Գեւորգ Փարսյան. «Կապանի համայնքապետարանը գործում է իրավիճակի ամբողջ լրջության գիտակցումով եւ դրանից բխող պատասխանատվության զգացումով»

08.04.2020 21:01
2218

«Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը:

- Պարոն Փարսյան, մեր պայմանավորվածությունից երկու ժամ հետո ենք սկսում զրույցը, չենք կասկածում, որ շատ կարեւոր գործով էիք զբաղված: Եթե գաղտնիք չէ, ինչո՞վ: 

- Ոչ մի գաղտնիք էլ չկա, զբաղված էի մեր բուժաշխատողների տեղավորման խնդրով: Կապանի բժշկական կենտրոնի բուժաշխատողները հերթապահությունից հետո պիտի ինքնամեկուսանան: Նրանք 14 օր խնամել են վիրուսակրով հիվանդներին, հերթափոխը հանձնելուց հետո պիտի 14 օր ինքնամեկուսանան, այսինքն՝ այն բուժաշխատողները, ովքեր հիվանդներին խնամելուց հետո թեստավորվել են եւ արդյունքը բացասական է եղել, միեւնույն է, պիտի մեկուսանան... 

Եվ այդ մեկուսացման տեղը հնարավորինս հարմարավետ ու ապահով պիտի լինի, օրինակ՝ հյուրանոցում: Նրանց համար տեղեր է հատկացվել «Դարիստ» հյուրանոցային համալիրում, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Մուրազ Գրիգորյանին, ով արձագանքեց մեր խնդրանքին եւ պատրաստակամություն հայտնեց օգտակար լինել մեզ: Միասին ուսումնասիրեցինք հարմարությունները, առանձնացվեց հինգ սենյակ…

- Արտակարգ դրության  պայմաններում ի՞նչն է առավել հուզում համայնքապետ Գեւորգ Փարսյանին, ինչպիսի՞ն է իրավիճակը Կապանում:

- Բնականաբար, մեր մտահոգություններն ու մտածումներն ուղղված են այն բանին, որ վարակված քիչ դեպքեր ունենանք, որ համայնքի որեւէ բնակչի կյանքին կամ առողջությանը վտանգ չսպառնա:

- Այս համատեքստում ինչպե՞ս կգնահատեք կապանցիների վարքն  արտակարգ իրավիճակի պայմաններում, հետեւո՞ւմ են  արդյոք փողոց դուրս չգալու կոչերին, ըստ պատշաճի կատարո՞ւմ են  սանիտարահիգիենիկ պահանջները:

- Մարդիկ հիմնականում կատարում են պարետատան, առողջապահության նախարարության ցուցումները, իհարկե, կան քաղաքացիներ, ովքեր անլուրջ են վերաբերվում ստեղծված իրավիճակին, նմանների հետ բացատրական աշխատանքներ են տարվում: Ասեմ, որ սկզբնական շրջանում մարդկանց մեջ որոշ անլրջություն նկատվեց, բայց աստիճանաբար գիտակցեցին պահի լրջությունը, էականորեն բարձրացավ նրանց պատասխանատվության զգացումը: Եվ այս պահին, եթե դուրս գանք ու շրջենք Կապանում, կնկատենք՝ մարդիկ հիմնականում տներում են:

Իմ հանձնարարությամբ ստեղծվել է երեք խումբ, որոնցից երկուսը ղեկավարում են  համայնքապետի երկու տեղակալը, երրորդը՝ համայնքապետարանի անվտանգության պատասխանատուն: Այդ  խմբերը պարբերաբար շրջայցեր են կատարում քաղաքով մեկ, փողոցում անհարկի գտնվողներին հորդորում վերադառնալ տուն, պահանջում կատարել պարետատան պահանջները:

- Հետաքրքիր է՝ Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի  բնակիչներն ի՞նչ կյանքով են ապրում, գարնան-գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է, դարձյալ գյուղացին մենակ է մնացել իր հոգսերի հետ: Սերմը ժամանակին պետք է գցել հողի մեջ, այլապես ակնկալվող բերքը չեն ստանա:

- Ասեմ, որ ոչ մի դեպքում չեն կանգնել գարնան-գյուղատնտեսական աշխատանքները, հատկապես գարնանացանը եւ այգիների մշակությունը: Յուրաքանչյուր ոք բանջարանոցում, հողամասում իր գործն է անում, եւ դա, գիտե՞ք,  դրական կողմ ունի մեկ այլ առումով եւս՝ մարդիկ չեն հավաքվում  իրար գլխի:

Այնպես որ, կարող ենք փաստել՝  արտակարգ դրությունը որեւէ կերպ չի անդրադառնում գարնան-գյուղատնտեսական աշխատանքների վրա, ոչ էլ գյուղացու հոգեվիճակի վրա: Բարեբախտաբար, Կապանի գյուղական բնակավայրերում կորոնավիրուսով վարակված չունենք: Ինչպես ասում են՝ սատանայի ականջը խուլ:

Տեղեկացնեմ, որ գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներին հանձնարարված է պատրաստ լինել իրավիճակի զարգացման ամեն մի սցենարի: Իսկ հիմա հետեւում են, որ գյուղաբնակները հնարավորինս քիչ ելումուտ անեն, խոսքը մարզկենտրոն գնալ-գալու մասին է. Կապանում պետք է լինել խիստ անհրաժեշտ կենսական հարցեր առաջանալու դեպքում:

Նաեւ հրահանգ է տրված՝ արտերկրից ժամանած եւ գյուղական բնակավայրեր մեկնել ցանկացողների մասին անհապաղ տեղյակ պահել համայնքապետարանին:

- Կուզեինք, որ ներկայացնեիք, թե համայնքապետարանի  ենթակա հիմնարկներից որո՞նք են գործում, ընդհանրապես համայնքապետարանի աշխատակիցներից քանի՞սն են աշխատում:

- Երբ արտակարգ դրություն հայտարարվեց, եւ պարետի կողմից մտցվեցին սահմանափակումներ, ամբողջովին դադարեցրեցինք համայնքապետարանի ենթակառուցվածքների աշխատանքները: Մինչ այդ արդեն դադարեցվել էին նախակրթարանների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների աշխատանքները: Այսօր միայն կոմունալ տնտեսությունն է գործում, այն էլ՝ աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների առումով:

Կարեւոր էր, որ շարունակեինք քաղաքի ախտահանման աշխատանքները: Ի դեպ, ամենօրյա ռեժիմով մարզկենտրոնում շարունակվում են նման աշխատանքները կոմունալ ծառայության կողմից, ախտահանվում են բնակելիների շքամուտքերը, վերելակները, սկզբնական շրջանում՝  նաեւ կանգառները, բայց հետո վերջիններիս ախտահանումը սկսեցին իրականացնել Արտակարգ իրավիճակների նախարարության տեղական կառույցների աշխատակիցները:

Նաեւ ընդառաջում ենք նրանց, ովքեր դիմում են ախտահանություն կատարելու խնդրանքով: Այսպես ասեմ՝ երեք օրվա պարբերականությամբ քաղաքի բոլոր հասանելի հատվածներն ախտահանում ենք: Ընդ որում՝ ախտահանվում են քաղաքի մայթերն ու ճանապարհները:

- Մի հարցի պատասխան էլ ճշտենք, թեեւ Ձեր իրավասությունների շրջանակից դուրս է: Խոսքը մանրածախ առեւտրում տիրող իրավիճակի մասին է: Վերջին օրերին անընդհատ խոսակցություններ ենք լսում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների թանկանալու մասին:

Արդյո՞ք հետեւում եք  մանրածախ առեւտրի շուկայում գների փոփոխությանը:

- Համայնքապետարանի եկամտի բաժնի աշխատակիցներն ամենօրյա մոնիթորինգ են անցկացնում լայն սպառման առարկաների՝  ինչպես պարենային ապրանքների, այնպես էլ բանջարեղենի ու մրգերի գների նկատմամբ: Ընդ որում՝ առեւտրի խոշոր եւ միջին օբյեկտներում: Եվ ամեն օր հավաստի տեղեկություններ ենք ստանում:

Տեղեկացնեմ, որ թիվ մեկ սննդամթերքի՝ հացի առումով գնաճ չունենք: Սահմանափակումների առաջին երկու օրը ահազանգ ստացա, որ երկու հացարտադրող ցանկություն ունեն հացի գինը բարձրացնել: Այդ ժամանակ ինքս ինքնամեկուսացման մեջ էի եւ  տնից էի աշխատում, զանգահարեցի հացաթխման արտադրամասերի տնօրեններին, հորդորեցի ձեռնպահ մնալ գները բարձրացնելուց, թեեւ ալյուրի գինը բարձրացել էր:

 Վերջին շրջանում որոշակի բարձրացել է ոսպի եւ հնդկաձավարի  գինը: Այսօր Կապանում հնդկաձավարն արժե 650-680 դրամ, թանկացել է 150 դրամով, ոսպը 100 դրամով է թանկացել, այն դեպքում, երբ Երեւանում հնդկաձավարը 800-900 դրամ է:

Ճիշտ է, այդ հարցերը մեր իրավասությունների շրջանակից դուրս է, բայց քանի որ խնդիրն առնչվում է համայնքի  բնակչության սննդապահովմանը, ապա չեն կարող  մեր տեսադաշտից եւ մեր հետաքրքրության շրջանակից դուրս մնալ:

- Հերթական  հարցս եւս Ձեր իրավասությունների շրջանակում չէ: Խոսքը Կապանի դեղատներում ախտահանիչ նյութերի (ալկոգել),  դիմակների առկայության մասին է: Սկզբնական շրջանում դրանց սուր պակաս կար դեղատներում, իսկ հիմա՞:

- Այո, սկզբնական շրջանում ախտահանիչ նյութերի ե՛ւ պակաս, ե՛ւ գնաճ ունեցանք:

 Ի դեպ, երեւույթը գրանցվեց ողջ հանրապետությունում:

Ձեր թվարկած պարագաների պահանջարկը կտրուկ մեծացավ, իսկ մատակարարումը նույն մակարդակին էր: Դեղատները չէին կարողանում եւ չէին կարող մարդկանց հարաճուն պահանջարկը բավարարել: Բարեբախտաբար ե՛ւ հանրապետությունում, ե՛ւ Կապանում կազմակերպվեցին դիմակների արտադրություն: Մեզանում նման նախաձեռնությամբ հանդես եկավ «Սոնատեքս» ընկերությունը, որին իմ շնորհակալությունն եմ հայտնում: «Սոնատեքսը» համայնքապետարանին անվճար հատկացրեց դիմակների որոշակի քանակություն: Այժմ այդ ապրանքների շուկայում գնաճ չկա:

- Պարոն Փարսյան, հնարավորության սահմաններում կարելի՞ է  համայնքի մասշտաբով ներկայացնել  կորոնավիրուսով վարակվածների, նրանց հետ  շփվածների, մեկուսացվածների թիվը: Համենայն դեպս, Հայաստանի վարչապետը, հանրապետության լրատվամիջոցները նման թվեր հրապարակում են:

-Ունենք կորոնավիրուսով վարակված 15 անձ, որից մեկը բուժվել է, մեկուսացվածները շատ են, որեւէ ստույգ թիվ չեմ  կարող ասել:

- Մեզանում, ինչպես արդեն նշեցիք, անհրաժեշտություն է ծագել առանձնացնել հյուրանոցներ, հյուրատներ՝ կորոնավիրուսով վարակվածների, նրանց հետ շփվածների համար: Կարողանո՞ւմ եք լուծում տալ այդ խնդրին:

- Ընդհանուր առմամբ նման անհրաժեշտություն առաջացավ վարակվածների հետ շփվածներին մեկուսացնելու առումով, որպեսզի նրանք մեկուսանային ոչ թե իրենց բնակարաններում, այլեւ հյուրատներում: Հատկապես նման խնդիր առաջ եկավ բուժաշխատողների առնչությամբ, ովքեր գործ էին ունեցել վարակվածների հետ:

Մենք ըստ պատշաճի լուծել ենք այդ հարցը:          

Այժմ, բացի բուժաշխատողներից, հյուրատներում տեղավորելու խնդիր չկա:

- Պարոն Փարսյան, կառավարության աջակցության ծրագրերը որքանո՞վ  են անդրադառնում համայնքի բնակչության եւ տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը:

- Տնտեսական ճգնաժամի մեղմման համար կառավարության կողմից ընդունվել է ինը փաթեթ: Դրանց կյանքի կոչման եւ հասցեականությունն ապահովելու վերահսկողությունն իրականացնում է կառավարությունը: Համայնքապետարանն այս ամենում շատ անելիք չունի:

Համայնքապետարանը պարզապես ուղղորդում է այն տնտեսվարողներին եւ քաղաքացիներին, ովքեր դրա կարիքն ունեն եւ համապատասխանում են առաջադրված չափորոշիչներին ու կարող են ստանալ այդ աջակցությունը:

Ձեր հարցի առավել ամբողջական եւ առարկայական պատասխանը, այդուհանդերձ, ավելի ուշ կիմանանք, քանզի նոր-նոր են դրանք գործնականում իրականացվում:

- Երեւանի թերթերից մեկն օրերս փորձել էր անդրադառնալ մեր մարզին՝արձանագրելով, թե իբր Սյունիքում անտերություն է, բուժաշխատողները բողոքում են:

- Տեղյակ եմ այդ հրապարակմանը: Մատնանշված երկու դիտարկմանը, օգտվելով առիթից, կուզենայի անդրադառնալ:

Առաջինը Կապանի եւ կապանցու արժանապատվությանն առնչվող խնդիր է. իբր Գորիսը պատրաստ էր բուժաշխատողներին տեղ առաջարկել, իսկ ամբողջ Կապանում մեկը չկար, որ մի անկյուն հատկացներ:

Սուտ է…

 Տեղ հատկացված է, եթե իսկապես ցանկություն ունեք, ապա եկեք եւ մնացեք:

Երկրորդ. իրականության հետ որեւէ աղերս չունի հրապարակման այն հատվածը, որում խոսվում է, թե իբր իմ ու  փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հակամարտությունից տուժում է Կապանը:

Լիակատար անհեթեթություն է, անիմաստ, իրականության հետ կապ  չունեցող ճամարտակություն:

Անկախ այն բանից, թե համայնքապետն ում հետ ինչ հարաբերություն ունի, հավատացնում եմ՝  կապանցին երբեւէ չի տուժի դրանից, ինքս նման բան թույլ չեմ տա, դա իմ գործելակերպից եւ պատկերացումներից դուրս է:

Նարեկ  Բաբայանի հետ ունենք միանգամայն նորմալ, աշխատանքային հարաբերություններ: Եվ կապանցուն  հուզող յուրաքանչյուր խնդիր արագ լուծում է ստանում նաեւ մեր համագործակցության շնորհիվ:

- Ի՞նչ կավելացնեիք ասվածին՝ այսօրվա իրավիճակով պայմանավորված:

- Կուզեի համայնքի բնակիչներն իմանային, որ համայնքապետարանը գործում է իրավիճակի ամբողջ լրջության գիտակցումով եւ դրանից բխող պատասխանատվության զգացումով: Ձգտում ենք առավելագույնն անել, որպեսզի որեւէ մեկի կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնա, որպեսզի ժամ առաջ վերականգնվի համայնքային բնականոն կյանքը:

Թեպետ 14 օր ինքնամեկուսացած էի, բայց տնից աշխատում էի: Իսկ հիմա, փառք Աստծո, այդ ամենը հետեւում է մնացել եւ օրվա բոլոր ժամերին մեր ժողովրդին պատուհասած դժվարությունների հաղթահարման առաջին գծում եմ:

Բայց արհավիրքի դեմ պայքարում մեր հաջողությունն իսկապես անկասելի կլինի, եթե մենք ավելի համախմբվենք դժվարին այս օրերին եւ յուրաքանչյուրս կատարենք այն հորդոր-պահանջները, որ ներկայացնում են պարետատունն ու հանրապետության մյուս պատկան մարմինները:

 

 Զրույցը՝ Վարհրամ Օրբելյանի

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25