Ժողովրդագրական տվյալները Սյունիքում մտահոգիչ են

25.09.2025 12:17
944

Որևէ երկրի, առանձին վերցրած համայնքի ժողովրդագրական նկարագրի ցուցիչներից է այն, թե որքան առաջին դասարանցի է ոտք դրել դպրոցի շեմին տվյալ ուսումնական տարում:

Հայաստանում 2025-2026 ուստարում՝ նախորդ տարվա համեմատ, առաջին դասարանցիների թիվը նվազել է: Այդ մասին են վկայում ԿԳՄՍ նախարարության՝ «Իրավունք» թերթին տրամադրած տվյալները:

Այսպես, 2024-2025 ուստարում առաջին դասարանցիների թիվը հանրակրթական դպրոցներում կազմել է 37253, մասնավոր դպրոցներում՝ 1169, իսկ 2025-2026 թթ.՝ 34070, մասնավոր դպրոցներում՝ 1208:

Սյունիքի դպրոցներում այս ուստարում առաջին դասարանցի է դարձել 1474 երեխա: Նախորդ տարի մարզի դպրոցներ էր հաճախել 1619 առաջին դասարանցի: Հետընթացը շոշափելի է և տխրեցնող…

Փոքրիկ հարցախույզ կազմակերպեցինք պարզելու, թե մարզի որոշ դպրոցներում քանի՞ առաջին դասարանցի կա, և որքան է այդ թիվը նախորդ ուստարվա համեմատ:

Եղվարդի միջնակարգ դպրոցի տնօրեն Մանյա Գևորգյանի փոխանցմամբ՝ առաջին դասարանում հինգ աշակերտ է սովորում (նախորդ տարում  երեքն էին), դպրոցում 40 աշակերտ է սովորում, նաև Արցախից բռնագաղթված ընտանիքների զավակներ: Նոր դպրոցի մասնաշենքը պիտի կառուցվի, բայց հայտարարված մրցույթում ոչ մի շինարարական կազմակերպություն չի հաղթել: Դպրոցում դասավանդում է 13 ուսուցիչ, որից ինը Կապանից է գալիս:

Շիկահող գյուղի օրինակով ակնհայտ է դառնում, թե ինչպես են դատարկվում Կապանի տարածաշրջանի գյուղերը: 1-3 դասարաններում աշակերտ չկա, դպրոցում ընդամենը ութ աշակերտ է սովորում: Մեկի պարապմունքներն անցկացվում են Շիկահողում, յոթ աշակերտինը՝ Սրաշենում: Մինչդեռ դպրոցը լավագույն ավանդույթներ ուներ: Նրա հինադրման ակունքները տանում են 1900-ականների սկիզբը: Գյուղի շրջանավարտների թվում կան անվանի գիտնականներ, բժիշկներ, մանկավարժներ…

Ավելի տխուր է վիճակը Տանձավերի միջնակարգ դպրոցում: Այստեղ ընդամենը հինգ աշակերտ է սովորում: 1978-ին դպրոցի համար տիպային շենք էր կառուցվել, կրթօջախն ապրում էր լիարժեք կյանքով, ժամանակին 70-80 երեխա էր սովորում, ինչն ակներևաբար անհամատեղելի է այսօրվա թվի հետ:

Սիսիանի տարածաշրջանի Անգեղակոթի միջնակարգ դպրոց ութ առաջին դասարանցի է հաճախում (նախորդ տարում այդ թիվը 12 էր): Դպրոցին 2024-25 ուստարում հրաժեշտ է տվել 20 շրջանավարտ, կնշանակի 12 տարի առաջ այդքան դպրոցական առաջին անգամ ոտք է դրել դպրոցի շեմին: Այս համեմատությամբ պարզ է դառնում, որ տարեցտարի նվազել է առաջին դասարանցիների թիվը…

Մեղրու տարածաշրջանի Շվանիձորի միջնակարգ դպրոցի առաջին դասարան է ընդունվել այս ուստարում՝ երեք երեխա (անցյալ տարի չորսն էր): Անցյալ ուստարում ունեցել են հինգ շրջանավարտ, այս ուստարում ևս կունենան նույնքան: Բերված թվերը ոչ մի լավատեսական հույս չեն ներշնչում… Գոնե լավ է, որ գյուղում նաև մանկապարտեզ կա, որտեղ նախադպրոցական կրթություն է ստանում 15 սան:

Սիսիանի տարածաշրջանի Շաղաթի միջնակարգ դպրոցում ութ առաջին դասարանցի է սովորում, նույնքան որքան անցյալ ուստարում էր: Դպրոցի ուսումնական մասնաշենքը կառուցվել է 1982 թվականին: Շաղաթի դպրոցը ևս ներառված է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոց» ծրագրում, ավելի ստույգ՝ պիտի կառուցվի 200 տեղանոց դպրոցական մասնաշենք, որի շինարարական աշխատանքները դեռևս սկսված չեն:

Շինուհայրի միջնակարգ դպրոցում այս ուստարում կա 27 առաջին դասարանցի (նախոդ տարում այդ թիվը 36 էր): Կրթօջախում սովորում են նաև Արցախից տեղահանված ընտանիքների զավակներ՝ 21 երեխա, որից երկուսն առաջին դասարանցի են: Դպրոցն ունի 374 աշակերտ, որոնց դասավանդում է 42 ուսուցիչ: Այս ուստարում դպրոցին հրաժեշտ կտա 31 շրջանավարտ (նախորդ ուստարում 33 էր):

Սահմանամերձ Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոցում երկու առաջին դասարանցի է սովորում: Ինչպես հայտնեց դպրոցի տնօրեն Սամվել Դիլանչյանը, կրթօջախում 24 աշակերտ է սովորում, որոնցից վեցն Արցախից:

Ինչպես տեղեկացրեց Խոզնավարի միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Զաքարյանը, այս ուստարում հինգ առաջին դասարանցի են ունեցել, նախորդ ուստարում չորսն էին: Դպրոցում սովորում է 36 աշակերտ, մայիսին երկու շրջանավարտ են ունեցել, այս ուստարում շրջանավարտ չունեն: Դպրոցի մասնաշենքը նորոգվել է 2009 թվականին: Խոզնավարը վերջին ամիսներին հայտնվել էր հակառակորդի կրակոցների տակ: Թեպետ թիրախավորված չէին դրանք, բայց, այնուամենայնիվ, լարվածություն էին ստեղծել համայնքում, ինչը երկար շարունակվելու դեպքում կարող էր գյուղից արտագաղթի պատճառ դառնալ: Բարեբախտաբար, զրուցակիցս հայտնեց, որ մի քանի ամիս է՝ կրակոցները դադարել են…

Գորիսի տարածաշրջանի Վաղատուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Խաչատրյանի փոխանցմամբ՝ իրենց կրթօջախում այս ուստարում ութ առաջին դասարանցի է սովորում (նախորդ ուստարում չորսն էին): Ընդհանուր առմամբ՝ 45 աշակերտ ունեն: Այս ուստարվա ավարտին դպրոցին հրաժեշտ կտա չորս շրջանավարտ: Բայց Վաղատուրի դպրոցի գլխին սև ամպեր են կուտակված: Հանրապետության դպրոցների օպտիմալացման ծրագրի շրջանակում Խնածախում կրթահամալիր են կառուցում, որին պիտի միանան Վաղատուրի և Խոզնավարի դպրոցները: Զրուցակիցս, իրավամբ, այդ ամենի մեջ դրական որևէ բան չի տեսնում, քանզի մանկավարժների և նրանց սաների ծնողները կլքեն գյուղը՝ պատճառ դառնալով բնակավայրերի դատարկմանը…

Պատրաստելով այս հրապարակումը՝ խնդիր չէինք դրել ընդգրկել մարզի բոլոր դպրոցները: Ինչպես արևելյան իմաստնությունն է ասում՝ համոզվելու համար, որ ծովի ջուրն աղի է, պետք չէ ամբողջը խմել, մի բուռն էլ բավական է: Թվում է՝ վերը շարադրվածը հստակ պատկերացում է տալիս խնդրո առարկայի վերաբերյալ:

ՀԳ․

Ցանկություն ունեինք նաև ներկայացնել Տեղի թիվ 1 դպրոցի տվյալները, բայց դպրոցի տնօրեն Դավիթ Շեգունցը տվյալներ չտրամադրեց՝ մերժումը հիմնավորելով դպրոցի տնօրենին ոչ վայել, անհասկանալի բառերի շարանով և, իհարկե, խոսելու տարրական կուլտուրայի բացակայությամբ Դավիթ Շեգունցին՝ այդպես էլ շարունակեք։

Վահրամ Օրբելյան

 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10