Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, համայնքի ավագանու անդամներին

25.07.2022 12:43
7509

Հարգելի բարեկամներ

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում կարեւոր մի հարցի վրա՝ ակնկալելով խնդրո առարկայի պատշաճ ուսումնասիրում, քննարկում եւ այդ ամենից բխող ողջամիտ քայլերի ձեռնարկում:

Վաղուց հասունացած այդ հարցին միգուցե հիմա էլ չանդրադառնայինք, եթե նոր առիթ ծագած չլիներ:

Իսկ առիթը հետեւյալն է՝ որքանով տեսնում ենք, բարեկարգման աշխատանքներ են տարվում քաղաքապետարանի ու զբոսայգու արանքով ձգվող փողոցում, որը ներկայումս Կոմիտասի անունն է կրում:

Փողոցի այդ հատվածը (Շահումյան փողոցի հատման կետից մինչեւ քաղաքի մշակույթի պալատ կամ թատրոնի շենք) 1980-ականներին վերածվեց հանգստյան գոտու:

Ներկայումս էլ, ըստ էության, վերացվում է հանգստյան գոտին ու երբեմնի փողոցը վերաբացելու քայլեր ձեռնարկվում:

Անշուշտ, դա համայնքային իշխանության իրավունքն է…

Սակայն կա լրջագույն մի հանգամանք՝ տվյալ փողոցի նշված հատվածին առնչվող, որի մասին տեղեկացնելը  մեր պարտքն  ենք համարում, ինչը (համոզված ենք) մտածելու տեղիք կտա նաև Ձեզ, ինչպես և արժանապատիվ ամեն մի գորիսեցու:

Թե երբ է այդ փողոցը բացվել-կառուցվել՝ ստույգ չենք կարող ասել: Բայց կարող ենք պնդել, որ 1920-ականների վերջին եւ 30-ականների սկզբին այդ փողոցը չի եղել:

«Բուլվարի» մուտքի տարածքում (համայնքապետարանի շենքի հյուսիսային հատվածում) ռուսական Սուրբ Նիկողայոս գմբեթավոր եկեղեցին էր (սույն նամակին կից ուղարկում ենք լուսանկարը, որտեղ երեւում է Ռուսաց ժամը):

Դեպի եկեղեցի՝ հյուսիսից, փողոց էր ձգվում. դա ի սկզբանե կոչվում էր Ցարսկոյե, խորհրդային տարիներին՝ Մարքսի, հետխորհրդային տարիներին ու մինչեւ հիմա՝ Անկախության:

Սուրբ Նիկողայոս եկեղեցուց դեպի ներկայիս Շահումյան փողոց ընկած հատվածում (եկեղեցու բակում) ռուսական գերեզմանատունն էր…

Ինչո՞ւ ենք հիշեցնում այդ ամենը:

1920 թ. օգոստոսի 2-ին՝ առավոտյան ժամը 5-ին, բոլշևիկացած մի քանի գորիսեցի՝ Գորիսի բանտում սրախողող են արել Սյունյաց աշխարհի նշանավոր զավակներ, 1918-20 թթ. Զանգեզուրի ինքնապաշտպանության երեւելի դեմքերից չորս հոգու՝ Արշակ Շիրինյանին, Վահան Տեր-Գեւորգյանին (Վահան Խորենի), սիսիանցի խմբապետ Զաքոյին (Զաքար Տեր-Ղազարյան) եւ Միքայել Աղամյանին:

Ընդ որում՝ Արշակ Շիրինյանին նախ սրով ծակծկել են, տանջել, մի թեւը սրով կտրել ու հետո գնդակահարել:

Եվ նրանց մարմինները տարել ու ռուսական գերեզմանատան «ղրաղին» մի փոսի մեջ են թափել…

Ավելի ուշ Դրոն (մի քանի հոգու ուղեկցությամբ) բացել է տվել այդ փոսը եւ տեսել սահմռկեցուցիչ պատկերը՝ Շիրինյանի աճյունն էլ՝ առանց մի թեւի:

Այդ մասին եւ ընդհանրապես Արշակ Շիրինյանի ու մնացած նահատակների մասին ավելի հանգամանալից գրել են Հրաչիկ Սիմոնյանը, Արամ Սիմոնյանը, Էդուարդ Զոհրաբյանը, Արտեմ Խանզադյանը, Գեւորգ Ստեփանյանը (վերջինիս հեղինակած «Պողոս Տեր-Դավթյան. մի պայծառ անուն Սյունիքի երկնակամարում» հոդվածի 57-րդ ծանոթագրությունում նշված են նաեւ այն սկզբնաղբյուրները, որոնք հանգամանորեն վկայում են տեղի ունեցած ողբերգության մասին):

Այսպիսով՝ Արշակ Շիրինյանին, Վահան Խորենուն, Զաքոյին եւ Միքայել Աղամյանին սրախողխող անելուց հետո` նրանց մարմինները մի փոսի մեջ են լցրել Սուրբ Նիկողայոս եկեղեցու բակի գերեզմանի արեւմտյան ծայրում:

Այդ տեղանքը համընկնում է ներկայումս բարեփոխվող Կոմիտասի փողոցի՝ Շահումյան փողոցին ներքեւից միացող հատվածին, որտեղ Կապան-Գորիս երթուղային ավտոբուսի կանգառն է, որից մի փոքր աջ էլ զբոսայգու խաղահրապարակն է՝ կարուսելներով:

Տեղանքը մեզ ներկայացրել է նաև լուսահոգի Խասան Հարությունյանը, ով այդ մասին իմացել է ոչ միայն տարեց գորիսեցիներից: Ինքն այնտեղ 1960-ական թվականներին կատարված շինաշխատանքների ականատեսն ու մասնակիցն է եղել: Նրա պատմածը գրառել ենք «Սյունյաց երկիր» թերթի 2020 թ. N  9 հատուկ թողարկման մեջ, որն ամբողջապես նվիրված է Գորիսի տարածաշրջանի քրիստոնեական սրբավայրերին:

Համարի էջ 23-ում մասնավորապես նշված է՝ «Ռուսաց ժամի շուրջ զրույցներում ուշագրավ է Խասան Հարությունյանի մեկ այլ վկայություն եւս: 1960-ականներին երբեմնի Ռուսաց ժամի եւ զբոսայգու հարակից տարածքում շինարարարկան աշխատանքներ կատարելիս՝ զբոսայգու ընդլայնման-բարեկարգման նպատակով, զբոսայգու ներկայիս մարզադաշտի հարավային տարածքին կից երեւան է եկել երկու տապանաքար: Տապանաքարերից մեկն Արշակ Շիրինյանի գերեզմանաքարն է եղել, մյուսը՝ Վահան Խորենունը»:

Հետո, ըստ Խասան Հարությունյանի, այդ գերեզմանները նորից ծածկվել են…

Չենք ուզում գնահատական տալ այն պաշտոնյաներին, ովքեր 1930-ականներին պղծել են Արշակ Շիրինյանի ու մյուս նահատակների գերեզմանները եւ, ի վերջո, անհայտության մատնել: Դա խոսակցության առանձին նյութ է, բայց…

Հիմա նորից քաղաքի այդ հատվածում շինարարական-բարեկարգման աշխատանքներ են ձեռնարկվել…

Մենք, անշուշտ, հեռու ենք Գորիսի քաղաքաշինական աշխատանքներին միջամտելու հավակնությունից, սակայն… Զուտ մարդկային, նաեւ քրիստոնեական ու ազգային արժեքների ու ավանդույթների տեսակետից ճիշտ չէր լինի վերստին ու վերջնականապես մեր չորս հերոս-նահատակի գերեզմանի մերձակայքը ծածկել, ասֆալտապատել, իսկ մյուս մասում էլ՝ կարուսելի շուրջ խաղեր կազմակերպել:

Հարցի կարեւորությունը կուզենայինք շեշտել մեկ այլ նկատառումով նույնպես:

Ո՞վ էր, ի վերջո, Արշակ Շիրինյանը, որի անտեսանելի դարձած գերեզմանի վրայով մարդիկ են քայլում ամեն օր և կարուսել աշխատեցնում:

Արշակ Շիրինյանը ծնվել է 1881 թ. հունիսի 14-ին Շինուհայր գյուղում: Նախնական կրթությունը ստացել է գյուղում, հետո ուսումը շարունակել Շուշիի ռեալական ուսումնարանում, ապա՝ Գերմանիայի Լայպցիգի համալասարանում:

1917-ին վերադարձել է հայրենիք, ծավալել ազգանպաստ բուռն գործունեություն, եղել է Զանգեզուրի ազգային խորհրդի անդամ:

Նա էր, որ խորհրդի առաջադրանքով Բիստում հանդիպեց Զորավար Անդրանիկին եւ նրան հրավիրեց Գորիս, նրա զորագնդի առջեւ ոգեշնչող ելույթ ունեցավ:

Նախագահել է շրջանի ներկայացուցիչների ժողովում, 1918 թ. դեկտեմբերին (Նիկոլայ Հովսեփյանի հետ) Բաքվից Զանգեզուր է հասցրել Անդրանիկին տրամադրված մեկ մլն ռուբլին՝ նախիջեւանահայ գաղթականներին օգնելու համար: Ինքն է Անդրանիկին հասցրել Զորավար Բագրատունու նամակը:

Զանգեզուրին օգնություն ցույց տալու խնդրանքով 1919 թ. սեպտեմբերին հասել է Երեւան եւ դիմել ՀՀ վարչապետ Հովհաննես Քաջազնունուն, բայց մերժում է ստացել, քանի որ վարչապետը  միանգամայն այլ տեսակետ ուներ Զանգեզուրի եւ Ղարաբաղի  պաշտպանության հարցում:

Շիրինյանը խիստ մտահոգված էր ոչ միայն Սյունիք-Զանգեզուրի, այլեւ Ղարաբաղի ճակատագրով:

Դրոյի կողմից 1920 թվականի ամռանը Գորիսն ազատագրելուց առաջ, բոլշեւիկները դավադրաբար Շինուհայր գյուղում ձերբակալել են Արշակ Շիրինյանին եւ նրա ընկերներին ու տեղափոխել Գորիսի բանտ, որտեղ էլ դաժան դատաստան տեսել նրանց հետ…       

Սյունյաց աշխարհի այդ մեծ զավակի հիշատակը հավերժացված չէ նույնիսկ ծննդավայր Շինուհայր գյուղում, հողով ծածկված ու անհայտության է մատնված նրա գերեզմանը Գորիս քաղաքի կենտրոնամասում:

Եվ, որքան էլ տարօրինակ է, Արշակ Շիրինյանին թուրքաբար սրախողխող արած Արմենակ Ղարագյոզյանի անունով փողոց ենք ունեցել ժամանակին Գորիսում, Շիրինյանին ձերբակալող եւ նրա թեւը կտրող Մակիչ Մաշուրյանի անունով՝ նույնպես: Գորիսում անգամ Օջախկուլի շան անունով ենք այդ ժամանակ փողոց կոչել, որին արժանապատիվ գորիսեցիները սատկացրել էին՝ հայ կնոջ պատիվը ոտնահարելու համար: Այսօր նույնիսկ թուրք Օջախկուլու հիշատակը հավերժացված է Գորիս քաղաքում. այցելեք Բակունցի դպրոցի դիմացի զբոսայգի եւ այնտեղ՝ հիշատակի պատի վրա նաեւ նրա անունն է, թեեւ քանիցս այդ մասին հիշեցրել ենք Գորիս քաղաքի նախորդ իշխանություններին:

Մինչդեռ Արշակ Շիրինյանին, ով Սյունյաց աշխարհի ամենաերեւելի զավակներից էր 20-րդ դարասկզբի ճակատագրական օրերում, ով հայոց պետականության, հայոց արժանապատվության ջատագովներից էր, ոչ միայն մոռացել ենք, այլեւ ուրացել….

