի IV-XI դարերի շինարարական վկայագրերի» (Երեւան 1977, էջ 127). «Հայ ճարտարապետության մեջ այս տիպի վերջին շինությունը Որոտնավանքն է: Վանական շինությունների խումբը բաղկացած է՝ եռախորան եկեղեցուց, նրա արեւմտյան կողմում կառուցված սրահից, հյուսիս-արեւմտյան կողմի թաղածածկ եկեղեցուց, վերջինիս հարավային կողմի սրահից, արեւմտյան կողմի սրահից, գավթից, հարավային կողմի փոքրածավալ մի եկեղեցուց եւ այլն, հավանաբար կոմունալ բնույթի շինություններից:

Շինարարական աշխատանքներն այստեղ կատարվել են երեք հիմնական փուլերով՝ ա) Հնագույն՝ IV դարի լուսավորչաշեն եկեղեցի, բ) Շահանդուխտ իշխանուհու շինությունները եւ գ) Սեւադայի եկեղեցին, որի մասին Ստեփանոս Օրբելյանը նկարագրում է մեծ հիացմունքով, ընդգծելով նրա գմբեթակիր լինելը եւ արեւմտյան կողմի սրահ-գավթի առկայությունը:

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Ստեփանոսը նորոգել է Լուսավորչի շինած եկեղեցին

Սերո Խանզադյանը Որոտնավանքի մասին (Հայրենապատում, Գիրք Ա)

1930թ., սեպտեմբեր

Եկանք Սիսիանի շրջանի Վաղուդի գյուղը:

Մեծ ճանապարհից թեքվեցինք ձախ ու իջանք Զորզոր գետակի կիրճը: Ժայռեր են՝ ժայռերի տակ գյուղը

 Վաղուդին ինտերնացիոնալ գյուղ է:

Ադրբեջանցիները եկել են Մուղանի կողմերից, հայերը՝ 1918 թվականին, մի մասը Մինքենդ գյուղից, որոնց այդ թվին մուսավաթականները կոտորել են, մի մասն էլ՝ Սիսիանի շրջանի Ախլաթյանից, Լծենից, Լորից, Գորիսի շրջանի Յայջի գյուղից:

Վերեւից երեւում է Վաղատնավանքը՝ բարձրագնա գմբեթով

1946թ., օգոստոս

Աղմկոտ գետակ է Զորզորը: Դեռ մի լավ չզվարճացած, կուլ է գնում Որոտան ամեհի գետին: Նրա ակունքների գլխին ուղիղ ու բարձր քերծեր են կախված՝ միակտուր ու միազանգված, լանջերին արհեստական քարայրեր՝ շատ-շատ. Հին Զորզոր գյուղի պնդոց տներն են: Մարդիկ պարաններով են ելուվար արել այդ այրերը: Հիմա այդ քարայրերի մեջ արծիվներ են բնակվում

Զորզորի աջափնյա ժայռի վրա է Վաղուդի գյուղը՝ քարեղեն հյուսվածքի մի սքանչելիք:

Ուրիշ հրաշք էլ ունի Վաղուդին՝ Վաղատնի վանքը, որ գյուղից մի քիչ ցածր է, կառուցված հանուն Ստեփանոս Նախավկայի:

Գյուղը շատ հին է, հիշվում է հազար տարի առաջ: Ավերվել է 1590-ական թվականներին՝ օսմանյան թուրքերի ներխուժման ժամանակ:

1923 թվականին, խորհրդային իշխանության օգնությամբ, 60 անտուն ու թափառական ընտանիք հավաքվել են այստեղ՝ ավերակների վրա ու ծուխ ծխեցրել:

1954թ., փետրվար

Վաղուդի գյուղի անունը Վաղատնի ձեւով հիշվում է 906թ. Տաթեւի մի արձանագրության մեջ: Ապա 1000 թվականին, երբ Սյունյաց թագուհի Շահանդուխտն իր թագավոր ամուսնու՝ Սմբատի համաձայնությամբ կառուցում է Վաղատնի վանքը, շրջապատում պարիսպներով, գետնի տակով Զորզորից ջուր բերում նրա գավիթը: Երանելի թագուհին իր կամքով թաղված է իր ձեռակերտ վանքի գավթում:

Այս գյուղացի էր նաեւ Որոտնեցին՝ որդին Իվանե մեծ իշխանի, ծնված 1315թ.:

Այստեղ, 1386 թվականից առաջ, Գրիգոր Տաթեւացին լատիներենից թարգմանել է Պետրոս Արագոնացու «Գիրք Առաքինութեանց» եւ նվիրել է իր ուսուցչապետ Հովհան Որոտնեցուն:

Տաթեւացու աշակերտներից էր նաեւ «Գալուստ ի Վաղընդու»- այսինքն այս գյուղացի:

Շրջում եմ գյուղում եւ մտածում, թե այս այրավանի ո՞ր ժայռի վրա է իր հոր պալատ-տանը ծնվել Որոտնեցին, որ դարձավ «փայլակն արեւելեան եւ լույսն անստվեր ազգիս Հայկազուն»:

1954թ., սեպտեմբեր

Թովմա Մեծոփեցի պատմիչը գյուղիս անունը Վաղանդն է գրում 1407թվին:

1410թ. գրիչ Եզեկիել Որոտնեցին այստեղ մի ճաշոց է գրչագրել:

Մեծոփեցին հիշատակում է նաեւ Գալուստ Վաղանդնեցի ուսուցչին:

Վաղատնի գյուղը (ըստ Շչորս Դավթյանի)

Սյունիքի հնագույն եւ նշանավոր գյուղերից է: Գտնվում է Զոր-զորի աղբյուրներ խմբի աջակողմյան բարձունքի վրա՝ Սիսիանից 15 կմ արեւելք:

Վաղատնին Սիսիանի պատմաաշխարհագրական, ռազմաքաղաքական եւ հոգեւոր-մշակութային դիմագիծը որոշող գյուղերից է:

906 թվականին, երբ ավարտվում է Տաթեւի վանային համալիրի շինարարությունը, մայր եկեղեցու նավակատիքին (օծման հանդիսավոր արարողությանը) գալիս են Սյունյաց Հայկազուն իշխանները, կրոնական առաջնորդները եւ ինքը՝ Հայոց թագավոր Սմբատ Բագրատունին: Նրանց ներկայությամբ կազմվում է Տաթեւի շրջակա սահմանների վավերագիրը: Այդ փաստաթուղթը, որ կնքում են թագավորը եւ մյուս մասնակիցները, մի շարք պայմանների հետ ազդարարում է հետեւյալը. «Եվ այսուհետեւ հավիտենաբար սրանք պիտի լինեն Տաթեւի այս սուրբ ուխտի սահմանները: Ոչ ոք չհամարձակվի սրան հակառակվել՝ ոչ բաղացիները, ոչ որոտնեցիները, ոչ վաղատնեցիները, ոչ շնհերցիները, ոչ նորիքցիները» (Ստեփանոս Օրբելյան, էջ 213):

Մի՞թե սա չի ապացուցում այն ճշմարտությունը, որ այդ ժամանակ Սյունիքում եղած 1008 գյուղերից ամենահեղինակավորները հենց այս հինգ բնակավայրերն էին, որոնք կարող էին նույնիսկ հակառակվել թագավորական որոշումներին:

Վաղատնիի մասին բավական հիշատակություններ են պահպանվել, որ նա եղել է Որոտշահերի, իսկ հետագայում՝ Օրբելյանների ոստանը:

Այդ գյուղում է ծնվել միջնադարի խոշոր մտածող, կրոնական գործիչ, մանկավարժ Հովհան Որոտնեցին (1315-1388):

Գյուղի վրա, անշուշտ, հսկայական է եղել նաեւ նրա հարեւանությամբ ծաղկող Որոտնավանքի ազդեցությունը, որը Օրբելյանների օրոք Որոտան ենթագավառի կրոնական եւ մշակութային կենտրոնն էր: Եվ քանի դեռ Օրբելյաններն իրենց ձեռքում էին պահում իրենց իշխանությունը Սյունիքում, Վաղատնին բարգավաճում էր:

Հետագա տարիներին եւ հատկապես Լենկ-Թեմուրի արշավանքների ընթացքում Վաղատնին Սիսիանի բազմաթիվ գյուղերի նման ավերվեց, թալանվեց ու գերեվարվեց: Ու թեեւ գյուղը մինչեւ 15-րդ դարի վերջը մնում էր որպես Որոտնավանքի հենարանը, սակայն նախկին հզորությունը չուներ: Այդ տարիներին մենք Գրիգոր Տաթեւացու նշանավոր սաների մեջ տեսնում ենք Գալուստ Վաղատնեցուն եւ Հակոբ Վաղատնեցուն

