Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյան. «Մեզ համար չկա վատ եղանակ, չկա դժվարին իրավիճակ, մեզ համար կա առաջնային շփման գիծ, որը գտնվում է հուսալի ձեռքերում»

25.12.2015 12:31
3903

Հայոց պետական սահմանին տիրող իրավիճակի, ազգային բանակի մարտունակության, առաջիկա մարտահրավերների մասին է զրույցը ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հետ:

Այցեքարտ

Անդրանիկ Մակարյան. ծնվել է 1966թ. մայիսի 12-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը` ծառայել է խորհրդային բանակում` ժամկետային զինծառայող: Ծառայությունից հետո ընդունվել է Մոսկվայի սահմանապահ զորքերի ռազմաքաղաքական ուսումնարանը, որն ավարտելուց հետո նշանակվել Անդրկովկասյան սահմանապահ օկրուգի Հոկտեմբերյանի սահմանապահ ջոկատի ուղեկալի պետի տեղակալ: Արցախյան պատերազմը սկսվելուց հետո մի խումբ սպաների հետ տեղափոխվել է հայկական բանակ, մասնակցել ե՛ւ բանակաշինությանը, ե՛ւ մարտական գործողություններին: 1994թ. զինադադարից հետո ծառայելով որպես գնդի հրամանատարի տեղակալ՝ ընդունվել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա եւ ավարտել 1998թ.: Նշանակվել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, որից հետո Արարատի Վազգեն Սարգսյանի անվան առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատար, այնուհետեւ՝ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ: 2006թ. ընդունվել է ՌԴ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա եւ գերազանցությամբ ավարտելուց հետո նշանակվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: 2010թ. ստացել է գեներալ-մայորի կոչում եւ նշանակվել Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: 2013 թվականից 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն է:


- Պարո՛ն Մակարյան, Դուք ղեկավարում եք Հայաստանի Հանրապետության սահմանի՝ ռելիեֆային առումով ամենաբարդ, այսպես ասած, նախիջեւանյան հատվածը: Գնահատեք, խնդրեմ, սահմանի օպերատիվ-մարտավարական վիճակը:

- Ձեր նշած հատվածում օպերատիվ-մարտավարական վիճակը գտնվում է հուսալի եւ վստահ ձեռքերում, որովհետեւ հատկապես վերջին մի քանի տարվա ընթացքում արել ենք ամեն ինչ, որ շփման գծի անվտանգության հուսալիությունը լինի մի քանի անգամ ավելի բարձր ե՛ւ մարդկային ռեսուրսի, ե՛ւ ինժեներական, ե՛ւ սպառազինության ու տեխնիկայի տեսանկյունից: Ամեն քայլ ձեռնարկել ենք, որ ցանկացած իրավիճակում ունենանք հուսալի պաշտպանություն, իսկ հուսալի պաշտպանությունը վստահ հարձակումն է: Վստահ հարձակում, որովհետեւ մեր դիմաց պատմական Նախիջեւանն է, որտեղ մեր հարեւան իշխանություններն արեցին ամեն ինչ, որ հայի հետք չմնա: Ի նկատի ունեմ այն վայրագությունները, որոնց հետեւանքով ոչնչացվեցին 4500 տապանաքար, 23 հազար գերեզմանաքար ու խաչքար, 281 եկեղեցի, մեծ քանակությամբ բնակատեղիներ. մենք ինչպե՞ս կարող ենք ներել նրանց: Դեմ դիմաց մեր պատմական հայրենիքն է, որի գաղափարը պիտի լինի մեր գիտակցության մեջ, եւ դա մատուցենք ապագա սերունդներին՝ այն ազատագրելու նպատակով:

- Այս տարվա գարնանը բավականին մեծ աշխատանք կատարվեց Սյունիք-Նախիջեւան սահմանի դիրքերը բարելավելու ուղղությամբ, որտեղ, մարտերի ժամանակ զոհ ունեցանք, բայց դրա հետ միասին հակառակորդին ջարդեցինք բառիս բուն իմաստով՝ պատճառելով մեծ վնաս: Պետական սահմանը Նախիջեւանի ուղղությամբ ամբողջովին վերականգնվա՞ծ է, թե՞ եղանակային պայմանները կարող են խնդիրներ առաջացնել նորից:

- Մեզ համար չկա վատ եղանակ, չկա դժվարին իրավիճակ, մեզ համար կա առաջնային շփման գիծ, որը գտնվում է վստահ եւ հուսալի ձեռքերում, որը վերջին տարիներին ամրապնդվել է, եւ ստեղծված են բարենպաստ պայմաններ հետագա գործողությունների համար:

