Գևորգ Պարոնյան. արվեստագետը, ուսուցիչը,  մարդը…

26.03.2024 12:19
1011

Օրերս Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի «Գորիս» ստորաբաժանման ցուցասրահում տեղի ունեցավ հայ գեղանկարիչ Գևորգ Պարոնյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողություն։

Միջոցառումը կազմակերպվել էր Կենտրոնի «Գորիս» ստորաբաժանման տնօրեն Արամ Մաշուրյանի  նախաձեռնությամբ՝ գեղանկարչի ընտանիքի անդամների ու հարազատների անմիջական աջակցությամբ:

Տեղեկատվական կապն ապահովել էր ֆեյսբուքյան «Մեր Գորիսը» խմբի հիմնադիր Աշոտ Մայսուրյանը:

Ներկա էին տարբեր քաղաքներից ժամանած գեղանկարչի հարազատներն ու ընկերները, որդին՝ Վահե Պարոնյանը և նրա ընտանիքը, համայնքային իշխանության ներկայացուցիչներ, քաղաքի արվեստասեր հասարակությունը, արվեստագետներ և արվեստաբաններ, գրողներ, դպրոցականներ, գեղանկարչի արվեստի երկրպագուներ:

Գևորգ Պարոնյանի կյանքի ու անցած ստեղծագործական ճանապարհի, նրա ստեղծած կտավների շուրջ ելույթներով հանդես եկան ՀՀ նկարիչների միության  նախագահ, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանը, հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Հայրումյանը, Գևորգ Պարոնյանի անվան կերպարվեստի դպրոցի նախկին տնօրեն Սիլվա Ասատրյանը, Գորիսի պետական համալսարանի տնօրեն Տիգրան Վանդունցը, Յուրի Բախշյանի այրի, մանկավարժ Անահիտ Բախշյանը, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը, համայնքապետարանի մշակույթի, կրթության և սպորտի բաժնի վարիչ Արմինե Հովակիմյանը, Պարոնյան ընտանիքի բարեկամ Աշոտ Մայսուրյանը, ուրիշներ:

Պրահայից տեսաերիզով գեղանկարչի 100-ամյակի առթիվ շնորհավորանքի, գեղանկարչի արվեստին՝ ջերմ գնահատանքի, արվեստասեր ու երախտագետ հայրենակիցներին շնորհակալության խոսք հղեց նկարչի բարեկամուհին՝ Լարիսա Գրիգորյանը:

Գեղանկարչի որդին՝ Վահե Պարոնյանը, չառանձնացնելով գեղանկարիչ հոր որևէ պատգամ, նրա ամբողջ կյանքը համարեց իր համար պատգամ՝ ազնիվ և անմիջական մարդ լինել:

Արարողության վերջում բացառիկ համերգային կատարումներով հանդես եկավ Երևանի «Խազեր» երգչախումբը՝ Անի Նավասարդյանի գեղարվեստական ղեկավարությամբ:

Հնչեցին կոմիտասյան, ազգային երգացանկերից կատարումներ:

Ելույթ ունեցողների սրտառուչ խոսքում կարևորվեց հայ գեղանկարչության մեջ Գևորգ Պարոնյան-գեղանկարչի զբաղեցրած ուրույն տեղը, մասնագիտական և արժանի գնահատական տրվեց ոչ միայն հայրենի քաղաքում, այլև հայ գեղանկարչության ու կերպարվեստի աշխարհում նրա ունեցած դերին ու նշանակությանը, հայրենասիրական ոգով ստեղծված բնանկարներին, գեղանկարչի ուրույն ոճին ու բովանդակությանը, թեմատիկային, որն առավելապես աչքի է ընկնում հստակ, իրական գույների և ըմբռնումների արտացոլմամբ, ծննդավայրի, նրա մարդկանց ու կենցաղի, բնության հանդեպ անթաքույց սիրով:

Գեղանկարչի արվեստն ինքնին՝ ներսից ճառագող և արևաշող գույներով մի ինքնատիպ ձոն ու խոստովանություն է բիբլիական հայրենիքին:

Նա իր կտավներով կերտել է բնության և կյանքի հավերժության գաղափարը` օգտագործելով անխառը գունաշար, բնանկարին հաղորդելով մոնումենտալ հնչողություն:

Գևորգ Գուրգենի Պարոնյան. ծնվել է Գորիս քաղաքում 1924 թ. մարտի 24-ին:

1964-ից Հայաստանի նկարիչների միության, նախկին ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էր:

1943 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, 1954 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

Պատերազմի ավարտից հետո վերադարձել է հայրենի քաղաք, որպես գլխավոր նկարիչ աշխատանքի է անցել Գորիսի ՎՎաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Պարոնյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։

Նրա շնորհիվ 1975 թվականին Գորիսում բացվել է մանկական գեղարվեստական դաստիարակության դպրոց, որտեղ երկար տարիներ եղել է տնօրեն, ունեցել բազմաթիվ սաներ, նրանցից շատերը դարձել են հայտնի նկարիչներ, ճարտարապետներ։ Աշխատանքին զուգընթաց ստեղծագործել է։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Սյունիքի քաղաքներում, Արցախում և այլ վայրերում:

Գեղանկարչի որոշ բարձրարժեք կտավներ ներառված են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի շտեմարան:

Մահացել է 1995 թվականի հունիսի 3-ին Գորիսում։

***

Գևորգ Պարոնյանին նախ և առաջ սկսել են ճանաչել որպես հայ մեծ գեղանկարիչ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի որդի, ապա եկել է նաև նրա ճանաչման ժամանակը, որպես՝ գեղանկարիչ հոր արժանի հետևորդ գեղանկարչի, ով վաղ պատանեկությունից վրձինը ձեռքն էր առել ու այն ցած չի դրել մինչև կյանքի վերջը:

Անցյալ դարի կեսերից Գևորգ Պարոնյանն արդեն սեփական ուղին էր հարթում՝ հայրենակիցներին ներկայանալով առաջին անհատական ցուցահանդեսով, արվեստասեր հասարակության սրտերը գրավելով հայրենի բնության բնանկարներով՝ «Գորիս»,«Գորիսը արևածագից առաջ», «Լեռներ» և այլ կտավներով:

Ստեղծագործական կյանքի երկրորդ փուլում նկարիչը սկսել է նկարել մեր հողի բերքն ու բարիքը, դաշտային գունագեղ ծաղիկները, որոնք լրացնում ու ամբողջացնում են հայրենի երկրի կերպարը՝ պատկերման պարզ  ձևերով, կոմպոզիցիոն թեթև կառուցվածքով, պայծառ ու վառ գույների ընդգծված դեկորատիվությամբ:

Նատյուրմորտի ժանրը նա հարստացրեց  նոր բովանդակությամբ ու արտահայտչամիջոցներով, ինչը նորից դպրոց հանդիսացավ լեռնաշխարհի ստեղծագործող սերունդների համար:

 Պարոնյանի այդ շրջանի գործերին բնորոշ են գույների տաք և յուրահատուկ համադրությունները:

Նկարիչը հիմնականում պատկերել է իր հարազատ բնաշխարհը՝ Գորիսը, տները, լեռներն ու ճանապարհները, խաղաղ հոսող գետերը, մեկ՝ ձյունապատ, մեկ՝ ծաղկուն կանաչի մեջ, արևով ողողված ու միշտ էլ՝ լուսավոր, քնարական տրամադրությումբ, իրական կերպավորմամբ, խոհական նյութով ու մոտիվներով՝ հասնելով իրականության վերարտադրման, պատկերի գունագծային կառուցման ինքնատիպ ոճի ու թափանցիկության:

Գևորգ Պարոնյանը հանրության լայն խավերին հայտնի գեղանկարիչ էր, երբ սկսեց զբաղվել նաև մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությամբ և կրթությամբ՝ Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցում դասավանդելով գծագրություն և նկարչություն, զուգահեռ հիմնադիրը լինելով քաղաքի մանկապատանեկան գեղագիտական դպրոցի:

Այդ ընթացքում տասնյակ հարյուրավոր, գուցե՝ հազարավոր երեխաներ են գեղագիտական կրթություն ստացել նրա ձեռամբ, անցել պարոնյանական դպրոցով, հետագայում դարձել ճարտարապետներ, գեղանկարիչներ, պարզապես՝ արվեստասեր, լավ ու բարի մարդիկ:

Գեղանկարիչը մեր տան հարևանությամբ ապրելուց զատ՝ նաև եղել է իմ ուսուցիչը՝ գծագրություն և նկարչություն դասավանդելով:

Անմոռանալի դասեր էին: Յուրաքանչյուր մուտք դասարան՝ մեզ համար գույների ու գծերի, մարդկային հմայքի ու համեստության, անսպառ համբերության ու ընկալման անկրկնելի տոներ էին:

Հետագայում, երբ արդեն լրագրող էի, մեկ անգամ չէ, որ առիթ ունեցա գեղանկարչի հետ զրուցելու՝ իր արվեստի ու մտորումների, ժամանակակից ու անտիկ գեղանկարչության, հարափոփոխ ժամանակի ու նրանում վերջիններիս անելիքի, ազգային ու մոդեռնիստական արվեստում հայի տեսակի պահպանման, 20-րդ դարում հայ մեծ գեղանկարիչների, բազմաթիվ այլ թեմաներով, չմոռանալով անդրադառնալ փոխված արժեքներին ու հասարակարգին, դրանցում արվեստագետի խնդիրներին...

90-ականների սկզբին գեղանկարչի տանն էի, արվեստանոցում, ինքն էր զանգահարել իր մասին տպագրված մի նյութի հետքերով ու հրավիրել տեսնելու իր նոր կտավները:

Գեղանկարչության մասին խոսելիս, թե իրեն ո՞ր ժանրի նկարիչ կհամարեր, գեղանկարիչն ասաց՝ «Նկարչությունը նախ և առաջ գծերի ու պատկերի հարմոնիան է, եթե նրանց դասավորությունը մտքում չտեսնես, չես կարող նկարել, գույները, չափն ու խորքը, տարածականն ու իրականությունը կխառնվեն, ասելիքդ տեղ չի հասնի:

Մարդ կա՝ գծագրություն չգիտի, բայց գծերը զգում է, դա էլ է շնորհք, այդպիսի սաներ էլ եմ ունեցել, որոնց մի մասը հետագայում տուրք է տվել աբստրակտի ժանրին:

Կարելի է, բայց դա իմը չէ, ես սիրում եմ հստակության ու նրա տակ թաքնված խորհրդավորության միջինը, ինչպես կուզեք անվանեք, բայց ոչ՝ սյուրռեալիզմ, կուբիզմ կամ ֆուտուրիզմ, կամ թե՝ մոդեռնիզմ

Ես այդ իզմերի մեջ չեմ ուզում խորանալ, ես ինձ համարում եմ ամենասովորական իմաստով մի նկարիչ, ով պարզապես օգտվում է գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, ռիթմի, լույսի և ստվերի, հողի և օդի ընձեռած հնարավորություններից և այդ հարթության վրա վերակենդանացնում իրականությունը, ծավալի ու տարածության պատրանք ստեղծում, հոգեբանական ու շարժուն վիճակ։

Հիմա դուք ասեք, թե ի՞նչ ժանրի նկարիչ եմ»:

Իսկ ես միայն մի բան կարող էի ասել՝ Գևորգ Պարոնյան գեղանկարիչն աներևակայելի համեստ անձնավորություն և արվեստագետ էր:

***

Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի ցուցասրահում ցուցադրված նրա կտավները` ծաղիկներ, նատյուրմորտներ, բնանկարներ, պատմաազգագրական աշխատանքներ` իրենց բարձր տեխնիկայով և գեղանկարչական որակով, գույնի կիրառման որքան պարզ, նույնքան լիրիկական հնարքով, բնության կենդանի շնչով ու զգացողությամբ, մարդկային ոգու ջերմությամբ այսօր էլ հմայում են արվեստասեր հասարակությանը, լեռնաշխարհի մարդկանց:

Ինչպես Գուրոս-հայր գեղանկարչի, այնպես էլ որդի գեղանկարչի արվեստն այսօր ու գալիքում մեծ դպրոց կարող են լինել ստեղծագործող սերունդների համար:

Երկուսն էլ աշխարհ բերեցին այն, ինչն անկրկնելի ու մնայուն արժեքներ են՝ ծննդավայրի վճիտ անդրադարձը, պարոնյանական թափանցիկ և տաք գույները:

Գեղանկարիչը խոհական ու պարզ գույներով ստեղծել է շատ կտավներ՝ անմահության վավերագրեր տալով հայրենի բնության, նրա մարդկանց ու կենցաղի, ծառ ու ծաղկի պատկերներին:

1975-85 թթ. հանրապետական և միութենական ցուցահանդեսներին նկարչի աշխատանքներն արվեստասեր հասարակության կողմից ընդունվեցին սիրով ու ջերմությամբ, բակունցյան աշխարհը նորովի հետաքրքրեց արվեստասերներին, հանրապետական թերթերում Գևորգ Պարոնյանի արվեստը համարվեց սիրելի եւ ընկալելի հասարակայնության բոլոր շերտերի համար` իր նուրբ ճաշակի, գեղարվեստական միջոցներին կատարելապես տիրապետելու, բնության գույների բացառիկ զգացողության շնորհիվ:

Նա այլևս դպրոց, պարոնյանական հաստատված ոճ և ուղղություն էր հայ գեղանկարչության մեջ, ինչը հետագայում որդեգրեցին նրա տաղանդավոր սաները, շատ ու շատ հայ նկարիչներ՝ գնալով նկարչի բացած նոր՝ զանգեզուրյան աշխարհի, ծննդավայր Գորիսի գունաթաթախ հետքերով...

Մինչեւ կյանքի վերջը` 1995թ., գեղանկարիչը վայր չդրեց վրձինը, մշտապես լուսավոր արվեստանոցը բուրում էր թարմ կտավների յուղաներկով:

Գևորգ Պարոնյանը շուրջ 50 տարի արարեց հայրենի քաղաքում՝ ոչ մի վայրկյան այնտեղից չբացակայելով, ստեղծեց բարձրարժեք գործեր, համամարդկային արժեքներին ավելացնելով նոր արժեքներ՝ բարությամբ, սիրով, կյանքի բնական ռիթմի զգացողությամբ, բնության խաղաղ տրամադրությամբ համակող…

Այն դեռ շատ երկար կտևի ու կկոչվի պարոնյանական հայացք, որ մեր հոգիներն է թափանցում «Գորիս գյուղ»,  «Ձմեռը Գորիսում», «Հին Գորիս», «Արեւածագ», «Սալորներ», «Դաշտային ծաղիկներ», բնանկարային ու նատյուրմորտային այլ կտավներից, դառնում, առհասարակ, մարդ արարածի սեփականությունը:

 

Հայր եվ որդի Պարոնյանները՝ ընդհանրական

Նրանք հայ գեղանկարչություն բերեցին իրենց ինքնատիպ գույները, հոգու ցնծալի զգայությունները, ձևի, ծավալի, լույսի ու ստվերի սեփական ընկալումները, զգայական իրականության պատրանքը, գեղատեսիլ լեռնաշխարհի սարերի, դաշտերի, ձորերի ու բարձունքների հեռաստանները, ֆրագմենտային գողտրիկ անկյունները տոթ ամառվա և հրակարմիր աշնան միջօրեները` ստեղծելով լուսաստվերների թափանցիկ եթեր, ընդհանուր տոնայնության մեջ մերթ սառը, մերթ տաք` օգտագործելով մոխրակապույտվարդասպիտակից մինչև մոխրասպիտակկաթնամոխրագույն նրբերանգներ` համադրված, կտավի ենթաշերտում անէացած, բայց տոնայնություն և ռիթմ պահող դեղին, կապույտ, ծիրանի, մանուշակագույն, ոսկեկարմիր, նարնջագույն, կանաչ գույների հետ:

Հայր ու որդի գեղանկարիչների արվեստը որքան տարբեր, նույնքան՝ ինքնատիպ ու հարմոնիկ, մեկ՝ միախառնվելով, մեկ՝ իրարից անջատ, երկու հզոր գետ, շուրջ հարյուր ու ավելի տարի է, ինչ՝ սկիզբ առած Գորիսից, հոսում են Սյունյաց լեռներով, տարածվում Հայաստան աշխարհով, ոռոգում հայկական արվեստի հունդերը՝ իրենց նույնքան գեղեցիկ նորանոր վտակներով, իրարից ուժ ու հմայք առած, զորեղացած, ինչը շարունակվում է մինչև այսօր, կշարունակվի նաև հեռուներ ձգվող գալիքում...

Վստահաբար կարելի է ասել՝ հայ կերպարվեստը մի կարևոր երանգով հարստացավ, որը, ամրապնդելով իր դերն ու ոճը, նոր լույսով բացահայտեց հայկական լեռնաշխարհի գեղեցկությունները, հայ իրականությունը, հայի ոգու հայրենասիրական զգացումները՝ սերունդների մեջ ձևավորելով դպրոց, որի ակունքը եղել ու մնում է պարոնյանական հզոր ու գունագեղ գետը...

