Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը շուտով կհամալրվի նոր ծառայություններով

07.11.2017 10:51
3546

Սրտանոթային հիվանդությունների հնարավոր կանխարգելման, մարզում դրանց վերաբերյալ որոշակի վիճակագրական տվյալների, սոցփաթեթով նախատեսված արտոնությունների եւ ոլորտում առկա մի շարք հարցերի մասին է զրույցը Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի բուժական մասի ղեկավար, միջամտական բժիշկ-սրտաբան, Հայաստանի ստնետավորող բժիշկների ասոցիացիայի անդամ Կարեն Համբարձումյանի հետ:


- Բժի՛շկ Համբարձումյան, մեր թերթին տված հարցազրույցներից մեկում նշել էիք, որ սյունեցիները հիմնականում բժիշկներին դիմում են ծայրահեղ ծանր վիճակում: Այս ժամանակահատվածում բնակչության շրջանում նկատվո՞ւմ է դիմելիության թվի նվազում կամ ավելացում:


- Հատկապես վերջին տարվա ընթացքում հիվանդների թվի աճ է գրանցվում, բայց դա ոչ թե այն պատճառով, որ այդ հիվանդները չկային եւ այս տարի ավելացան, այլ մեր լուսավորչական աշխատանքների շնորհիվ կարողացել ենք ազգաբնակչությանը, բժիշկներին հասցնել այն պարզ գաղափարը, որ ամբողջ աշխարհում ընդունված բուժման այս եղանակն է, որ սուր սրտային պատահարների դեպքում ապահովում է նվազագույն ռիսկայնություն եւ առավելագույն երկարակեցություն: Այսինքն՝ այս ժամանակահատվածում զարգացրել ենք ախտորոշիչ հնարավորությունները, ժողովրդին համոզել, որ սա բուժման ճիշտ եւ լավագույն տարբերակն է, ինչի շնորհիվ մարդիկ կրծքավանդակի շրջանում գանգատներ ունենալու դեպքում հաճախ են դիմում մասնագիտացված բուժհաստատություն, որ մեր տարածաշրջանում Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնն է: Նույնիսկ մարզային հեռուստատեսության հաղորդաշարի միջոցով փորձեցինք բացատրել, թե ինչ են սրտային հիվանդությունը, կորոնարոգրաֆիան, ստենտավորումը, զոնդավորումը եւ այլն: Իմ կարծիքով՝ սա նույնպես նպաստեց հիվանդների դիմելիության թվի աճին, քանի որ մարդիկ հասկացան, թե ինչ պետք է անել հնարավոր վտանգներից խուսափելու կամ դրանք նվազագույնին հասցնելու համար: Եթե թվային տվյալներով ասեմ, նախկինում տարբեր հետազոտությունների, համապատասխան բուժօգնություն ստանալու համար կենտրոն էր դիմում օրական 7-8 հիվանդ, ապա այս տարի այդ թիվն օրական կազմում է 12-14 հոգի: Սա ուրախալի է միայն այն առումով, որ մարդը ժամանակին է սկսում հետեւել իր առողջությանը, որպեսզի բանը չհասնի վիրահատության, կորոնարոգրաֆիայի, ստենտավորման կամ ռեանիմացիոն բուժման:  


Հաջորդ քայլը, որ շատ եմ կարեւորում, հոկտեմբերի 13-14-ին անցկացված սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովն է, որ իրականացվեց «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության եւ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Համաժողովին մասնակցեց 38 սփյուռքահայ եւ օտարազգի անվանի սրտաբան՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Մոնակոյից, Իրանից, Ղազախստանից, շուրջ 250 սրտաբան՝ Հայաստանից եւ Արցախից: Համաժողովի ընթացքում ներկայացրինք Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի գործունեությունը, հնարավորությունները, սրտաբանության ոլորտում առկա նորությունները, առանձին դեպքերում կատարված գործողությունները եւ այլն:


Մի խոսքով՝ այս ժամանակահատվածում, տարբեր միջոցներով եւ ձեւերով հնարավորինս լուսաբանել ենք մեր գործունեությունը, ինչի հետեւանքով ավելացել է պրոֆիլակտիկ ստուգում անցնողների թիվը՝ հիվանդության զարգացումը վաղ շրջանում կանխարգելելու, դժբախտ պատահարներից խուսափելու համար:


Այս տարի նախատեսում ենք բացել կանխարգելիչ սրտաբանության ճյուղ, որի նպատակն է ուսուցանել առողջ ապրելակերպի կանոնները: Բնական է, 60-65 տարեկան մարդու մոտ արդեն ոչինչ չես կարող փոխել, բայց երիտասարդ սերնդի շրջանում բացատրական, ուսուցողական նյութերի միջոցով կարող ենք նրանց հնարավորինս հեռու պահել վնասակար սովորույթներից, սովորեցնել ճիշտ սննդակարգով սնվել, մի խոսքով՝ առողջ ապրելակերպ վարել: Համոզված եմ՝ այս հարցում նույնպես մեր հետեւողականությունը կտա իր ցանկալի արդյունքը:


- Միջին տվյալներով մարզում սրտանոթային խնդիրներով հիվանդների մոտ 70 տոկոսին դրվում է երկու եւ ավելի ստենտ: Կա՞ փոփոխություն այս տվյալների մեջ:


- Ցավոք սրտի՝ ոչ: Հիվանդների մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում է դիմում մեր կենտրոն, երբ, միգուցե կոպիտ հնչի, մեզնից հետո արդեն գերեզմանն է: Մեծ դժվարությամբ կարողանում ենք բուժօգնություն ցուցաբերել, հիվանդին կյանք վերադարձնել, որովհետեւ գալիս են բազմանոթային ախտահարմամբ, երբ չգիտես, թե բուժումը որտեղից սկսել: Իսկ պատճառը, ինչպես արդեն նշեցի, դանակը ոսկորին հասած վիճակում կենտրոն դիմելն է: Կարծում եմ՝ բնակչության մտածելակերպի մեջ էական փոփոխության համար տեւական ժամանակ է հարկավոր:


- Հայտնի է, որ ստենտավորված հիվանդների՝ կենտրոնում մահացության ցուցանիշի թույլատրելի սահմանը 7-8 տոկոս է: Ձեր կենտրոնում ինչպիսի՞ն է այդ ցուցանիշը:


- Մեկ տարվա կտրվածքով մեր կենտրոնում մոտավորապես 300 հիվանդի կատարվում է միջամտական գործողություն (խոսքը կորոնարոգրաֆիային չի վերաբերում), եւ մահացության դեպքերի թիվը տատանվում է 4-5-ի սահմաններում, եթե տոկոսային հարաբերությամբ ասենք՝ մոտ 2 տոկոս:


- Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում հանրության շրջանում տարածված այն խոսակցությունները, թե իբր ստենտավորումն արագացնում է հիվանդի մահը:


- Այդ հարցին բազմիցս անդրադարձել եմ, բայց եւս մեկ անգամ կպատասխանեմ: Սկսեմ այնտեղից, որ այսօր աշխարհում բժշկությունն այն փուլում է, որ կոչվում է ուղեցուցային: Այլեւս անցյալում է մնացել «Իմ կարծիքով կարելի է այսպիսի բուժում կատարել» կամ «Այսինչ պրոֆեսորն այսպես է կատարել» եւ նմանատիպ այլ սկզբունքներով առաջնորդվելը: Այժմ կան ուղեցույցներ, որոնցում հստակ նշված է, թե  հիվանդի որ գանգատի դեպքում ինչ հետազոտություն կամ գործողություն կատարել: Չենք բացառում, սակայն, որ յուրաքանչյուր գործողություն ունի իր ռիսկերն ու բարդությունները, որոնք կախված են ոչ միայն բժշկից, այլեւ հիվանդի վիճակից, օրգանիզմից: Եթե հիվանդը կենտրոն է հասնում արդեն սուր ինֆարկտով կամ կարդիոգեն շոկով (երբ ինֆարկտված է սրտամկանի մեծ մասը), ապա դա նշանակում է, որ այդ դեպքում արդեն իսկ մահացության հավանականությունը բարձր է: Մարդկանց մի խումբ կա, որոնց երբ բացատրում ես, որ քո հիվանդը, եթե նույնիսկ մի քանի ժամ կամ օր ապրում է, դա արդեն Աստծո պարգեւ է, որովհետեւ նա մինչեւ մեզ հասնելը կարող էր մահանալ ռեանիմացիոն սենյակում կամ վիրահատական սեղանին, եւ ոչ թե ստենտավորումն է վնասել հիվանդին, այլ՝ ծայրահեղ ծանր վիճակը, չի հասկանում: Ընդհանրապես ստենտավորում կատարելով ոչ թե հիվանդն առողջանում է, այլ սա հնարավորություն է տալիս նրա կյանքը երկարացնել. կստացվի, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը:
Մարդկանց մի խումբն էլ կարծում է, թե սրտի անոթների կորոնարոգրաֆիան, ստենտավորումը մատից փուշ հանել է, որ կարող են գալ արագ-արագ կատարել ու գնալ՝ առանց գիտակցելու, որ սրտի հետ գործ ունեն:


Ստենտավորում կատարելուց առաջ մանրամասն բացատրական աշխատանք ենք կատարում, նաեւ համաձայնագիր ստորագրում՝ շեշտը դնելով այն կետին, որ սա բուժում չէ, այլ գործողություն, որը հնարավորինս փորձում է կանգնեցնել վտանգը: Չնայած այն մի շարք դեպքերում ագրեսիվ բնույթ ունի եւ կարող է կրկնվել: Էլ չեմ ասում, որ ստենտավորված հիվանդը շարունակում է անառողջ ապրելակերպ վարել՝ խմել, ծխել, թերշարժուն կյանք վարել, ճարպոտ սնունդ ուտել, դեղորայքը կիսատ-պռատ ընդունել եւ, այդ ամենով հանդերձ, մահ գրանցվելու դեպքում գալիս ու մեղադրում են բժշկին: Ընդհանրապես մեր մասնագիտության դժվարություններից մեկն էլ այն է, որ հարյուրավոր հիվանդներ, ապրելով բժշկի ցուցաբերած համապատասխան բուժօգնության շնորհիվ, Աստծո կամոք, ասում են՝ դե օրգանիզմն ամուր է, բայց երբ մտնում են ռիսկային խմբի մեջ, եւ մահ է գրանցվում, ասում են՝ բժիշկը սպանեց:


- Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը նույնպես ներառվա՞ծ է հոկտեմբերի 1-ից նոր կարգով գործող սոցփաթեթի շահառուներին բուժօգնություն տրամադրող բուժհաստատությունների ցանկում: 

 
- Մեր պետական այրերը, հանձին առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի, վերջերս դրական մեծ փոփոխություն կատարեցին, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության տրամադրումն իրականացնում է ապահովագրական ընկերությունը: Նախկինում բուժհաստատությանը տրված սահմանափակ բյուջեի պատճառով շատերը դուրս էին մնում անվճար բուժօգնություն ստանալու հնարավորությունից, բյուջեն սպառվում էր, եւ սոցփաթեթի շահառուն, ով շտապ բուժօգնության կարիք ուներ, արդեն չէր կարողանում օգտվել իր արտոնությունից: Իսկ կատարված դրական փոփոխության շնորհիվ նախ՝ վերացավ բյուջեի սահմանափակումը եւ երկրորդ՝ բարձրացավ բուժօգնություն տրամադրելու որակը՝ պայմանավորված ապահովագրական ընկերությունների գործոնով ու կրկնակի վերահսկողության մեխանիզմով: Փաստորեն, բացի առողջապահության նախարարությունից, որպես ապահովագրական հատուցումը վճարող եւ բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին եւ հասցեականությանը կհետեւեն նաեւ ապահովագրական ընկերությունները: Սոցփաթեթի շահառու հիվանդն իր ցանկությամբ ընտրում է ՀՀ առողջապահության նախարարության հաստատած բուժհաստատությունների ցանկից այն բուժհաստատությունը, որտեղ ցանկանում է ստանալ բուժօգնություն, որից հետո տրամադրված բժշկական ցուցման հիման վրա ապահովագրական ընկերությունը հաստատում է բժշկական ծառայության հատուցումը կամ ներկայացնում հիմնավոր մերժում: Նշեմ, որ Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը նույնպես ներառված է այդ ցանկում:


Կենտրոնում շարունակում է գործել «Կյանքի փրկության ստենտ» ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում անվճար ծառայություններից օգտվելու կարգը:


- Տեղյակ ենք, որ կենտրոնի ֆրանսիացի հիմնադիրները պարբերաբար ակցիաներ են կազմակերպում, նվազեցնում ծառայությունների գինը:


- Ֆրանսիացի հիմնադիրների հետ սերտ համագործակցության շրջանակներում կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են ակցիաներ՝ 30-50 տոկոսի սահմաններում: Գաղտնիք չէ, որ այսօր ամբողջ ՀՀ-ում սրտի կորոնարոգրաֆիայի ամենացածր գինը սահմանված է Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնում, նույնը կարելի է ասել նաեւ ոչ դեղապատ մեկ ստենտի արժեքի մասին: Եթե մայրաքաղաքում սրտի կորոնարոգրաֆիան արժե 150 հազար դրամ, որի մեջ որոշ հիվանդանոցներում անգամ լրացուցիչ անալիզների գումարը չի մտնում, ապա մեր կենտրոնում 3-4 ամիս ակցիայի շրջանակներում 80 հազար էր, այժմ՝ 100 հազար դրամ՝ ներառյալ անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, անալիզները: Եթե ոչ դեղապատ մեկ ստենտն այլ կենտրոններում արժե 800 հազար, ապա մեզ մոտ՝ 600 հազար դրամ: Ինձ թվում է՝ վերոնշյալ տվյալներն արդեն իսկ խոսուն են: Էլ չեմ ասում, որ մայրաքաղաքում հետազոտվելու, բուժվելու համար հիվանդը նաեւ այլ ծախսեր է կատարում:


Ավելին՝ շուտով կենտրոնը կմատուցի էնդոկրինոլոգիական ծառայություն, կիրականացնի դուպլեքս, դոպլեր հետազոտություն: Չցանկանալով որեւէ մեկին վիրավորել, քանի որ ինքս անձամբ տեղյակ չեմ, բայց մարդկանց լսելով, մարզում դրանց կարիքը խիստ զգացվում է: Նախատեսում ենք ունենալ պրոֆեսիոնալ մասնագետներ, նույնիսկ նրանց հետ արդեն համապատասխան պայմանավորվածություն կա, ովքեր կիրականացնեն ոչ միայն հետազոտություններ, այլեւ կկատարեն անհրաժեշտ բուժական գործողություններ: Նախկինում մեկ-երկու ծայրահեղ դեպք եղել է, որ այլ անոթների վիրահատական միջամտություն ենք կատարել, բայց ես այն կարծիքին եմ, որ յուրաքանչյուր հարցում պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել:    


- Ձե՞ր նախաձեռնությամբ, թե՞ ֆրանսիացի հիմնադիրների հետ համատեղ եք ծրագրեր կազմում:


- Ֆրանսիացիները ներդրումներ են կատարում, բայց ինձ հետ՝ որպես բուժական մասի ղեկավար, խորհրդակցում են, օրինակ, ինչ ծառայություն կարելի է ավելացնել, ինչպես կազմակերպել այդ աշխատանքները եւ այլն: Ոչ մի որոշում առանց մեզ հետ փոխհամաձայնության չի իրականացվում, քանի որ արդեն մի թիմ ենք՝ ընդհանուր նպատակներով: Կադրերը նույնպես մենք ենք ընտրում, բայց վերապատրաստումներն անց ենք կացնում նրանց հետ համատեղ:  

 
- Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի առաջնային խնդիրներից մեկը, որն այդպես էլ լուծում չի ստանում, մայրուղուց կենտրոն հասցնող անբարեկարգ ճանապարհն է՝ ընդամենը 1 կմ երկարությամբ: Ենթադրում ենք, որ մարտին կենտրոն այցելած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացրել եք այդ խնդիրը (խմբ.՝ չնայած առանց դրա էլ ակնհայտ է):   


