ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

03.08.2020 18:58
11445

Օրերս լույս է տեսել ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում և elibrary.ru (РИНЦ) միջազգային գիտաչափական շտեմարանում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականի  2020 թվականի 2-րդ (5-րդ) համարը, որը բացվում է պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանի եռալեզու խմբագրականով, որում նա օրախնդիր շեշտադրումներով անդրադառնում է Արցախի Հանրապետությունում գիտության դիվանագիտության զարգացման հեռանկարներին: Խմբագրականը ներկայացնում ենք ստորև.

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) գործունեության մեջ առանցքային տեղ ու դեր ունի գիտության դիվանագիտությունը, և պատահական չէ, որ հենց Կազմակերպության հետևողական ջանքերի շնորհիվ է արցախյան հասարակական ու գիտակրթական կյանքում շրջանառության մեջ դրվել «գիտության դիվանագիտություն» հասկացությունը: Վերջինիս գործիքակազմն արհեստավարժորեն կիրառվել է կազմակերպության գրեթե բոլոր նախագծերում ու ծրագրերում՝ նպաստելու Արցախում գիտության զարգացմանը, Արցախի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային ճանաչմանը:

Գիտական հանրույթը ունակ է և պետք է ցույց տա հետազոտական ու գիտագործնական համոզիչ արդյունքներ, որոնք կարող են դրվել պատմաքաղաքական կարևոր որոշումների հիմքում: Հաշվի առնելով գիտության դիվանագիտության կարևորությունն ու հարաճուն դերը ժամանակակից աշխարհում՝ ԱԵԳՄՄ-ն ի սկզբանե հանձն է առել երիտասարդության գիտական ներուժի բացահայտման, միջազգային գիտական կապերի ընդլայնման ու ճիշտ օգտագործման միջոցով զարգացնելու գիտության դիվանագիտության ինստիտուտն Արցախի Հանրապետությունում, որը պետք է անխզելիորեն կապված լինի երկրի արտաքին ու գիտատեխնիկական քաղաքականության, այդ թվում՝ միջազգային համագործակցության զարգացման հետ:

Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում գիտության դերն արագորեն աճում է, գիտությունը ներթափանցում է ամենուր՝ ազդելով ցանկացած տեսակի գործունեության, այդ թվում՝ տվյալ երկրի ներքին և արտաքին քաղաքականության արդյունավետության վրա: Գիտությունն այսօր մեծ ազդեցություն ունի դիվանագիտության բնագավառում, ինչի արդյունքում լայնորեն քննարկվում է «գիտության դիվանագիտություն» հասկացությունը՝ որպես ժամանակակից միջազգային հարաբերությունների ֆենոմեն, որի շահակիցների շրջանակը գլոբալացման ազդեցությամբ անընդհատ ընդլայնվում է: Արցախի գիտական ներուժը, գիտական կազմակերպություններն ու հիմնադրամները կարող են «փափուկ ուժի» դեր խաղալ՝ ի հակակշիռ Արցախյան հիմնախնդրի շուրջ այն կոշտ մոտեցումների, որոնք դեռ գերակշռում են միջազգային քաղաքականության մեջ: Պատահական չէ, որ ԱԵԳՄՄ-ի կողմից վերջերս հիմնադրված «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի ռազմավարության մեջ արդեն ամրագրվել է գիտության դիվանագիտության միջոցով Արցախի Հանրապետության ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային ճանաչմանը նպաստելու՝ հիմնադրամի գլխավոր առաքելությունը, ինչն, իհարկե, կազմակերպության գործունեության համար նոր հայեցակարգ չէ, պարզապես դրա կարևորությունը հընթացս աճել է: Ուսումնասիրելով ու տեղայնացնելով աշխարհի առաջատար ուղեղային կենտրոնների փորձը՝ Ինստիտուտը կիրականացնի կոնկրետ ռազմավարական խնդիրներ՝ պահպանելով հավասարակշռությունն ու արդյունավետ փոխներգործությունը գիտական ու դիվանագիտական բաղադրիչների միջև:

Պետք է նկատել, որ Արցախի Հանրապետությունում առաջիկա հինգ տարիներին գիտության բնագավառում պետական մակարդակով նախատեսվող քայլերը, օրախնդիր լինելով, բավարար չեն և չեն ներառում այն արդիական մոտեցումները, որոնք ուղղակիորեն կապվում են գիտության դիվանագիտության ինստիտուտի նպատակային գործարկման ու զարգացման հետ: Այնինչ հատկապես չճանաչված երկրներում գիտությունը, միջազգային գիտական համագործակցության խթանումը կարող են էապես ազդել դիվանագիտական հարաբերությունների կառուցման գործին:

 Գիտության դիվանագիտությունը երկրների միջև գիտական փոխգործակցությունն է՝ մարդկության առջև ծառացած ընդհանուր խնդիրների լուծման, ինչպես նաև կառուցողական և գիտելիքի վրա հիմնված միջազգային գործընկերության ստեղծման համար: Դիվանագիտական հարաբերությունները չեն կարող և չպետք է առանձնացվեն գիտահետազոտական հայեցակարգերից ու պրակտիկայից: Միաժամանակ, միջազգային փոխհարաբերությունները կարող են ազդել գիտության դիվանագիտական առաքելությանը՝ գիտությունը վերածելով դիվանագիտության յուրատեսակ փոխարինողի կամ առաջատար օղակի: Դրանից զատ, գիտական պատրաստականությունն օգնում է կառավարությանն ու դիվանագետներին` նախապատրաստելու ու վարելու միջազգային կարևոր բանակցությունները: Տարբեր երկրներում իրականացվող միջազգային ձևաչափի գիտական ծրագրերը նպաստում են, որպեսզի շահակիցները շփվեն իրար հետ, փոխանակվեն գիտական տեղեկատվությամբ, նաև ծանոթանան տվյալ երկրի մշակույթին, գիտության ձեռքբերումներին:

2020թ. հունվարի 6-17-ը Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում մասնակցելով RIS ինստիտուտի կողմից կազմակերպված «Գիտության դիվանագիտություն» խորագրով միջազգային վերապատրաստման դասընթացին՝ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու աշխարհի 23 երկրների ավելի քան 30 մասնակիցների հետ, տեղեկանալու նրանց երկրներում գիտության դիվանագիտության զարգացմանն ուղղված ռազմավարական քայլերին: Տպավորիչ էին Հնդկաստանում գիտության զարգացմանն ուղղվող ահռելի միջոցները (2020-2021թթ.-ի բյուջեից գիտությանը հատկացված գումարը կազմում է 800 մլն ԱՄՆ դոլար, իսկ Արցախի Հանրապետության 120 միլիարդանոց բյուջեից գիտությանը հատկացված է ընդամենը 38 միլիոն դրամ): Իհարկե, Հնդկաստանն ու Արցախը չենք դնում զուգակշիռների վրա, սակայն Արցախում գիտության զարգացման նպատակով պետական քաղաքականության արմատական վերանայման ու բարեփոխումների անհրաժեշտություն ենք տեսնում և՛ հայեցակարգային, և՛ ֆինանսական առումներով: Գիտության դիվանագիտության զարգացումը բերում է նաև տնտեսական զարգացման: Այս իմաստով Հնդկաստանն աշխարհի մի շարք երկրների գիտական խոշոր կենտրոնների հետ հաստատել է գործընկերային հարաբերություններ, իրականացնում է տարբեր նախագծեր՝ նաև դրանց շնորհիվ զարգացնելով տնտեսությունը:

Աշխարհի գիտնականներն ու դիվանագետները գնալով ավելի ու ավելի են միավորում ջանքերը՝ նոր գլոբալ մարտահրավերների ու սպառնալիքների հանդիման, որոնց այսօր անխուսափելիորեն բախվում է համաշխարհային հանրությունը: Գիտության դիվանագիտության կարևորությունը, որպես միջազգային խնդիրների լուծման միջոց, սկսել են ակտիվորեն քննարկել ոչ միայն ակադեմիական միջավայրի ներկայացուցիչները, այլև հենց պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները:

Գիտության դիվանագիտության կարևորությունն այսօր մեծանում է, քանի որ ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներ, այնպես էլ մենք հասել ենք որոշակի դիվանագիտական փակուղու, ինչը հատկապես նկատելի է Արցախյան հակամարտության շուրջ բանակցություններում: Մի շարք հարցերի հետ կապված «անհամաձայնելի» տարաձայնությունները հանգեցրել են այն բանին, որ դաշնակիցների հետ քայլ առ քայլ վստահության ամրապնդումը կարող է կատարվել միայն «փափուկ ուժի» մեթոդներով: Հայկական դիվանագիտությունը փնտրում է իրավիճակից դուրս գալու ամենաարդյունավետ գործիքները, և այս առումով գիտության դիվանագիտությունն ունի լավագույն հեռանկարները:

Գիտնականների առաջադրումը՝ որպես միջազգային հարաբերությունների ամրապնդման դերակատարների՝ ունակ նպաստելու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ու միջպետական խնդիրների լուծմանը, ԱԵԳՄՄ-ի ռազմավարական նպատակներից մեկն է: Պատահական չէ Կազմակերպության կողմից 2019թ. «Արցախի գիտության դեսպան»-ի ինստիտուտի հիմնումը՝ համանուն կոչումով ու մեդալով, ամենամյա միջազգային գիտաժողովների կազմակերպումն Արցախում՝ բավականին լայն աշխարհագրական ընդգրկմամբ, «Գիտական Արցախ» պարբերականի հիմնադրումը՝ աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրները ներկայացնող խմբագրական խորհրդի կազմով, հրապարակումների միջազգային քարտեզով (շուրջ 15 երկիր), գիտական արդյունքների հանրայնացման ճկուն մեխանիզմներով և այլն:

Տարբեր երկրներում գիտական մշակույթի ձևավորման առանցքային բաղադրիչներ են գիտական ռեսուրսների փոխանակումը (կադրեր, սարքավորումներ, գիտական հետազոտությունների կազմակերպման փորձ և այլն), համատեղ գիտական նախագծերի իրականացումը, գիտական կապերի ընդլայնումը, որոնք նպաստում են տվյալ երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Գիտության ու գիտական կադրերի բարձր շարժունությունը գիտության ինչպես այսօրվա, այնպես էլ վաղվա արդյունավետ զարգացման նախապայման է: Առավել քան համոզված ենք, որ որոշ երկրների միջև առկա փակուղիները կարող են հաղթահարվել նաև գիտության դիվանագիտության ներուժն օգտագործելով: Երկրների միջև գիտական համագործակցային կապերը ձևավորում ու զարգացնում են առաջին հերթին հենց գիտնականները, որոնք իրենց երկրներում հանդես են գալիս իբրև յուրատեսակ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐ: Ահա թե ինչու գիտության դիվանագիտության պահանջարկն այսօր մեծանում է, ինչպես Սառը պատերազմի ժամանակ: Ինչու՞ երկրի համար օրհասական պահերին պետական գործիչներն ու քաղաքագետներն ակնկալում են գիտնականների աջակցությունը: Բանն այն է, որ գիտական աշխարհայացքով զինված մարդիկ ավելի լավ են հասկանում մարտահրավերների ու սպառնալիքների մասշտաբները: Երբ դիվանագետները, քաղաքագետները, գործարարները, բարձրաստիճան զինվորականները կորցնում են միմյանց հանդեպ վստահությունը, գիտնականների միջև հարաբերությունները հաճախ դառնում են միջպետական հարաբերությունների փրկօղակներ: Գիտնականների իրապես կարևոր դերը որոշվում է մի հանգամանքով. անկախ նրանից, թե երկրագնդի որ մասում են ապրում, ինչ ազգություն ունեն, նրանք միմյանց լավ են հասկանում, քանի որ ունեն միավորող սկզբունք՝ գիտության լեզու, ինչը օգնում է միջազգային խնդիրների լուծման գործում: Մի բան պարզ է. մեթոդները, որոնք առաջարկում է գիտության դիվանագիտությունը և գործիքները, որոնք օգտագործում է, կարող են օգնել՝ լուծելու վիճելի ու կարևոր հարցեր: Բազմաթիվ օրինակներ ապացուցում են, որ գիտնականները նաև դիվանագետներ են և կարող են ազդել քաղաքականության, հետևաբար միջազգային հարաբերությունների արդյունավետ զարգացման վրա: Ուզում ենք հավատացած լինել, որ գիտության դիվանագիտությունը կարող է մեծապես նպաստել աշխարհում խաղաղության հաստատման, ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորման, Երկիր մոլորակի պահպանման ու կայուն զարգացման գործին:

ԱԵԳՄՄ-ի «Գիտական Արցախ» պարբերականը պիտի դառնա Արցախում գիտության դիվանագիտության զարգացման կարևոր հարթակներից մեկը, որ գիտությունն ի նպաստ դիվանագիտության ծառայեցնելով՝ աշխարհի նյութապաշտական մոտեցումներին հակադրի իր հայրենի հողի իմաստությունից սնվող մարդուժի ու նրա գիտական կարելիությունների կարևորությունը, քանզի մարդն է, որ այդ կարելիությունները պիտի հունավորի ճիշտ կերպով՝ հօգուտ գերակա նպատակի՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ու բարգավաճման:

ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01