Գևորգ Պարոնյանի մտքերից՝ մեր առանձին զրույցներում

Կարևորը՝ իմ հողն ու ջուրն է, նկարիչը պիտի ստեղծագործի միայն իր հայրենիքում, իր երկնքի տակ, եթե ուզում է մնայուն և ազգային գործ ստեղծել:

Եթե Աստված առաքելություն է դրել քո ուսերին, պարտավոր ես այն պատվով տանել մինչև վերջ, պարտք չմնաս ոչ երկրիդ, ոչ երկնքին:

Մարտիրոս Սարյանն ասում էր՝

«Մարդն ինքը բնությունն է, բնությունը` մարդը: Մահ չկա: Մահը պրոցես է լոկ անվերջության ճանապարհին»:

Սա ինձ սփոփում է, որ վերջը դեռ վերջը չէ:

Ի՞նչ է ինձ համար իմ գեղանկարը: Ամեն ինչ է, դժվար է նրանից բաժանվելը:

Ասես զրկվում ես քո բաժին օդից, լույսից, հողից ու գույներից, նա գնում է մեկ ուրիշ տուն՝ ջերմացնելու:

Ովքե՞ր կլինեն այդ տան բնակիչները, ինչպիսի՞ ճակատագիր կունենա. սա է ցավը, որ գեղանկարիչն ապրում է, որքան էլ թանկ գնով այն վաճառվի:

Նկարել եմ հայրենի բնաշխարհի բնապատկերներ, սարեր, վանքեր, տներ, ծառեր,  ծաղիկներ ու մրգեր, այն, ինչ կա բնության մեջ, այն, ինչ տեսել ու զգացել եմ հոգով, նաև՝ դիմանկարներ…

Բայց էլի թվում է՝ քիչ եմ կարողացել արտահայտել ինձ:

Նկարիչն այդպես է, նա վերջին շնչում էլ լինի՝ դեռ շատ ասելիք կունենա:

Գորիսը, Զանգեզուրն առհասարակ, չնաշխարհիկ վայր է, այն դրախտ է յուրաքանչյուր արվեստագետի համար և միշտ կարող է ոգեշնչման աղբյուր լինել յուրաքանչյուր մարդու համար:

Չեմ կարող արդարացնել կամ հասկանալ մեր լեռնաշխարհի այն նկարչին, որ թողնում, հեռանում է այստեղից, գնում հեռուներ՝ իբր իր արվեստը շարունակելու:

Ամեն ինչի սկիզբը, ընթացքը և շարունակությունն իմ հայրենիքն է, ծննդավայրս:

Ինձ ոգեշնչում են  մեր լեռնաշխարհի մարդիկ , նրանց կենցաղը, աշխարհն իր խորհրդավոր կողմերով ու ամեն անգամ՝ նոր բացահայտումներով:

Ինչպե՞ս եմ նկարում. իմ նյութը պարզ է և հասարակ, ուստի ես էլ եմ ձգտում լինել նույնը՝ խորքում ունենալով վառ և արտահայտիչ զգացմունքներ։

Սա մեր հայկականության և ազգային արվեստի անբաժանելի տարրն է:

Նույնիսկ երկրաչափական ձևին, որով ողջ տիեզերքն է կառուցված, հուզական լիցք եմ հաղորդում, առանց որի նա շատ տխուր կլիներ: 

Բնությունը հավերժ է, նկարիչը պետք է դա արտացոլի իր բնանկարում, որպեսզի չկորցնի իր և հավերժի կապը, հնար տա, որ դիտողն էլ այն տեսնի ու զգա այդ կապը:

Նկարելիս՝ անընդհատ նոր հարցադրումներ են ծնվում, մտքի ու զգացմունքի հակադրություններ են առաջանում, հաճախ նրանց լուծումներն ինձ համար էլ անսովոր բացահայտումներ են դառնում՝ արվեստի գաղտնիքների ու աշխարհի:

Այսպես է ծնվում մեծ արվեստն ու գնում դեպի համաշխարհային օվկիանոս, և արդեն նկարչով  է պայմանավորված ՝ ինքը կլինի՞ նրա զարկերակներից մեկը…

 

Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53