Երախտապարտ սիսիանցիները գոնե հասցրել են Սիսիան քաղաքի փողոցներից մեկը կոչել Վահան Խորենու անունով, իսկ մենք…

Հարգելի պարոն համայնքապետ

Ավագանու հարգելի անդամներ

Խնդրում եւ հորդորում ենք Ձեզ՝ ըստ պատշաճի  ուսումնասիրել բարձրացված հարցը, քննարկել այն եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

Մեծ գործ արած կլինեք, եթե ոգեկոչեք այն մարդկանց հիշատակը, ովքեր մեր պատմության վճռորոշ հանգրվանում՝ 1918-20 թթ., պայքարել են հանուն Սյունիքի եւ Արցախի ու նահատակությամբ սպանվել Գորիսի բանտում:

Իհարկե, Դուք նույնպես կարող եք այդ չորս նահատակի հիշատակի կողքով անտարբեր անցնել, ինչպես արվել  է մոտ հարյուր տարի շարունակ: Բայց դա ճիշտ չի լինի ոչ մի առումով…

Եվ եթե հիմա, երբ այդտեղ շինարարական-վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, չանդրադառնաք այդ հարցին, ապա (համոզված եղեք) գալիք սերունդներն անպայման ոգեկոչելու են նրանց հիշատակը՝ Արշակ Շիրինյանի եւ մյուս նահատակների գերեզմանատեղիում առնվազն մի խաչքար կանգնեցնելով եւ  հիշատակի փոքրիկ ծառուղի հիմնելով:

Հ.Գ.

Եվ որպեսզի քաղաքի այդ հատվածի մասին Ձեր պատկերացումն ամբողջանա, ներկայացնում ենք Ռուսաց ժամին առնչվող մեր ակնարկը, որը տպագրվել է «Սյունյաց երկրի» վերոնշյալ համարում:

Ահա՝ «Գորիսը 1870 թ. քաղաք հռչակվելուց հետո քաղաքի կենտրոնում կառուցվեց Ռուսաց ժամը: Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1897 թվականին:

Ըստ որոշ տեղեկությունների՝ եկեղեցին կոչվել է Սուրբ Նիկողայոս:

Եկեղեցին կառուցված է եղել սպիտակ բազալտ քարից: Ըստ Ակսել Բակունցի՝ Ռուսաց ժամն ունեցել է ոսկեփայլ գմբեթ, որի վրա՝ խաչ:

Քաղաքի ո՞ր մասում է գտնվել Ռուսաց ժամը: Ըստ Ակսել Բակունցի՝ քաղաքի «բուլվարը» եւ Ռուսաց ժամն իրար կողքի էին:

Սերո Խանզադյանը հաստատում է դա՝ ասելով, թե քաղաքի փոքրիկ «բուլվարը» գտնվում էր Ռուսաց ժամի եւ Յոլունց «պասաժի» արանքում:

Խասան Հարությունյանն ավելի ստույգ է ներկայացնում (մեզ ցույց տալով) Ռուսաց ժամի տեղը՝ զբոսայգու հարավային մուտքի եւ քաղաքապետարանի միջեւ ընկած տարածք:

Նա վկայում է նաեւ, որ եկեղեցու մերձակայքի աղբյուրը՝ Ջամ աղբյուրը, պահպանվել է եկեղեցին քանդելուց հետո՝ երկար տարիներ, եւ ինքը տեսել է աղբյուրը: Մի շարք սկզբնաղբյուրներ վկայում են, որ եկեղեցին քանդվել է 1926–ին:

Ակսել Բակունցը տեսել է եկեղեցու քանդված վիճակը. «Ռուսաց ժամի տեղ կանաչ պարտեզ էր, որտեղ սպիտակին էին տալիս եկեղեցու տաշած քարերը»:

Ռուսաց ժամը քանդելու մասին տարեց գորիսեցիները հակասական պատմություններ են փոխանցել: Իբր կոմսոմոլներն են, ինչ–որ կոչերից ոգեւորված ու խելագարված, գրոհել ու քանդել:

Իսկ ովքեր փորձել են ընդդիմանալ՝ հայտարարվել են հակահեղափոխականներ ու ժողովրդի թշնամիներ»:

 

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25