- Վարչապետի այցը ճանաչողական բնույթ ուներ, եւ մեզ համար ուրախալի է փաստը, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզ կատարած այցի կանգառներից մեկն էլ մեր կենտրոնն էր: Սա նշանակում է, որ մեր հաստատությունը մարզում լուրջ դերակատարություն ունի:


Ինչ վերաբերում է ճանապարհի նորոգման խնդրի բարձրացմանը, ապա ներկայացրել ենք, բայց այս պահին դրա լուծման համար կոնկրետ ծրագիր չկա, խոստում չի տրվել, բայց հանձնարարվել է տեղական, մարզային իշխանություններին հարցն ուշադրության կենտրոնում պահել: Մենք էլ մեր հերթին փորձում ենք լուծման ուղիներ գտնել թեկուզ բարերարների միջոցով, բայց առայժմ գոհացուցիչ արդյունքի չենք հասել:


- Տեղյակ ենք, որ մյուս կարեւոր խնդիրը ֆինանսական բնույթի է՝ պայմանավորված հիվանդների՝ տարիներով հիվանդանոցին պարտք մնալով:


- Եթե հակիրճ ասեմ՝ հիվանդների պարտքի չափը, ցավոք, դեռեւս չի նվազում, եւ շատ հիվանդներ շարունակում են պարտք մնալ, որի վերաբերյալ, իհարկե, կոնկրետ թիվ չեմ հրապարակի: Կարող եմ միայն ասել, որ այն կբավականացնի կենտրոնի աշխատակազմի ամբողջ մեկ տարվա աշխատավարձը տալուն, դեռ մի բան էլ ավելին: Տարբեր մեթոդներ կան պարտքերի գանձման համար, բայց թե՛ ֆրանսիացիները, թե՛ մենք դեմ ենք մարդկանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով այդ հարցը լուծելուն, ինչը բարոյական չենք համարում: Ոչ մի հիվանդ չի կարող ասել, որ ծանր վիճակում դիմել է մեր կենտրոն, եւ անվճարունակության պատճառով նրան չի ցուցաբերվել համապատասխան բուժօգնություն, անգամ եթե նա չի մտնում պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստացող շահառուների խմբի մեջ: Երբեմն անհրաժեշտ գործողությունն իրականացվում է ազնիվ խոսքը հիմք ընդունելով, բայց ժամանակը ցույց է տալիս, որ այդպես էլ վճարում չի կատարվում: Բնականաբար, ֆինանսական խնդիրը լուրջ հարված է հիվանդանոցի գործունեությանը, քանի որ հիվանդների կատարած վճարումների շնորհիվ են ձեռք բերվում անհրաժեշտ գործիքները, դեղորայքը, վճարվում աշխատավարձը, կատարվում համապատասխան վճարումներ եւ այլն: Մեր ծառայության թանկությունը, նախեւառաջ, պայմանավորված է գործիքների միանգամյա օգտագործմամբ, աշխարհում հայտնի լավագույն ընկերությունների արտադրած ստենտների կիրառությամբ, դեղորայքով եւ այլն:


- Ներկայացրեք կենտրոն դիմող հիվանդների աշխարհագրությունը:  

   
- Թող ամպագոռգոռ չհնչի, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ հիվանդների աշխարհագրությունը բավականին լայնացել է: Մեզ են դիմում ոչ միայն Սյունիքի մարզի տարածաշրջաններից, այլեւ Երեւանից, Վայքից, Եղեգնաձորից, Գյումրուց, Վանաձորից, Արցախից, նույնիսկ ՌԴ-ից: Սա խոսում է Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի ճանաչման, բուժանձնակազմի հանդեպ վստահության մասին: Սրա վկայությունն է նաեւ այս տարվա հունիսի 27-ին անցկացված «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած «Տարվա բժիշկ եւ տարվա բուժհիմնարկ-Հուսո Աստղ-2017» վեցերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության ընթացքում Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի՝ «Տարվա առողջարանային պայմաններին համապատասխան եւ բարեգործական գործունեություն իրականացնող մարզային սրտանոթային կենտրոն» անվանակարգում մրցանակի արժանանալը:


- 2014թ. մեր թերթին տված հարցազրույցում նշել էիք, որ Ձեր ամենամեծ ձգտումը որակյալ եւ արդյունավետ սպասարկման շնորհիվ ճանաչում ու հեղինակություն ձեռք բերելն է ոչ միայն Հայաստանում, այլեւ` նրա սահմաններից դուրս: Երեք տարի անց կարո՞ղ եք ասել, որ Ձեր նպատակն իրականություն է դառնում:


- Կարող եմ ասել, որ այդ ճանապարհին ենք: Վերջերս կայացած սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովի բանախոսներից մեկն էլ ես էի ու ներկայացրի մեր կենտրոնում իրականացվող աշխատանքները, որոնք մշտապես արժանանում են եվրոպացի լավագույն մասնագետների բարձր գնահատականին: Եվ դա՝ շնորհիվ բժշկական մեր ճիշտ, արդիական մոտեցումների, աշխարհում ընդունված համապատասխան ցուցումներով, մեթոդներով առաջնորդվելու եւ այլն: Թող անհամեստություն չթվա, բայց կենտրոնի գնահատականի վկայություններից մեկն էլ օրվա ընթացքում տարբեր կենտրոններից մեզ ուղարկված կորոնարոգրաֆիայի դիսկերն են՝ համապատասխան խորհրդատվություն ստանալու ակնկալիքով: Անուններ  չտալով հանդերձ՝ չեմ կարող չնշել, որ հետազոտվելու, համապատասխան բուժօգնություն ստանալու նպատակով մեր կենտրոն են դիմում նաեւ նշանավոր պետական այրեր, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ:  


Մենք չենք բավարարվում ձեռք բերվածով եւ ավելի զարգացնելով մեր հնարավորությունները՝ փորձում ենք պահել հանրապետությունում առաջատարներից մեկը լինելու դիրքերը, ինչի մասին վկայում են ոչ միայն հիվանդները, այլեւ լավագույն մասնագետները: Համոզված եմ՝ եթե մեկ օր կանգ առնենք, կկորցնենք մեր ձեռք բերած դիրքը:


- Կենտրոնը համալրված է լավագույն սարքավորումներով, բայց չենք կարող չասել, որ յուրաքանչյուր բուժհաստատություն, նախեւառաջ, իր մասնագետներով պայմանավորված կարող է առաջատար համարվել:


- Շուտով երկու հոգի իրենց հետբուհական վերապատրաստումը կանցնեն մեր կենտրոնում: Միշտ ասել եմ, եթե մարզից կան բժշկական համալսարանի ուսանողներ, ովքեր ընտրել են սրտաբանի  մասնագիտությունը, կարող են այստեղ վերապատրաստում անցնել, հետագայում գործունեություն ծավալել: Այս առումով մեր տրամադրվածությունը բոլորովին այլ է. հնարավորինս մեր փորձը փոխանցենք ուրիշներին: Ավելին ասեմ՝ մեր երրորդ տարվա օրդինատորը, ով այս տարի ավարտեց եւ կընդունվի մեզ մոտ աշխատանքի, բժիշկ է, ով արդեն իրականացրել է մի շարք հիվանդների ստենտավորում, այդ թվում՝ սուր ինֆարկտի դեպքում: Դա այն դեպքում, երբ երեւանյան կլինիկաների օրդինատորները լավագույն դեպքում ընդամենը կատարում են կորոնարոգրաֆիկ հետազոտություն:  

 
- Ասվածին որպես ամփոփում ի՞նչ կավելացնեք:


- Ցավալի է, երբ, հատկապես Գորիսի տարածաշրջանում շարունակվում են սուր ինֆարկտից մահացության դեպքեր գրանցվել, երբ ընդամենը րոպեների ընթացքում կարելի է հասնել կենտրոն եւ խուսափել վատթարագույնից: Սա նշանակում է, որ դեռ աշխատանք ունենք կատարելու, դեռ չենք հասցրել բնակչության մեջ արմատավորել բժշկին դիմելու ավանդույթը, այն է՝ կրծքավանդակի շրջանում ցավի դեպքում անմիջապես դիմել բժշկի:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25