Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

26.07.2024 20:53
613

Սիրիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավոր դարձած հայազգի Մարիա Գաբրիելյանը հույս ունի, որ իր ընտրությունը նոր լիցք կհաղորդի հայ-սիրիական միջխորհրդարանական հարաբերություններին՝ առավել ակտիվացնելով ու աշխուժացնելով կապը երկու եղբայրական ժողովուրդների միջև։ Հայազգի պատգամավորի դիտարկմամբ՝ Սիրիայի և Հայաստանի խորհրդարանների փոխհամագործակցության ծրագրերի մշակմամբ հնարավոր կլինի նպաստել երկու երկրների խորհրդարանական բարի ու սերտ հարաբերությունների շարունակական ապահովմանը։ 

Սիրիայի խորհրդարանի նորընտիր պատգամավոր Մարիա Գաբրիելյանը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Սիրիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման հնարավորություններին, հայ համայնքի կենսամակարդակի բարելավմանն ուղղված նախագծերին և այլ հարցերի։ 

-Հարգարժան Մարիա Գաբրիելյան, օրեր առաջ տեղի ունեցած Սիրիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Դուք դարձել եք երկրի խորհրդարանի միակ հայ պատգամավորը։ Ձեր կարծիքով՝ Ձեր ընտրությունը կարո՞ղ է նոր խթան հանդիսանալ հայ-սիրիական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ու խորացման տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև Ձեր հայկական ծագումը։

Թեև դույզն-ինչ կասկած չունեմ, որ նույնիսկ առանց հայ պատգամավորի Սիրայի խորհրդարանը հետաքրքրություն է ցուցաբերում հայ-սիրիական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման առնչությամբ, սակայն, բնականաբար, հայ պատգամավորի ներկայությունը կարող է առավել ազդեցիկ դերակատարություն ունենալ այդ հարաբերությունների առավել աշխուժացման և խորացման առումով։ Նկատի ունենալով, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի խորություն ունեն, իսկ Հայաստան-Սիրիա հարաբերությունները պատմական նշանակալի իրողություններով են փոխկապված՝ չափազանց կարևոր եմ համարում արդեն իսկ գոյություն ունեցող այս հարաբերությունների խորացման ուղղությամբ աշխատանք ծավալելը։

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերությունների ներկա մակարդակը՝ հատկապես միջխորհրդարանական մակարդակում։

-Անցած շրջանում Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ՝ դոկտ․ Լուսի Իսկենյանի և Ժիրայր Ռեիսյանի անցած ճանապարհով ողջունելի աշխատանք է ծավալվել երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերություններն առավել աշխուժացնելու ուղղությամբ։ Իսկ խորհրդարանից դուրս, կարծում եմ, որ երկու երկրներն այնքան միացնող հասարակ հայտարարներ ունեն, որ արժեքավոր կլինի  առավել մտերիմ հարաբերություններ մշակել։ Այս առնչությամբ մեծապես օգտակար կարող է լինել հայ և սիրիացի գործարարների խորհրդի վերաաշխուժացումը։

-Հաշվի առնելով Ձեր ընտրվելու հանգամանքը՝ կարո՞ղ ենք սպասել հայ-սիրիական միջխորհրդարանական հարաբերությունների առավել սերտացում և ակտիվացում։

-Ակնկալել՝ միանշանակ․․․․ Աշխարհում շատ ժողովուրդներ կամ ազգեր կան, որոնք հայրենիք չունեն, մենք՝ սիրիահայերս, շատ բախտավոր ենք այս առնչությամբ, քանի որ երկու հայրենիք ունենք՝ Սիրիան և Հայաստանը։ Շատերի համար դժվարըմբռնելի է, թե մարդն ինչպե՞ս կարող է երկու հայրենիք ունենալ, ինչպե՞ս կարող է մեկը մյուսից առավել չդասել, մեկը մյուսից ավելի չսիրել, մեկին առավել չնվիրվել։ Չեմ մեղադրում, որովհետև դժվար է հասկանալ, թե ինչ է նշանակում սիրիական ջերմություն, բարություն, հյուրընկալություն և ո՞րն է հայկական արժեքներով էություն կերտելը։ Սակայն կարելի է շատ դյուրին օրինակով բացատրել և հարց տալ, թե կարելի՞ է արդյոք հոր և մոր միջև տարբերություն դնել, կարելի՞ է չհասկանալ, որ երկուսն էլ նույնքան սիրելի են, երկուսին էլ նույնքան նվիրված ենք և երկուսի բարօրության համար էլ նույնքան պատրաստակամություն ենք հայտնում։  Բացի քաղաքացիության երկիր լինելուց՝ Սիրիան մեզ համար շատ ավելին է․ պետք է ապրած լինել Սիրիայում և ճանաչել սիրիացիներին, որպեսզի հնարավոր լինի ըմբռնել այս ամենը։ Երբ ճանաչենք Սիրիան, այն ժամանակ միանշանակ կհաստատենք, որ չենք չափազանցնում։