- Վերջին շրջանում աշխարհի մասշտաբով ռազմաքաղաքական իրադարձությունները Թուրքիայում եւ հատկապես Ադրբեջանում ակտիվություն առաջացրին. պատերազմի հռետորաբանությունն է շատացել: Ինչպե՞ս են ընկալվում զինվորների շրջանում, բարձր սպայական կազմում այդ հոխորտանքները, թշնամու կողմից պատերազմի վերսկսման ակտիվ քարոզը:

- Եթե կա աշխարհում մի բանակ, որ 21 տարի անընդմեջ, գիշեր-ցերեկ գտնվում է խրամատներում, կրակոցների տակ, դա մեր բանակն է: Մեզ համար սահմանի լարվածությունը սովորական երեւույթ է եւ պետք չէ դրանից անհանգստանալ: Սա մեր հայրենիքն է, որտեղ պիտի ապրենք, կռվենք, կրակենք եւ վնասենք մեր հակառակորդին այնքան ժամանակ, մինչեւ ինքն իրեն կարգի չհրավիրի: Եթե չկան այդ պայմանները, ուրեմն մեր թշնամուն պետք է նայել միայն զենքի նշանոցով. այլընտրանք չունենք, սա է մեր լինելիության միակ ճանապարհը: Թե ինչ կլինի ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական ասպարեզներում, զինվորականներիս համար ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի: Դարեր շարունակ պետականություն չունենալուց հետո մեր պատմական հայրենիքից գոնե մի փոքրիկ հողակտոր կարողացել ենք մայր հայրենիքի գիրկը վերադարձնել, եւ մեր խնդիրն այն պահպանելն ու հետագա սերունդներին արժանապատվորեն փոխանցելն է: Մնացած ոչ մի խնդիր մեզ չի վերաբերում, պետք է ապրել, արարել ու կռվել…

- Ինչպե՞ս եք վերաբերվում ադրբեջանցիների` ռազմատեխնիկական առումով մեզանից իբր առավել լինելու անվերջ հնչող հայտարարություններին:

- Երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, խորհրդային 7-րդ գվարդիական բանակը գտնվում էր ՀՀ տարածքում, 4-րդ բանակը` Ադրբեջանի տարածքում: 7-րդ բանակից մեզ բաժին են ընկել ընդամենը մեկուկես մոտոհրաձգային դիվիզիայի սպառազինությունն ու  տեխնիկան, որը կարող էր օգտագործել մոտ 18-20 հազար մարդ: Ադրբեջանին բաժին հասավ 6 մոտոհրաձգային դիվիզիայի սպառազինություն, յուրաքանչյուրը մինչեւ 15 հազար մարդու համար, էլ չեմ ասում բանակային եւ օկրուգային ենթակայության զորամասերի պատերազմական ժամանակի զենքն ու զինամթերքը: Բայց մենք այդ ծանր պայմաններում` երկրաշարժ, քայքայված տնտեսություն, այսպես ասած տկլոր ձեռքերով թշնամու հերն անիծեցինք: Ներկայումս, փառք Աստծո, ունենք այն ամենը, ինչ պիտի զինվորն ունենա թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական իրավիճակում:  Մեզ միայն պետք են կամքի ուժ եւ հավատ, որ մենք գտնվում ենք արդարացի եւ ազգը փրկելու, ազատագրելու ու պաշտպանելու սուրբ ճանապարհին:

- Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա զինվորի ոգին:

- Պաշտպանության բանակում ծառայելիս իմ հրամանատարը` գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, հարցեց, թե ռուսերեն ինչպես կթարգմանվի խենթ բառը: Գրադարանում գտա Րաֆֆու «Խենթը» վեպի ռուսերեն տարբերակը` ըպջցՎպՓ: Այսօրվա 18 տարեկան զինվորը խենթության եւ հերոսության տարիքն է ապրում, եւ այդ զինվորը շատ լավ է կռվում, եթե կողքին լավ հրամանատար լինի, նա ամեն ինչի ընդունակ է, երբեւիցե չի կարելի կասկածել նրա մարտական ոգու վրա:

- Այս օրերին մեր երկրի թիվ մեկ խնդիրներից է սահմանի լարվածությունը, եւ, որքան էլ ցավալի է, զոհերից հնարավոր չէ խուսափել: Որպես հրամանատար՝ Ձեր խոսքը հատկապես որդեկորույս մայրերին:

- Հավատացած եղեք, որ յուրաքանչյուր հրամանատար զինվորի ծնողի չափ սգում է: Իհարկե, ամենամեծ ցավը ծնողն է ապրում, բայց դա նաեւ բոլորիս ցավն է. պատերազմն այնքան դաժան է, որ ամենից շատ զինվորականները չեն ցանկանա դրա միջով կրկին անցնել: Մենք բոլորից լավ գիտենք, թե ինչ է նշանակում հակառակորդի կրակակետերի տակ զորք պատսպարել, հակառակորդի հատկապես հրետակոծության ժամանակ յուրաքանչյուր զինվորի մասին մտածել: Որդեկորույս մայրերին կցանկանամ համբերություն, առողջություն ու հաջողություն, եւ եթե հնարավորություն կա, էլի զավակներ ունենալ: Ապրելով այսպիսի բարդ տարածաշրջանում` պատրաստ պիտի լինենք պատերազմի, եւ, ինչպես պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է ասում, պատրաստ եմ ձեզ հետ միասին կիսելու ձեր ուրախությունն ու ծառայության զրկանքները:

- Ամանորի Ձեր բարեմաղթանքը:

- Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում. ճիշտ է, այս հասկացությունը խորթ է մեզ համար, բայց մենք մեր պատմական հայրենիքում ենք գտնվում: Եվ պիտի ասեմ, որ տարածաշրջանն այնքան էլ կարեւոր չէ, ինչքան մեր հայրենիքը: Վերջերս այցելել ենք հանրապետության բոլոր մարզեր, հանդիպելով զինվորների ծնողներին՝ միշտ հարցրել են, թե ինչպե՞ս կարողացանք մեր հակառակորդին ջարդել այդքան փոքրաքանակ, տնտեսապես քայքայված, թույլ ու վատ զինված ուժերով: Կարողացանք նրա համար, որովհետեւ մեր հոգու մեջ ունեինք, ունենք եւ պիտի ունենանք մեր ամենամեծ հարստությունը` մեր գաղափարախոսության հիմքերը, որոնցից առաջինը մեր ազգասիրությունն է, գերագույն սերն ու հարգանքը միմյանց հանդեպ, մեր արվեստը, մշակույթը, պատմությունը եւ այն ամենը, ինչ ունենք, բայց ուրիշ ոչ ոք չունի: Երկրորդը մեր կրոնն է, Հայ առաքելական եկեղեցին, որ գերագույն առաջատար ուժ էր հատկապես այն ժամանակ, երբ դարերով պետականություն չունեինք: Երրորդը մեր հայրենապաշտությունն է, որ յուրաքանչյուր հայորդի լավ գիտակցում է, որ այն տարածքով, որտեղ ներկայումս բնակվում ենք, երբեք չպետք է բավարարվենք. մենք պետք է այնքան առաջ գնանք, մինչեւ հասնենք պատմական հայրենիքի սահմաններին: Եզրափակվել միայն ՀՀ եւ ԼՂՀ ներկայիս տարածքներով՝ միանշանակ ընդունելի չէ ո՛չ այսօրվա, ո՛չ էլ վաղվա սերնդի համար: Այդ գիտակցումն է պատճառը, որ Արցախ աշխարհն այսօր մերն է. նրա համար գնացել ենք կռվելու եւ դեռ շարունակում ենք կռվել: Եվ վերջապես չորրորդը մեր պետականությունն է՝  հանրապետության նախագահի գլխավորությամբ, որ մեր ժողովրդի համար ազգային արժանապատվության գերագույն խորհրդանիշն է: Այս  չորս սրբությունից ելնելով՝ ես ուզում եմ իմ` զինվորականի, հրամանատարի, հասարակ քաղաքացու խոսքն ուղղել մեր ժողովրդին եւ այն տարածքների ազգաբնակչությանը հատկապես, որի պաշտպանության ծանր, բայց փառավոր գործը դրված է 4-րդ բանակային կորպուսի ողջ անձնակազմի ուսերին` հանձին Սյունիքի մարզի, որտեղ տեղաբաշխված են մեր զորամիավորման մի քանի զորամաս եւ որտեղ գտնվում են ՀՀ ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից ամենածանր տարածքները: Եվ ծառայությունը պատվով կատարում ենք թե՛ ամռանը, թե՛ ձմռանը, գիշեր-ցերեկ, ձյան, անձրեւի ու արեւի տակ: Մենք անեն ինչ անում ենք, որ ժողովուրդն ապրի, արարի, ծնի, դաստիարակի երեխաներին եւ ստեղծի բարենպաստ պայմաններ, որպեսզի երբ մենք` զինվորականներս, հետ նայենք, տեսնենք վառվող լույսեր, հարսանիք, կնունք եւ երեխաների ճիչ լսենք:

Թող 2016թ. հայ ժողովրդի համար լինի բարեկեցության ու արարումների տարի, մեր՝ զինվորականներիս, յուրաքանչյուր սպայի համար՝ պաշտոնի եւ զինվորական կոչման բարձրացման տարի, իսկ մեր զինվորիներին բարի վերադարձ իրենց հայրենի օջախներ:

Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԻ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25