Թե ինչ որակ ունի սահմանապահ Խոզնավարին մատակարարվող խմելու ջուրը. և ոչ միայն այդ մասին

05.04.2022 15:52
4035

Խմբագրությունը  վերջին օրերին սահմանապահ Խոզնավարից  ահազանգեր է ստանում գյուղի խմելու ջրի որակի վատթարացման մասին, ինչը  պայմանավորված է ձյան առատ տեղումներին  հաջորդած ձնահալքով:

Խոզնավարցիներին, սակայն, մտահոգում է ոչ միայն խմելու ջրի՝ կեղտաջուր հիշեցնող վիճակը:

Սահմանապահ գյուղի բնակիչներին անհանգստացնում են նաև անվտանգությանն առնչվող հարցերը, ինչպես և Խոզնավար – Վերիշեն ճանապարհի գրեթե անանցանելի վիճակը, որը, բազմաթիվ խոստումներից հետո անգամ, չի բարելավվում:

Խոզնավար գյուղի բնակիչներին մտահոգող հարցերին առավել հանգամանալից ծանոթանալու համար զրուցեցինք  գյուղի բնակիչ  Հրայր Ալավերդյանի հետ:

- Հարգելի Հրայր, նախ՝ կուզենայինք իմանալ, թե  գյուղը քանի՞ տեղից է խմելու ջուր ստանում և որտե՞ղ են գտնվում ջրաղբյուրները:

- Գյուղը խմելու ջուր է ստանում մեկ տեղից, ավելի ստույգ՝  տարբեր տեղերից ջուրը հավաքվում է մի ջրամբարի մեջ, որտեղից խողովակաշարով հասնում է գյուղ:

Ապրիլի 1-ից հետո՝ ձնհալի հետևանքով, գյուղ հասնող խմելու ջուրը պղտորվել է՝ դարձել  ցեխախառն:

Ասեմ, որ գյուղի խմելու ջուրը սկիզբ է առնում Սև լճի ներքին հատվածից: Տղերքը եղել են այնտեղ և պարզել՝  ակունքի հատվածում է պղտորումը տեղի ունենում ու  լցվում ջրամբարի մեջ:

-  Ջրամբարը, որից սկիզբ է առնում գյուղի խմելու ջուրը, մեր վերահսկողությա՞ն ներքո է, թե՞ ոչ:

- Աջ և ձախ կողմերում մեր դիրքերն են  տեղակայված. այդպես է Սև լճի շրջանում տեղի ունեցած  հայտնի իրադարձություններից հետո:

Այլ բան է  հուզում մեզ. գյուղում կան ծերեր, երեխաներ, իսկ խմելու ջուրն ամբողջապես ցեխաջուր է և ավելորդ է խոսել դրա՝ սանիտարական նորմերին համապատասխան լինելու մասին: Բանն այն է, որ երկար ժամանակ խողովակների փոխման կամ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Խողովակաշարը, որ անցկացվել էր խորհրդային տարիներին, մի մասը մետաղյա է, մյուս մասը՝ ասբեստից: Վերջին այս հատվածը փոխել են մոտ տասը տարի առաջ, իսկ մետաղյա հատվածը մնում է:

- Իսկ ի՞նչ է արվում  ստեղծված վիճակը փոքրիշատե շտկելու համար:

- Ընդամենը գյուղից մի քանի հոգի բարձրացել, ուսումնասիրել են տարածքը, տեսել, որ այդտեղ ահագին ձյուն է նստել, և ձնհալը կարող է  առնվազն մի ամիս տևել: Իսկ  եթե անձրևներ սկսեն, վիճակն ավելի կբարդանա: Այս պահի դրությամբ՝ ջրի հետ հող է գալիս, երբ ջուրը լցվում է բաժակի մեջ, պարզորոշ դա երևում է...

- Որպես այդ տարածքին ծանոթ և տեղյակ անձնավորություն, ի՞նչ ելք եք առաջարկում:

- Ելքն այն է, որ ջրակունքը մաքրվի, մինչև ջրամբարի հատվածը կարգավորվի, որ ձնհալից առաջացած ցեխաջրերը չխառնվեն խմելու ջրին: Երկրորդ՝ խողովակաշարի մի հատվածում վնասվածք կա, ջուր է  թողնում այդ տեղից: Որոշ  տեղերում էլ խցանումներ կան, եթե հնարավոր է՝ այդ հատվածները պիտի հիմնանորոգել:

- Գյուղին մատակարարվող խմելու ջրի հիմնախնդիրն արդեն պարզ է, իսկ ինչպե՞ս եք գնահատում բնակավայրի անվտանգությունը:

- Կարծում եմ՝ 23 հատվածում տեսախցիկներ պիտի տեղադրվեն: Սյուներ են բերել, այդ հարցը օրերս կլուծվի: Չեմ ուզում մանրամասնել, բայց անվտանգության խնդիրը մեր տեսադաշտում  պիտի լինի միշտ:

- Գյուղի վարչական տարածքից կա՞ն հատվածներ, որ ադրբեջանական  կողմն է վերահսկում 2020 թ.  դեկտեմբերի 18-ից հետո :