-Հարգելի Մարիա, հանդիսանալով նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչ՝ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն կունենա Ձեր ընտրությունը Սիրիայի հայ համայնքի համար, ունե՞ք արդյոք հայ համայնքի կենսամակարդակի բարձրացմանը միտված ինչ-որ նախագծեր։

-Բնականաբար, հայ համայնքին վերաբերող ընթացիկ նախագծերի իրականացման աշխատանքների հետ միասին՝ խորհրդարանում առկա են ոչ միայն հայ համայնքի, այլև այլ քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը նպաստող ծրագրերի որոշակի քանակություն։ Հատկապես հետաքրքրված եմ կրթական և արդարադատական համակարգերով։ Երբ մեր սերունդներն առողջ միտք ու արդար դատողություն ունեն, ինչպես նաև զինված են ազգային-արժեքային համակարգի՝ լավագույնս պահպանման և սերնդեսերունդ փոխանցման գիտակցությամբ, ապա կենսամակարդակի բարձրացման այլ նախագծերի իրականացման ուղղությամբ մտահոգությունները փարատվում են։ Հետևաբար, մարդուժի պատրաստության և մարդու՝ որպես անհատի կերտման նախագծերն առաջնային են, որովհետև պատերազմն այս ուղղությամբ մեծ ավերներ գործեց, մարդկային սկզբունքներ խորտակվեցին, բարոյական վսեմ ըմբռնումներ արժեզրկվեցին և ազգային գաղափարախոսություններ խեղաթյուրվեցին։ Այս ամենի վերականգնմանը պետք է տալ առաջնահերթություն։

-Բոլորիս հայտնի է, թե ինչ դժվար ու բարդ ժամանակներ է ապրել Սիրիան՝ սկսած 2011 թվականից։ Սիրիան դեռևս չի հասցրել ամբողջովին վերականգնվել ավերածություններից ու պատերազմից հետո, և այս համատեքստում ծանր իրավիճակների և կյանքին սպառնացող վտանգների առաջ է եղել նաև հայ համայնքը։ Խոսելով արդեն ներկա ժամանակաշրջանի մասին՝ ինչպե՞ս կբնութագրեք Սիրիայի հայ համայնքի ներկա կյանքն ու կենսամակարդակը։ 

-Այո, շատ ճիշտ բնութագրեցիք իրավիճակը։ Այսօր ապահովության մակարդակը համեմատաբար կայուն է, անվտանգության երաշխիքներ կան, սակայն կացությունն ամբողջապես վերականգնված չէ։ Առավել ևս, առկա են տնտեսական և ծառայողական լուրջ դժվարություններ։ Անտանելի սղաճը, էլեկտրականության գրեթե բացակայությունը խաթարում են արժանապատիվ կյանք ապահովելու ջանքերը։ Սիրայի հայ համայնքը երկրի քաղաքացիների մի անբաժան մասնիկն է, հետևաբար հայ համայնքի վիճակը ևս նման է երկրի մյուս քաղաքացիների իրավիճակին։ Այս օրերին, սակայն, քաղաքական և հանրային ոլորտներում հույսի նշույլներ են նշմարվում, և այս բնագավառներում արձանագրվելիք բարեփոխումները, բնականաբար, իրենց դրական ազդեցությունը պետք է ունենան տնտեսական ոլորտի նկատմամբ, որի ապաքինմամբ էլ պետք է կազդուրվի նաև ծառայողական ոլորտը և նպաստի քաղաքացու կենսամակարդակի բարձրացմանը։ Առաջիկա օրերն  այս ուղղությամբ ավելի հստակ պատկեր կներկայացնեն։

-Հարգարժան Մարիա, մոտ ապագայում նախատեսու՞մ եք այցելել Հայաստան՝ արդեն որպես Սիրիայի խորհրդարանի պատգամավոր։

-Ինչու ոչ, Աստված տա, որ երկու երկրների՝ Սիրիայի և Հայաստանի խորհրդարանների փոխհամագործակցության ծրագրերի մշակմամբ հնարավոր լինի նպաստել երկու երկրների խորհրդարանական բարի ու սերտ հարաբերությունների շարունակական ապահովմանը։

Հարցազրույցը՝ Դավիթ Մամյանի                                      

 

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55