Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

12.03.2025 10:05
1992

Հարգելի պարոն Առուշանյան

Ընդունեք մեր սրտաբուխ շնորհավորանքը ծննդյանդ 34-րդ տարեդարձի կապակցությամբ, Ձեզ՝ հաջողություններ Գորիս համայնքն առաջնորդելու պատվավոր ու պատասխանատու գործում և, իհարկե, անձնական կյանքում։

Առաջին անգամ հանդիպեցինք 2017 թվականին, երբ դեռ 25 տարեկան էիք և կամենում էիք ներկայանալ մեր քաղաքական հանրույթին, ինչի համար էլ նախընտրել էիք «Սյունյաց երկրի» հարթակը։

Թերթային մի ամբողջ համարի բովանդակությունը, կարելի է ասել, ամփոփվեց Ձեր խոսքով՝ «... Թող ծայրահեղություն չհամարվի, բայց բոլորիս համար Հայաստանը սկսվում է Սյունիքից»։

Հազարամյաների քուրայում եփված-հյուսված-դարբնված այդ ճշմարտությունը, որ փոխանցվել է մեր փառավոր նախնիներից, այսօր էլ կենսունակ է, ընդ որում՝ առավել, քան երբևէ։

Ուստի և տարեդարձիդ այս օրը փոքր-ինչ դուրս ենք գալու նման առիթներին ավանդաբար հնչող խոսույթի շրջանակից՝ պայմանավորված նաև հանգամանքով, որ խոսում ենք գորիսեցիների բացարձակ մեծամասնության կամքով ընտրված համայնքապետի մասին, որ ապրում ենք Սյունիքի, ուրեմն և Գորիսի պատմության ամենաբախտորոշ ու ճակատագրական հանգրվաններից մեկում։

Սակայն կուզենայինք նախևառաջ մի իրողության անդրադառնալ։ 2021 թվականին ընտրվեցիք Գորիս խոշորացված համայնքի ղեկավար։ Եվ քանիցս փորձ արվեց՝ իբր Ֆեմիդայի անունից ու նրա ձեռքով Ձեզ պաշտոնանկ անել, ու այդ փորձերը, կարծեք, չեն դադարում։

Հարգանք Ձեզ, որ այդ ճնշումների ու հետապնդումների պայմաններում ուժ գտաք Ձեր մեջ և կարողացաք արժանապատվորեն գլխավորել Գորիս համայնքը։

Միևնույն ժամանակ՝ շատ ենք ափսոսում, որ մայրաքաղաքում այդպես էլ չհասկացան՝ գորիսյան «Կենաց ծառին» կեղծ պատվաստումների փորձերը հաջողություն ունենալ չեն կարող, իսկ Գորիսը կարելի է «նվաճել» միայն սիրո, հարգանքի ու գորովանքի միջոցով։

Հիմա՝ Գորիսին մտահոգող գլխավոր հիմնախնդրի մասին։

2020 թ կապիտուլյացիայի և հաջորդած ողբերգական իրադարձությունների արդյունքում Գորիսի տարածաշրջանի զգալի հատվածը բռնազավթվեց Ադրբեջանի կողմից կամ նվիրվեց նույն այդ ոսոխին՝ Մեծ Իշխանասարից ու Սև լճից մինչև Տեղ գյուղի մատույցներ, ապա մինչև Որոտան ու Շուռնուխ։

Գորիսը զրկվեց դարերով ձևավորված հաղորդակցության ուղիներից՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով փականքված կամ փակուղու մեջ հայտնված բնակավայր՝ դրանից բխող սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և ժողովրդագրական հետևանքներով։

Այդ կացությունից Գորիսի դուրս բերումը, անկասկած, համազգային ու համապետական առաջնահերթ խնդիր է։ Բայց դա, նախևառաջ, տեղացիներիս սրբազան պարտքն է կամ առաքելությունը։

Եվ Դուք եք ներկա մեր ընթացքի դրոշակակիրը, քանզի հենց Ձեզ է վստահության քվեով օժտել գորիսեցին։

Ուստի և բոլորս՝ միասին, այդ գաղափարի շուրջ համախմբվելու պարտք ունենք, գաղափար, որը, ինչպես տեսնում ենք, նաև Ձեր ապրելու-արարելու բանաձևի առանցքն է, ինչը ողջունում ենք։

Ծննդյանդ օրվա կապակցությամբ կարող ենք Ձեր գործունեությանն առնչվող բազում դրվագներ հիշել՝ դրվատանքի արժանի, սակայն...

Այս պահին նախևառաջ մտաբերում եմ այն ջանքերը, որ գործադրում էիք Արցախի տնավեր մեր հայրենակիցներին (սեպտեմբերի վերջ-հոկտեմբեր 2023 թ) Գորիսում ընդունելու և առաջին օգնությունը ցույց տալու ուղղությամբ։

Մտաբերում եմ 2022-ի դեկտեմբերի 12-ից սկիզբ առած մղձավանջը, երբ հարյուրավոր արցախցիներ, հայոց Արցախը թուրքի կողմից շրջափակելու պատճառով, զրկվել էին հայրենի օջախներ վերադառնալու հնարավորությունից։ Եվ յուրաքանչյուր ոք Գորիսում շրջապատվեց ամենաջերմ հոգատարությամբ։

Տեսնում ենք նաև Ձեր հետևողականությունը՝ համայնքում նորոգ պահելու Փոքր Սյունիք-Արցախ հայրենիքը գերությունից ազատելու ազգային մեր երազանքը։

Ու քանի որ խոսում ենք Գորիսի մասին, չենք կարող մոռանալ՝ Սյունյաց աշխարհը, այդ թվում և Գորիսը, եղել են հայ ժողովրդի բնօրրանը՝ Հայկի հաջորդներ Սիսակ և Ձագ Նահապետների օրերից, եղել են ազգային ու քրիստոնեական արժեքների գլխավոր ծննդանոցներից մեկը մեզանում։

Եվ ոչ մի ոսոխ չի կարողացել ոտնատակ տալ մեր արժանապատվությունը։

Նաև ներսից՝ ոչ մի պատեհապաշտ, ոչ մի անցավոր՝ այս կողմերում ժամանակավորապես հանգրվանած ու բանսարկուի անուրը վիզն առած, չեն կարողացել վերջնական հաջողության հասնել Գորիսը պատմական իր հունից դուրս հանելու ուղղությամբ:

Ուրախ ենք, որ նորօրյա Գորիսը, որքան էլ կանգնած է բազում մարտահրավերների դեմ հանդիման, ոչ միայն հպարտանում է այդ ամենով, այլև ձգտում է նորօրյա կրողը լինել նշված արժեքների ու ավանդույթների։

Դուք և մենք՝ բոլորս, նվիրական այդ ուղու ճամփորդներն ենք։

Տարեդարձիդ օրը, նաև բախտավորի կարգավիճակում ենք Ձեզ տեսնում, քանզի քչերին է վիճակված իրենց իսկ ծննդյան օրվա խոսակցության գլխավոր նյութը դարձնել սյունիքյան-գորիսյան հոգսերը։

Թո՛ղ այդպես լինի նաև հետայսու։

Թո՛ղ այդքան փորձությունները, որի միջով անցել ու անցնում եք, հուշ դառնան և այլևս շրջանցեն Ձեզ։

Նորից ու կրկին՝ ծնունդդ շնորհավոր, մեր կրտսեր ընկեր ու բարեկամ։

 

Սամվել Ալեքսանյան

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57