- Սև լճի հատվածում նման բան կա... Ասում են՝ 250-300 հեկտար՝ խոտհարք և արոտավայր: Ճիշտ է՝ արոտներն այդքան չեն օգտագործվել նախկինում, բայց խոտհարքից գյուղի բնակիչներն օգտվում էին, մինդեռ  անցյալ տարվանից այլևս դա հնարավոր չէ:

- Մեզ հետաքրքրում է Վերիշենից Խոզնավար ձգվող ճանապարհի խնդիրը. այն կառուցվել է 1980-ական թվականներին և վերջին տարիներին դժվարանցանելի էր դարձել: Այդ ճանապարհը բարեկարգվե՞լ է, թե՞ շարունակում եք Գորիս այցելել Խնածախով:

- Ոչ մի աշխատանք չի կատարվել: Բացարձակապես: Հիմա ավելի սարսափելի վիճակում է: Այս վերջին ձնհալից հետո փոսերն ավելի են խորացել: Բայց քանի որ այդ ճանապարհը եռակի անգամ կարճ է՝ Գորիս հասնելու համար, շարունակում ենք օգտվել դրանից: Այդ ճանապարհից են օգտվում նաև Վաղատուրի բնակիչները, որոշ դեպքերում՝ խնածախցիները:

- Ուրիշ ի՞նչ հուզող խնդիր ունի խոզնավարցին:

- Հիշում եք, որ 2021 թ. նոյեմբերի 16-ին հակառակորդը գրոհ ձեռնարկեց Սիսիանի ուղղությամբ: Նրանց հրետանին աշխատում էր մեր գյուղի վերևից: Հրետանային համազարկերի ձայնը պարզ լսվում էր մեր գյուղում, ինչը չէր կարող որոշ անհանգստություն չառաջացնել բնակչության շրջանում՝ առայսօր... Բանն այն է, որ գյուղի դպրոցն ապաստարան չունի, որտեղ 60-ից ավելի մարդ է հաճախում՝ մանկավարժ, դպրոցական, տեխնիկական աշխատող: Դպրոցին կից տարածքում այդ գործը կարելի է նախաձեռնել: Թուրքին վստահել չկա, ցանկացած պահի կարող է սադրանքի դիմել...

- Որքանով հայտնի է, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղամերձ քարանձավներն էիք օգտագործում    պատսպարվելու համար:

- Այո, 1990-ականներին օգտագործել ենք, բայց հիմա ո՞ր դարում ենք ապրում, ամեն ինչով հագեցած ապաստարան է անհրաժեշտ գյուղին:

2021-ի նոյեմբերի 16-ին, երբ հակառակորդի հրետանին սկսեց աշխատել, զանգահարեցի դպրոց և հորդորեցի, որ երեխաներին ազատեն պարապմունքներից...

- Ուրիշ ի՞նչ կավելացնեիք ասվածին:

- Խոզնավարից Վաղատուր ճանապարհն ամբողջապես դիտարկվում է հակառակորդի կողմից:

 Ունենք այլընտրանքային ճանապարհ, որի վրա հողային աշխատանքներ պիտի կատարվեն: Այն  բարեկարգելու դեպքում մեծամասամբ ճանապարհն ապահով կդառնա: Այդ ուղղությամբ առաջնահերթ միջոցներ պիտի ձեռնարկել...

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

Հ.Գ.

Հրայր Ալավերդյանը խմբագրությանն է տրամադրել նաև տեսանյութ՝ գյուղին ներկայումս մատակարարվող խմելու ջրի վիճակն արտացոլող, որը ներկայացնում ենք ստորև:

 

 

Բաքվում ավարտին է մոտենում Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը». մանրամասներ

16.12.2025 21:52

Հայաստանում զինծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

16.12.2025 17:19

«ՌԴ դիվանագետներն այցելել են Սամվել Կարապետյանին»․ Կալուգին

16.12.2025 16:55

Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումը դուրս է բերվում ՀՀ բացառիկ իրավասությունից և տեղափոխվում է արտաքին պայմանագրային ու կառավարչական դաշտ. քաղաքագետ

16.12.2025 16:43

Իրանը և Հայաստանը քննարկել են հաջորդ տարվանից ներմուծվող էլեկտրաէներգիայի ավելացման հարցը

16.12.2025 16:21

250 մլն-ով քանի՞ արցախցի ընտանիքի բնակարանային հարց է լուծվելու, նախօրոք հաշվարկ արե՞լ են

16.12.2025 16:07

Քննարկվել է արցախցիների բնակապահովման համար 250 մլն․ վարկը

16.12.2025 16:06

Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնшտիրություն. Արմեն Աշոտյան

16.12.2025 16:01

«Մեր դիրքորոշումը հայտնի է». ԱԳՆ-ի արձագանքը «Թրամփի ուղու» մասին Վելայաթիի կոշտ հայտարարությանը

16.12.2025 15:23

Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը

16.12.2025 14:18

Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը դեմ է դրան․ Ալի Աքբար Վելայաթի

16.12.2025 12:54

2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի ավելի շատ հավելավճար

16.12.2025 12:38