Հայ մատենագրության մեջ հայտնի է Ավետ Որոտնեցի գրիչը, որը 17-րդ դարի կեսերին մի շարք ձեռագիր մատյաններ է ընդօրինակել Տաթեւում եւ Որոտնավանքում: Քանի որ այս երախտավորը եղել է աշխարհական, ապա նա ծնված պիտի լիներ Որոտան կամ Վաղատնի գյուղում, որպեսզի վերցներ Որոտնեցի մականունը: Սակայն, ցավոք, իր կազմած մատյանների հիշատակարաններում եւս ինչպես այդ, այնպես էլ վերոհիշյալ գյուղերի հայ բնակչության մասին ոչինչ չի նշում: Նրա հայտնի գործերից Մատենադարանում պահվում են Շարակնոց (1650 թ., ձեռագիր 4304), Սաղմոսարան (1650 թ., ձեռագիր 4663), Ժողովածու (1645 թ., ձեռագիր 7013), Շարակնոց (1655 թ., ձեռագիր 1628), Ժողովածու ( ձեռագիր 1924) եւ այլն:

Վաղատնիի թուրքաբնակ դառնալու ստույգ ժամանակը մեզ հայտնի չէ: Պետք է ենթադրել, որ Դավիթ Բեկի կողմից Որոտնաբերդի գրավումից առաջ այդտեղ արդեն մեծ թվով թուրքեր էին ապրում: Թերեւս այդ պատճառով էլ Դավիթ Բեկի ազատագրական այդ առաքելության միջոցով տեղական թուրքերի բնաջնջումից հետո անգամ, այդ հատվածի գյուղերում նորից թուրքեր հայտնվեցին:

Այնուհետեւ Վաղատնին Զորավար Անդրանիկի օգնությամբ բնակեցվեց մոտակա հայկական գյուղերից եկած ընտանիքներով: Սակայն խորհրդային տարիներին թուրքերի մի մասը նորից վերադարձավ այստեղ, եւ գյուղը բաժանվեց երկու համայնքի:

1988-89 թթ. Վաղատնին վերջնականապես մաքրվեց թուրքերից, որտեղ տեղացիների կողքին բնակություն հաստատեցին մի քանի հարյուր բռնագաղթվածներ:

(Սիսիանի բնակավայրերի պատմությունը, Երեւան 1997, էջ 79)

Հ.Գ. 1

Վաղատին գյուղի եւ Որոտնավանքի մերձակայքով հոսող Զորզոր գետակը՝ Որոտանի ձախակողմյա վտակըԾործոր գետակն է (ադրբեջանցիներն են Զորզոր անվանել): Սկիզբ է առնում Իշխանասարի լանջերից, հորդաբուխ աղբյուրներից եւ մայր գետին է միանում վանքի արեւելյան կողմում:

Հ.Գ.  2

Դեռեւս խորհդային տարիներից Որոտնավանքի վերականգնող ճարտարապետն էր Աշոտ Հովսեփյանը:

Նրա մահվանից հետո այդ գործը շարունակեց որդին՝ Հրանտ Հովսեփյանը, ով Որոտնավանքի վերականգնման նախագծի համահեղինակն է:

Ըստ Հրանտ Հովսեփյանի, ում հետ  զրույց ունեցանք, խորհրդային տարիներին կիսատ էր մնացել սրբավայրի վերականգնման ծրագիրը, որը շարունակվեց եւ ավարտին հասցվեց 2016 թ.:

Սակայն չբարեկարգվեց շրջակայքը: Կատարաված աշխաանքներն այդ իսկ պատճառով կիսատության տպավորություն են թողնում:

Խնդիրներ կան որմնանկարների վերականգնման գործում:

Անշուշտ, խնդիրներ կան նաեւ շինարարական աշխատանքների թերություններով պայմանավորված:

Իսկ շրջակայքի, բակի բարեկարգումից առաջ պետք է հնագիտական եզրակացություն արվի, ինչը, բնականաբար, պեղումներ է ենթադրում: Նախկինում էլ՝ վերականգնման աշխատանքների սկզբնական փուլում, այնտեղ պեղումներ են կատարվել, բայց չգիտեմ՝ որքան շրջանակ է ընդգրկվել:

 

Պատրաստեց Սամվել Ալեքսանյանը

Լուսանկարները` Նոննա Միրզոյանի, Արամ Դավթյանի եւ «Սյունյաց երկրի»

 

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34